Շաբաթ, 8 Օգոստոս, 2026

«Մշտադալար կաղնու» իրանական ուղղվածությունը

Իրանի միջուկային ծրագրի շուրջ  բանակցությունների առկախման պայմաններում, ԱՄՆ-ը եւ Իսրայելը հունվարի 23-27-ը համատեղ զորավարժություններ են անցկացնում Իսրայելում  եւ Միջերկրական ծովի արեւելյան հատվածում, ինչը  ԱՄՆ-ի ու Իսրայելի  ամենաընդգրկուն ու խոշորածավալ  զորավարժությունն է: «Մշտադալար կաղնի» խորագրով անցկացվող  լայնածավալ զորավարժության չհայտարարված ուղերձը, ըստ  «Al-Monitor»-ի, հետեւյալն է. «Ուկրաինական պատերազմի ու չինական սպառնալիքների պատճառով, ԱՄՆ տեսադաշտից  չի կարող վրիպել  Իրանի վտանգը»: 

«Al-Monitor»-ը զորավարժությունների անցկացման առիթով   գրում է. «Իրանի միջուկային ծրագրի շուրջ 2015 թվականին ձեռք բերված համաձայնագրին վերադառնալու նպատակով Վիեննայում ընթացող  բանակցությունների դադարեցման պայմաններում, երբ Իրանն իր ռազմական կարողություննեը բազմապատկելու նպատակով Ռուսաստանին է ապավինել, ԱՄՆ-ը եւ Իսրայելը մտադիր են անցկացնել  ամենախոշորածավալ համատեղ զորավարժությունը»: 

Իսկ իրանական «Entekhab» կայքը, վկայաբերելով ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հրապարակած տվյալները, տեղեկացնում է, որ  զորավարժությունների անցկացման համար նախատեսված են միջուկային զենք կրելու կարողությամբ օժտված  B-52 տիպի  չորս ռմբակոծիչներ, ռադարախույս F18,  F15 եւ  F35  կործանիչներ, «Ջորջ Բուշ» ավիակիրի ուղեկցությամբ հարձակողական նավակիրներ, ինչպես նաեւ 142 ամերիկյան ինքնաթիռ ու 12 իսրայելական ռազմանավ: Ըստ նույն կայքի, զորավարժություններին մասնակցում են  6400 ամերիկացի եւ 1100 իսրայելցի  զինվորականներ: ԱՄՆ ցամաքային եւ հատուկ նշանակության ուժերից կազմվելու  են  որոնողա-փրկարարական խմբեր:

Մերձավոր Արեւելքում ԱՄՆ զինված ուժերի գլխավոր հրամանատար գեներալ Մայքլ Կուրիլայի  բնորոշմամբ, ընթացիկ ռազմական միջոցառումն  իր բնույթով  «հիբրիդային» է, ինչը հնարավոր է դարձնում  բազմապատկելու ԱՄՆ դաշնակիցների հետ համագործակցության հնարավորությունները՝ թե՛ ծովում, թե՛ օդում,  եւ թե՛ ցամաքում:

Դեռեւս 2022 թվականի սեպտեմբերին, երբ լուրեր էին տարածվել, որ ամերիկյան բանակը փորձում է լրացնել Պարսից ծոցում եւ Օմանի ծովի դատարկ տարածությունը, Իրանն իր մտահոգությունն էր հայտնում  CENTCOM-ին Իսրայելի միանալու փաստի կապակցությամբ: Փաստորեն, ընթացիկ զորավարժություններով  արձանագրվում է՝ ընդդեմ Իրանի,  ամերիկյան CENTCOM-ի ու Իսրայելի պաշտպանական ուժերի՝  IDF-ի միավորման  փաստը:

Թեեւ «Մշտադալար կաղնի»  խորագրով  զորավարժության թիրախի  մասին հրապարակված պաշտոնական տեղեկատվության մեջ բացակայում է Իրան անվանումը, եւ հիմնականում այն  ներկայացվում է որպես  Մերձավոր Արեւելքում հնարավոր սպառնալիքներին դիմակայելու համար անցկացվող միջոցառում, սակայն դրա իրանական ուղղվածության մասին քաղաքական մեկնաբանների մոտ տեսակետները համընկնում են:

Ռազմական միջոցառման իրանական ուղղվածության մասին է վկայում  նաեւ Պենտագոնի հետեւյալ հայտարարությունը.

«Վաշինգտոնը  հույս է հայտնում, որ Իրանն ու ԱՄՆ-ի  մյուս թշնամիները ուշի-ուշով  կհետեւեն զորավարժությունների ընթացքին»:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ