«Եթե մարդիկ ունեն պատվի զգացում, մեծ պետությանը դա բավարար է մարտնչելու, փոքր պետությանը՝ պաշտպանվելու համար»: «Կռվելով հաղթելը դյուրին է, պաշտպանվելով հաղթելը՝ դժվար»:
Յուրաքանչյուր ժողովուրդ ունի անցյալ, փորձում է ամրապնդվել օրերի հետ եւ կերտել իր ապագան: Հայ ժողովուրդն աշխարհի հնագույն էթնոսներից է եւ հազարամյակների պատմություն ունի: Սակայն միշտ չէ, որ հայերի բախտը բերել է: Համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկում գտնվող Հայոց բնօրրանն ու նրա անփոփոխ բնակիչներ հայ ժողովուրդը մշտապես գրավիչ կռվախնձոր են եղել աշխարհի հզորների համար: Հենց դա է պատճառը, որ հնագույն քաղաքակրթությունների գոյաժամանակներից սկսած մինչեւ մեր օրերը, բոլոր ժողովրդական պայթյունների հետեւանքով առաջացած վայրենի ու կիսավայրենի ավարառուներն ու նվաճողներն «անցել են» Հայկական բարձրավանդակի վրայով: Ընդ որում, եթե ակկադաշումերական, ասորախեթական, հռոմեաբյուզանդական, իրանական, արաբական, թյուրքական, թաթար-մոնղոլական, սելջուկյան, թուրքօսմանական վայրենի ու կիսավայրենի հրոսակները գալիս էին, թալանում ու ավերում բացահայտ, ապա ռուսական ու եվրոպական «եկվորները» մուտք էին գործում ավելի հաճախ ազատարարի, Հայկական հարցը լուծելու պատրվակով եւ ինքնավարություն ու անկախություն նվիրաբերողի քողի ներքո:
Տարբերությունն այնքան էլ մեծ չեղավ, քանզի այդ ամենի արդյունքում հայկական պետականությունն ու ցեղասպանված հայ ժողովուրդն ստիպված եղան կծկվելու անչափ փոքրիկ մի հողակտորի վրա, որն այսօր կոչվում է Հայաստանի Հանրապետություն: Այդ փոքրիկ տարածքում մի կերպ հարմարված հայ ժողովուրդը դարձյալ փորձում է բարիքներ արարել, ավաններ շենացնել, կիրթ ու բանիմաց սերունդ դաստիարակել ու հայտնագործություններ կատարելով համաշխարհային հանրության հետ համաքայլ՝ լուսավոր ապագա կերտել: Բայց արի ու տես, որ այդ ասպարեզներում արձանագրած հաջողություններն ու հայի կենսականությունը՝ ինչպես նախորդ դարերում, այսօր էլ հանգիստ չի տալիս մեր թուրք ու թուրքաբարո հարեւաններին: Այդ պատճառով էլ գիշեր ու ցերեկ նրանք մտորում են, թե ինչպես կուլ տան Հայոց պետականությունը եւ իսպառ բնաջնջեն հայության մնացյալ մասին: Եվ այդ ամենը չափազանցություն չէ, այլ ամենօրյա կիրարկվող գործընթաց:
Իսկ մե՞նք: Ի՞նչ ենք անում մենք այդ ամենին դիմադարձելու, հակազդելու համար…
Դաժան ճակատագրի, կրած մահացու բազմաթիվ հարվածների, ցեղասպանվելու, թույլ տված անհամար սխալների եւ քանի որ թուլության համար մենք շատ էինք ուժեղ, ուժեղ էինք նաեւ ուժի հանդեպ, բայց արի ու տես` թուլություն ունեինք թույլերի դեմ ուժեղ չլինելու եւ ավելի հաճախ չպատճառաբանված վստահելու արդյուքում հայտնվեցինք այնպիսի պարադոքսալ (իրավիճակ, որը կարող է լինել իրականում, բայց տրամաբանական բացատրություն չունի) եւ տխուր իրավիճակում, երբ՝
1. Մայր հայրենիքում բնակվում է ժողովրդի ընդամենը մեկ հինգերորդ մասը,
2. Աշխարհում հայերին պատկանող կապիտալի շատ չնչին մասն է տնօրինվում հայոց պետականության կողմից (որոշ չճշգրտված տվյալներով՝ 2-3 տոկոսը),
3. Շատ ավելի տխուր է կացությունը մտավոր պոտենցիալի եւ, առհասարակ, ժողովրդագրության աճի պարագայում,
4. Որեւէ համեմատություն քննություն չի բռնի նաեւ բանկային, հատկապես՝ փոխատվական եւ արդյունագործական ասպարեզների համեմատության դեպքերում,
5. Նույն իրավիճակն է նաեւ գեղարվեստի՝ նկարչության, երաժշտության, կինոյի, մամուլի, հեռուստատեսության եւ այլ կարեւոր ասպարեզներում:
Իսկապես, եթե մի պահ պատկերացնենք, որ հրաշքով հավաքվեն, համախմբվեն ու մեկտեղվեն հայերին պատկանող աշխարհի բոլոր ֆինանսական ու նյութական միջոցները, գիտնականները, տարբեր երկրների բանակներում ծառայող հայ ռազմիկները, տարբեր լեզուներով ստեղծագործող գրողները, երաժիշտներն ու քաղաքագետները, տարբեր ասպարեզներում իրենց քրտինքով հանապազօրյա հաց վաստակողները, ապա հազիվ թե որեւէ ուժ կարողանա արգելք դառնալ մեր թռիչքային աննախադեպ զարգացմանը: Սակայն, ավաղ, դա երազ է, մոտ ժամանակներում անիրականանալի երազ, քանզի քաղաքականությունը ջրհեղեղի նման է, ավերում եւ խառնում է մարդկային ուղեղը, հոգին, խիղճը եւ ճահճանում կեղծիքով:
Սակայն մայր հայրենիքում դա լիովին հնարավոր կլինի, եթե…Եթե հայ ժողովուրդը բաղկացնող բաղադրիչները հաշտ լինեն ու համախմբված: Իսկ այդ բաղադրիչներն են` ա) հայեցի հոգեկերտվածքը, բ) հայաստանաբնակ հայությունը, գ) սփյուռքը, դ) Հայոց պետականությունը, որպես այդ բոլորին շաղկապող պորտալար ե) Հայաստանյաց առաքելական եկեղեցին, զ) ազգային մշակույթը, գրականությունը, արվեստը: Իսկ արդյո՞ք հաշտ են ու համախմբված: Միանշանակ` ոչ: Առհավատչյան այս օրերին Հայրենիքում եւ Սփյուռքի շատ գաղթօջախներում ընթացող բողոքի ակցիաներն են, որոնք այս անգամ առանձնանում են նրանով, որ առաջնորդը բարձրաստիճան հոգեւորական է:
Ինձ եւ մտերիմներիս հաճախ է տանջում հարցերի հարցը` իսկ ինչո՞ւ միակամ չենք, ինչո՞ւ միասնական չենք եւ թույլ ենք տալիս մեր թշնամիներին օգտվել դրանից եւ օրը ցերեկով ցեղասպանել, հայրենազրկել ու նվաստացնել մեզ, զենքով եւ առանց որեւէ կրակոցի մեզանից խլել մեր հայապատկան հողերն ու արժեքները: Մեզ եկվորներ հայտարարելով` անթաքույց սպառնալ սեփականել նաեւ մեր բնօրրանը: Իսկապես, ինչո՞ւ միակամ չենք արդեն ավելի քան երկու հազար տարի: Հարց՝ որին շատերն են փորձել պատասխանել: Հարց՝ որի պատասխանը գտնելն ու ճիշտ եզրակացությունների հանգելը, վստահ եմ, կօգնեն վերջապես դուրս գալու այս համազգային ճգնաժամից եւ կերտելու մեր լուսավոր ապագան: Զերծ լինելով վերջնական ու բացարձակ ճշմարիտ լինելու հավակնությունից` ինքս էլ կփորձեմ պատասխանել.
1. Տարածաշրջանային գործոն` հազարամյակներ շարունակ գտնվել ենք արեւելք-արեւմուտք շահերի բախման կիզակետում:
2. Ճակատագրի բերումով մեզ հարեւաններ են դարձել միայն թալանով ու ավարառու կենցաղով քոչվոր հրոսակներ:
3. Ազգային միասնական գաղափարախոսության չգոյությունը:
4. Կիսավայրենի ու միայն ռազմուժով պատրաստի արժեքները յուրացնելու սովոր հարեւանների շրջապատում հեզ ու խոնարհ պահվածք քարոզող քրիստոնեությունը, բացառությամբ որոշ դեպքերի, որպիսին էր օրինակ 1918 թ. մայիսին Ամենայն Հայոց կաթողիկոս Գեւորգ Ե Սուրենյանցի կոչը հայ ժողովրդին` «Հասել է պահը պատմական, որպեսզի յուրաքանչյուր հայ հայրենիքի խորանի առջեւ դնի իր մեջ եղած լավագույնը: Ուրեմն էլ ինչո՞ւ ազգովին չբարձրանանք թշնամու դեմ, որը գալիս է ծարավ մեր վերջին արյունին», չքարոզեց «ատամն ընդ ատաման», այլ առաջարկեց մյուս երեսին էլ ապտակ թույլատրելու ոչ ճիշտ դրույթը: Այդ ամենով հանդերձ, մի դիտարկում եւս: Քանի որ չգոյության ընթացքում Եկեղեցին էր փոխարինում պետականությանը եւ պետության գործառույթներ իրականացնում, դա էլ խրտնեցրել էր մեր «բարեկամներին» եւ նրանք, ցանկանալով մահացու հարված հասցնել Հայոց ազգային հիմքերին եւ ճնշել հայ ժողովրդի դիմադրական ոգին, միշտ ձգտել են հարվածել հայ ժողովրդի արժեաբանական կարեւորագույն տարրերից մեկը հանդիսացող Հայ Առաքելական եկեղեցուն: Այս ճանապարհին երբեմն գործի դնելով նաեւ որոշ հայերի ջանքերը, որոնք, հաճախ տարված լինելով «առաջադեմ» գաղափարներով, ելույթ են ունեցել Հայ Առաքելական եկեղեցու դեմ: Օրինակ` չկողմնորոշվող պատմաբան Լեոն՝, որը ձգտելով դուր գալ բոլշեւիկյան իշխանություններին, սկսեց պայքարել եկեղեցու դեմ: Կամ Ադոնցը, որը 1904 թ-ին, երբ ցարական իշխանությունները բռնագրավվում էին Հայ Առաքելական եկեղեցու ունեցվածքը եւ ձգտում ճնշել հայերի ազատագրական պայքարը, փորձեց քննադատել եկեղեցուն: Այդպիսի անհաջող փորձ էր նաեւ մերօրյա ստեղծագործող Համլետ Դավթյանի «Մեծն Վասակ Սյունի» կեղծ-գիտական աշխատանքը եւ այլն:
5. Ավելի ուշ դարերում` միայնակ չկարողանալով դիմակայել եկվոր վայրենաբարո ցեղերին, երկրի տարբեր մասերում ու տարբեր հակումներ ունեցողներն սկսեցին ազգի փրկությունը որոնել ի դեմս այս կամ այն հզոր հարեւանի օգնության: Սա էլ իր հերթին հայոց մեջ առաջացրեց ու արմատավորեց հատվածականություն խիստ վնասակար երեւույթը, որն այսօր էլ թունավորում, տարափեղկում եւ նույնիսկ թշնամացնում է հասարակության անդամներին:
6. Դարերի ընթացքում կենցաղ դարձած խոնարհվելու, ստրկաբարո մտածելու եւ այդ վիճակից դուրս գալու փորձեր անելով ու պարտվելով` հարմարվելու հոգեկերտվածքի արմատավորումն ու գոյեւթյունը:
7. Դարեր շարունակ սեփականը չունենալու հետեւանքով իշխանություն եւ օրենք չսիրելու, դրանք խախտելու համար մշտապես սողանցքներ փնտրելու հակումները հանգեցրել են նաեւ սեփական պետականությունն ու օրենքները շրջանցելու եւ երբեմն նույնիսկ ատելու արատավոր սովորույթը:
8. Միմյանց չսիրելու, բամբասելու, նախանձելու, գզվռտվելու բացասական սովորույթները, որոնք` «բաժանիր որ տիրես» մտայնությամբ նենգաբար ներարկվել են օտար իշխողների կողմից, այսօր էլ կան, արմատախիլ արված չեն: Իրավացի է Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը. «Իսկապես, օտարը մեզ չի կարող սպանել. մի՛ տեսակ մահ կա հայի համար՝ ինքնասպանություն: Եթե երբեւէ մեզանից պակասի հավատքը, գիրը, լեզուն, հայրենիքին ծառայելու ոգին, մեր ինքնության դրոշմը եղող արժեքները եւ դեպի հավերժական կյանք տանող, ուժ ներշնչող գաղափարները, այն ժամանակ մենք կլինենք մեռյալներ՝ կյանքի, ապրելու մեջ մեռյալներ»:
Իսկապես, խորհելու, փնտրելու եւ ստեղծված ծանր կացությունից դուրս գալու ճանապարհներ գտնելու անհրաժեշտությունը կա, որին պետք է զինվորագրվենք բոլորս…
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ
պգդ, պրոֆեսոր