Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Թուրքիան զբաղեցնում է Իրանի տեղը Սիրիայում

Սիրիայում Բաշար Ասադի կառավարության տապալումից հետո Իրանը կորցնում է  տարածաշրջանում իր կարևորագույն դաշնակիցներից մեկին:

Ակնհայտ է, որ տարիներ շարունակ Իրանի հետ մրցակցային հարաբերություններ պահպանած  Թուրքիան այսօր փորձում է լրացնել Սիրիայից հեռացող Իրանի տեղը: Եթե նախկինում Իրան-Թուրքիա հարաբերությունները գնահատելիս հիմնական շեշտը դրվում էր Թեհրան-Անկարա հարաբերությունների մրցակցային բնույթի վրա, ապա այսօր խոսվում է այդ մրցակցության մեջ Իրանի կրած պարտության մասին:

Ճիշտ է, Ասադի վարչակարգը տապալած «Հայ աթ Թահրիր աշ-Շամ» շարժման առաջնորդ Ահմադ աշ-Շարաան (Աբու Մուհամմադ ալ Ջուլանի) իր ելույթներում  երբեմն օգտագործում է «Իրան-Սիրիա հարաբերություններ» բառակապակցությունը, սակայն տպավորությունն այնպիսին է, որ Իրանի հետ հարաբերությունների հարցում նրա շահագրգռվածությունը նկատելիորեն զիջում է Թուրքիայի հետ լայնածավալ հարաբերություններ հաստատելու մտադրությանը: Բայց քանի որ  Ահմադ աշ-Շարաան  Իրանն ու Թուրքիան միևնույն ճամբարի մեջ է դիտարկում,  ցանկություն չունի խզելու հարաբերություններն այդ երկու երկրների հետ:

Եթե ներկայումս Սիրիայի նոր կառավարիչների հետ հարաբերություններ հաստատելու  հարցում Իրանը բավարարվում է ԱԳՆ  խոսնակի և ԻԻՀ ԱԳ նախարարի միջոցով Դամասկոսին ուղղված հայտարարություններով, ապա Թուրքիան դիմում է գործնական քայլերի:

Թուրքական թերթերը տեղեկացնում են, որ մոտ ապագայում սպասվում է Թուրքիայի նախագահ Էրդողանի գլխավորած պատվիրակության այցը Սիրիա: Անգամ ներկայացված են այցելության նպատակների, ինչպես նաև  պատվիրակության կազմում ընդգրկված առևտրականների ու ներդրողների վերաբերյալ մանրամասներ: Իսկ այցելության ժամանակացույցը, ըստ թուրքական թերթերի, պայմանավորված է լինելու Սիրիայում  ժամանակավոր կառավարության ձևավորման ժամկետներով, ինչը, ըստ կանխատեսումների, տեղի կունենա առաջիկա 15 օրերի ընթացքում:

Էրդողանի Դամասկոս նախատեսված այցելության նպատակներից մեկը, ինչպես տեղեկացրել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, Միջերկրական ծովում Թուրքիայի ու Սիրիյաի միջև ծովային սահմանների ճշգրտման հարցն է լինելու: Բացի այդ, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի խոսքերով, Սիրիա է գործուղվելու նաև էներգետիկ ոլորտին վերաբերող պատվիրակություն՝ Սիրիա մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալներն ավելացնելու նպատակով:

Իսկ մինչ այդ,  Սիրիայում տեղի ունեցած հայտնի դեպքերից հետո,  երկրորդ անգամ Դամասկոսում  էր գտնվում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, որը հանդիպել ու քննարկումներ է ունեցել  Սիրիայի ներկայիս կառավարիչ  Ահմադ աշ-Շարաայի հետ:
Ի դեպ, Դամասկոսում գործունեությունը վերսկսած  օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններից առաջինը եղել է  Թուրքիայի դեսպանատունը:  

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ