Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

«Հայաստանը հրաժարվում է Ռուսաստանի ֆորպոստի կարգավիճակից»

Անկարայի համալսարանի գիտխորհրդի անդամ  պրոֆեսոր  Յըլդըզ Դեվեջի Բոզքուշը (YILDIZ DEVEC  BOZKU ) հայ-ադրբեջանական համաձայնության, միջազգային խաղացողների ու Թուրքիայի համար դրա նշանակության մասին հոդված է հրապարակել՝ ներառելով ներքոգրյալ  երեք հարցերն ու դրանց պատասխանները՝

Երկկողմ համաձայնության նշանակությունը միջազգային հարաբերությունների կանոնակարգման եւ երկրների միջեւ խաղաղության հաստատման համատեքստում

Այս թեմայի կապակցությամբ, հեղինակն անդրադարձել է 2023 թ. հուլիսի 27-29 ԱՄՆ Վիրջինիա նահանգում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների  հանդիպմանը, որի արդյունքում հայտարարվել է  երկկողմ հարաբերությունների վերաբերյալ  ձեւավորված համաձայնության նախագծի մասին: 

Հեղինակի կարծիքով, այդ շոշափելի քայլը խաղաղության հաստատման տեսակետից չափազանց կարեւոր է, որը նաեւ վկայում է տարածաշրջանում պատմականորեն ձեւավորված Ռուսաստանի գերիշխանության հիմքերի թուլացման մեկնարկի մասին: Ըստ հեղինակի, արցախյան երկրորդ պատերազմից հետո կայուն խաղաղություն հաստատելու հարցում Ռուսաստանի անկարողությունը, երկու երկրների միջեւ լուրջ խնդիրներ էր առաջացրել: Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ ամերիկյան Վիրջինիա նահանգում ձեռք բերված համաձայնությունը, թուրք պրոֆեսորի համոզմամբ,   նաեւ Հարավային Կովկասը ռուսական ֆորպոստի կարգավիճակից դուրս բերելու մասին է վկայում:

Երկկողմ համաձայնության նշանակությունը ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Չինաստանի տեսանկյունից

Տիկին Բոզքուշի խոսքերով, նման միջոցառումները հյուրընկալելով, ԱՄՆ-ը ցանկանում է ցույց տալ, որ Արեւմուտքն էլ է այդ բնագավառում քայլեր ձեռնարկում, եւ քանի որ այդ համաձայնությունը ձեռք է բերվել նախ Վաշինգտոնում եւ հետո Վիրջինիայում, Ռուսաստանին ուղղված կարեւոր ուղերձներ է իր մեջ պարունակում: Թուրք պրոֆեսորի խոսքով, Վաշինգտոնն ուզում է հասկացնել տալ, որ Վագներական վարձկանների ապստամբության պայմաններում, ԱՄՆ-ը կարող  է ապահովել տարածաշրջանում Պուտինի խոստացած, սակայն ձախողած խաղաղությունը:  
Թուրք պրոֆեսորի տեսակետով, Վաշինգտոնի այս քայլի մեջ կային նաեւ Չինաստանին ու Իրանին հասցեագրված այլ ուղերձներ: Ըստ այդմ, Չինաստանը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի համար կարեւորում է Բաքվի աշխարհագրական դիրքն  ու էներգետիկ ռեսուրսները եւ բարձր է գնահատում  այդ նախագծում Թուրքիայի դերակատարությունը:

Թուրքադրբեջանական հարաբերություններում հայադրբեջանական երկկողմ հանդիպման նշանակությունը

Ըստ տիկին Բոզքուշի, Արցախի 44-օրյա պատերազմը  նոր էջ է բացել Բաքու-Անկարա հարաբերությունների պատմության մեջ, որը, պրոֆեսորի կարծիքով,  իր գագաթնակետին է հասել Շուշիում ստորագրված ռազմական, կրթական, մշակութային, առեւտրատնտեսական ու  պաշտպանական ոլորտներում թուրք-ադրբեջանական համատեղ հայտարարության հրապարակումից հետո:

Ըստ հոդվածագրի, Վաշինգտոնը ձգտում է մի կողմից ավելացնել կովկասյան տարածաշրջանում Թուրքիայի ազդեցությունը, մյուս կողմից քայլեր է ձեռնարկում  տարածաշրջանում Ռուսաաստանի գերիշխանությունը նվազեցնելու ուղղությամբ: Սակայն, հոդվածագիրը համոզված է, որ թուրք-ադրբեջանական մերձեցումն էլ որոշակի առումով մտահոգում է ԱՄՆ-ին, քանի որ Վաշինգտոնը Անկարայից ակնկալում է, որպես ՆԱՏՕ-ի անդամ,  կանգնել  ԱՄՆ-ի կողքին, եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում իր սեփական խաղը չխաղալ: Նման վերլուծության համար թուրք հեղինակը հիմնվում է այն կանխավարկածի վրա, որ Վաշինգտոնը մտադիր է ՆԱՏՕ-ին անդամակցող պետություններից ձեւավորել հակառուսական ու հակաիրանական դաշինք, որտեղ Թուրքիային կարեւոր դերակատարություն է հատկացնում: 

Սակայն, հեղինակի խոսքերով, Թուրքիան հաշվի առնելով տարածաշրջանի երկրների հետ պատմականորեն ձեւավորված իր հարաբերությունները, ինքնուրույն քայլեր է ձեռնարկում: Թուրք պրոֆեսորը Հայաստանի հետ հարաբերությունների կանոնակարգման ուղղությամբ  տարվող  աշխատանքները  նույնպես Անկարայի ինքնուրույն քայլերի շարքին է դասում:

 Թուրք հեղինակն իր հոդվածը եզրափակում է հետեւյալ բանաձեւումով՝
«Արցախի 44-օրյա պատերազմից հետո, Թուրքիան  կարեւոր քայլեր է ձեռնարկել ոչ միայն Ադրբեջանի, այլեւ միջինասիական թյուրքական  պետությունների հետ: Իսկ «Զանգեզուրի» միջանցքի գործարկումով այդ հարաբերություններն իրենց գագաթնակետին կհասնեն:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ