Կիրակի, 26 Հուլիս, 2026

Արդյո՞ք Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա իրականացված զինված հարձակման գործը կարելի է փակված համարել

Մայիսի 21-ի լուսաբացին իրականացվեց ԻԻՀ քաղաքացի Յասին Հոսեյնզադեի՝ 2023 թ. հունվարի 27-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում իրականացրած անձի մահապատիժը: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտնեց, որ մահապատժի իրականացումը դիտարկվել է Թեհրանում ԱՀ դեսպանատան երկու աշխատակիցների եւ դատական գործընթացում Ադրբեջանի շահերը ներկայացնող  փաստաբանի կողմից:

Դեպքից անմիջապես հետո, թեեւ Բաքուն այդ հարձակումը որակել էր որպես ահաբեկչություն, Իրանի քաղաքական եւ դատական իշխանության ներկայացուցիչները  շտապեցին հավաստիացնել, որ հարձակումը տեղի է ունեցել անձնական եւ ընտանեկան դրդապատճառներով: Նշենք, որ Հոսեյնզադեի հարձակումն Ադրբեջանի  դեսպանատան վրա հանգեցրել էր դեսպանատան անվտանգության պատասխանատուի սպանությանը:

Այդ միջադեպից հետո  Թեհրան-Բաքու հարաբերությունների բնականոն ընթացքը վերականգնելու համար ավելի քան մեկ տարի պահանջվեց:  Սակայն Իրանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Ադրբեջանի հետ սահմանային գոտում հանդիպումից եւ  Թեհրան-Բաքու շփումների ակտիվացման շրջանում ԻԻՀ նախագահին տեղափոխող ուղղաթիռի ողբերգական վթարը բազմաթիվ անպատասխան հարցեր առաջացրեց:

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակմանը  հաջորդած երկրորդ օրը Բաքուն փակեց իր դեսպանատունը, իսկ դեսպանատան աշխատակիցներն ու նրանց ընտանիքնների անդամները  լքեցին Թեհրանը: Իսկ Բաքվում Իրանի դեսպանի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո ներկայացված նոր դեսպանի ագրեմանը    մերժվեց Ադրբեջանի կողմից:

Ուշագրավ է իմանալ, թե արդյո՞ք իրանական հանրությանը ներկայացվել է հարձակման բուն դրդապատճառները: Արդյո՞ք զինված հարձակումը տեղի է ունեցել, մահապատժի ենթարկված Հոսեյնզադեի պնդմամբ՝ վերջինիս կնոջը դեսպանատան տարածքում պահելու պատճառով: Կամ հանցագործի  կինը լքել էր Իրանն  առանց ամուսնու թույլտվության,  եւ Եթե նրա կինը  լքել էր Իրանն առանց օրինական փաստաթղթերի, արդյո՞ք պարզվել է, թե ի՞նչ դեր է ունեցել Ադրբեջանի դեսպանատունն այդ գործում: Եթե Ադրբեջանի դեսպանատունը ներգրավված է եղել այդ գործի մեջ, արդյո՞ք Իրանը պաշտոնապես բողոք է ներկայացրել: Համենայնդեպս, իրանական մամուլին ուշի ուշով հետեւող վերլուծաբանների մոտ բազմաթիվ հարցեր մնում են անպատասխան:

Բացի այդ, հրապարակում եղած որոշ տեղեկություններ  վկայում են հանցագործի ու նրա հարազատների ազգայնամոլական անցյալի մասին: Որոշ արտասահմանյան լրատվամիջոցներ պնդում են, որ Իրանի պետական կարեւոր կայքերից մեկը կոտրելով, ձեռք են բերվել փաստաթղթեր, որոնք վկայում են, որ հանցագործը նախկինում բնակվել եւ ուսանել է Բաքվում եւ ամուսնացել Ադրբեջանի  քաղաքացու հետ: Նշվում է նաեւ, որ նա կապ է ունեցել Ադրբեջանի հետախուզական ծառայությունների հետ եւ վերադառնալուց հետո նաեւ ենթարկվել  հարցաքննության: Նաեւ ասվում է, որ Հոսեյնզադեի «փախուստի դիմած» կինը Բաքվում ազգականներ է ունեցել  անվտանգության համակարգում:  

Անորոշության քողի տակ մնացած  նման  հարցերի առիթով  իր մտահոգությունն է հայտնել   Իրանի ԱԳՆ-ի հետ փոխկապակցված «Iranian Diplomassy» կայքի վերլուծաբան Էհսան Հուշմանդը:

Հանցագործի մահապատժով  Թեհրանին հաջողվեց  բացառել  դեսպանատան նկատմամբ ահաբեկչություն կազմակերպելու վարկածը: Սակայն Թեհրան-Բաքու երկկողմ հարաբերությունների բնականոն ընթացքը խաթարող այլ խնդիրներ էլ գոյություն ունեն, որոնց թվում Իսրայելի հետ Ադրբեջանի սերտ կապերն են, ինչպես նաեւ  շարունակական բնույթ կրող Ադրբեջանի  մեդիա հարթակների համակարգված հակաիրանական քարոզչությունը: Բացի այդ, Ադրբեջանում  շարունակվում են   Իրանի տարածքային ամբողջականության դեմ հայտարարությունները եւ Ադրբեջանի ուսումնական հաստատություններում հակաիրանական բովանդակությամբ քարոզչական աշխատանքները:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ