«Եթե մարդն ամիսը 75.000 դրամով աշխատում է՝ եկեք հասկանանք՝ դա ի՞նչ է նշանակում: Նշանակում է, որ նորմալ կրթություն չի ստացել: Ընդ որում, միայն խոսքը բարձրագույն կրթության մասին չէ, այլև մասնագիտական: Սա կարևոր արձանագրում է և ակնհայտ, որը, հաճախ չի արվում: Իհարկե, լինում են դեպքեր, երբ մարդն աշխատունակ չէ»,-Կառավարության այսօրվա նիստին հայտարարել է վարչապետ Փաշինյանը։
Նա այս հայտարարությունն արել է, երբ որոշվել է հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը 68.000 դրամից դարձնել 75.000 դրամ։ Երկրի ղեկավարի այս համոզմունքն ապացուցում է, որ օրվա իշխանությունները զուգահեռ իրականությունում են ապրում, որ եթե հենց ինքը պետական կառավարման համակարգի պարգևավճարների ու հավելավճարների համար առանձին բյուջե չհատկացնեի, ապա նույն համակարգում հազարավոր աշխատողներ ամսական 75.000 դրամ աշխատավարձ կստանան։
Միայն 2020-ին՝ պատերազմական տարում, ըստ մամուլի հրապարակումների՝ բաժանվել է 25 միլիարդ դրամ պարգևավճար։ Այս տարվա հուլիսին ԱԺ նախագահի կարգադրությամբ քպ-ական 71 պատգամավորներն ստացել են 120 հազար դոլար պարգևավճար։ 71-ի բաժանելով՝ միջինը կազմում է 687 հազար դրամ՝ չհաշված ամսական հավելավճարը՝ գրպանի ծախսը՝ 250 հազար դրամ։
Հարց. ՔՊ-ի միլիոնանոց աշխատավարձ ստացող պատգամավորներից բոլո՞րն են բարձրագույն կրթություն ստացել կամ բոլո՞րն ունեն օրենսդրի համապատասխան որակավորում ու կրթություն։
Հարց. միլիոնանոց աշխատավարձ ստացող քանի՞ պատգամավոր է մինչև հիմա հանդես եկել օրենսդրական նախաձեռնությամբ կամ քանի՞սը կարող է թղթին գրվածն անսխալ ու վարժ կարդալ, էլ չասենք՝ առանց թղթին նայելու՝ բանավոր ելույթ ունենալ։
Հարց. Ի՞նչ կրթություն է պահանջվում պարեկային ծառայությունում աշխատանք ստացողներից, եթե վարչապետն ինքն է հայտարարել, որ միջնակարգ դպրոցն ավարտելն էլ բավական է։ Ստացվում է՝ ավարտում ես դպրոցը, մի քանի ամիս վերապատրաստվում ու 300-400.000 դրամ աշխատավարձի տեր ես դառնում։
Նույն Փաշինյանն էր նշում, թե ուսուցիչները դիմում են ներկայացնում՝ պարեկ դառնալու համար։ Որովհետև պարեկ լինելն ավելի պատվաբեր է, քան ուսուցի՞չ լինելը, թե՞ որովհետև սերունդներ կրթողին տալիս են 75.000 դրամ աշխատավարձ, իսկ փողոցներում ժամանակ սպանողին՝ 300-400. հազար։