Տեղի ունեցավ այն, որը չէր կարող տեղի չունենալ: Այն կարող էր պատահել ավելի շուտ, դեռեւս 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, կամ խորհրդարանական արտահերթ ընտրությունների ընթացքում, կամ ավելի ուշ՝ Արցախի պաշարման, սովահարության, հանձնման-անկման, ազգաբնակչության ելիցի (exodus) ընթացքում կամ հետո: Չպատահեց՝ տարբեր պատճառներով,- նախկին դեմքերի վերադարձի անընդունելիություն, նոր պատերազմի ու նոր զոհերի սպառնալիք, ռուսական իներտություն, արեւմտաեվրոպական թղթե խոստումներ, ստեր, ստեր ու ստեր, անորոշություն, այլ նաեւ՝ խարիզմատիկ առաջնորդի բացակայություն:
Տավուշն էր, որ սրեց, ընդարմացումից դուրս հանեց ժողովրդին: Նրա չորս գյուղերի հանձնման-զիջման թեման, «սահմանազատման ու սահմանագծման» քողի տակ, ի տարբերություն նախորդ՝ գաղտնորեն կատարված դավադրությունների, սկիզբ առավ հենց ժողովրդի աչքի առաջ եւ ամենայն մանրամասնությամբ: Գյուղացիների պոռթկումը, իր տունը, տեղը, դպրոցը, հնամենի տաճարը չլքելու, թշնամուն չզիջելու վճռականությունը հասկանալի ու վարակիչ էր բոլորիս համար: Մարդիկ գիտակցեցին, թերեւս առաջին անգամ, որ նույնը, նույն վտանգը սպառնում է ամբողջ երկրին, հայրենիքին, պետությանը: Մարդիկ գիտակցեցին, որ պարտվողականությունն ու զիջողականությունը, հայրենի տարածքները, պաշտպանական դիրքերը թշնամուն հանձնելը իշխանական խմբի համար դարձել է ինքնագոյութենական տուրք՝ կամա թե ակամա վճարվող:
Հողը պատրաստ էր ընդվզման, հողը պահանջում էր ընդվզում, բողոքի ու մերժումի գործնական քայլեր: Ու շատերի համար անակնկալորեն, բայց շատ բնականոն, ասես բնազդաբար, հայացքները կենտրոնացան մի անձի վրա, որը միշտ եղել է, ինչպես Հայոց եկեղեցին, ժողովրդի հետ, գործել ժողովրդի համար եւ այժմ պատրաստ է առաջնորդել ժողովրդին:
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ սկսված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ծավալվեց շատ արագ, համակեց շատ-շատերին, համախմբեց ու միավորեց հուսահատության եզրին հասած, իշխանությունից արհամարհված բազմություններին, քաղաքական ու հասարակական կառույցներին՝ Մայր աթոռ Սբ. Էջմիածնից Ամենայն հայոց հայրապետի օրհնությամբ:
Ճիշտ այս պահին, երբ գրվում են այս տողերը, արդեն լեփ-լեցուն է Հանրապետության հրապարակը, որտեղ տեղի ունեցավ ընդվզման, պարտվողականության դեմ պայքարի հանրահավաքը, նպատակ ունենալով, ինչպես հայտարարում էին Շարժման ներկայացուցիչները, առաջին հերթին կասեցնել ընթացող «սահմանագծման ու սահմանազատման» աշխատանքները եւ դրանց հետեւող ապօրինի հողահանձնումները:
Բագրատ Սրբազանն ինքը հայտարարեց, ի պատասխան օդում թեւածող հարցին, թե ո՞րն է լինելու հանրահավաքի հաջորդ, գլխավոր նպատակը: Նիկոլ Փաշինյանի հեռացումը բոլո՛ր պաշտոններից, որի դեպքում, ասաց Սրբազանը, ինքը պատրաստ է անձամբ հանդիպել նրան եւ պայմանավորվել հեռացման հանգամանքների շուրջ: Պատասխան՝ որին հետեւեց բազմության ոգեւորված արձագանքը:
Այս պահին դժվար է ասել, թե ի՞նչ է լինելու պատասխանը, որի համար տրվեց մեկ ժամ պայմանաժամ: Կհամակերպվի՞ ուղիղ ներկայացված պահանջին, թե՞ ժամանակ կխնդրի խորհրդակցելու: Կիմանանք ավելի ուշ: Ախր ցավալի, արտառո՛ց իրողություն է, որ իրեն վարչապետ համարող անձը իր քաղաքականությունը մերժողների, առավել եւս՝ իր հրաժարականը պահանջողների հետ չունի, չի՛ թողել որեւէ խոսակից: Ո՞ւմ հետ, կամ ո՞ւմ միջոցով է բանակցելու նա: Ցարդ նրան հայտնի են միայն խարդավանքի, «պողպատե մուրճի», ոստիկանական բռնարարքների, ընդդիմադիրների կալանավորման, արգելափակման ու հալածանքի միջոցները, Մեկ էլ՝ սուտը, որին այլեւս չի հավատում ոչ ոք, անգամ իր հետեւորդները:
«ՔՊ»ական որոշ ներկայացուցիչներ վերջին օրերին մթնոլորտ արձակեցին հանգուցալուծման իրենց բաղձալի տարբերակը՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Իհարկե, առաջիկայում պետք է, անհրաժեշտ է նման ընտրություն կազմակերպել: Սակայն միայն այն ժամանակ, երբ գործադիր իշխանության ղեկին, ամեն ինչի ղեկին գտնվող անձը հեռացած կլինի պաշտոնից իր ողջ կազմով եւ Հայաստանում հաստատված կլինի ժամանակավոր, կոալիցիոն, հոգատար կառավարություն, որը կզբաղվի հրատապ լուծում պահանջող հարցերով, այդ թվում՝ խորհրդարանական ներկա բռնատիրությանը փոխարինող նոր խորհրդարանի ընտրության կազմակերպմամբ:
Այս պահին, երբ թերթը ուղարկում ենք տպարան, երկրի Գլխավոր հրապարակը եւ հարակից պողոտաները խճողած բազմությունները դա՛ են ակնկալում, դա՛ են պահանջում կրկին ու կրկին:
Նիկոլի պատասխանը եղավ լռությունը:
Հետեւաբար հանգուցալուծումը չկայացավ: Հետեւաբար երկրի, ժողովրդի ու պետության կայունությունը մնաց խնդրական:
Պայքարը շարունակվում է:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ