Ուրբաթ, Հունիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
- 19 Հունիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Հարավային Կովկասի «վերջին, շատ փխրուն ժողովրդավարություն ունեցող» հետընտրական Հայաստանի մասին է ծավալուն վերլուծություն հրատարակել 2018-ին Բեռլինում հիմնադրված  քաղաքական, տնտեսական եւ հասարակական թեմաներ արծարծող անկախ լրագրությունը կարեւորող «The Pioneer »-ը՝ հունիսի 15-ին հրատարակելով «Հայաստանը եւ խաղաղության գինը» վերնագրված վերլուծությունը՝ Արարատի մշտահմա գեղեցկությանը հենված Երեւանից լուսանկար կցելով: Հեղինակը Վանաձորում ծնված, Մոսկվայում ապրած, այժմ Դրեզդենում բնակվող սոցիոլոգ, պատմաբան, գրող Արեն Վանյանն է: Վերլուծությունը ցույց է տալիս, թե «ինչպես է ընտրությունների արդյունքը երկիրը դրել լուրջ փորձության դեմ հանդիման՝ Ադրբեջանի ճնշման, Մոսկվայի անվստահության, Արեւմուտքի սպասումների միջեւ», ընդգծում է The Pioneer-ը՝ հրապարակման նախաբանում:

«Հայաստանի հետխորհրդային պատմության ընթացքում ոչ մի ընտրություն հասարակությանն այնքան չի բաժանել, որքան հունիսի 7-ին կայացածը: Աշխարհաքաղաքական լարվածությանն էր գումարվել քաղաքական ղեկավարության սուր հռետորաբանությունը: Իշխող կուսակցության նախագահ Փաշինյանն ընտրողներին խոստացավ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր, տնտեսական բարգավաճում, իսկ ընդդիմությանը որակեց «քրեական օլիգարխիա» եւ «պատերազմի կուսակցություններ», գրում է Արեն Վանյանը՝ ներկայացնելով ընտրության արդյունքը՝ ՔՊ հաղթել է՝ ձայների 49,75 տոկոս հավաքելով, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,37 տոկոսով երկրորդ տեղում է, երրորդ տեղում էլ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքն է՝ 9,92 տոկոսով: Վանյանը նշում է, որ ընդդդիմադիր երկու դաշինքներն էլ ռուսամետ օրակարգ են հետապնդում, որոշ ընտրատեղամասերում հնարավոր վերահաշվարկից հետո խորհրդարանում կարող է տեղեր ստանալ մեկ այլ ռուսամետ կուսակցություն:(Առայժմ այս վերջինը չի հաստատվում-Ան. Հ.): Թե՛ ռուսամետ, թե՛ եւրոպամետ ընդդիմությունը Փաշինյանին մեղադրեց ամբոխահաճության (պոպուլիզմի) մեջ, մասնավորապես քննադատելով վարչապետին՝ արտաքին անլուրջ քաղաքականություն վարելու, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, քաղբանտարկյալների հանդեպ անտարբերության, Հայաստանում արցախցի փախստականների աղետալի  վիճակի համար, շարադրում է Վանյանը եւ շարունակում՝ ընտրություններից երկու ամիս առաջ իրավիճակը սրվեց տարածաշրջանում արտաքին դերակատարների միջամտության պատճառով, ՀՀ-ն դարձրին իրենց վեճի թատերաբեմ. Պուտինը բացահայտ հորդորեց արտոնել ռուսամետ ուժերին մասնակցել ՀՀ ընտրություններին, իսկ ԵՄ-ն գագաթնաժողով անցկացրեց Երեւանում՝ աջակցություն հայտնելով Փաշինյանին: Մոսկվան սահմանափակեց հայկական ապրանքների ներմուծումը, հիշեցրեց ուկրաինական սցենարի մասին, ԵՄ-ն պատասխանեց ՀՀ-ին ֆինանսական աջակցությամբ, խոստացավ նոր օգնություն:

Ընտրությունից անմիջապես հետո ԵՄ բարձրաստիճան քաղգործիչները, նույնիսկ Էրդողանը հաղթանակի առթիվ շնորհավորեցին Փաշինյանին, փոխարենը Պուտինը լուռ է դեռ, անգամ ՌԴ օրվա առթիվ հունիսի 12-ին Փաշինյանի շնորհավորանքից հետո, գրում է վերլուծաբանը՝ կցելով նաեւ ՀՀ վարչապետի պատասխանը՝ «հուսով ենք, որ Պուտինը դեռ կշնորհավորի»:

Վանյանը կարծիք է հայտնում, թե ՀՀ-ում չէին կասկածում, որ Փաշինյանի կուսակցությունը հաղթելու է, սակայն սահմանադրական փոփոխությունների համար անհրաժեշտ երկու երրորդ մեծամասնության հարցն է էական, որը թույլ կտար ռազմավարական ծրագրեր իրագործել՝ առաջին հերթին սահմանադրության բարեփոխումներ, որ նախատեսում է ԼՂ-ին վերաբերող բոլոր հղումների դուրսթողնելը ՀՀ սահմանադրությունից:

«Փաշինյանի կառավարությունը հրապարակավ չի ընդունում, որ սահմանադրական բարեփոխումները Ադրբեջանի թելադրանքով են», գրում է Վանյանը, թվարկելով  2020-ից հետո բոլոր իրադարձությունները, որ Փաշինյանի իշխող կուսակցությանը դրել են խոցելի վիճակում՝ ԼՂ-ի պարտությունը, 2022-ին Ադրբեջանի ռազմական հարձակումը ՀՀ-ի վրա, Արցախի շրջափակումը, ԼՂ նախկին քաղաքական եւ ռազմական ղեկավարության պատանդառումը, 2023-ին ԼՂ հայ բնակչության էթնիկ զտումը, 2024-ին ռուսական խաղաղապահների դուրսբերումը ԼՂ-ից: «Փաշինյանը չկարողացավ ապահովել սահմանադրական մեծամասնություն, իսկ ռուսամետ ընդդիմությունը ԱԺ ում բավարար տեղ ստացավ  բարեփոխումը խոչընդոտելու համար», գրում է սոցիոլոգը «The Pioneer»-ում հրապարակված ծավալուն հոդվածում՝ նշելով, թե «Ադրբեջանն անպայման կօգտագործի իրավիճակը Հայաստանին մեղադրելու, որ խաղաղության գործընթացը խափանում է, իսկ Ալիեւը նույնիսկ հիմա, առանց խաղաղության պայմանագիր կնքելու էլ զգալի օգուտ է քաղում տարածաշրջանում ՀՀ-ի ունեցած թույլ դիրքից: Ադրբեջանի հետ ռազմական նոր հակամարտության վախը ստիպում է ՀՀ-ին նվաստացուցիչ զիջումների գնալ՝ ապագա խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար: Հայության մի մասը չի հասկանում, թե ինչու խաղաղության անհրաժեշտությունը ծագեց անցյալում կրած ծանր կորուստներից հետո, մյուս մասը չի հավատում, թե ստորագրումից հետո էլ խաղաղություն կլինի բռնապետական Ադրբեջանի հետ: Այդուհանդերձ Փաշինյանի կուսակցության համար կարեւոր է, որ Ադրբեջանի հետ հակամարտությունը հայտարարի ավարտված՝ պատմական տեսանկյունից դրական ներկայացնելու, 2020-2023 թվականների ողբերգությունների պատասխանատվությունը թոթափելու համար», գրում է Վանյանը: «Իրականում, Հայաստանը չի ընտրում իր ցանկալի ապագան, այլ այն, որը կարող է ինքնիրեն արտոնել՝ թելադրված Հարավային Կովկասի քաղաքական ճարտարապետությամբ:

Այս պահին ՀՀ-ն միակ ժողովրդավար երկիրն է տարածաշրջանում: Բոլոր հարեւանները՝ Վրաստանը, Ադրբեջանը, Իրանը, Թուրքիան ավտորիտար եւ բռնապետական են՝ օլիգարխիայի կամ կրոնական ֆունդամենտալիզմի տարրերով: ՀՀ-ի քաղաքական մեկուսացումն առավել սրվում է աշխարհագրական խոցելիությամբ: Այն պատճառ է դարձել, որ ՀՀ-ն կախվածության մեջ լինի ՌԴ-ից, որը վճռորոշ խաղացող է: Վերջին 30 տարում Հարավային Կովկասի հետ ՌԴ հարաբերություններն երբեք այսքան վատ չեն եղել: Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան, սակայն ՌԴ-ին հաջողվել է պահպանել տնտեսական կապերը, նույնիսկ՝ ազդեցություն ունենալ երկրի ներքաղաքական իրավիճակի վրա: Ադրբեջանի հետ հարաբերություններում ՌԴ-ն «մեծ եղբոր» դերը զիջել է Թուրքիային:

Հետխորհրդային տարածքում Մոսկվան պատրաստ է դիմել ապակայունացման միջոցների, երբ երկրները փորձում են խուսափել նրա ազդեցությունից: Տարածաշրջանում ակտիվ են նաեւ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն, որ Հարավային Կովկասում ամրապնդվելու պատրվակով փորձում են հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորել: ԱՄՆ-ն TRIPP- ի միջոցով ամրապնդում է ռազմավարական կապերը Իսրայելի եւ Ադրբեջանի հետ՝ ճնշելով Իրանին: ԵՄ-ն Ադրբեջանի կարիքն ունի որպես գազի եւ հումքի մատակարարի:  Երբ ՌԴ-ն 2020-23 -ին անվտանգւթյան երաշխավորի իր դերը չկարողացավ կատարել, ՀՀ-ն դիվերսիֆիկացման ուղին սկսեց:

Պաշտպանական ոլորտում հարաբերություն է հաստատել Ֆրանսիայի, Հնդկաստանի հետ: Վերջինիս գլխավոր մրցակից Պակիստանը, նաեւ Իսրայելը Ադրբեջանի հետ սերտ ռազմական համագործակիցներ են: Ցարդ Ադրբեջանը կարողացել է հարաբերությունները կարգավորել Իսրայելի եւ Իրանի հետ, որի 93 միլիոնից առնվազն 15 միլիոնը էթնիկ ադրբեջանցի են: Իրանը բազմիցս քննադատել է TRIPP- ը եւ Իսրայելի դերը Ադրբեջանի անվտանգության քաղաքականության մեջ: Թուրքիան էլ դժգոհ է Իսրայելի ներկայությունից: Իսկ ՀՀ-ն շահել է, երբ մարդասիրական օգնություն է առաքել Գազա, ավելի ուշ՝ Լիբանան, որի համար Թուրքիան ժամանակավոր բացել է հայ-թուրքական ցամաքային սահմանը: ՌԴ 102-րդ ռազմաբազան ՀՀ-ում է, իսկ արեւելյան սահմանին գործում է ԵՄ դիտորդական առաքելությունը», գրում է Վանյանը:

«2020-ականների Հարավային Կովկասը հիշեցնում է աշխարհաքաղաքական դիմակահանդես, որտեղ դերերը՝ դաշնակիցներն ու հակառակորդներն անընդհատ փոխվում են՝ կարճաժամկետ շահեր սպասարկելու նպատակով: Սակայն այս տարածաշրջանում անցյալի երկար ստվերը մշտապես նախազգուշացնում է՝ դիմակահանդեսը կարող է վերածվել կոտորածի: Հետեւաբար ՀՀ արտաքին քաղաքականությունը Արեւմուտքի եւ ՌԴ-ի միջեւ ընտրություն ներկայացնելը չի արտացոլում իրականությունը», նշում է սոցիոլոգը՝ պարզաբանելով՝ «այդպիսի մեկնաբանությունները հանդիպում են արեւմտյան կամ ռուսական լրատվամիջոցներում, որ տարածաշրջանը նկարագրում են իրենց քաղաքական հակամարտությունների պրիզմայով: Իրականում Երեւանը ձգտում է ճիշտ հակառակն անել՝ տարածաշրջանի դերակատարների շահերը գոնե մասամբ համընկնեն, որ ինքը չդառնա բախման վայր»:

Խաղաղություն՝ ժողովրդավարությա՞ն փոխարեն

Արեն Վանյանի ենթավերնագիրն անշուշտ տպավորիչ է, բայց «The Pioneer »-ի գերմանացի, եւրոպացի ընթերցողը դա կհասկանա՞: Առայժմ խաղաղություն բառի սուր անհրաժեշտություն է զգացվում ԵՄ տարածքում, ԳԴՀ-ում, երբ խոսքը ոչ թե ցեղասպանություն ապրած, վերապրածների մասին է, այլ՝ ՌԴ- Ուկրաինա ջարդը կանգնեցնելու:

«Ընտրություններից հետո Փաշինյանի կուսակցությունը շարունակում է կենտրոնանալ ռազմավարական երկու նպատակի վրա՝ շարունակել դիվերսիֆիկացման քաղաքականությունը, Բաքվի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրը: Հնարավոր է իշխող կուսակցությունը սկսի զտել ռուսամետ ընդդիմությանը՝ հետագայում սահմանադրական բարեփոխումները հանրաքվեի դնելու համար, կարծիք է հայտնում հոդվածագիրը եւ շարունակում՝ ընտրարշավի ընթացքում դիտավորյալ ձերբակալել են ընդդիմության ներկայացուցիչներին, չարաշահել վարչական ռեսուրսը, հակառակորդների հանդեպ ատելության հռետորաբանություն կիրառել: Որքան էլ պարադոքսալ լինի՝ Ադրբեջանի հետ խաղաղության անհրաժեշտությունը, նույնիսկ առերեւույթ՝ կեղծ խաղաղությունը ռիսկ է պարունակում. Հայաստանը կկորցնի իր ժողովրդավարական կառավարման ձեւը, կմիանա տարածաշրջանի ավտորիտարների շարքին»: « Հենց այստեղ կարող է Արեւմուտքը վճռորոշ դեր խաղալ, կարծիք է հայտնում Վանյանը: ԵՄ-ն, հատկապես Թրամփի վարչախումբը անհրաժեշտ լծակներն ունի Ադրբեջանին ճնշելու, համոզելու նրան հրաժարվել ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների առավելապաշտ պահանջից: Նման քայլը հնարավորություն կտա Արեւմուտքին պահպանելու ժողովրդավարական, համագործակցող  Հայաստանը, ռազմավարական տեսանկյունից ամրապնդելու հարաբերություններն Ադրբեջանի հետ, հաստատվելու՝ որպես խաղաղության գործընթացի գլխավոր միջնորդ»:

Վերլուծաբանը հիշեցնում է, որ ՌԴ հատկապես զգայուն է Հարավային Կովկասում Արեւմուտքի ամրապնդման փորձի հանդեպ, եւ ակնկալելի է, որ կանի ամեն ինչ խափանելու ՀՀ- Ադրբեջան խաղաղության գործընթացը: «ՌԴ-ն ունի դրա համար անհրաժեշտ միջոցները՝ ՀՀ երկաթուղային ենթակառուցվածքները նրա վերահսկողության տակ են, ռուսամետ կուսակցությունները ստացել են խորհրդարանական լեգիտիմություն, իսկ Գյումրիում ռազմաբազան ակտիվ է»:

Հոդվածագիրն իր վերլուծությունն ավարտում է հետեւյալ պարբերությամբ. «Ընտրություններից հետո Փաշինյանի կուսակցության մանեւրելու հնարավորությունն ավելի է սեղմվել: Այն հավանաբար կշարունակի դիվերսիֆիկացման զգուշավոր ռազմավարությունը, որ թույլ է տալիս ազատվել ՌԴ-ի լիակատար վերահսկողությունից: Իշխող կուսակցությունը կփորձի հնարավորինս երկար հավասարակշռություն պահպանել տարածաշրջանային դերակատարների միջեւ՝ միաժամանակ ջանալով խաղաղության համաձայնագիր կնքել Ադրբեջանի հետ:

Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ», գերմանական «The Pioneer »-ում գրում է սոցիոլոգ Արեն Վանյանը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Լուսանկարը՝«The Pioneer»-ի կայքի:

Նախորդ գրառումը

Վե՛րջ պատերազմի՞ն. Ի՞նչ կշահի Իրանը, ի՞նչ կստանա ԱՄՆ-ը

Հաջորդ գրառումը

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
19 Հունիսի, 2026

Վե՛րջ պատերազմի՞ն. Ի՞նչ կշահի Իրանը, ի՞նչ կստանա ԱՄՆ-ը

19/06/2026
Հաջորդ գրառումը

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

Լրահոս

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026

Ընտրություններում հաղթած լինելու վերաբերյալ Ն. Փաշինյանի կեսգիշերային բլեֆի բացահայտման գործում «Բարգավաճ Հայաստանի» ստացած ձայների գողության փաստերը, ինչպես տեսնում ենք, կարեւոր,...

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026

ԿԸՀ-ն հունիսի 14-ին, երեք ընտրական տեղամասերում, վերահաշվարկ կատարելու վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիմումներն ուսումնասիրելուց հետո, հայտարարեց, որ արձանագրված խախտումները չեն...

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026

1885-1960 -ին այժմյան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության տարածքում Բելգիայի գաղութային դաժան համակարգն էր տիրում։ Ո՛չ զոհերի հստակ թիվ կա, ո՛չ էլ...

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026

Հարավային Կովկասի «վերջին, շատ փխրուն ժողովրդավարություն ունեցող» հետընտրական Հայաստանի մասին է ծավալուն վերլուծություն հրատարակել 2018-ին Բեռլինում հիմնադրված  քաղաքական, տնտեսական եւ...

Վե՛րջ պատերազմի՞ն. Ի՞նչ կշահի Իրանը, ի՞նչ կստանա ԱՄՆ-ը

19/06/2026

Ուրբաթ օրը՝ հունիսի 19-ին Շվեյցարիայում կստորագրվի Իրան-ԱՄՆ համաձայնագիրը: Այդ մասին բոլոր լրատվամիջոցներն են հայտարարում եւ ավետում, որ հարցը վերջնականապես  համաձայնեցված...

Screenshot

Ճապոնական ամենամեծ թերթի հայկական անդրադարձը

19/06/2026

Ճապոնիայի ամենամեծ թերթը՝ «Յոմիուրի Շիմբուն»-ը, հունիսի 8-ի համարում անդրադարձել է Մելինե Մեսրոպյանի եւ Արիսա Օտայի «Ճապոնիայում ապրած «սփյուռքը». Դիանա Աբգարը...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական