Թրամփը հաղթում է փրայմերիզներում՝ սա վատ նորություն է հայերիս համար, Ռուսաստանի նախագահական ընտրությունների ելքը, չնայած կանխատեսելությանը, առանցքային դեր ունի նրա հարեւանների ու մեր տարածաշրջանի համար, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության վերջը դեռ չի երեւում, Գազայի հատվածի եւ Իսրայելի միջեւ բախումները դեռեւս ներուժ ունեն իրենց մեջ՝ այլ պետությունների մասնակցության առումով: Սա մեր տարածաշրջանի եւ մասնավորապես Հայաստանի համար՝ ընդհուպ որոշիչ իրադարձությունների ֆոնն է, որի առկայությամբ Հայաստանի ներսում ողջամիտ մարդիկ համոզված են, թե իշխանությունը պետք է ջանա պահպանել արտաքին բազմակողմ շփումների (այդ թվում՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների՝ մինչեւ այժմ եղած մակարդակի) ստատուս քվոն, իրոք ուժեղացնի բանակն ու եթե հնարավոր է՝ տնտեսությունը, կտրուկ շարժումներ չանի, մինչեւ ավելի որոշակի պատկեր ուրվագծվի միջազգային գործընթացներում:
Սակայն մեր իշխանությունը, երեւում է, հակառակ կարծիքին է, նրա ներկայացուցիչների ակտիվ եվրոպական (արեւմտյան) շփումներից երեւում է, որ ինչ-որ բան նրանց շտապեցնում է հավաքական Արեւմուտքին հավատարմության խոստումներ ու երաշխիքներ տալ առ այն, որ ավելի արագ են շարժվելու եվրոպական ուղղությամբ նախագծված գործընթացներում, ավելի արագորեն են կատարելու Եվրոպական կառույցների ցանկություններն ու ուղղորդումները: Անգամ իշխանության ներկայացուցիչները, գոնե առերես,պրոբլեմային են դարձնում են ռուսական ուղղությամբ հայկական բացվածքը (չի բացառվում, որ իրականում այլ պատկեր է, մանավանդ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի վերջին բարձրաձայնումներն ավելի իդիլլիկ պատկեր էին գծագրում)՝ իրենց հայտարարություններով, ակնարկում մինչեւ աշուն ԵՄ անդամակցության հնարավորության մասին, դրա համար ափալ-թափալ փորձում հայ-թուրքական, հայ-ադրբեջանական շփումներում դրական արդյունք գրանցել: Թե բա՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը չի բացառվում, վերջին ընտրություններով հայ ժողովուրդը Հայաստանի՝ միութենական պետություն մտնելը կանխեց, Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից կհրաժարվենք՝ եթե Ադրբեջանը հրաժարվի եւ այլն:
Ո՞ւր է սուրում իշխանությունը՝ չգիտենք, այն վազողի նման, որ առաջ ընկնելով վազքուղում՝ ընդհանրապես կտրվում է վազողներից, մոլորվում անծանոթ վայրերում եւ դուրս մնում մրցաշարից: Ինչի՞ արդյունք է արեւմտյան-եվրոպական ուղղությամբ ցուցադրվող նոր որակի այս ջերմեռանդությունը: Բանը հասել է նրան, որ արտաքին կուրսի հետ համաձայն չէ անգամ եվրոպական կարգախոսներով գործիչ դառած, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, համենայնդեպս՝ այդպես էր բացատրում իր հեռանալն իշխանական շրջանակներից այն դեպքում, երբ նրան միշտ էլ բոլորը պատկերացրել են Նիկոլ Փաշինյանի եւ Արեւմուտքի ծիրում: Եվ արդեն իր գրառումներն է անում, թե Հայաստանը պետք է կանգնեցնի Արցախում Ադրբեջանի վանդալիզմը՝ արցախյան խորհրդանիշերի դեմ եւ այդպիսով Արցախի ժողովրդի վերադարձի հնարավորությունը վերացնելու ուղղությամբ:
Ինչո՞ւ ենք շտապում, ո՞ւր ենք շտապում՝ հայ-ադրբեջանական ի՞նչ խաղաղության պայմանագիր կամ հայ-թուրքական հարաբերությունների ի՞նչ թուղթ ենք ուզում ստորագրել՝ Արցախը թողած շունուգելի բաժին, թուրքական եւ ադրբեջանական՝ երբեք չփոխվող նախապայմանների առկայությամբ, մեծ խաղացողների՝ իրենց հարցերի լուծումն ու ազդեցությունների վերաբաժանումը չավարտած եւ, բնականաբար, վերը նշված գործընթացների մասնակցության մշտական հավակնորդ որպես նրանց մտադրությունները դեռ չհստակված:Կարելի է կարծել, թե Հայաստանը մի այնպիսի պետություն է, որ կարող է ինչ-որ բան թելադրել կամ գործընթացներից առաջ ընկնել:
Այո, հայերը առավել հակված են դեպի եվրոպական արժեքների, վաղուց ապրում են այդ արժեքներով, ավելի բաց են եւ ընկալունակ նորի հանդեպ, այո, ռուսների երկդիմի, տեղ-տեղ դավող եւ կորստաբեր վերաբերմունքը տեսել ենք: Բայց այդ չի նշանակում, որ չպետք է դիվանագետ լինենք. պետք է անհանգիստ շարժումներ անենք եւ վտանգի տակ դնենք պետությունն ու նրա սահմանները: Ի վերջո՝ նույն եվրոպացիները թույլ տվեցին Արցախի էթնիկ զտումն ու դարասկզբի մեր կորուստները, ի՞նչ երաշխիք, որ մեր անզգուշության եւ անհամբերության պատճառով պետությունը չենք կորցնի՝ նույն եվրոպական անհողդողդ հայացքի ներքո: Միգուցե մեր ձեռքով շագանակ հանող Եվրոպային (ավելի լայն՝ Արեւմուտքին) պետք է նրբորեն բացատրել, որ մեր վիճակը առանձնահատուկ է, որ շտապողականությունը կարող է հարցականի տակ դնել մի քանի հազար տարվա պատմություն ունեցող ժողովրդի վերջին հանգրվան այս փոքրիկ երկրի պետականությունն ու անվտանգությունը, որպեսզի նրանք եւս զսպեն իրենց պահանջների շառավիղը:
ՀԱՊԿ-ից էլ, այո, սպասելիք չկա, միգուցե առիթ-անառիթ չբարձրաձայնելով՝ չմասնակցելը ճիշտ է, բայց պետք չէ նոր թշնամիներ ձեռք բերել, նոր բարեկամներին էլ դիվանագիտորեն պետք է բացատրել երկու քարի արանքում լինելու մեր տխուր վիճակը: Սա՛ պետք է անել, եւ ոչ թե հակառակը, ասենք Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ոչ թե իշխող կուսակցությանը պետք է հանդիպի ու բացատրի, որ հօգուտ արեւմտյան կառույցների դիրքորոշումները խթանեն, այլ հակառակը, արեւմտյան էմիսարներին հասկացնի, որ Հայաստանի նուրբ վիճակը ենթադրում է ավելի ոչ ստանդարտ մոտեցումներ:
Կամ որ ասում եք՝ Ադրբեջանի դեմ հայցերից կհրաժարվենք: Ախր Ադրբեջանը Հայաստանի, Արցախի դեմ հայցերից չի հրաժարվելու, ո՞ւմ համար պարզ չէ, մի՛ խաբվեք: Ադրբեջանը ո՛չ խաղաղության պայմանագրում իր առանցքային նախապայմաններից է հրաժարվում, ո՛չ միջազգային հայցերից, ու բացի այդ՝ ինքնին ծագում է հարցը. մենք ե՞նք էթնիկ զտում արել Արցախում (էլ չասած՝ Նախիջեւանում), մենք ե՞նք սպանել, ոչնչացրել եւ ոչնչացնում Արցախի մշակութային հուշարձանները, այս պահին մե՞նք ենք քանդել ԱԺ պառլամենտի շենքը, մենք ե՞նք հայերի հանդեպ մարդու իրավունքների աղաղակող խախտումները թույլ տվել, որ մենք հրաժարվենք: Ինչի՞ց հրաժարվենք՝ մեր դարավոր հայրենիքում ապրելու իրավունքը միջազգայնորեն պնդելո՞ւց, մեր ունեցվածքի փոխհատուցումը պահանջելո՞ւց, Ալիեւին միջազգայնորեն ռազմական հանցագործ ճանաչելու հնարավորությունի՞ց, հո չե՞նք գժվել: Միգուցե ոմանք հիմա հույս ունեն, որ այդպես խաղաղություն կստանան. նախ՝ չեն ստանա, մինչեւ Ադրբեջանին ուժ ցույց չտանք, նա չի հրաժարվելու իր հայտնի պլաններն իրագործելուց, բացի այդ՝ հրաժարվելը կնշանակի բոլոր սերունդներին իրավականորեն զրկել սեփական հայրենիքի համար պայքարելու միջազգային գործիքներից, վավերական կդարձնի Ադրբեջանի բոլոր զավթումները:
Հիմա կանգ առնենք Անթալիայի ֆորումին նորից տաքացված հայ-թուրքական պարտիայի, ավելի շուտ՝ հայկական կողմի այն հույսերի վրա, թե հայ-թուրքական սահմանը բացելու եւ հարաբերություններ հաստատելու համար թուրքական կողմի կամքն է պետք, իսկ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ բանակցման՝ Էրդողանի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն էլ ախորժակ ունի Երեւան այցելելու:
Իսկ ի՞նչ է մտնում թուրքական կողմի կամքի մեջ: Ենթադրաբար այն, ինչ հայկական կողմը չի բարձրաձայնում: Բնականաբար՝ նախ հայ-ադրբեջանական խաղաղության կնքումը, ադրբեջանական օրակարգի բոլոր պահանջներն արտացոլած, այսպես կոչված ՝ Զանգեզուրի միջանցքի տրամադրումն Ադրբեջանին (մեծ հաշվով՝ Թուրքիային), եւ ապա՝ հայերիս հրաժարումը Հայոց ցեղասպանության հետապնդումից եւ հարակից բոլոր տեսակի քաղաքական, տնտեսական ու բարոյական պահանջներից:Սրա իրավասությունը ոչ մի իշխանություն չունի, բազմիցս նշել ենք:
Օգտակար կհամարենք կենցաղային մակարդակում թուրքերի տրամադրվածությունը եւս մատնանշել, որը գումարվում է, իսկ ավելի ստույգ՝ բխում է թուրքական պետական-պաշտոնական քաղաքականութունից, ամբողջացնելով թուրքական մտայնությունը:
Այդ առումով ես մտովի գծագրում եմ տարբեր ժամանակներում Թուրքիա կատարած իմ երեք ուղեւորությունների ժամանակ թուրքերի (սովորական եւ պաշտոնյա) հետ իմ շփումների հաշվեկշիռը, հասկանալու համար՝ ի՞նչն է հնարավոր, ի՞նչը՝ ոչ: Ճիշտ է՝ իմ այցերից հետո շատ տարիներ են անցել, բայց հազիվ թե այդ տարիների ընթացքում մտայնությունն անճանաչելի փոխված լինի, ինչպես որ չէր փոխվել Ցեղասպանություն իրականացնողների սերունդների հայացքի ուղղությունը Ցեղասպանությունից 75-80 տարի հետո, երբ առաջին անգամ Ստամբուլ գնացի: Ուրիշ բան, որ կան լրագրողների այցերը Թուրքիա ֆինանսավորող զանազան հիմնադրամներ, որոնց ծրագրի շրջանակում վերջին մի քանի տարին կատարվող լրագրողական այցերը ուղղորդված են, եւ հրապարակված նյութերն էլ պատվերով համերգ են հիշեցնում: Կենցաղային եւ պաշտոնեական մակարդակով իմ շփումներում թուրքերի գերակշիռ մասը համարում էր, որ Հայաստանը կուլ տալը եւ հայերից ազատվելը ժամանակի խնդիր է միայն, դա ծրագիր էր համարում թուրքերի մեծամասնությունը: Կենցաղային մակարդակով թուրքական մտայնություն նկարագրելը, կարծում եմ, ավելի շատ հուշող բաներ ունի իր մեջ, քան պատասխանատուների՝ իրար ասվող դիվանագիտական բառապաշարը կամ կեղծ ժպիտները կարող են երեւակել: Հայերի նկատմամբ ընդհանուր անբարյացակամ վերաբերմունք կար ամենուր՝ փողոցներում, շուկաներում, հանրային վայրերում, երբ նույնականացնում էին, որ Հայաստանի հայ ես՝ աշխատում էին ե՛ւ կոպտել, ե՛ւ ֆինանսապես խաբել, ե՛ւ անքաղաքավարի վարվել, ե՛ւ երբեմն՝ սպառնալ: Քաղաքավարի եւ բարեհաճ առանձին դեպքերը հակառակ օրինաչափության հաստատումն էին:
Իմ առաջին այցը Ստամբուլ անցած դարի իննսունականներին էր, այդ այցից շատ տարիներ հետո ես էլի այցելեցի Թուրքիա՝ էլի նույն մտայնությունը տարբեր ձեւաչափերով արձանագրեցի: Երբ արդեն տեղի էր ունեցել Հրանտ Դինքի սպանությունը, մի անգամ էլ գնացի Թուրքիա լրագրողական խմբով, հանդիպեցինք Թուրքիայի զբոսաշրջության փոխնախարարին, ու պետական պաշտոնյայի մակարդակով հնչեցվեց, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կախված են հօգուտ Ադրբեջանի Ղարաբաղի հարցի լուծումից եւ հայերի կողմից կնճռոտ հարցերը (նկատի ուներ Հայոց ցեղասպանությունը) միջազգային հարթակներում աչք խոթելը դադարեցնելուց: Էէէէ, տասնչորս տարի առաջ: Այսինքն՝ թուրքերն իրենց ծրագրով են շարժվում միշտ՝ ե՛ւ պաշտոնական, ե՛ւ կենցաղային մակարդակով, նրանք ո՛չ ձեռագիր են փոխում, ո՛չ մտադրություն:
Իսկ մենք, դատելով Հայաստանի ներկայացուցչի՝ Հայաստանից ոչ մի պահանջ Անթալիայի ֆորումում եւ հետագա հարցազրույցներում չհնչեցնելու երեւույթից, այդպիսով հրաժարվում ենք միջազգային իրավական գործիքներից՝ թուլացնելով նաեւ մեր դիրքը երկխոսելիս: Փոխանակ՝ թուրքերին հանգիստ բացատրենք, որ մենք դեմ չենք իրենց հետ նորմալ դրացիություն անելուն, բայց դրա համար իրենք պետք է ընդունեն, որ մեզ հայրենիքից զրկել ու ցեղասպանել են, գոնե մի բերան ներողություն պիտի խնդրեն, դրանից հետո գուցե եւ մտածենք դրացիության մասին: Մինչդեռ միջազգային իրավական հարթակներն ու գործիքներն չօգտագործելով՝ նրանց ախորժակը զսպելուց ենք կամովին հրաժարվում, Արցախի հանդեպ իրենց հալալ եղբոր էթնիկ զտման գործողությունների դեմ հայցերն էլ եթե հետ կանչենք՝ զենքերը լրիվ վայր կդնենք:
Դրանից հետո ո՞վ մեզ կհարգի, ո՞վ մեզ հետ հաշվի կնստի, ունեցած զենքերից չօգտվողին մարդահաշիվ չեն անում…
Խոսքը իրավական զինանոցը ողջամիտ օգտագործելու մասին է, ոչ թե Ցեղասպանության մասին խոսակցությունը մազոխիզմի աստիճանի հասցնելու. խոսքն ազգի՝ արժանապատվություն ունենալու մասին է:
Այնպես որ՝ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական ուղղությամբ ամեն տեսակի զիջումները միայն վտանգի դուռ են բացելու Հայաստանի համար, ինչպես եւ ժամանակից առաջ ընկած անկանոն շարժումները, շտապողականությունը Եվրոպայի, Արեւմուտքի ուղղությամբ (դա, իհարկե, վերջին հաշվով այլընտրանք չունի, բայց ոչ՝ այդ արագությամբ եւ մեր թշնամիների թիվն ավելացնելով): Եվ ընդդիմության այս կարգի բնորոշումները շալակելով, ինչպես որ բնութագրեց խորհրդարանում Արծվիկ Մինասյանը. «Հայաստանի անվտանգությունը եւս մեկ անգամ տեղափոխում են այնպիսի աննորմալության դաշտ, որ ցանկացած պահի բոլոր կողմերից Հայաստանը հարվածներ է ստանում: Ուղղակի թշնամացնել դաշնակցին և, առհասարակ, զրոյացնել Հայաստանի անվտանգության արտաքին համակարգերը, նշանակում է, որ այս մարդիկ եւս մեկ անգամ ցույց են տալիս, որ ոչ միայն կապ չունեն պետական կառավարման հետ, այլեւ ոնց որ թե բացարձակ կապ չունեն նաև հայ ժողովրդի անվտանգության նվազագույն երաշխիքներ ստեղծելու հետ»:
Իշխանությունը նորից պետք է մանրամասն վերլուծի իր վարքագիծը՝ արտաքին ոլորտում գալով հավասարակշռության դաշտ, միշտ աչքի առաջ ունենալով, որ Հայաստանի անվտանգության համար իր անզգույշ պահվածքով կարող է էական սպառնալիք ստեղծել, եւ այդ դեպքում իշխանափոխության պահանջով փողոցն ի վերջո հավաքվելու է:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ