Կիրակի, 26 Հուլիս, 2026

Աշխարհաքաղաքական վեկտոր ընտրելիս

Հայաստանը կմասնակցի՞ մայիսի 9-ի հաղթանակի 80-ամյակին

Արդյո՞ք չենք չափազանցում, ասելով, որ մեր ազգը փնտրտուքի մեջ է եւ ուզում է աշխարհաքաղաքական վեկտորներից լավագույնն ընտրել:

44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո Հայաստանի ռազմավարական դաշնակցի դերում հանդես եկող Ռուսաստանի վարքագծի փոփոխման պատճառով Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորի վերընտրության հարցը  հայտնվել է  օրակարգում: 

Չենք ցանկանում քննարկել, թե ի՞նչ հանգամանքներում է Ռուսաստանը փոխել իր վարքագիծը, եւ ինչո՞ւ  հնարավոր չեղավ կանխել պատերազմը: Վաղուց արդեն մեզ հայտնի են դրանց պատճառները: Պարզապես ուզում ենք հիշեցնել, որ մեր ազգը դարձյալ  իրեն պատկերացնում է  երկընտրանքի առաջ կանգնած մոլորյալի կարգավիճակում:

 Ընտրել Արեւե՞լքը, թե՞ Արեւմուտքը: Միգուցե շարունակել հայացքը սեւեռած պահել դեպի Հյուսի՞ս,  թե՞  հետեւել Իրանի օրինակին ու մերժել ե՛ւ Արեւելքը, ե՛ւ Արեւմուտքը: Թերեւս  թուրքմենների օրինակով  նախ հռչակել մշտական չեզոքության կարգավիճակ, հետո էլ՝ փոփոխված իրավիճակում «ապամոնտաժել» չեզոքությունը խորհրդանշող Թուրքմենբաշիի ոսկե հուշարձանը:  

Արդյո՞ք  վեկտորների ընտրության հարցում  երկմտանքի մեջ հայտնված Վրաստանն է  դառնալու մեր ներշնչանքի աղբյուրը:  

Շարունակելո՞ւ ենք օրհնել ռսի ոտը Հայոց աշխարհում հայտնվելու եւ ղզլբաշի անիծած, չար շունչը մեր երկրից հեռացնելու սհաթը: Թե՞ օրհնված ենք համարելու Գյումրիից ռուսական ռազմակայանը հեռացնելու սհաթն ու ընդառաջ գնալու ռեբռենդինգ արված ղզլբաշներին:
Կոմպլեմենտարի՞զմ ենք դավանելու, թե՞ երդվելու ենք հավատարիմ մնալ  Եվրոպական արժեքներին:  

Միգուցե ուզում ենք «հավասարակշռված» դիվանագիտություն վարելու լարախաղացային արվեստի եւ աշխարհաքաղաքական վեկտորներ ջոկջոկելու հարցում  անորոշության մեջ լողալու գաղտնիքը բացահայտած ժողովուրդ դառնալ:  

Ո՛չ: Երիցս ո՛չ:  

Քանի դեռ մենք շարունակելու ենք ընթանալ սեփական արժանիքներն ու գրավչությունները քամուն տալու ճանապարհով: Քանի դեռ գործոն դառանլու ռազմավարությունը դուրս է մնալու մեր արտաքին քաղաքականության հոլովույթից, մեզ ըտրվելու հնարավորություն չի տրվելու: Այլ ընտրության սուբյեկտը լինելու ենք մենք:     

Մե՛նք չենք կանգնած երկընտրանքի առաջ, այլ, ինչպես միշտ՝ ուրիշնե՛րն են մեզ ընտրելու:  Այնպես, ինչպես 301 թվականին հրեական ծագումով կրոնը  պարթեւացիների կերպարով եկավ, հասավ Հայաստան ու, որպես Աշխարհում առաջինը քրիստոնեություն դավանող երկիր, ընտրեց մեզ:

387 թվականին Մեծ Հայքի թագավորությունը մեր կամքով չէր, որ բաժանվեց Հռոմեական կայսրության եւ Սասանյան Պարսկաստանի միջեւ:
1828 թվականին ստորագրված Թուրքմենչայի պայմանագրով Արեւելյան Հայաստանը  Պարսկաստանից Ռուսաստանին անցնելու ժամանակ էլ հայ ժողովրդի կամքի հետ ոչ ոք հաշվի չէր նստել:

Հայաստանի խորհրդայնացման օրերին էլ ոչ ոք մեր ցանկությունը բանի տեղ չդրեց: Եվ Հայաստանի ակամա անկախությանը հանգեցրած Խորհրդային Միության փլուզումը նախագծելիս դարձյալ հայ ժողովրդի կամքն իմանալու փորձ չէր արվել: Ոչ էլ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններ հաստատելու ժամանակ Հայաստանում համաժողովրդական քվեարկություն  տեղի  ունեցավ: Իսկ 2013 թվականին Եվրասիական Տնտեսական Միությանը մաս կազմելու համար ո՛չ թե հայ ժողովրդի, այլ ընդամենը մի հոգու կարծիքն էր վճռորոշ դեր խաղացել:  

Հիմա էլ չափազանցում ենք, ասելով, որ մեր ազգը փնտրտուքի մեջ է եւ ուզում է աշխարհաքաղաքական վեկտորներից լավագույնն ընտրել: Նման բան չկա: Քանի դեռ մեր արժանապատվությունը վերականգնելու փորձ չենք արել, դարձյալ մեզ են ընտրելու: Կապ չունի՝ Էրդողանի երդմնակալության արարողությանը կմասնակցենք, թե՞ մայիսի 9-ի հաղթանակի 80-ամյակին:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանում ՀՀ նախկին դեսպան