Կիրակի, 26 Հուլիս, 2026

Արցախյան բանակցություններ. գրախոսություն

Լույս է տեսել հասարարակական-քաղաքական գործիչ Արթուր Խաչատրյանի «Արցախյան բանակցություններ, ժամանակագրություն, փաստաթղթեր, կարգավորման առաջարկներ եւ կայացված որոշումներ 1988-2001թթ. երկհատորյակը»[1]: Հեղինակը հսկայածավալ աշխատանք է իրականացրել բացահայտելով քաղաքական ու պատմական նշանակություն ունեցող արցախյան բանակցությունների գործընթացին առնչվող փաստաթղթերի ու կայացված որոշումների  բովանդակությունը եւ ժամանակացույցը:    

 Առաջին հատորում անդրադարձ է կատարվում արցախյան շարժման սկզբնավորմանը, 1988 թվականի փետրվարյան եւ 1989 թվականի դեկտեմբերյան պատմական որոշումներին: Հեղինակը անդրադառնում է  Հայաստանի անկախության հռչակագրի ընդունմանը, Խորհրդային Միության կազմաքանդման շրջանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակմանը եւ իշխանության մարմինների ձեւավորմանը: Անդրադառնալով Ղարաբաղյան շարժման սկղբնավորմանը Արթուր Խաչատրյանը առանձնահատուկ ջերմությամբ է հիշատակում Իգոր Մուրադյանի անունը, որը ծավալուն գործունություն էր իրականացնում Ղարաբաղյան հարցում դեռեւս մինչեւ շարժումն ունենար համաժողովրդական ընդգրկում:              

Հայտնի է , որ Մուրադյանը եւ նրա երկու  համախոհները Ղարաբաղ կոմիտեի կողմից դուրս դրվեցին շարժման ղեկավարությունից: Այդ շրջանում փորձում էին բացատրել, որ Ղարաբաղ կոմիտեի անդամները անհերքելի փաստերի են տիրապետում,որ Մուրադյանը ՊԱԿ-ի (պետական անվտանգության կոմիտեի) գործակալ է; Տարիներ անց հարց է առաջանում. ո՞վ կարող էր տրամադրել այդ «անհերքելի փաստերը», եթե ոչ ինքը ՊԱԿ-ը:

Հեղինակը անրադառնում է ՀՀ Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշմանը, ըստ որի Հայաստանի Հանրապետության համար անընդունելի էր համարվում որեւէ փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադերբեջանի կազմում:  Այդ որոշումը արդյունք էր ընդդիմադիր «Ազգային դաշինք»-ում ընդգրկված խորհրդական  խմբակցությունների գործնեությանը: Պետք է հստակ նշել, որ Արցախյան հարցի շուրջ  ողջ բանակցությունների ընթացքում (մինչեւ 2018 թվականը) այդ դրույթը պահպանվել է , իսկ երկրի բարձրագույն օրենսդիր մարմինը որոշմանը հակասող այլ փաստաթուղթ չի ընդունել:

Ուսումնասիրության մեջ ներկայացված են Միավորված Ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերը: Հեղինակը փաստերով ներկայացնում է, որ Ադրբեջանն ինքն է մերժել 874 (1993) 884 (1993) բանաձեւերը, քանի որ դրանք Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներից Արցախի «տեղի հայկական ուժերի» դուրսբերումը փոխկապակցում էր Մինսկի խորհրդաժողով հրավիրելու հետ, որը պետք է որոշեր Լեռնային Ղարաբաղի ապագա իրավական կարգավիճակը: Անհրաժեշտ է նշել, որ ՄԱԿ ԱԽ նշված բանաձեւերն ընդունվել են ապահովելու Մինսկի խորհրդաժողովի անդամ-պետությունների կողմից ներկայացված փաթեթային կարգավորման առաջարկությունը եւ անհետաձգելի միջոցառումների ժամանակացույցը, որոնք, ի դեպ, պահանջում էին ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանից:

Այժմյան զարգացումների ֆոնին հետաքրքրություն են ներկայացնում փաստաթղթերը, որոնք լուսաբանում են 1994 թվականի Բուդապեշտի գագաթնաժողովի եւ Մինսկի խմբի համանանախագահության ստեղծումը եւ նրանց մանդատի հաստատումը:

Առաջին հատորում նաեւ ներկայացված են արցախյան հակամարտության կարգավորման նախնական տարբերակները՝ ժելեզնավոդսկյան հուշագրից մինչեւ Քի Վեսթ:

Երկրորդ հատորում ներկայացված են փաստաթղթեր, որոնք առնչվում են նորացված Մադրիդյան սկզբունքներն, Կազանի բանակցություներին: Ուշագրավ են Դուշանբեի, Սանկտ-Պետերբուրգի, Դավոսի  հադիպումների փաստագրական նյութերը, Վիեննայի բանակցություննները,  ինչպես նաեւ այսպես կոչված Լավրովի պլանը:  Անդրադարձ է կատարվում բանակցային հաջորդ շրջանին, որը փաստացի տապալվեց եւ բերեց պատերազմական գործողությունների, ապա Արցախի հայաթափմանը:      

Անհրաժեշտ է նաեւ նշել, որ աշխատությունում հեղինակն անդրադարձել է նաեւ այլ՝ համադրելի հակամարտությունների կարգավորմանը: Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է բալկանյան հակամարտություններին, Հրվ. Սուդանի հակամարտությանը: Ընդարձակ անդրադարձ է կատարվել կարեւորագույն իրադարձություններին, որոնք թեեւ բանակցային գործընթացին մաս չեն կազմել, սակայն էական ազդեցություն են ունեցել հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացի վրա:                                                                               

Ինչպես նշում է գրքի առաջաբանում հեղինակը,  ուսումնասիրությունը Արցախյան շարժման եւ Արցախյան ազատամարտի մասին չէ, այլ վերաբերում է բանակցային գործընթացին: Կարծում ենք այս հանգամանքը ուսումնասիրությունը  դարձնում է է՛լ ավելի արժեքավոր, քանզի բովանդակային առումով չի կրկնում հրապարակում գտնվոող  աշխատությունները՝ որեւէ կերպ չարժեզչկելով վերջիններին:

Արթուր Խաչատրյանի կողմից իրակացված աշխատանքը աղբյուրագիտական կարեւոր նշանակություն կունենա հայոց պատմության նորագույն շրջանի ուսումնաքսիրությունների, ինչպես նաեւ ազգային դիվանագիտական դպրոցի համար:                                                                            

ՌՈՒԲԵՆ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Լուսանկարում՝ Ա.Խաչատրյան, Եր. հեղ. հրատ. 2025. հատոր II 664 Էջ.
   Ա.Խաչատրյան, Եր. հեղ. հրատ. 2025. հատոր II 664 Էջ.