Երեկ՝ մարտի 6-ին, Գերմանիայում երկու իրադարձություն փորձ արեց զսպել ավտորիտար կառավարվող Բաքվի՝ աշխարհի լայնահուն տնտեսական պողոտան դառնալու հավակնությունը: Առաջինը՝ Բեռլինում Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի եւ Գերմանիայի արտաքին քաղաքականության ընկերակցության՝ մոտ մեկ ամիս սռաջ հայտարարած « ԼՂ-ի մշակութային վտանգված ժառանգության պաշտպանությունը» վերնագրյալ միջոցառումն էր, որի առանցքը գերմանացի եւ հայ գիտնականների հեղինակած «Արցախի մշակութային ժառանգությունը» գիրքը ներկայացնելն է, քննարկում ծավալելը: Երկրորդը գերմանական հեռուստատեսության պատրաստած Ադրբեջանի կոռուպցիոն շղթայի բացահայտման մասին է, որ հայերիս ծանոթ է ԵԽԽՎ-ից: Պատահակա՞ն համընկնում է, որ երկու՝ իրարից տարբեր նետ ուղղվում է միեւնույն կետին՝ Ադրբեջանի պատմակեղծարար բռնապետին, նրա կանաչ էներգիայի որոգայթին:
«Արցախի մշակութային ժառանգությունը» հատորի շնորհանդեսն ու Բաքվի ճնշումը
Փետրվարի 14-ից ի վեր այս լուրը հունից հանել է գերմանաադրբեջանցիներին, Ադրբեջանի գրպանում ապրող տարբեր հասարակական եւ բարեկամական կազմակերպություններին, իսկ որ առավել տեսանելի է՝ հատկապես Բեռլինում Ադրբեջանի դեսպան Աղաեւին, որը Արցախ բառի, հայկական ժառանգության ներկայացման դեմ հակազդելու տարբեր միջոցների դիմեց: X-ի հարթակում նույնիսկ էժանագին տարբերակից խույս չտվեց՝ հաստատության անվանման մեջ «Գերմանիայի» բառը փոխեց՝ այն «Հայաստանի արտաքին քաղաքականության ընկերակցություն » վերաձեւակերպելով: Երբ ընթացք չտրվեց Ադրբեջանի «կառուցողական»՝ բանախոսությանը նաեւ իր գիտնականներին հրավիրելու առաջարկին, Բաքվից հինունոր պատրվակը գտան՝ Բեռլինի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո, այս միջոցառումը կարող է վտանգել Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունները: Նաեւ չմոռացան խաղարկել իրենց սիրած՝ զոհի դերը՝ միջոցառման բնույթը որակելով իսլամաֆոբ: Հենց այս շեշտադրումներով էին Ադրբեջանում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ նամակ հղել վերոհիշյալ կազմակերպիչ երկու հաստատություններին: Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ Բեռլինում արտոնել էին միջոցառման դեմ բողոքի հանրահավաք անցկացնելու՝ ադրբեջանցիների դիմումը: Եթե ժողովրդավար երկրում սա բնական է, ապա մեղմ ասած՝ ըմբռնելի չէր մարտի 5-ին կազմակերպիչների հայտարարությունը, թե ի հեճուկս Ադրբեջանի ճնշումների միջոցառումը տեղի կունենա, սակայն՝ միայն առցանց, քանզի մասնակիցների եւ լսարանում ներկաների անվտանգությունը չեն կարող երաշխավորել:
Ինչպիսի՜ թուլակամություն. Եթե Գերմանիայի մայրաքաղաքում տանտերերը չեն կարողանում հակազդել Բաքվի սպառնալիքին, երբ խոսքը գրքի մասին է, ինչպե՞ս են հորդորում հայերիս խաղաղ համակեցությամբ ապրել վայրենու կողքին: Չենք մոռանում, որ 2022-ի սեպտեմբերին Աղաեւին արտոնեցին հակահայկական քարոզչությամբ պաստառ լաթերը կախել դեսպանության պատերից՝ ի տես հանրության, իսկ ԳԴՀ ԱԳՆ-ից հրապարակավ որեւէ բացատրություն չտրվեց:
Եւ երեկ առավոտյան դեսպան Աղաեւը X-ի հարթակում հաստատելով, որ գերմանական կողմն այդուհանդերձ կատարել է Բաքվի կամքը, կցեց անընդհատ շրջանառվող մի լուսանկար, որով «հաստատում» է, թե հայերն են ոչնչացրել Ադրբեջանի մշակութային ժառանգությունը՝ մզկիթները վերածելով խոզերի, ոչխարների ախոռի: Բեռլինում ՀՀ դեսպանի X-ի էջն ենք զննում: Ադրբեջանն ամեն օր քանդում է պատմական հուշարձանները, դրանց մասին ոչ մի ծանուցում:
Քիիլի համալսարանական հրատարակչության լույս ընծայած՝ Արցախի պատմամշակութային ժառանգության մասին գերմանալեզու այս հատորն ամփոփում է 2022-ին Հայաստանում գումարված մի գիտաժողովում հայ եւ գերմանացի հեղինակների ներկայացրած բովանդակությունը: «Արցախի մշակութային ժառանգությունը: Հայոց պատմությունը և դրա հետքերը Լեռնային Ղարաբաղում» 5 մասից բաղկացած եռալեզու՝ գերմաներեն, հայերեն, անգլերեն հատորը խմբագրել են Անդրեաս Մյուլլերը, Հարություն Հարությունյանը, Դագմար Հելլերը, Մարտին Թամքեն:
Ըստ նախապես հայտարարվածի, Բեռլինում վերոհիշյալ շնորհանդեսն ու քննարկումը պիտի անցկացվեր մարտի 6-ին ժամը 18.30-20-ին, աւյսինքն՝ այն ժամանակ, երբ մեր թերթը տպարանում է լինում:
Ուստի ստորեւ շարադրենք ծրագրում հրապարակվածը՝ հույս տածելով, թե այն առցանց անխափան կընթանա: Շնորհանդեսին առաջինը ելույթ է ունենալու դոկտոր Դագմար Հելլերը: «ԼՂ-ը Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում» վերնագիրն է կրում դոկտոր Շտեֆան Մայսթերի բանախոսությունը, որին հետեւելու է քննարկում: «Հայաստան եւ Արցախ. Մշակութային վտանգված շրջաններ՝ հայոց տեսանկյունից» բանախոսությամբ կներկայանա ԵՊՀ, Հայաստանի ամերիկյան համալսարանի դոկտոր Հարություն Հարությունյանը: Կոռնելի համալսարանի դոկ.պրոֆ. Ադամ Թ. Սմիթի բանախոսությունը վերնագրված է «Մշակութային ժառանգության վիճակը ԼՂ-ում: Արբանյակային տեղեկատվության հիման վրա կատարված վերլուծություն՝ ըստ Caucasus Heritage Watch-ի»: (Ի դեպ «Ազգ»-ի 2023-ի հուլիսի 14-ի համարում անդրադարձել էինք Սմիթի արդարացի ահազանգին՝ «Հնագետները սատարում են թուրքական ժխտողականությանը» վերնագրյալ լուրը ընթերցողների հոծ խմբերի էր հետաքրքրել): Միջոցառումը վարելու է ԳԴՀ նախկին արտգործնախարար Մարկուս Մեկելը, որին հանդիպեցինք նաեւ անցյալ տարի Քյոլնում Արցախի քրիստոնեական ժառանգության պահպանությանն ուղղված քննարկումների ժամանակ:
«Անդունդի եզրին» գեղարվեստական ֆիլմն էլ, վավերագրությունն էլ Ադրբեջանի մասին լավ հետաքննություն է, որը սակայն ուրանում է Արցախի թեման
Մարտի 6-ին գերմանական հեռուստատեսության առաջին ալիքը՝ARD-ն ժամը 20.15-ին հեռասփռեց SWR-ի արտադրած Ադրբեջանի՝ եվրոպացի քաղաքական գործիչների վրա ազդեցության մասին երկու ֆիլմից բաղկացած մի հետաքննություն, որի «Անդունդի եզրին» վերնագրյալ պատումը Դանիել Հարրիհի գեղարվեստական ֆիլմն է դարձել, իսկ դրան անմիջապես հաջորդողը նույնի վավերագրական տարբերակն է, որ մատուցվում է «Մեր մոլորակը. պայքար հումքի համար» խորագրով: Բնապահպանական «Մեր մոլորակը» շեշտադրումն առաջին հայացքից փոխանցում է եվրոպական փրկչական՝ դրական նպատակի ընդգծումը: Իրականում՝ շահադիտական է: Ուրիշի՝ տվյալ պարագայում հայոց հարստությանը տեր դառնալու, Արցախը սոսկ հանքանյութերի շտեմարան, գերշահույթի աղբյուր դիտարկելու, դրան պատերազմի միջոցով տիրանալու խոստովանությունն է այս ֆիլմը, որ անտեղյակ եվրոպացի, գերմանացի ակնդրի համար մեր զգացածը դժվար թե ընկալելի դարձնի, քանզի Արցախի թեման հպանցիկ է շրջանառվում:
Վավերագրության մեխը հայ հանրությանը ծանոթ է: Խոսքը Ադրբեջանի կաշառքներով սնված ԵԽ պաշտոնյաների, Բունդեսթագում գործունեություն ծավալող քաղաքական գործիչների մասին է, որոնցից Բունդեսթագի նախկին պատգամավոր Աքսել Ֆիշերի, Էդուարդ Լինթների դեմ Մյունխենի գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել: Նրանք, նաեւ արդեն մահկանացուն կնքած Կարին Շթրենցը Ադրբեջանից ստացած կաշառքի դիմաց իրականացրել են Բաքվի ռեժիմի շահերից բխող քաղաքականություն, կոծկել են մարդու իրավունքների ոտնահարումները: «Անդունդի եզրին» գեղարվեստական պատումը, դրանից հետո ներկայացվող վավերագրական ֆիլմը վերոշարադրյալի մասին են: Բունդեսթագի սոցիալ-դեմոկրատ պատգամավոր ԵԽԽՎ-ում գերմանական պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն այս ֆիլմի գլխավոր դերակատարն է, նա է Ադրբեջանի կոռուպցիոն շղթայի բացահայտողներից մեկը, նրա հետեւողական պայքարի արդյունքն է, որ ԵԽԽՎ-ն Ադրբեջանի պատվիրակությանը 2024-ի հունվարի վերջին 1 տարով զրկեց հավատարմագրումից: Մեզ համար նորություն չէ, սակայն լավ է, որ վավերագրության մեջ կարեւորվում է նաեւ Ադրբեջանի խավիարային դիվանագիտության շարունակական բնույթը, թե ինչպես 2009-ին ԵԽԽՎ-ում չանցավ Բունդեսթագի նախկին պատգամավոր, մարդու իրավունքների հանձնախմբի անդամ, մինչեւ 2014-ը ԵԽԽՎ անդամ Քրիստոֆ Շթեզզերի ՝ Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման մասին փաստարված զեկույցը: Ֆիլմում բացահայտումներ է անում Գերալդ Քնաուսը («Եվրոպական կայունության նախաձեռնություն» հաստատությունից) Ֆիլմի հետաքննությունն իրականացվել է Ադրբեջանում՝ գաղտնի նկարահանումների հիման վրա:
Դանիել Հարրիհը (Daniel Harrich) հետաքննական տարբեր ֆիլմերի հեղինակ է, բացահայտում է կլիմայական հարցերով մտահոգ ճառախոսների եւ նրանց գործի, վարքի միջեւ խոր հակասությունը: Երբ լսում ես հեղինակին, հավատում ես, որ մարդն ուզում է անտարբեր չմնալ, փրկել մոլորակը: «Անդունդի եզրին» գեղարվեստական, նաեւ վավերագրական ֆիլմի, սցենարի հեղինակն է, ռեժիսորը, օպերատորը: Նա հսկայական աշխատանք է կատարել: Գլխավոր հերոսը սոցիալ-դեմոկրատ Գերդ Մայնեքեն է, Ալինան՝ նրա կյանքի ընկերուհին, որ հետո կինն է դառնում, սերում է Ադրբեջանից, որ փոքր դստեր՝ Լեյլայի հետ Գերմանիա է եկել, երբ իրենց գյուղից տեղահանվել են, քանի որ գազ եւ նավթ են հայտնաբերել իրենց ծննդավայրում: Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Լեյլան արդեն չափահաս է, մեկնել է Բաքու՝ իր նախնիների երկիրը փրկելու: Իշխանությունները ձերբակալում են Լեյլային: Նրան ազատելու համար Մայնեքեն համաձայնում է նախագահական ընտրություններին որպես դիտորդ Բաքու մեկնել: Ադրբեջանի մայրաքաղաքում նրան սատարելու պատրաստակամություն է հայտնում Թոֆիկ Գասիմովի՝ ԵԽ-ում Ադրբեջանի ներկայացուցչի ռեֆերենտ Վալենտինան, որ Լեյլայի կյանքի ընկերուհին է: Նա Մայնեքեին կարեւոր նյութեր է տրամադրում: Գերմանացի պատգամավորը ականատես է դառնում կոռուպցիոն շղթայի, իր գործընկերների կաշառառության, ըստ այդմ՝ տեսակետներն արագ վերաձեւակերպելու, ակնհայտ զեղծարարությունները կոծկելու դեպքերին: Երբ Գասիմովին Մայնեքեն վստահեցնում է, թե իրեն կաշառել չեն կարող, հետ է վերադարձնում նվեր ոսկյա գրիչը, ադրբեջանցի պատգամավորն անկեղծ պատասխանում է՝ բայց Դուք միակն եք: Տնտեսական, քաղաքական, բարոյական հարաբերությունները այս ֆիլմի հերոսների երկխոսություններում ակներեւ են դարձնում, որ փողի գերիշխանության, կործանվող հոգեւոր աշխարհի, գոյություն ունեցող դաժան իրականության դեմ ընդդիմանալու, պայքարի պատրաստ անհատները քիչ են: Վալենտինան իր մեքենայով Լեյլային Մայնեքեի հետ գիշերով թաքուն Ղարաբաղ է տանում: Աղջիկներն իրենց հարազատ վայրում են, շուրջն ավերակ է, անտառներն հատվել են, իսկ ծանոթ շրջակայքը՝ գյուղը, քաղաքը չկա, դրանց փոխարեն շահագործվող հանքեր են:
Թվում է, թե այստեղ հայերի մասին, նրանց էթնիկ զտման, իրենց բնօրրանից բռնագաղթի մասին հատված կլինի: Հարրիհի ֆիլմն այդ նպատակը չունի: Սակայն, երբ ծանոթանում ենք ֆիլմի ստեղծագործական կազմին, ով՝ ում դերակատարն է, պարզվում է, որ ադրբեջանցի Ալինան, նրա դուստր Լեյլան հայեր են…Alina Kasparjan, Leyla Kasparjan, ինչպես գրված է բնագրում: Ուրեմն հենց հայ մարդու պատմությունն է օգտագործել գերմանացի հեղինակը: «Ի՞նչու ֆիլմում չի շեշտադրված նրանց հայ լինելու, իրենց բնօրրանից տեղահանված լինելու պատմությունը, փոխարենն ընդգծվում է, թե նրանց հայրենիքն Ադրբեջանն է, որում ապրող մարդկանց ազատությունների համար պայքարից չի հրաժարվում Լեյլան» մեր այս եւ այլ հարցեր կփորձենք առաջիկայում ուղղել ֆիլմի հեղինակին: Սակայն պարզ է, որ գերմանացիներին, եվրոպացիներին հետաքրքրում են մարդու իրավունքները, հետո՝ մարդկանց իրավունքները, իսկ ազգի իրավունք հասկացությունը գործում է, երբ խոսքն իրենց կամ՝ ուկրաինացիների մասին է: Ֆիլմի հեղինակը սրա մասին չի մոռացել՝ գերմանացի պատգամավոր Մայնեքեն պիջակին ամրացրել է Գերմանիա-Ուկրաինա կրծքանշանը:
Վալենտինային Լեյլայի աչքի առջեւ սպանում են: Դաժան է անշուշտ, սակայն Ադրբեջանի վայրագ իշխանությունների սովորական վարքն է: Մայնեքեն վերադառնում է Գերմանիա, ԵԽԽՎ-ում ներկայացնում Ադրբեջանում նախագահական ընտրությունների ֆարսը, զարմանում գերմանացի՝ իր հետ Բաքվում եղած գործընկեր դիտորդների Ալիեւին արդարացնող ձեւակերպւոմների վրա, սակայն անշեղ շարունակում պայքարը:
Հայկական մեդիան լուսաբանել է, որ Շվաբեն ԵԽԽՎ-ում 2023-ի հոկտեմբերին անդրադարձել էր Արցախի հարցին: Ուստի չկրկնեք նրա ելույթի բովանդակությունը: Ո՛չ գեղարվեստական ֆիլմում, ո՛չ էլ դրան հետեւած վավերագրության մեջ դրան հղում չկա: Վավերագրության մեջ Շվաբեն հանդիպում է միայն ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի հետ: Ֆիլմի հեղինակների անկեղծությանն ու բարոյականությանը կհավատայինք, եթե քաղաքական գործիչը արցախցիների հետ էլ հանդիպեր, նրանց պահանջը լսելի դարձներ:
Եվրոպան գազ եւ նավթ է ներկրում Ադրբեջանից: Դա բավարար չէ՝բնական հանքանյութերն այդ երկրում այնքան առատ են, Եվրոպայի քաղաքական գործիչների ագահությունն այնքան անհագ, որ «երաշխավորում» են Ալիեւի հավերժ իշխանությունը, նրան «վստահելի գործընկեր» անվանում, միայն թե լիթիումով, մոլիբդենով, պղնձով, ոսկով հարուստ ընդերք ունեցող երկրում իր արտադրողներն էլ մաս ունենան: Ադրբեջանին արտոնեցին իրականացնել Արցախի բռնազավթումը հենց այդ հողի ընդերքի հարստություններին տիրանալու համար: Ֆիլմում դրա մասին ծավալվում են, սակայն Արցախի բնիկ հայկական լինելու, հայկականության հետքերը ոչնչացնելու մասին չեն խոսում: Մշակութային ժառանգության մասին՝ նույնպես: Խոսվում է բնությունը ոչնչացնելու մասին, երբ հանքանյութերն արտահանելու համար հատվում են անտառները, այսպես կոչված Կանաչ էներգիան բնության զմրուխտ կանաչը հատելու հաշվին է ստեղծվում: Գտել են փողի ակունքը՝ միջազգային տարբեր ընկերություններ մարդուց ու բնությունից ամայացած տարածքում իրենց գերշահույթն են ստանում: Ֆիլմի հեղինակ Հարրիհը հենց դա է շեշտադրում՝ «երբ խոսքը Ադրբեջանի, Քաթարի կամ Սաուդյան Արաբիայի նման երկրներին է վերաբերում, պատժամիջոց պիտի սահմանվեն դրանց դեմ, ոչ թե հաջորդ հումք արտահանելու գործարքը կնքեն»:
Այս ֆիլմի մասին, դրա դեմ Բաքվից դեռ ձայն չկա: Բեռլինում Ադրբեջանի դեսպանը դեռ մարտնչում է Արցախի մշակութային ժառանգությունը պահպանելու՝ գերմանացի եւ հայ գիտնականների դեմ, գրքի դեմ:
Ուրեմն պաշտոնական հանդիպումներին Հայաստանը չպետք է մոռանա այս հատորը, դրանից առաջ հրատարակված վավերագրերն էլ Արցախի եւ Նախիջեւանի մասին:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա
Լուսանկարում պատկերվածը «Անդունդի եզրին» ֆիլմից է, երբ գերմանացի պատգամավոր Մայնեքեն եւ Լեյլան Ղարաբաղում են՝ Ադրբեջանի շահագործած հանքավայրում։