Թե ինչպիսի քաղաքականություն կորդեգրի Դոնալդ Թրամփը Թեհրանի նկատմամբ, կհետաքրքրի նաեւ Երեւանին: Իրան-ԱՄՆ հարաբերությունների նոր շրջափուլում Իրանը կկարողանա՞ արդյոք «զանգեզուրյան» միջանցքի հարցում նախկինի պես հանդես գալ ինքնանպաստ-հայանպաստ դիրքերից: Արդյո՞ք դա կախված կլինի նաեւ ԱՄՆ-ի կողմից Թեհրանին պարտադրվող նոր ճնշումներին դիմակայելու Իրանի կարողունակությունից:
Այս եւ մի շարք այլ հարցերի պատասխաններն իմանալու համար նախ պետք է բացահայտել Իրանի նկատմամբ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի, եւ հակառակը՝ վերջինիս նկատմամբ Իրանի վերաբերմունքի հանգամանքները:
Դոնալդ Թրամփի հաղթանակն Իրանի համար անսպասելի չէր: Եվ դա միանգամայն տեղավորվում էր Թեհրանի քաղաքագիտական հաշվարկների մեջ: Թերեւս այդ պատճառով էլ ԻԻՀ նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահվանից հետո Իրանում անցկացված վաղաժամ նախագահական ընտրություններում Իրանի ժողովուրդը գերադասեց նախագահի պաշտոնը վստահել բարեփոխականների քաղաքական թեւը ներկայացնող Մասուդ Փեզեշքիանին, որպեսզի Իրանի նկատմամբ կարծր դիրքորոշմամբ հայտնի Թրամփի հաղթանակի դեպքում, երկու երկրների միջեւ արդեն իսկ լարված հարաբերություններն ավելի սուր բնույթ չստանան:
Այդ պատճառով էլ նախագահական ընտրություններում իր հաղթանակն արձանագրելուց անմիջապես հետո, Փեզեշքիանը Արեւմուտքին «սպիտակ դրոշ» ցույց տվեց, հայտարարելով, որ Թեհրանը պատրաստ է երկխոսելու Վաշինգտոնի հետ:
Թրամփի շռնդալից հաղթանակի մասին պաշտոնական ազդարարումից հետո, Իրանի նախագահ Փեզեշքիանը հայտարարեց, որ Իրանի համար ԱՄՆ ընտրությունների արդյունքները որեւէ նշանակություն չունեն: Նա հավելել է, որ Իրանի համար կարեւոր չէ, թե ո՞վ է հաղթել ԱՄՆ նախագահական ընտրություններում, քանի որ Իրանն ապավինում է միայն իր ներքին հզորությանը:
Ավելի ուշ նույն միտքն է արտահայտել նաեւ, ԻԻՀ կառավարության խոսնակ տիկին Ֆաթեմե Մոհաջերանին, ում կողմից հրապարակված հայտարարության բովանդակությունը փոքր-ինչ տարբերվում էր ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Բաղաիի հայտարարության տրամաբանությունից: Նա Թրամփի հաղթանակը գնահատել է որպես «նախկին գործընթացները վերանայելու հնարավորություն»:
ԻԻՀ միջուկային կազմակերպության ղեկավարն էլ ԱՄՆ-ին հիշեցրել է, որ Իրանի միջուկային ծրագիրը կախվածություն չունի այս կամ այն անցուդարձերից:
Թրամփի տարած հաղթանակի առիթով ԻԻՀ արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հրապարակած հայտարարությունը նույնպես արժանի է ուշադրության: Նա գրել է. «Իրանը հարգանքով է վերաբերվում նախագահի ընտրության հարցում ԱՄՆ ժողովրդի կայացրած որոշման նկատմամբ: Մեր առջեւ բացված ճանապարհը նույնպես «ընտրություն» է, որն սկսվում է «հարգանքով»: Իրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել եւ վերջ: Այդ քաղաքականությունը հիմնված է իսլամական ուսմունքի եւ մեր անվտանգային հաշվարկների վրա: Վստահելիությանը փոխադարձաբար է ձեռք բերվում: Եվ դա միակողմանի փողոց չէ»:
Այնուամենայնիվ, Թրամփի հաղթանակի մասին Իրանում հրապարակված հայտարարություններից ամենաուշագրավը թերեւս ԻԻՀ նախագահի ռազմավարական հարցերով տեղակալ, նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի՝ նոյեմբերի 11-ին հնչեցրած «հորդորն» է ԱՄՆ-ի նորընտիր նախագահին, որտեղ ասված է.
«Հուսով ենք, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը կկատարի պատերազմներից խուսափելու մասին իր խոստումները եւ կհիշի պատերազմները դադարեցնելու եւ նոր պատերազմներ չհրահրելու մասին ԱՄՆ ժողովրդի տված կարեւոր դասը»:
Սակայն իրանցի վերլուծաբանների ու քաղաքական մեկնաբանների արտահայտած մոտեցումները Դոնալդ Թրամփի հաղթանակի կապակցությամբ այլ բանի մասին էլ են վկայում:
Քաղաքական մեկնաբան եւ Թեհրանի համալսարանի դասախոս Սադեղ Զիբաքալամն իր թվիթերյան էջում գրել է.
«Շնորհավորում եմ Իրանի ընդդիմադիրներին, որ այդպես ջանասիրաբար Թրամփի հաղթանակն էին երազում: Հիմա տեսնենք ցեղապաշտ, հակաֆեմինիստ, սեւամորթերին չհանդուրժող, միգրանտների ու լատինաամերիկացիների նկատմամբ ատելությամբ լցված, պաղեստինցիների ու մահմեդականների երդվյալ թշնամի Դոնալդ Թրամփն իրենց պատկերացրած ժողովրդավարության հիմքերն ինչպե՞ս է ամրապնդելու Իրանում, եւ մարդու իրավունքների վիճակը բարելավելու համար ի՞նչ քայլեր է ձեռնարկելու»:
Թվիթերյան էջում գրի առնված Զիբաքալամի ակնարկը վերաբերում էր Իրանի ընդդիմադիր դաշտի այն հատվածին, որն Իրանի իշխանություններին մեղադրում է ԱՄՆ դեմոկրատների հետ հաշտվողական քաղաքականություն վարելու մեջ, իսկ Թրամփի հաղթանակը գնահատում որպես ԻԻՀ իշխանությունների դիրքերի թուլացման հնարավորություն:
Իրանցի քաղաքական ակտիվիստ, էքսնախագահ Ահմադինեժադի խորհրդական Աբդոլռեզա Դավարին էլ Թրամփի հաղթանակն Իրանի համար աղետաբեր է համարել եւ իր թվիթերյան էջում կարեկցանքով է գրել, որ Փեզեշքիանը նախագահ ընտրվելուց անմիջապես հետո բախվել է ահաբեկչական ու ռազմական գործողությունների հետ, իսկ Թրամփի հայտնվելով՝ դարձել Իրանի պատմության ամենաանհաջողակ նախագահը:
Թրամփի հակաիրանական քաղաքականության հետեւանքների մասին կանխատեսումները հիմնականում պայմանավորված են նախորդ շրջանում Սպիտակ տանը վերջինիս պաշտոնավարելու գործելաոճով, երբ Իրանին հասցված ճնշումներն աննախադեպ չափերի էին հասել: Իրանում շատերի մոտ մտավախություն կա, որ Թրամփն Իրանի նկատմամբ կշարունակի վարել նախկին, նույնիսկ ավելի կարծր քաղաքականություն:
Հստակ է, որ Իրանին պատժամիջոցների ենթարկելու քաղաքականությունը նախկինում եղել է Թրամփի քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկը: Իսկ փորձագիտական հանրույթի կողմից արդեն կան ձեւավորված կանխատեսումներ, որ Թրամփն իր նախագահության ներկա ժամանակահատվածում նոր գործիքակազմերի միջոցով փորձելու է փակել իրանական թղթածրարը:
Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ-ի հետ Իրանի հարաբերությունները նաեւ ազդեցություն են կրելու մերձավորարեւելյան տարածաշրջանում տեղի ունեցած եւ ներկայումս շարունակվող արյունալի իրադարձություններից: Անցնող ժամանակաշրջանում Իրանն իր դաշնակիցների հետ տարբեր ճակատներում առճակատման մեջ է եղել Իսրայելի ու վերջինիս դաշնակից ԱՄՆ-ի հետ: Փաստորեն Իրանն ու ԱՄՆ-ը ներկայումս միջնորդավորված պատերազմի մեջ են հայտնվել, որի շահառուն ոչ այլ ոք է, եթե ոչ Իսրայելը: Իսկ եթե հաշվի առնենք նաեւ Իսրայելի ու Ադրբեջանի առանձնահատուկ հարաբերությունները, ապա ԱՄՆ հեռացող վարչակազմի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելու հարցում հույսեր փայփայած Հայաստանն այս խառնակ իրավիճակում պետք է պատրաստ լինի դիմակայելու անկանխատեսելի դժվարություններին:
Ըստ իրանական «Թաբնաք» կայքի, ադրբեջանցի փորձագետ Ֆայիք Մահմուդովը, խոսելով Դոնալդ Թրամփի հարավկովկասյան քաղաքականության ուղղությունների մասին, ուրախությամբ է անդրադարձել վերջինիս նախագահության օրոք Ադրբեջանին պատկանող տարածքների «ազատագրման» անցքերին ու հավելել, որ այդ շրջանում Վաշինգտոնը բնականոն հարաբերություններ է ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Ադրբեջանցի փորձագետը նաեւ հույս է հայտնել, որ Թրամփի նախագահության նոր շրջանում կբացվի «զանգեզուրյան» միջանցքը:
Ադրբեջանցի փորձագետի փայփայած երազանքի մասին բազմաթիվ անդրադարձներ կան այս օրերին Իրանում լույս տեսնող տպագիր եւ էլեկտրոնային լրատվամիջոցների էջերում: Հարյուրամյա կենսափորձ ունեցող «Ettelaat» թերթն այդ թեմայի շուրջ իր վերլուծությունը ներկայացնելու համար ընտրել է «Թրամփի ու Ալիեւի հակաիրանական դավադրությունը: Կմեկնարկի՞ արդյոք աղմկահարույց նախագիծը» խորագիրը:
Նույն թեմային է նվիրված ադրբեջանամետ «Ghatreh» կայքի հոդվածը, որի վերնագիրն է՝ «Զանգեզուրյան միջանցքը կբացվի Թրամփի օրոք: Թրամփը վերակենդանացնում է արաբական ՆԱՏՕ-ն»:
«Khabarfarsi» կայքն էլ իր հոդվածը վերնագրել է՝ «Ադրբեջանի մտահոգիչ լուրը Իրանին: Թրամփը կնախաձեռնի՞ արդյոք այս աղմկահարույց նախագիծը»:
Պաշտոնական Թեհրանը որքա՞ն ժամանակ կկարողանա միջանցքի հարցում պահպանել մինչ այս պահը անշեղորեն ներկայացրած իր հայանպաստ դիրքորոշումը: Հավանաբար այդ մասին կիմանանք հունվարի 20-ից հետո, երբ ԱՄՆ նորակազմ կառավարությունը կհռչակի իր քաղաքական ուղղությունները, այդ թվում նաեւ՝ մեր տարածաշրջանի նկատմամբ:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ