Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Մյունխենյան համաժողովը՝ Ալիեւի հակաիրանական հայտարարությունների հարթակ

«Ցնցող լուսանկարը» որպես «ջախջախիչ փաստարկ»

Եվրոպայի բաբախող սրտում կազմակերպված ամենամյա մյունխենյան անվտանգության համաժողովի հակաիրանական ուղղվածության մասին պատկերացում կազմելու համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւից մեծ ջանքեր չէին պահանջվելու: Բաքվի բռնապետի մոտ կար նաեւ համոզվածություն, որ  համաժողովի կուլուարների ընձեռած հնարավորությունից կարող է օգտվել նաեւ ինքը՝ Ադրբեջանում հայեցակարգային հիմնադրույթի վերածված իր հակաիրանական  մտքերը բարձրաձայնելու համար:

Համաժողովի հակաիրանական տրամադրությունների հարցում  համոզվելու համար, Ալիեւին բավարար էր նաեւ  նկատել ԻԻՀ պաշտոնական ներկայացուցիչների փոխարեն,  միջոցառմանը հրավիրված Իրանի ընդդիմադիր ուժերի, հատկապես՝ վտարանդիության մեջ գտնվող Իրանի  գահաժառանգ Ռեզա Փեհլեվիի ներկայությունը:

Հակաիրանական թեման թմբկահարելու իրեն տրված հնարավորությունն  ըստ պատշաճի օգտագործելու նպատակով, Ալիեւը  կենցաղային ու անձնական հողի վրա վերջերս Թեհրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած սպանությունը ներկայացրեց յուրովի մեկնաբանությամբ: Մյունխենյան համաժողովի մասնակիցիցների հակաիրանական տրամադրություններից ոգեշնչված, Ալիեւն  այս անգամ ավելի «հանդուգն»  տոնով  մեղադրանքներ ուղղեց Իրանին,  ու Թեհրանում Ադրբեջանի դեսպանության վրա իրականացված հարձակումը մեղսագրեց պաշտոնական Իրանին:   

Ալիեւը վեհաժողովի կուլուարային հարթակից նաեւ ասաց. «Այս գործողություններն ուղղված էին Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ: Ահաբեկիչը 30-40 րոպեների ընթացքում դեռ զինաթափված չէր: Այդ ընթացքում, երբ  ոստիկանությունն անցուդարձ էր անում, մեր անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկն սպանվեց, երկուսն էլ վիրավորվեցին: Մեր անվտանգության ծառայության աշխատակցի ցուցաբերած  խիզախության շնորհիվ,  ահաբեկիչը զինաթափվեց, ու փրկվեց դեսպանատան աշխատակիցների ու անձնակազմի  ընտանիքի անդամների կյանքը: Այդ պատճառով էլ մենք պահանջում  ենք  շտապ հետաքննություն անցկացնել»:   

Ալիեւի պնդմամբ, «Իրանի ոստիկանության անգործությունը, ինչպես նաեւ դեսպանություն ներխուժած անձի ձերբակալումից անմիջապես հետո վերջինիս հետ ԻԻՀ հեռուստատեսության անցկացրած հարցազրույցը, վկայում են, որ հանցագործը  դեպանություն էր  գործուղվել  պաշտոնական Թեհրանի կողմից»:

Վեհաժողովի հակաիրանական կողմնորոշումից օգտվելով, Մյունխեն գործուղված ադրբեջանական  AzTV-ին ուղիղ եթերով հեռարձակեց  Իրանի Իսլամական Հնարապետության իշխանությունների դեմ  բողոքի ցույցի դուրս եկած իրանցիների քայլերթը, ինչպես նաեւ ցուցադրեց  Իրանի նկատմամբ ընդդիմադիր  հայացքներ ունեցող որոշ անձանց հարցազրույցները:

Հակաիրանական տրամադրություններ բորբոքելու կապակցությամբ,  Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին քննադատել է Մյունխենի անվտանգության համաժողովի կազմակերպիչներին, իր խոսքերով՝ «որոշ հակաիրանական տրամադրություններ ունեցող անկենսագիր ծաղրածուների հրավիրելու փաստի առիթով»:

Ամենշաբաթյա   մամուի ասուլիսի ժամանակ ԻԻՀ ԱԳՆ խոսնակն, առանց  անուններ տալու, ասել է. «Ցանկալի կլիներ խուսափել կանխակալ տեսակետներ արտահայտելուց ու խնդրի քաղաքականացումից, ինչպես նաեւ  դրան քարոզչական բնույթ հաղորդելուց: Դեսպանության շուրջ տեղի ունեցածի՝ հիմնազուրկ փաստարկներով հանրայնացումը, չի կարող նպաստել տվյալ գործի բացահայտմանը»:  

Բաքվում մեծ ցանկություն կա  Ադրբեջանի դեսպանատան շուրջ տեղի ունեցածը վերագրել Իրանի Պահապանների Կորպուսին: Այդ նպատակով օրերս ադրբեջանական մամուլում լայնորեն տարածված եւ «Axar.Az» կայքի մատուցմամբ՝ «Ղասեմ Սոլեյմանին Յասինի հետ՝ ցնցող լուսանկար» վերնագրի ներքո (լուսանկարում) հոդվածի ճակատային մասում պատկերված է Իրաքում սպանված Պահապանների Կորպուսի հայտնի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին, ում ձախ կողմը մտերմիկ պահվածքով կանգնած է դեմքն աղավաղված մի անձնավորություն: Եվ այդ անձը, կայքի համոզմամբ,  ոչ այլ ոք է, եթե ոչ՝ Թեհրանում Ադրբեջանի դեսպանություն ներխուժած Յասին Հոսեինզադեն:

Վերը ցուցադրված «ցնցող լուսանկարի» առիթով ընդամենը կարելի է ասել, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած հարձակման մասին Ալիեւի վարկածը հիմնավորելու նպատակով  ադրբեջանական մամուլի շրջանառած այս  «ջախջախիչ փաստարկը»  միայն կարող է հեգնանք առաջացնել: 

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ