Ինչպես կոտրել նախորդ տարվա ոչ հաջող իներցիան և ինչպես ավարտել այս աննորմալ փուլը։ Մեզ ստորացնում են, մենք անընդհատ զիջում ենք, մենք զանգվածաբար լքում ենք երկիրը, մեզ բոլորիս թշնամացրել են միմյանց հետ ու զրկել հեռանկարից։ Եվ մենք չենք կարողանում փոխել վիճակը։
Քայլ առաջին. Հայաստանի հաջորդ իշխանությունը
«Նոր Հայաստանի և նրա կառավարիչների» էջի փակումն ավելի արագ և սահուն կստացվի, եթե հստակ ձևակերպենք հաջորդ իշխանության խնդիրները և բովանդակությունը։ Հայաստանի նոր իշխանության թեման պետք է ինտենսիվ քննարկվի լայն հասարակության հետ՝ բոլոր ընտրազանգվածների։ Ինչպիսի՞ն պետք է լինի նոր իշխանության առաքելությունը, լուծելիք խնդիրները, իշխանության որակը, ժամկետները. այս բոլոր կետերի շուրջ պետք է սկսենք խոսել հանրության հետ։ Դա թույլ կտա կոտրել մարդկանց ներսում առկա ինտուիտիվ վախերը և ավելի հեշտ գնալ փոփոխությունների։
Կուլիսներում արդեն լուծում չկա։ Ինչպես ցույց է տալիս կյանքը, հայկական կուլիսները մեծամասամբ խարդավանքային որակների են, անհասկանալի կապերով ու շահերով։ Խմբերն ու անհատները շատ արագ կորում են կուլիսային իրենց ինտրիգներում, ու որևէ պրոցես այնտեղ հաջողության չի հասնում։ Այնպես որ պետք է դուրս գալ կուլիսներից. նոր իշխանության թեման և պրոցեսը պետք է առավելագույնս հանրայնացվի։ Թաքցնելու ոչինչ այլևս չկա։
Ընտրողին, հասարակությանը և աշխարհասփյուռ հայությանը պետք է հասցնել մեկ պարզ ճշմարտություն. հաջորդ իշխանությունը գրեթե զրոյից պետք է կառուցի նոր պետություն։ Այլ իլյուզիաներ չպետք է ունենալ։ Հայաստանի հաջորդ իշխանությունը ունի սուր խնդիրներ.
– Ներհայաստանյան օրակարգ՝ նոր մթնոլորտ երկրում, նոր բարքեր-խաղի նոր կանոններ, պետական ինստիտուտների վերակենդանացում-բարեփոխում, տնտեսության աճ։
– Հարևանների, դաշնակիցների և մյուս ազդեցիկ կենտրոնների հետ հարաբերությունների և ձևաչափերի հստակեցում ՝ վստահության, փոխշահավետության և երկարատևության հենքի վրա։
– Փակել Սյունիքի թեման և հարցը հանել օրակարգից
– Կասեցնել Արցախի հայաթափումը
– Հայկական աշխարհի կոնսոլիդացիա, հետպատերազմյան օրակարգ
Հաջորդ իշխանության անելիքը ճիշտ ձևակերպելը շատ կարևոր է հաջորդ իշխանության թիմերը կոնսոլիդացնելու համար։ Սա բեկումնային պահ է։ Քանի սա չի արվել, հաջողություն չի լինելու։ Քանի դա չի արվել, Նիկոլն ունի շանսեր՝ հասարակությանը հերթական անգամ բարիկադավորելու, մթնոլորտը լարելու, խաբելու և վերջնահաշվարկում՝ պետությունը նոր վթարների ենթարկելու համար։
Հանրության մեջ կա խորը տարածված սխալ կարծիք՝ հաջորդ իշխանության անելիքների վերաբերյալ։ Մի մասը կարծում է, թե կչեղարկվեն նոյեմբերի 9-ի և մյուս համաձայնությունները, մի մասն ունի մտավախություն, որ կլինի պատերազմ, այլոք վստահ են, որ Շուշին ու Հադրութն արագ կվերադարձվեն, ավելի լայն զանգվածները պատկերացնում են, որ վերականգնվելու է ընտրությունների «10 հազար դրամանոց» համակարգը, վերադառնալու են բոլորին հոգնեցրած ու մերժված բարքերը, վերադառնալու է վարկաբեկված պաշտոնյաների ցանկը, կամ՝ այսօրվա իշխանության ներկայացուցիչները բոլորը հայտնվելու են բանտերում։ Հասարակությանը պետք է ուղիղ ասվի՝ ոչ մի միջազգային համաձայնություն չի չեղարկվելու (դա հնարավոր չէ), Շուշի չի վերադարձվելու (տեսանելի ապագայում դա հնարավոր չէ), ընտրություններ չեն կեղծվելու, ամենաթողություն ու տոտալ անարդարություն չի լինելու, ոչ ոք իշխանության մեջ լինելու համար բանտում չի հայտնվելու և այլն։ Հասարակությանը պետք է ուղիղ ասել՝ հաջորդ իշխանությունը պետք է գրեթե զրոյից սկսի պետության կառուցումը՝ բարքերից, անվտանգության համակարգերից մինչև տնտեսություն։ Ավերածություններն այնքան շատ են ու այնքան խորը, որ բոլոր ունակ մարդկանց, բոլոր սերունդների միասնական աշխատանքի կարիքն է լինելու։ Սրա մասին նույնպես պետք է պարզ ասվի։
Քայլ երկրորդ. Միջընտրազանգվածային երկխոսություն
Չկա կասկած, որ մեր պարտությունների ու փլուզումների հիմքում հասարակության պառակտումն էր։ Հայաստանի և հայ ժողովրդի առաջ ամենամեծ հանցագործությունը ժողովրդին բզկտելն էր ու հասարակությանը մինչև վերջին բջիջը պառակտելը։ Նրանք, ովքեր ծրագրել էին Հայաստանի պարտությունը, գիտական ճշգրտությամբ իրենց ծրագիրը սկսեցին դրանով։
Մինչև հիմա, նույնիսկ 5000 զոհ տալուց ու Շուշի կորցնելուց հետո մենք չենք կարողանում հաղթահարել պառակտումը։ Պառակտված ենք ընդհուպ միկրոմիջավայրերի, ընտանիքների մակարդակով։
Բայց սա սկսվել է նախքան 2018-ը, երբ անտեսանելի ձեռքը լավ տեսանելի գործիչներով մտցնում էր ղարաբաղցի-հայաստանցի բաժանումը, ու հարթակից և որոշ լրատվամիջոցներից տարիներ ի վեր չիջնող այդ թեզը մի օր բերեց հայտնի սև ու սպիտակի հանգրվանին։
Շատերի համար այդ թեզի հնչեցման օրը մեծ պարտության սկիզբն էր, շատերն այդ օրն արդեն հասկացել էին, որ աղետ է լինելու։ Բայց, արդեն հայտնի դառած ամերիկյան ֆիլմի նման, անհնար եղավ տագնապի ձայնը տեղ հասցնել։
Հետպատերազմյան վերականգնման համար Հայաստանին պետք է ներհասարակական, ներընտրազանգվածային երկխոսություն։ Առանց դրա մենք ոչ մի արդյունքի չենք հասնելու, առանց դրա մենք պետություն չենք կարողանալու պահել։
Պառակտվածությունն այսօր վտանգավոր չափերի է։ Փոխադարձ ու բազմաշերտ անվստահության մակարդակն անհամատեղելի է պետականության հետ։ Այն զրոյացնում է տասնամյակների ընթացքում կուտակած մեր սոցիալական կապիտալը, որը պետք է լինի հեռանկար ունեցող պետության հիմքում։
Հայաստանում պետք է գնահատված լինեն և առաջին պլան գան այն լիդերները, քաղաքական և հանրային գործիչները, որոնք հանդես կգան միջընտրազանգվածային երկխոսության և ներհասարակական համերաշխության տեսանկյունից։ Եվ բոլոր նրանք, ովքեր կանեն հակառակը, պետք է մերժվեն և վտարվեն հանրային կյանքից՝ որպես պետականության սպառնալիք։
Պետք է հստակ գիտակցել, որ միասնական հասարակության վերականգնումը ծայրահեղ բարդ խնդիր է։ Իսկ ո՞վ է ասել, որ սև ու սպիտակի բաժանման օտարերկրյա հեղինակները թույլ են տալու ներհասարակական համերաշխություն։ Դժվարը բաժանելն էր, իսկ երբ փաստը կատարված է, և արդյունքը՝ ակնառու, հետագա խնդիրները լուծելու համար արվելու է ամեն ինչ՝ թույլ չտալու համար հանրային համերաշխություն։ Վստահ եմ, որ պառակտման համար նոր ձևակերպումներ և նոր բանաձևեր արդեն մշակված կլինեն։
Հանրային կոնսոլիդացիա թույլ չի տալու նաև Նիկոլի իշխանությունը։ Հանրային պառակտվածությունն այս իշխանության թթվածինն է։
Հաշվի առնելով այս ամենը՝ մեկ անգամ ևս պետք է արձանագրել, որ հայության գիտակից ռեսուրսը պետք է դրվի ներհասարակական երկխոսության և համերաշխության վերականգնման համար։
Եվ հաջողության կհասնի այն լիդերը և քաղաքական հոսանքը, որը հանդես կգա այդ դիրքերից։
Քայլ երրորդ. Նոր համակարգեր
Հաջորդ տրամաբանական խնդիրը ապագա իշխանության թիմերի կոնսոլիդացիան է, համատեղ աշխատանքը՝ այս պահից սկսած։
Քաղաքակրթությունը նման նպատակների համար ձևաչափեր որոշել է՝ քաղաքական կուսակցություններ, քաղաքացիական միավորներ, նախաձեռնություններ, շարժումներ, շահերի պաշտպանության խմբեր, ակտիվ անհատներ և այլն։
Հաջորդ իշխանության համար լուրջ խնդիր է կուսակցությունների բացակայությունը։
Այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը դաշինքներ են, որոնք կազմված են 4 չանցողիկ կուսակցություններից։ Մի դաշինքը կազմված է դժվար փուլերի միջով անցած և վերակազմավորման անհրաժեշտություն ունեցող ՀՀԿ-ից և դեռևս սաղմնային վիճակում գտնվող մեկ այլ կուսակցությունից։ Մյուս խոշոր դաշինքը՝ 3-4 տոկոսանոց ՀՅԴ-ից, որն ունի հեռանկարում աշխատանքի մեծ դաշտ, բայց նաև առկա է բովանդակային ճգնաժամի մեծ ռիսկ, և ընտրություններից 5 րոպե առաջ ստեղծված կուսակցությունից, որը կարող է ցանկացած հաջորդ 5 րոպեում դադարել գոյություն ունենալ։ Սա է ընդդիմության քաղաքական կուսակցությունների քարտեզը։ Եթե սրան գումարենք դժկամությունը կամ չգիտակցումը ձևաչափերի և պրոցեսների կառավարման փոփոխության գաղափարի, ապա պետք չէ զարմանալ, թե ինչու է հասարակությունը պասիվ, ինչու չի արձագանքում այս կամ պայքարի կոչին։
Իշխող կուսակցություն գոյություն չունի՝ դա մեկ հոգու անձնական շահերը սպասարկող հավաքածու է, որը փլվելու է մի օրում, մեկ րոպեում։
Երբ խոսում ենք արտախորհրդարանական ուժերի մասին, ապա դա սովորական ժամավաճառություն է։ Ուղղակի չկա նման բան՝ ո´չ Նիկոլի շուրջ, ո´չ Նիկոլի դեմ։
Իսկ երբ գնանք ճիշտ տրամաբանական ճանապարհով, կտեսնենք, որ արտախորհրդարանական համակարգերում կան նորմալ, պատրաստված մարդիկ, որոնք ճիշտ ձևաչափերում և համակարգերում կարող են լինել պիտանի։ Հայաստանում, այս պահից սկսած, կա առնվազն երկու նոր լուրջ քաղաքական ուժի անհրաժեշտություն՝ դրա համար բավարար մարդկային և բովանդակային ռեսուրսով։ Հայաստանին պետք են բովանդակային առումով ճիշտ և հանրային ներկայացվածության տեսակետից պատշաճ քաղաքական նոր միավորներ։ Այս պահին գործող և պոտենցիալ ունեցող 1-2 կուսակցություն ունեն լուրջ ռեֆորմացիայի խնդիր։ Հիմա բոլորը կա´մ իշխանություն են, կա´մ փորձագետ։ Դա նշանակում է, որ մենք ուղղակի չունենք միջավայր, որտեղ կգեներացվի քաղաքական միտք ու պետության վերականգնման ծրագրեր։ Բայց ամենակարևորը՝ չունենք համակարգեր, որոնք կապահովեն հանրային իրական համախմբում։
Վաղուց խոսում են, թե երկիրը կառավարվում է ֆեյսբուքով, բայց նույնը, թերևս, կարելի է ասել ընդհանրապես հայաստանյան քաղաքական միջավայրի մասին, որտեղ համատարած սկսել են շփոթել լայքը, լայվը, դիսլայքը, շեյրը, ֆլեշմոբը և այլ նման տեխնոլոգիական գործիքները քաղաքական իրական մտքի և քաղաքական ռացիոնալ տեխնոլոգիաների հետ։ Ռեալ ռեսուրսների տիրապետող գործիչները, միավորները լրջորեն տարված են այդ ինտերակտիվ գործիքներով, որոնք, իհարկե, կարևոր են, բայց այնուամենայնիվ ընդամենը գործիքներ են, որոնք նախատեսված են քաղաքական բովանդակություն ռեալիզացնելու համար։ Երբ չի լինում կամ թերի է լինում բովանդակությունը, ապա տեխնոլոգիան անզոր է։ Սրա ամենավառ ապացույցը նոյեմբերի 9-ից հետո սկսված շարժումների և պրոցեսների շարունակական անարդյունավետությունն է։ Միայն տեխնոլոգիաներով պետության տեսլականներ և զարգացման պրագմատիկ ծրագրեր չեն ձևավորվում։ Հեղափոխություններ կամ հեղաշրջումներ՝ գուցե, իսկ պետություն՝ ոչ։ Միակ հետևությունն է՝ Հայաստանին պետք են բովանդակային հենքով քաղաքական միավորներ, որոնք գրագետ տեխնոլոգիաների կիրառմամբ կհասնեն հաջողության։
Շարունակելի
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ







