Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Իրանը միջուկային տերությո՞ւն

Նորից միջազգային հանրության օրակարգում է հայտնվել  միջուկային զենք արտադրելու Իրանի հնարավորությունների թեման: Ոմանք կարծում են, որ Իրանն արդեն իր ռազմական զինանոցը հարստացրել է միջուկային զենքով: Ոմանց կարծիքով էլ միջուկային զենք արտադրելու համար Իրանին ընդամենը մեկ  քայլ է մնացել:

Այս տեսակետից շատ կարեւոր է  Իրանի միջուկային գործունեության մասին օգոստոսի 29-ին  Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ)՝ անդամ երկրներին ուղարկված եռամսյակային երկու գաղտնի զեկույցների բովանդակությունը:  

ՄԱԳԱՏԷ-ն  տեղեկացրել է, որ  Իրանի Իսլամական Հանրապետությունը, անտեսելով միջազգայնորեն ստանձնած  պարտավորությունները, հարստացված ուրանի իր պաշարները հասցրել է  միջուկային զենք արտադրելու մակարդակի:

ՄԱԳԱՏԷ-ի  զեկույցի համաձայն, Իրանը 60 տոկոսի հարստացված ուրանի քանակը 2024 թվականի օգոստոսի 17-ի դրությամբ կազմել է 164,7 կգ, եւ այդ քանակությունը գործակալության  նախորդ զեկույցի  (2024 թ. մայիս) համեմատ աճել է ավելի քան 22 կգ-ով:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, տվյալ  զեկույցները ցույց են տալիս, որ Իրանը չի կատարել   միջազգայնորեն ստանձնած իր  պարտավորությունները, եւ այդ երկրի միջուկային ծրագրի շուրջ մտահոգությունները շարունակվում են:

ՄԱԳԱՏԷ-ի երկու գաղտնի եւ եռամսյակային զեկույցներից մեկում, ըստ Reuters-ի,   նշված  է. «Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հույս է հայտնել, որ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի  հետ իր նախնական շփումների արդյունքում հնարավորություն կունենա  շուտով այցելել Իրան եւ   կառուցողական երկխոսություն հաստատել, որի շնորհիվ  կարձանագրվեն կոնկրետ արդյունքներ»: 

Այս կապակցությամբ Reuters լրատվական գործակալությունը նաեւ  գրել է, որ ՄԱԳԱՏԷ  կառավարիչների խորհրդի վերջին նիստում ընդունված բանաձեւով նախատեսված հստակ պահանջներով հանդերձ, Իրանի կողմից բարձր հարստացված ուրանի արտադրությունը շարունակվում է:

Փորձագետների կարծիքով, 60% մաքրությամբ հարստացված ուրանը 90 տոկոսանոց  մաքրությամբ սպառազինության մակարդակի հասցնելու համար ընդամենը մեկ տեխնիկական քայլ է պահանջվում : 

Հունիսին ՄԱԳԱՏԷ-ի 35 երկրների կառավարիչների խորհրդի եռամսյակային հանդիպմանը հաստատված բանաձեւի առկայությամբ հանդերձ, միջուկային դիվանագիտությունը հիմնականում դադարեցվել է վերջերս  Մասուդ Փեզեշքիանի՝ Իրանի նախագահ ընտրվելու եւ նոյեմբերին ԱՄՆ-ում  սպասվող նախագահական ընտրությունների պատճառով:  

Reuters լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Մասուդ Փեզեշքիանին հաջողվել է նախագահ ընտրվել  պատժամիջոցների վերացման եւ ՀԳՀԾ-ի (Համատեղ Գործողությունների Համապարփակ Ծրագիր) վերականգնման  կարգախոսների շնորհիվ: Իսկ Փեզեշքիանի կառավարության  արտաքին գերատեսչության  ղեկավար  Աբբաս Արաղչին, որը երկար տարիներ մասնակցել է  ՀԳՀԾ-ի բանակցային գործընթացին, արտգործնախարարի պաշտոնը ստանձնելուց հետո, հայտարարել  է, որ ձգտելու է նվազեցնել լարվածությունը Միացյալ Նահանգների հետ, փորձելով  նաեւ կարգավորել երբեմնի հարաբերությունները  Եվրոպայի հետ:
Արաղչին, սակայն, հայտարարել է, որ այս գործընթացի գլխավոր պայմանը Իրանի դեմ Արեւմուտքի թշնամական վերաբերմունքի   դադարեցումն  է:

Փորձագետների մեծամասնության կարծիքով,  առանց Իրանի հոգեւոր առաջնորդի կամքի, դժվար է  Իրանի եւ Արեւմուտքի հարաբերություններում փոփոխություն ակնկալել, եւ որ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը Ալի Խամենեիի տիրույթում է:

Փորձագետների գնահատմամբ, միջուկային ծրագրի հետագա ընթացքի մասին Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի՝ օգոստոսի 27-ի հայտարարությունը այս առումով կարեւոր նշանակություն ունի: ԻԻՀ նախագահ Փեզեշքիանի կառավարության կազմի հրապարակումից  հետո, Ալի Խամենեին ասել է՝  «Թշնամու հետ հարաբերակցվելը վնասակար չէ»:
Այսպիսով, Իրանի հոգեւոր առաջնորդը արտոնել է Վաշինգտոնի հետ բանակցությունները, որը եւ դառնալու է ԻԻՀ նախագահ Փեզեշքիանի ուղեցույցը:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ