Այս տարեվերջին Մ. Նահանգներում կայանալիք նախագահական ընտրությունները խոստանում են ընթանալ ուժեղ մրցակցության պայմաններում, հաշվի առնելով աշխարհում տիրող ներկա լարվածությունը, հասարակության շրջանում առկա տարաձայնությունները եւ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ առաջադրված մեղադրական հայցերը: Այս գործոնները վկայում են այն մասին, որ երկու գլխավոր կուսակցություններն են փորձելու ձեռք բերել հնարավորինս շատ քաղաքացիների քվեները եւ հետամուտ են լինելու, որ քվեների հաշվարկը կատարվի ամենայն ճշգրտությամբ: Այս առումով տարբեր նահանգներում սփռված հայկական համայնքների ներկայացուցիչների քվեները դառնալու են առավել նշանակալի:
Մինչ Կալիֆոռնիայում եւ Մասաչուսեթսում քվեարկողները կարող են անհամեմատ կայուն դիրքորոշում ունենալ, հաշվի առնելով այդ նահանգների «կապույտ» կարգավիճակը, այսինքն` հստակ դեմոկրատամետ հակվածությունը, ամերիկահայերի քվեները «վարդագույն» կամ տատանվող նահանգներում, ինչպիսիք են Նեվադան, Միչիգանը եւ Վիսկոնսինը, կարող են որոշիչ դեր խաղալ (*): Այդ պատճառով էլ ամերիկահայ համայնքների դիրքորոշումը եւ նրանց քվեները տվյալ նահանգներում կենսական նշանակություն ունեն ինչպես Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցության համար:
Առայժմ հնարավոր չէ հստակ ենթադրել, թե ում օգտին կքվեարկեն ամերիկահայերը, քանի որ Ամերիկայում իրենց ապագայի տեսլականից բացի նրանք հաշվի են առնելու նաեւ Հայաստանի շահերն ու առաջնահերթությունները: Պարզ է մի բան, որ նրանց քվեները բաժանվելու են երկու կուսակցությունների միջեւ:
Հակառակ համընդհանուր անորոշության, հայկական որոշ համայնքներ եւ բազմաթիվ կազմակերպություններ արդեն հստակ կողմնորոշվել են: Արցախի էթնիկական զտումների հետեւանքում նրանք խստորեն քննադատում են Բայդենի վարչակազմին, պնդելով, որ իշխանությունները չկարողացան պատշաճ աջակցություն ցուցաբերել Հայաստանին եւ Արցախին, պատասխանատվության չենթարկեցին Ալիեւին եւ չդադարեցին զինել Ադրբեջանին: Բացի ընդհանուր վարչակազմից, լուրջ քննադատության են ենթարկվում նաեւ անձնապես պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու USAID-ի տնօրեն Սամանթա Փաուերը: Սակայն այս դժգոհությունը չի նշանակում, որ ամերիկահայերը պատրաստ են քվեարկելու Թրամփի օգտին, թեեւ որոշ հայերի շրջանում գոյություն ունի այն կարծիքը, որ Թրամփը 2020-ի սեպտեմբերին չկարողացավ բավականաչափ ուշադրություն դարձնել Արցախի դեմ ազերիների նախաձեռնած ագրեսիային, որովհետեւ չափազանց շատ էր զբաղված նախագահական մրցարշավում իր հաղթանակով: Բայց նա որեւէ նաշնակալի քայլ չձեռնարկեց պաշտպանելու հայկական շահերը նաեւ նախքան 2021-ի հունվարին իշխանությունը Բայդենին հանձնելը:
Միաժամանակ տեսակետ կա, որ պետք է մասնակցել ընտրություններին եւ քվեարկել հօգուտ անկախ մի թեկնածուի, ինչպիսին է Ռոբերտ Քենեդին, որ քաջածանոթ է հայկական հարցերին եւ միշտ որդեգրել է հայամետ դիրքորոշում: Մինչ հաղթանակի հասնելու հնարավորությունները չափազանց թույլ են, անկախ թեկնածուն կարող է լուրջ վնաս հասցնել գլխավոր մրցակիցների պայքարին, ինչպես պատահեց 1992-ին, երբ անկախ թեկնածու Ռոս Պերոն հանդես եկավ Ջորջ Բուշն ընդդեմ Բիլ Քլինթոնի մրցարշավում:
Մ. Նահանգներում հայկական սփյուռքի քվեարկության մտադրությունները ճշգրտելու համար անհրաժեշտ է խորը ուսումնասիրել եւ պարզել, թե որոնք են առաջնահերթությունները նրանց համար, ինչ ապագա են կանխատեսում Հայաստանին, եւ ինչքանով են նրանք ընդգրկված ամերիկյան քաղաքականության մեջ: Նրանց ընտրական նախասիրությունների մասին վերջնական, միանշանակ պատկերացում չի կարելի կազմել նաեւ` հաշվի առնելով նրա տարաբնույթ հանգամանքը եւ պատմական անցյալը: Ամերիկահայ համայնքների կազմավորումը կարելի է տարբեր ժամկետների բաժանել, սկսած նախաեղեռնյան ժամանակներից մինչեւ հետեղեռնյան գաղթը, խորհրդային ժամանակաշրջանի ներհոսքը, եւ Հայաստանից հետանկախության շարունակական ժամանումները: Այս վերջին խմբում կարելի է հանդիպել նաեւ Հալեպից, Լիբանանից, Ռուսաստանից, Իրանից, Թուրքիայից, Բաքվից եւ այլ տարածաշրջաններից ապաստան գտած հայերի: Այս պատճառով էլ ընտրական նախասիրություններ կանխատեսելը չափազանց բարդ խնդիր է դառնում: Այդուհանդերձ ակնհայտ է, որ ամերիկահայերի վերջնական որոշման մեջ կարեւոր դեր է խաղալու նրանց վերաբերմունքը Հայաստանի, ընդհանրապես հայկական հարցերի եւ Մ. Նահանգների քաղաքականության նկատմամբ:
ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ
Անգլ. թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
*) Ըստ հարցախույզ կազմակերպությունների, հանրապետականամետ նահանգները այդ գունավոր քարտեզներում ներկայացված են «կարմիր» գույնով: