Քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանի գրառումը, –
Երեկ Ավարայրի ճակատամարտի 1570-ամյակն էր։ Այդ մասին Դիմատետրի իմ էջին գրելուց հետո, մեկ ուրիշի էջին կարդացի մեզանում տարիներ ի վեր շրջանառվող այն կեղծ պնդումը, ըստ որի՝ Ավարայրի ճակատամարտն իբր նույնիսկ չի էլ եղել, քանի որ… այդ մասին պարսկական պատմագրության մեջ որևէ տեղեկություն չկա։ Ցավոք սրտի, մերձպատմագիտական շրջանակների կողմից, թշնամաբար թե թյուրիմացաբար, առաջ քաշվող այս «հարցադրումը» մինչ օրս մնացել է անպատասխան՝ գոնե ես որևէ հերքում չեմ տեսել։ Ուստի պարտքս եմ համարում ստորև բացատրել, որ գործ ունենք հայոց պատմության հերթական ստոր ու անհեթեթ կեղծիքի հետ։ Հետևյալ ամփոփ կետերը, կարծում եմ, լիուլի բավարար են համոզվելու համար այսպիսի գնահատականի արդարացիության մեջ.
1. Շատերին թվում է, թե հայերիս նման պարսիկներն էլ 5-րդ դարում Փավստոս Բուզանդ, Կորյուն, Եղիշե, Մովսես Խորենացի ու Ղազար Փարպեցի են ունեցել։ Այդ անտեղյակներին պետք է հիասթափեցնեմ, քանզի ՊԱՐՍԿԱԿԱՆ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ԳԵԹ ՄԵԿ 5-ՐԴ ԴԱՐՅԱ ՆՄՈՒՇ ՉԻ ՊԱՀՊԱՆՎԵԼ։ Առհասարակ, սասանյան շրջանում պատմագրություն որպես այդպիսին գոյություն էլ չի ունեցել, եթե չհաշվենք պաշտոնական պալատական ժամանակագրությունները, որոնք չեն պահպանվել։ Սասանյանների օրոք Իրանի համընդհանուր պատմություն գրելու առաջին փորձը կատարվել է շահնշահ Խոսրով I Անուշիրվանի (531–579) կառավարման ժամանակ, բայց ձախողվել է։ Այդ գործը հաջողվել է գլուխ բերել միայն սասանյան վերջին շահնշահի՝ Հազկերտ III-ի (632-651) օրոք։ Ցավոք, այդ երկն էլ չի պահպանվել, կորել-անհետացել է։ Հիշեցնեմ, որ Մովսես Խորենացին հայոց համընդհանուր պատմությունը ներկայացնող իր գլուխգործոցն գրել-ավարտել էր դրանից դեռևս գրեթե երկու դար առաջ՝ 474 թվականին։ Պատմամշակութային այս համեմատությունը լրացուցիչ անգամ փաստում է Հին Հայաստանի գիտակրթական զարգացման հզոր թափը, ինչպես նաև այդ դարաշրջանի համար հայոց ազգային ինքնագիտակցության անսովոր բարձր մակարդակը։
2. Մեզ են հասել 6-7-րդ դարերում գրված սասանյան աշխարհիկ գրականության ընդամենը մի քանի կտոր ու մի շարք պատառիկներ, մի մասը՝ պահլավերեն (միջին պարսկերեն), մյուսը՝ ավելի ուշ կատարված արաբերեն թարգմանությունների միջոցով։ Նրանցում եղած պատմագիտական տեղեկույթը չափազանց կցկտուր է ու փոքրածավալ անգամ Իրանի պատմության վերաբերյալ, ուր է թե այնտեղ հանգամանալից տեղեկություններ լինեին Հայաստանի քաղաքական ու ռազմական պատմության մասին։ Ճիշտ հակառակը՝ 5-7-րդ դարերի հայկական աղբյուրները մեծարժեք և մեծածավալ տեղեկություններ են պարունակում Իրանի պատմության մասին։
3. Սասանյան տերության դիվանները և նրանց մեջ պահվող պաշտոնական վավերագրերը, ժամանակագրություններն ու գրագրությունը ևս ոչնչացել-գնացել են՝ մեզ չեն հասել, որպեսզի այնտեղից կարողանայինք տեղեկություններ քաղել Ավարայրի ճակատամարտի և առհասարակ հայոց պատմության մասին։
4. Հին, միջնադարյան և նույնիսկ նոր դարաշրջանների շատ ու շատ ճակատամարտեր մեզ հայտնի են դրանց մասնակցած միայն մեկ կողմի աղբյուրներից։ Եթե ժամանակակից պատմաբանները մեխանիկաբար առաջնորդվելու լինեին վերոհիշյալ սուտ թեզով՝ թե իբր «եթե պարսկական (կամ այլ) աղբյուրները չեն հայտնում որևէ խոշոր ճակատամարտի մասին, ուրեմն այդպիսի ճակատամարտ չի եղել», ապա մենք պետք է նույն կերպ անվավեր ճանաչեինք, օրինակ, պարսկական ու հունական բանակների միջև տեղի ունեցած
• Թերմոպիլեի ճակատամարտը (Ք.ա. 480 թ.),
• Իսոսի ճակատամարտը (Ք.ա. 333 թ. նոյեմբեր),
• Գավգամելայի ճակատամարտը (Ք.ա. 331 թ. հոկտեմբերի 1),
• Խառանի ճակատամարտը ( Ք.ա. 53 թ. մայիսի 6),
• Դարայի ճակատամարտը (530 թ.)
• Պետք է անվավեր ճանաչեինք առհասարակ Ք.ա. 5-րդ դարից մինչև ընդհուպ 7-րդ դար տևած հույն-պարսկական ու հռոմեա-պարսկական անխտիր բոլոր պատերազմներն ու ճակատամարտերը։ Չէ՞ որ դրանց բոլորի մասին տեղեկությունները պահպանվել են միայն հունական և հռոմեական պատմագրություններում։ Օրինակ, 6-րդ դարում Բյուզանդական (Արևելահռոմեական) կայսրության ու Սասանյան Իրանի բանակների միջև տեղի ունեցած տասնյակ ճակատամարտերի մասին մենք տեղեկանում ենք միայն մեկ բյուզանդական հեղինակի՝ Պրոկոպիոս Կեսարացու «Պատերազմ պարսիկների դեմ» պատմական երկից։
• Ասվածը վերաբերում է նաև հայ-պարսկական բոլոր պատերազմներին ու ճակատամարտերին, որոնց մասին տեղեկությունները պահպանվել են հայկական, մասամբ էլ հունահռոմեական, բայց ոչ պարսկական աղբյուրներում։ Ընդ որում, հայկական աղբյուրների հավաստիության բարձր աստիճանը հաստատված է ֆունդամենտալ պատմագիտական աշխատությունների շնորհիվ։
Ընդհանրապես մեզանում Ավարայրի ճակատամարտի մասին վերոնշյալ ցնորային թեզն առաջադրվել է թշնամու ու ոչ-բարեկամ օտարների պատվերով։ Իսկ դրա չդադարող շրջանառումն արդեն պայմանավորված է մեր պատմագիտական դպրոցի տկարությամբ և անատամությամբ։ Ես հանդիպել եմ հայոց պատմության նոր և նորագույն շրջանով զբաղվող դիպլոմավոր դոկտորների ու նույնիսկ ակադեմիկոսների, ովքեր, ընկնելով թշնամու լարած ծուղակը, զարմացած դեմքով նույն սիրողական հարցն են տվել. «Իսկ ինչու՞ պարսիկ պատմիչները ոչինչ չեն գրել Ավարայրի ճակատամարտի մասին, գուցե իրոք ադպիսի ճակատամարտ չի՞ եղել» (մեկը վերջերս նույնիսկ հեռուստատեսությամբ էր այսպես ցնորաբանում)։ Սրանք գաղափար չունեն ո՛չ հին հայկական, ո՛չ հին իրանական և օտար գրավոր աղբյուրների ու աղբյուրագիտության, ո՛չ էլ առհասարակ հին շրջանի ռազմական պատմության մասին։
Նման կեղծիքների անքննադատ տարածման մյուս պատճառն էլ այն է, որ ապրում ենք մի դարաշրջանում, երբ սիրողական մակարդակով որևէ բանի մասին պատկերացում ունեցողներն իրենք իրենց խոշոր մասնագետ են երևակայում։ Սա համատարած երևույթ է, որը գոյություն չուներ սրանից ընդամենը 25-30 տարի առաջ։
Այսքանով բավարարվեմ։
Աստվածն առաջ։
——————————————–
Հ.գ. Հրապարակվող քարտեզները պատրաստված ու զետեղված են հետևյալ մենագրությանս մեջ՝ այնտեղ կատարված մանրակրկիտ վերլուծության հիման վրա.
А. Айвазян. Армяно-персидская война 449–451 гг. Кампании и сражения.– Eреван: Воскан Ереванци, 2016; СПб.: Алетейя, 2017։