ԵՄ-ն այսօր առավել պրագմատիկ է, քան երբևէ. Հարավային Կովկասում նրա նպատակը նախևառաջ էներգակիրների մատակարարման դիվերսիֆիկացիան է. էներգետիկ անվտանգության փորձագետ

26

էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը կարծում է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստան է ժամանում «Զանգեզուրյան միջանցքի» բացումն ապահովելու համար։ Նման տեսակետ նա հայտնեց Azg.am-ի թղթակցի հետ զրույցում։

«Եվրոպական միությունն այսօր առավել պրագմատիկ է, քան երբևէ։ Մենք բոլոր գործընթացները սովորաբար ընկալում ենք այս կամ այն խոշոր աշխարհաքաղաքական կենտրոնի ներկայությունն ապահովվելու համատեքստում, իսկ ներկայության ապահովումն ինքնանպատակ չէ։

Ո՞րն է ԵՄ-ի վերջնական նպատակը Հարավային Կովկասում. նախևառաջ էներգակիրների մատակարարման դիվերսիֆիկացիան։ Մենք շատ լավ գիտենք, որ Թուրքիան և Ռուսաստանն այսօր համաձայնության են եկել Թուրքիայում միջազգային տարածաշրջանային գազատրանսպորտային միություն ձևավորելու հարցում։ Սա կարող է շատ լուրջ դիվերսիֆիկացիոն հնարավորություն ստեղծել ԵՄ-ի համար։

Եվ այս առումով ռուսական գազը, որն իր ինքնարժեքով և մատակարարման ծավալներով իրականացվել է անխափան կերպով, ԵՄ շուկաների համար շարունակում է մնալ կարևոր ուղղություններից մեկը։ Բայց քանի որ կա համակարգ, և ԵՄ-ն չի ցանկանում ուղիղ ներկրումներ իրականացնի Ռուսաստանից, դա պետք է անի միջնորդավորված»,- ասաց մեր զրուցակիցը։

Վահե Դավթյանի խոսքով՝ այստեղ մի կողմից ականատես ենք դառնում Թուրքիայի և ԵՄ-ի, մյուս կողմից՝ Թուրքիայի և Ռուսաստանի շահերի համընկնման։

«Հաշվի առնելով, որ ձախողվել է նաև Իրանի հետ միջուկային գործարքը, ԵՄ-ն ի վիճակի չէ գործող կանոնների պայմաններում ակտիվացնել Իրանի հետ էներգետիկ երկխոսությունը։ Բայց հայտնի է, որ Իրանը ևս այսօր շահագագրգռված է Թուրքիայում գազատրանսպորտային միության ձևավորման նախագծում, որի միջոցով կկարողանա էապես ավելացնել դեպի Եվրոպա իր գազի արտահանման ծավալները։

Մյուս կողմից, որպես կանոն՝ խոսվում է այն մասին, որ Ադրբեջանն իր հերթին կարող է որպես այլընտրանքային ռեսուրսային բազա հանդես գալ եվրոպական շուկայի համար։ Մինչդեռ դա այդպես չէ, որովհետև Եվրոպան տարեկան սպառում է տարեկան մինչև 400 միլիարդ խ/մ գազ, իսկ Ադրբեջանն իր Հարավային գազային միջանցքով ընդունակ է տարեկան մատակարարել մինչև 11 միլիարդ խ/մ։ Այսինքն՝ սա բավականին փոքր տոկոս է կազմում, բայց, այնուամենայնիվ, եթե Հարավային Կովկասում հաղորդակցությունները բացվում են, և իրականացվում է այս սցենարը, ապա ակնհայտ է, որ Թուրքիան ելք է ստանում դեպի Կասպից տարածաշրջան և դեպի Կենտրոնական Ասիա։

Եթե Թուրքիան կարողանում է էլ ավելի ակտիվանալ Կենտրոնական Ասիայում, մասնավորապես Թուրքմենստանում, ապա կրկին օրակարգ է բերվում այսպես կոչված Անդրկասպյան գազամուղի նախագիծը, որն իր թողունակությամբ մի քանի անգամ գերազանցելու է Հարավային գազային միջանցքին»,- նշեց էներգետիկ անվտանգության փորձագետը։

Վերջում մեր զրուցակիցը հավելեց՝ այսքանով հանդերձ՝ պարզ է դառնում, որ հիմնական խաղացողների՝ Թուրքիայի, Իրանի և ԵՄ-ի շահերը լիովին համընկնում են։
«Կարծում եմ՝ ԵՄ ակտիվացումը այս տարածաշրջանում հող է նախապատրաստում նոր էներգատրանսպորտային քարտեզը գծելու և Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը բարձրացնելու համար։ Ակնհայտ է, որ Թուրքիան և Ադրբեջանը ձգտելու են «Զանգեզուրի միջանցքի» բացմանը։ ԵՄ-ն և մյուս խոշոր խաղացողները Թուրքիային նպաստելու են այս հարցում, որպեսզի դիվերսիֆիկացնեն սեփական էներգառեսուրսների ներկրման ուղիները»,- ասաց Վահե Դավթյանը։