Փաստացի կորսված հայ Արցախի թեման, թվում է, դադարել է ռուսաստանյան լրատվամիջոցների հետաքրքրության առարկա լինելուց: Այդ առումով դրական կարելի է համարել, դիցուք, վերջին շրջանի երկու հրապարակում, որոնց արժեքը թեկուզ միայն խնդիրը մոռացության չտալն ու այն արծարծելն է:
«Ամբողջ ձայնով»: Արցախի ռուսական թատրոնը վերադառնալու հույս է տածում» վերնագիրն է կրում «Ռեգնում» լրատվական գործակալության մարտյան մի հրապարակումը: Անցյալ տարվա սեպտեմբերին Ղարաբաղից բնակչության հեռանալը, ասվում է այնտեղ, խաթարեց ոչ միայն սովորական ապրելակերպն ու մարդկանց կյանքը, այլեւ այն ամենը, ինչ նրանք տասնամյակներ շարունակ ստեղծել էին իրենց հողում: Հաշված օրերի ընթացքում որբացան համալսարանական լսարանները, գրադարանները, պատկերասրահները, հարմարավետ փռերն ու նռան այգիները, որոնցով հայտնի էր Ղարաբաղը: Ղարաբաղցի փախստականների թվում էր նաեւ Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի անձնակազմը: Թատրոնի լավագույն գործերից մեկը՝ «Ամբողջ ձայնով» ներկայացումը, որի սցենարը ռեժիսոր, դեռ 44-օրյա պատերազմից Շուշիում իր տունը կորցրած Ժաննա Կրիկորովան գրել է ԼՂՀ շրջափակման օրերին, մատուցվել ու անտարբեր չի թողել արդեն նաեւ Երեւանի հանդիսատեսին:
Ծավալուն հոդվածում մասնավորապես թատրոնի «հնաբնակ» դերասանուհի, ռուս հոր եւ արցախահայ մոր ընտանիքում ծնված Էմմա Օգոլցովայի միջոցով պատմվում է իրենց քաղաքի սեպտեմբերի 19-ի ռմբահարումների, բռնագաղթի, մշակութային այս օջախի խնդիրների ու հույսերի մասին: Ինչպես նշվում է, իրենց հողին կապված արցախցիները, երկար ժամանակ ապրելով շրջափակման պայմաններում ու կրելով դրա հետեւանքները, մինչեւ վերջ հույս ունեին, թե կմնան, եւ ոչ ոք «տարհանմանը» լրջորեն չէր պատրաստվել: Բռնագաղթի ժամանակ թատրոնի գույքը փրկելու մասին էլ ոչ ոք չէր մտածում, ամեն մեկը համակված էր ընտանիքով հեռանալու, ամենաանհրաժեշտը տանել հասցնելու հոգսով: Իսկ հիմա, ջանալով կազմակերպել թատերական օջախի կյանքը Երեւանում, իրենք որոշել են պահպանել Ստեփանակերտի թատրոն անունը: Ոչ միայն որ ինչպես այդ օջախը, այնպես էլ նրա բոլոր դերասանները ծնվել են ղարաբաղյան հողում, այլ նաեւ՝ որ մարդիկ հույս ունեն այնտեղ վերադարձի: «Միգուցե շուտով, գուցե տասը տարի հետո, կամ գուցե այսօր ապրողները չտեսնեն այդ պահը: Բայց առայժմ թատրոնը ծառայելու է որպես վերադարձի այդ հույսի խորհրդանիշ»: Ու նաեւ՝ ռուսական մշակույթի կղզյակ, ժողովուրդներին քաղաքականությանը հակառակ իրար կապող մի թել:
Մեր հարցերում ռուսական առավել հավասարակշռված լրատվամիջոցներից մեկը՝ «Կավկազսկի ուզել» էլեկտրոնային հրատարակությունն էլ նկատել է, որ Արցախից փախստական դարձած մեր հայրենակիցները մարտի 31-ին Սբ. Զատկի տոնը առաջին անգամ նշել են տարագրության մեջ: Հայաստանի եկեղեցիներում իրենց աղոթքներում նրանք հիշել են զոհվածներին եւ աղոթել տուն վերադարձի համար:
Ընթերցողներին տեղեկացվում է, որ մինչև 2020 թվականի պատերազմը Լեռնային Ղարաբաղում գործել է ավելի քան 76 եկեղեցի, որոնց թվի կեսը պատերազմի արդյունքներով մնացել է Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում: Իսկ 2023 թվականի սեպտեմբերին, ինչպես Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը, Արցախի թեմի սպասավորները նույնպես ստիպված են եղել հեռանալ Հայաստան:
Արարատի մարզում հաստատված փախստականների մեծ մասը զատկական պատարագին մասնակցել է Խոր Վիրապի վանքում: Պարբերականի թղթակիցը տեղում զրուցել է նրանցից մի քանիսի հետ: «Եկեղեցական արարողության գնալիս մենք իրար հանդիպում ենք, հետաքրքրվում, թե ով եւ ինչպես է աշխատանքի տեղավորվել, ով ինչպես է գոյությունը պահպանում,- ասել է Հադրութի շրջանից տեղափոխված Նազելի Ղազարյանը:- Առաջին ամիսները դժվար էին, սոցիալական շատ խնդիրներ կային, հատկապես թոշակառուների համար: Հիմա, երբ մարդիկ մի փոքր ընտելացել են, սկսել են աշխատավարձ ու թոշակ ստանալ, մեր խոսակցությունները դարձել են ավելի հանգիստ: Բայց մի բան մնացել է անփոփոխ. մենք չենք մոռանում զոհվածներին, զոհերին, հիշում ենք բոլորին եւ աղոթում նրանց համար: Հուսով ենք, որ կվերադառնանք ու ծաղիկներ կդնենք նրանց շիրիմներին»,- ասել է կինը:
Ստեփանակերտցի Սամվել Ալավերդյանը նշել է, որ Խոր Վիրապի վանք է եկել ընտանիքով: «Ես սպասում էի, որ կհանդիպեմ շատ ծանոթների ու հարեւանների: Բոլորս մոմ վառեցինք հանգուցյալների համար, խոսեցինք այն մասին, որ Արցախ վերադառնալը պետք է առաջնայնություն լինի, բայց միայն պայմանով, որ երկար-երկար տարիներ կլինեն անվտանգության միջազգային ամուր երաշխիքներ: Երեխաներն ու թոռները պետք է արարեն խաղաղ պայմաններում, ոչ թե ամեն ժամ սպասեն, որ թշնամին ուր որ է կհարձակվի կամ շրջափակում կանի, կամ էլի էթնիկ զտումներ կիրականացնի»,- նկատել է տղամարդը:
Նույնպիսի մտածումներ ունեցող Դոնարա Սահակյանի ընտանիքը, որը եկել է Ասկերանի շրջանից, գարնան գալու հետ տան դիմաց բանջարանոց է հիմնել եւ հույս ունի ամռանը բանջարեղեն հավաքել:
Իր խոսքը հայրենի հողից բռնագաղթված մեր հայրենակցուհին ավարտում է այսպես. «Զատկի սեղանը գցել ենք, շնորհավորում ենք ու մաղթում, որ լավ բաների հույսը չկորցնենք եւ հավատանք Աստծուն»:
Իսկ դո՞ւք, դո՞ւք ում եք հավատում, աշխարհի բախտը տնօրինող պարոններ…
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ