Ազգային Օրակարգ կուսակցության անդամ Ավետիք Չալաբյանի տեսակետը աշխարհազորի ստեղծման մասին։
Օգոստոսի 24-ին ՀՀ Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է դրել օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ, որով նախատեսվում է Հայաստանի Հանարապետության տարածքում կազմակերպված աշխարհազորի ստեղծում՝ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակայությամբ։ Այս թեմայով արդեն բավական ընդարձակ հանրային քննարկում է սկսվել, և ես ևս կուզեի կիսվել հարցի շուրջ իմ դիտարկումներով։
Դեռևս 2015 թվականից սկսած, անվտանգային խնդիրներով զբաղվող մեր ԱրԱր հիմնադրամը համագործակցություն սկսեց Պաշտպանության նախարարության հետ՝ փորձարկելու աշխարհազորի մոդելը Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում։ Մեր տրամաբանությունը բավական պարզ էր՝ եթե սահմանագծում սկսվում են ռազմական գործողություններ, ապա բանակի կանոնավոր ստորբաժանումներին անհրաժեշտ է աջակցություն անմիջական թիկունքում՝ պաշտպանելու բնակավայրերը և ենթակառուցվածքները դիվերսանտների հարձակումներից, ռմբակոծությունների դեպքում ապահովել խաղաղ բնակչության անվտանգությունը, իսկ հակառակորդի հնարավոր ներխուժման դեպքում՝ ապահովել նաև նրա կազմակերպված տարհանումը և ընթացքում հնարավոր պաշտպանությունը։
Այս գործունեության համար որպես կամավոր ներգրավվում էր սահմանամերձ բնակավայրերի տղամարդ բնակչությունը, որը բնականորեն շահագրգռված էր սեփական օջախների և ընտանիքների պաշտպանությամբ։ Մենք առաջարկում էինք նաև, որ յուրաքանչյուր աշխարհազորայինին զենք կցագրվի, որը կպահվի համայնքում գտնվող անվտանգ տարածքում, սակայն ի վերջո, նախարարությունը պնդեց, որ զենքը պահվելու է միայն զորամասերում, իսկ կամավորներին կտրամադրվի միայն համազգեստ։ 2015 թ․ ընթացքում հաջողվեց հավաքագրել և վերապատրաստել մի քանի հարյուր կամավորական, հետագայում այդ թիվը էապես աճեց, մինչև 2018 թվի սկիզբը Հայաստանի համարյա բոլոր սահմանամերձ բնակավայրերը ներառվեցին ծրագրի մեջ։ 2016 թվի ապրիլին, երբ սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողությունները Արցախում, այս կամավորականների ճնշող մեծամասնությունը արագ մոբիլիզացվեցին, և կարևոր աջագցություն ապահովեցին բանակի կանոնավոր ստորաբաժանումներին, ի սկզբանե նախանշած տրամաբանությամբ։
2018 թվականի իշխանափոխությունից հետո, մենք բազմիցս ենք քննարկել բանակի ղեկավարության հետ ծրագրի ընդլայնման հնարավորությունը ամբողջ երկրի տարածքով, գիտակցելով, որ մեր երկիրը կանգնած է իրական պատերազմական սպառնալիքների առջև, և խաղաղ բնակչության մեծ մասը չի պատկերացնում, թե ինչ է պետք անել, եթե հանկարծ մարտական գործողությունները հեռավոր սահմանից տեղափոխվեն երկրի խորքը։ Ցավոք, այս հարցը առաջ չէր շարժվում, առկա էր որոշակի թերըմբռնում, որ բանակին այդպիսի ռեսուրս անհրաժեշտ չի, մանավանդ այն պայմաններում, երբ այն գնում է տեխնոլոգիական հագեցման ճանապարհով, ուստի ավտոմատով զինված կամավորականը այլևս էական ազդեցություն չի կարող ունենալ ռազմական գործողությունների վրա։ Թեև դա արդարացի փաստարկ է, աշխարհազորի խնդիրը ոչ թե բանակին փոխարինելն է, այլ քաղաքացիական պաշտպանությունը կազմակերպելը, մի ոլորտ, որով սահմանափակ ռեսուրսներով մեր բանակը չի կարող արդյունավետ զբաղվել, առանց շեղելու սեփական ուժերը բուն մարտական գործողություններից։ Հայտնի է նաև, որ այն երկրները, որոնք գնացել են այս ճանապարհով, արդյունքում էապես բարձրացրել են բնակչության անվտանգության մակարդակը, քանի որ աշխարհազորի կազմակերպումը ի վերջո բերում է նաև համապատասխան ենթակառուցվածքի առաջացման (հրաձգարաններ, ռմբապաստարաններ, առաջին անհրաժեշտության նյութերի պահեստներ, և այլն), և բնակչության լայն շերտեր դառնում են ավելի լավ պատրաստ դիմագրավելու հնարավոր (նույնիսկ եթե քիչ հավանական) անվտագության սպառնալիքներին։
Այսօր վերջապես այս գաղափարները ամրագրող օրենսդրական փաթեթը ներկայացվել է քննարկման, և մեր համար սա ողջունելի նախաձեռնություն է։ Բուն նախագիծը դեռ զգալիորեն անկատար է, և կարիք ունի էական հղկումների՝ մասնավորապես, մեր կարծիքով, բոլոր աշխարհազորային ստորաբաժանումները պետք է ենթարկվեն զինվորական, և ոչ թե քաղաքացիական իշխանություններին (կամ ունենան երկակի ենթակայություն), ստորաբաժանումների կառուցվածքը պետք է պայմանավորված լինի նրանց իրական թվակազմով, ոչ թե բնակավայրերի ֆորմալ կարգավիճակով, աշխարհազորայինները պետք է որոշակի արտոնություններ ստանան իրենց ծառայության համար և սոցիալական երաշխիքներ՝ առողջությանը կամ կյանքին վնասի դեպքում, պետք է ամրագրվի նաև պետության պարտավորությունները՝ նրանց պատրաստելու իրենց հետագա գործունեությունը արդյունավետ իրականացնելու համար։ Սակայն սա արդեն կարևոր քայլ է՝ ճիշտ ուղղությամբ, և շատ կարևոր է այս պահին հանրային աջակցությունը այս նախաձեռնությանը, այն անհրաժեշտ ծավալներով և արդյունավետությամբ իրագործելու համար։
Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, մեր ԱրԱր հիմնադրամը կշարունակի համագործակցել Պաշտպանության նախարարության հետ՝ այս նախաձեռնությունը արդյունավետ կյանքի կոչելու նպատակով։ Իմ կողմից նաև լրացուցիչ հանձնառություն եմ վերցնում՝ ապագայում անձնապես կամավորագրվելու աշխարհազորին, և կոչ եմ անում նաև մեր երկրի ու բնակչության անվտանգությամբ շահագրգիռ բոլոր ընկերներիս և գործընկերներիս՝ կամավորագրվել ապագայում ստեղծվելիք աշխարհազորին, և անմիջական մասնակություն ունենալ մեր երկրի և սեփական ընտանիքի անվտանգության ապահովմանը։