Վերջին շրջանի մտածելու տեղիք տվող հայտարարություններից մեկն այն է, որ ներկայիս իշխանությունը կերտում է իրական Հայաստանը պատմական Հայաստանի փոխարեն: Իրական Հայաստանի թեման, ինքնին, նոր չէ: Այդ մասին շատ էին խոսում անկախ Հայաստանի առաջին տարիների քաղաքական ու հասարակական գործիչները: Զարգացնել եւ առաջ տանել այս թեման այսօր անհնար է առանց կոշտ դիմադրության Սփյուռքի եւ Հայաստանի ներսում շատ ազդեցիկ ուժերի կողմից: Սակայն պարզ է, որ այդ նոր, իրական Հայաստանը ստանալու է ռեալ քաղաքականությամբ զբաղվող միջազգային ուժերի ըմբռնումն ու աջակցությունը: Ստորեւ ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում մեր վերլուծականը իրական Հայաստանի գոյության գաղափարական ու քաղաքական հիմքերի վերաբերյալ:
Կարելի՞ է արդյոք հաղթահարել պառակտումը Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ
Տասնամյակներ շարունակ ընդունված էր համարել, որ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի միասնությունը ապահովում էին երկու սյուներ. պայքարը հանուն Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման (կրած վնասի արդարացի հատուցման հարցը) եւ պայքարը հանուն Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի (ԼՂՀ-ի անկախության ճանաչման հարցը): Այս երկու գաղափարները թվում էին շատ ուժեղ, որոնք կարող էին համախմբել, մասնավորապես սփյուռքյան կառույցները եւ ուղղորդել դրանք դեպի Հայաստան եւ Արցախ: Հիմա դժվար է միանշանակ գնահատել, թե բավարա՞ր էր արդյոք Սփյուռքի աջակցությունը Հայաստանին այս երկու հարցերի առաջ քաշման եւ առաջ մղման համար: Բայց չպետք է ապերախտ լինել: Պետք է հասկանալ, որ Սփյուռքի հայրենանվեր գործիչներն ու ակտիվիստները կաշվից դուրս գալով աշխատել են օգնելու համար Հայաստանին ու Արցախին: Այդ օգնությունը եղել է եւ՛ խաղաղ ժամանակ, եւ՛ երկու պատերազմների ժամանակ: Մի կողմ թողնենք նաեւ այն հարցը, թե ինչպե՞ս է Հայաստանում օգտագործվել այդ օգնությունը եւ որքանո՞վ է այն ծառայել իր բուն նպատակին: Սա մի առանձին հարց է, որը եթե չքննարկվի, դասեր չեն քաղվելու ապագայի համար: Բայց հիմա խնդիրը այլ է: Հայաստանի ղեկավարներն ասում են, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ընթանում է մի առողջ քննարկում, որի նպատակը հարաբերությունները կարգավորելն է, դիվանագիտական ներկայացուցչություններ փոխանակելը եւ հաղորդակցության ուղիները վերագործարկելը բացված սահմանների պայմաններում: Դրա ժամկետն էլ հայտնի է: Դա տեղի կունենա այն բանից հետո, երբ Ադրբեջանը ազդանշան տա Թուրքիային: Դա էլ տեղի կունենա Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո (եթե տեղի ունենա):
Սփյուռքյան կառույցները հասկանում են, որ Թուրքիան ձգտելու է իրականացնել իր տասնամյակների քաղաքականության կարեւոր նպատակներից մեկը՝ ստիպել Հայաստանին հրաժարվելու Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացը արտաքին քաղաքականության առաջնահերթություն դարձնելուց: Որեւէ տեղեկություն առայժմ չկա այն մասին, թե Հայաստանն արդեն տեղիք է տվել այդ ճնշմանը: Սակայն պարզ է, որ առանց միջնորդների եւ առանց մեծ պետությունների աջակցության բանակցելով Թուրքիայի պես մեծ ու հզոր պետության հետ, Հայաստանի իշխանությունը ուզած-չուզած զիջելու է: Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին ընդունված էր ասել, որ Հայաստանը Թուրքիայի հետ ցանկանում է հաստատել խաղաղ, բարիդրացիական հարաբերություններ առանց նախապայմանների: Հիշեցնենք, որ Թուրքիայի կողմից կար առնվազն երկու խոշոր նախապայման: Առաջինը՝ հրաժարվել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքական ծրագրից եւ երկրորդ՝ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ հրաժարվել Լեռնային Ղարաբաղի անկախության գործընթացը առաջ մղելուց:
Ինչպես տեսնում ենք, վերջին տարիների իրողությունն այն է, որ լավ մտածված բազմաքայլ օպերացիաների արդյունքում, Հայաստանը թողնվել է մեն-մենակ Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ: Այս պայմաններում հուսալ, որ ինչ-որ մեկը կօգնի Հայաստանին ավելի հաջող եւ հարմար դիրքերից երկխոսել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, կատարյալ մանկամտությւն է:
Ինչպես գիտենք, հայոց Սփյուռքը երկու մեծ շերտ ունի: Առաջինը այսպես կոչված հին Սփյուռքն է: Դրանք այն հայերն են, որ հայտնվել են աշխարհի տարբեր երկրներում Հայոց Ցեղասպանությունից հետո: Երկրորդ շերտը նոր Սփյուռքն է: Դրանք Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից եւ Ռուսաստանից Եվրոպայում, Ամերիկայում, Կանադայում եւ Ավստրալիայում հայտնված հայերն են, որոնք ավելի թույլ են կազմակերպված, քան հին Սփյուռքը: Բայց դրա փոխարեն նրանց կապերը Հայաստանի հետ ավելի ամուր են եւ առօրյա: Այս երկու հատվածների ներդաշնակ զարգացման եւ համախմբման հարցը շատ ծանր է: Սփյուռքյան ազգային գործիչները գլուխ են ջարդում այս հարցում ընդունելի եւ հայանպաստ լուծումներ գտնելու համար: Այն բանից հետո, երբ Արցախը հայաթափվեց, իսկ Հայաստանը մնացել է մեն-մենակ Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ, թվում է թե Սփյուռքին մնում է լոկ ինքնակազմակերպվել համազգային խնդիրները համայնքային շրջանակներում բարձրացնելու եւ լուծելու համար: Սա թուրքական արտաքին քաղաքական ծրագրի լիակատար հաջողությունն է:
Ի՞նչ հակադրել ադրբեջանական ազգայնական ագրեսիվ գաղափարներին
Այստեղ տեղին չէ վերաշարադրել պատերազմի հաղթանակով արբեցած Ադրբեջանի ազգայնական շրջանակների մոտեցումներն ու դիրքորոշումները: Փաստենք միայն, որ ճիշտ են եղել նրանք, ովքեր տասնամյակներ շարունակ կրկնում էին, որ նվաճելով Լեռնային Ղարաբաղը՝ Ադրբեջանի ազգայնական իշխող շրջանակները ոչ թե բավարարվելու են ստացածով, այլ զանազան ճանապարհներով փորձելու են զարգացնել իրենց հաջողությունը: Հռչակվել են նույնիսկ գլխավոր նպատակները՝ Զանգեզուր, Սեւանա լիճ, Երեւան եւ այլ: Այս պայմաններոմ ակնհայտ է, որ Հայաստանում ուղղակի դեռ չի ընկալված խաղաղությանն ու տարածաշրջանային ապահովությանն ուղղված դիվանագիտական նախաձեռնությունների կարեւորությունը: Խոսքն այն մասին է, որ Հայաստանում գտնվեն մարդիկ, որոնք ի վիճակի են համակարգված աշխատելու Ադրբեջանի հետ խաղաղ երկխոսությունը առաջ տանելու գերբարդ ծրագրերի վրա: Մենք գիտենք, որ այս հարցում Հայաստանում եւ Ադրբեջանում շատ տարբեր մոտեցումներ են եղել մինչեւ վերջին տարիները: Հայաստանում միշտ էլ եղել են լայնախոհ մարդիկ, որոնք մտածել են, որ Հովհաննես Թումանյանի անմահ օրինակով պետք է երկխոսություն ծավալել հանուն խաղաղության եւ խաղաղ գոյակցության: Ադրբեջանում այդ մարդկանց թիվը շատ ու շատ սահմանափակ է եղել եւ նրանք եղել են ճնշված ու մեկուսացված: Դրա փոխարեն Ադրբեջանում իշխող գաղափարախոսության տեսք է ստացել համաթյուրքականությունը (պանթուրքիզմը), որն ընդգծում է Թուրքիայի եւ Ադրբեջանի լիակատար ինտեգրման նշանակությունը: Այսօր Ադրբեջանն է այն երկիրը, որն ամենամեծ չափով գեներացնում է համաթուրքական գաղափարներ, ձայնարկելով թուրքական ազգայնականներին եւ եղբա՜յրաբար ձեռք մեկնելով Կենտրոնական Ասիայի թյուրքական հանրապետություններին:
Ի՞նչ կարող է անել Հայաստանը: Մեր կարծիքով, նվազագույնը, որ Հայաստանը կարող էր անել, դա մշակելն է այնպիսի ճկուն մեխանիզմներ, որոնք չեն թշնամացնի համաթյուրքականության քաղաքականություն կրողներին եւ չեն դարձնի Հայաստանը չնչին թիրախ համաթյուրքական ատելության համար: Գիտակցո՞ւմ են արդյոք մեզանում այս հանգամանքը: Ինչ-որ չի երեւում: Ճիշտ է, հայ հասարակությունն իր մեծամասնությամբ արտաքին վտանգը գնահատում է շատ համարժեքորեն: Սակայն պարզ չէ, թե կհերիքի՞ արդյոք մեր քաղաքական տեխնոլոգների եւ գաղափարախոսների խելքն ու իմաստությունը հրաժարվելու այն կարծրատիպերից, որոնք արտաքին ուժերի ազդեցության եւ ճնշման տակ որոշիչ են եղել նախորդ 70-80 տարիներին: Այն, առանց չափազանցության, քաղաքական դասակարգը, որը սովետական տարիներից Հայաստանում եւ Սփյուռքում առաջ է տարել համաթյուրքականության ծավալման դեմ պատվար հայության գաղափարը, հիմա ասելիք կամ անելիք ուղղակի չունի: Բայց կարելի՞ է արդյոք այդ շրջանակների կեցվացքի միջի կառուցողական մասը այժմ սկսել իմաստուն կերպով օգտագործել հայկական ներուժը չթուլացնելու, այլ կենսունակ պահելու համար: Հայկական ներուժ ասելով մենք նկատի ունենք աշխարհի հայերի հնարավորությունը՝ օգնելու Հայաստանին կենսունակ պահելու հայ ժողովրդի դարավոր իղձերը եւ թույլ չտալու ոտնձգություններ Հայաստանի դեմ: Չէ՞ որ Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր պատերազմ չի սանձազերծում ոչ թե այն պատճառով, որ սկսել է սիրել հայերին, այլ այն պարզ պատճառով, որ վախենում է Արեւմտյան աշխարհի կողմից մեկուսացվելուց: Համենայն դեպս, աշխարհի մեծ ու փոքր երկրների բազմաթիվ դիվանագետների, քաղաքական գործիչների, լրագրողների եւ այլ արհեստի մարդկանց միջոցով Ադրբեջանը Հայաստանում ուզում է մի բան պարզել. կարելի՞ է արդյոք Հայաստանը վերադարձնել 1918-1920 թվականների վիճակին, երբ մեր երկրի Թուրքիայի կողմից ճանաչված տարածքը 10000 քառ. կմ.-ից պակաս էր: Սա՛ է Ադրբեջանի համաթուրքական ազգային վերնախավերի այսօրվա մոտեցումը Հայաստանի հանդեպ:
Մեծ վտանգները չեզոքացնելու կոնկրետ ծրագրեր
Հայաստանի հարցերը այսօր լուծում են առանց Հայաստանի: Սա է դառը ճշմարտությունը: Հայկական քաղաքական մտքին, լավագույն դեպքում՝ տեղային, սահմանափակ դերակատարություն է տրված: Հարց է առաջանում. եթե ներքին հայկական պառակտումը իր տեղը զիջի փոխադարձ հարգանքի միմյանց շահերի ընկալման, ընդունման եւ ներդաշնակեցման հիման վրա երկխոսությանը, կարելի՞ է արդյոք չեզոքացնել վերոհիշյալ սպառնալիքները: Վստահ կարող ենք արձանագրել, որ շատ ու շատ ազգերի վառ ներկայացուցիչներ տասնակյակներ շարունակ նախանձով են խոսել անհատ հայի բնավորության առավելությունների մասին: Այդ առավելությունները ամենադժվարին պայմաններում հայերին բարձրացրել են հատակից եւ հասցրել լուրջ բարձունքների: Սակայն վաղուց գաղտնիք չէ, որ հայերը հավաքականության մեջ բոլորովին այլ են: Ընդհանրապես արժե մի անկեղծ երկխոսություն ծավալել համահայկական մակարդակով, փորձելով մի վերջին անգամ մոբիլիզացնել հայկական խելքի, ինտելեկտի եւ կենսունակության ռեսուրսը իրական Հայաստանին ծառայեցնելու նպատակով: Անպայման երկխոսություն է պետք հարեւան Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Բայց սա՝ բոլորովին ոչ հանձնվելու եւ սեփական պետությունը նրանց զիջելու դիրքերից: Ովքե՞ր են այն մարդիկ, որոնք ուզում են մեզ ներշնչել, որ պետք է շնորհակալ լինենք մեր հարեւաններից, եթե նրանք մեզ ինչ-որ Հայաստան թողնեն: Սա ի՞նչ ցնդաբանություն է: Հայաստանում խոսում են ամեն ինչի մասին, բացի այս ամենակարեւոր հարցերից: Պարզ է, որ ով պատվիրում է, նա էլ թելադրում է երաժշտությունը: Դրա համար էլ մեր հորդորը ուղղում ենք հայկակա՛ն երաժշտության ամենազոր պատվիրատուներին: Եկեք միասին մտածենք իրական Հայաստանի կենսունակության մասին: Եկեք կանխենք հայկական պետականության փլուզման այս ողբերգական գործընթացը:
ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ
Քաղաքական վերլուծաբան,
Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող