Ահաբեկչական ակտը Կրասնոգորսկի (Մոսկվայի մարզ) “Крокус Сити Холл” համերգասրահում տեղի ունեցավ 2024թ. մարտի 22-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 2000-ին: Ահաբեկչական հարձակումը ուղեկցվել էր զանգվածային հրաձգությամբ եւ պայթյուններով (պայթյուններ, որոնք հանգեցրել են ուժգին ցնցումների, թրթռումների եւ շրջակա միջավայրի վրա ջերմային ազդեցության) եւ հրդեհով:
Չորս ահաբեկիչներ կրակ են արձակել համերգասրահի շենքում գտնվող մարդկանց վրա ինքնաձիգերից: Արդյունքում, ըստ նախնական տվյալների, սպանվել են 137 մարդ (այդ թվում եւ երեխաներ), տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, վիարվորվել եւ հոսպիտալացվել 145 մարդ: Պայթյուններից ու հրդեհից փլուզվել եւ հրդեհվել է գրեթե ամբողջ շենքը: «Կրոկուս Սիթի» համերգասրահը գտնվում է Կրասնոգորսկի «Կրոկուս» բիզնես կենտրոնում: Շահագործման է հանձնված 2009 թվի հոկտեմբերի 25-ին, պատկանում է “Crocus Group” ընկերությանը (holding, որի տերը Ռուսաստանի հայտնի ձեռներեց, օլիգարխ, ծագումով ադրբեջանցի Արազ Աղալարովն է:
Համերգասրահը կառուցվել է Վ. Ա. Կուչերենկոյի անվան Կենտրոնական գիտահետազոտական, շինարարական հրահանգների ինստիտուտի նախագծով: 7 հարկանի շենքը զբաղեցնում էր ընդհանուր օգտագործելի 38,000մ2 տարածք: Համերգասրահում կարող էր տեղավորվել 6200 հանդիսատես: Անհրաժեշտության դեպքում կարող էր վերածվել պարահրապարակի, 9500 աթոռով: Համերգասրահի անվտանգությունը ապահովում էր մասնավոր ընկերություն՝ «Կրոկուս Պրոֆիլը»:
Ըստ տեղեկատվական որոշ աղբյուրների, համերգասրահը կառուցելը եղել է Արազ Աղալարովի որդու՝ 45-ամյա Էմին Աղարալովի (հանրահայտ փոփ երգիչ) գաղափարը: Վերջինս ցանկություն չուներ շարունակել հոր բիզնեսը եւ նվիրել էր իրեն երգարվեստին, եւ ահա նա էլ որոշել էր կառուցել այդ համերգասրահը, որը եւ իրականացրեց նրա հայրը: Ընդ որում, համերգասրահի հարեւանությամբ «Մյակինինո» մետրոյի կայարանը (քաղաքապետ Լուժկովի առաջարկությամբ) նույնպես կառուցվել է Արազ Աղալարովի ֆինանսներով: Ինչ վերաբերում է Էմին Աղալարովին, ապա նա իրոք հանրահայտ երգիչ է, եւ այդ կյանքի ուղին նա ընտրել է հետեւելով իր հոր մոտիկ ընկերոջ՝ խորհրդային հանրահայտ երգիչ Մուսլիմ Մագոմաեւի օրինակին:
Իմիջիայլոց, ավերված համերգասրահը կրում է հենց Մ. Մագոմաեւի անունը: Ինչեւէ, Էմին Աղալարովը 2020թ. ամերիկյան հայտնի “Forbes” ամսագրի ընտրությամբ ընդգրկվել է աշխարհի ամենահաջողակ շոու-բիզնեսի 40 աստղերի ցուցակում: Հետաքրքրական է նաեւ այն փաստը, որ Էմին Աղալարովի առաջին երաժշտական ալբոմները անգլերեն լեզվով հեռարձակվել են բրիտանական ռադիոկայաններով: Թե ինչո՞ւ է այս փաստը հետաքրքրական, կանդրադառնամ քիչ ավելի ուշ:
2006թ. Էմին Աղալարովն ամուսնանում է Ադրբեջանի նախագահի դստեր՝ Լեյլա Ալիեւայի հետ: Զույգն ունենում է երկվորյակ՝ Ալի եւ Միխայիլ որդիներ, սակայն ամուսնական կյանքը ավարտվում է 2015 թվին: Այնուհետեւ Էմինի կյանքում հայտնվում է երկրորդ կինը՝ մոդել Ալյոնա Գավրիլովան: Այս կնոջ հետ միությունը նույնպես երկար չի տեւում:
Ցավոք ես չեմ լսել Աղալարովի երգերի հավաքածուն, որոնք կատարվել են անգլերենով, հեռարձակվել են բրիտանական ռադիոկայաններով եւ ցանկություն էլ չունեմ լսելու (չնայած սիրում եմ անգլիական փոփ երաժշտությունը): Չգիտեմ, երգե՞րն են լավն եղել (մի երկրում, որտեղ հնչել է հանրահայտ Բիթլզների երաժշտությունը), թե՞ Աղալարովի հարստությունն է դեր խաղացել: Համենայն դեպս, Լոնդոնում ճանաչել են հայր եւ որդի Աղալարովներին, Իլհամ Ալիեւի ապագա փեսային ու խնամուն: Արազ Աղալարովը նավթի բիզնեսով է զբաղվում, իսկ որտեղ ադրբեջանական նավթ, այնտեղ Մեծ Բրիտանիա, այնտեղ եւ Անգլիայի Mi-6 հետախուզությունը:
Դե հիմա մտածենք. եթե անգլո-ամերիկյան հետախուզությունները ունեին տվյալներ ահաբեկչական ակտի մասին, զգուշացնում են իրենց քաղաքացիներին զգույշ լինել Մոսկվայում եւ խուսափել մարդաշատ վայրերից՝ արդյոք Mi-6-ը չգիտեր, թե ո՞րն է ահաբեկչության հիմնական թիրախը:
Այն էլ Mi-6-ը, որ հայտնի է իր օպերատիվ դիրքերով «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության մեջ: Չէ՞ որ նախագահ Ալիեւը, Գոդ Նիսանովը, Էմին Աղալարովը եւ շատ ուրիշ ադրբեջանցի օլիգարխներ ոչ միայն ՌԴ-ի ղեկավարության, նաեւ Մեծ Բրիտանիայի ղեկավարների եւ հատուկ ծառայությունների բարեկամներն են: Ուրեմն ինչո՞ւմն է բանը: Մի՞թե այս անձինք չէին ուզի Ռուսաստանի ղեկավարին ծառայել եւ հայտնել ահաբեկչության մասին՝ նոր «միավորներ» ստանալու նպատակով: Իսկ միգուցե անգլո-սաքսոնյան հետախուզությունները նախօրոք հայտնում են հնարավոր ահաբեկչության մասին, որը պետք է իրականացի «Իսլամական պետությունը», որպեսզի ռուսական հատուկ ծառայությունները չփորձեն այն կապել այլ ահաբեկիչների հետ: Օրինակ՝ Ուկրաինայի հետ: Այս վերլուծությունները եւ կանխատեսումները թողնենք Ռուսաստանի հատուկ ծառայությունների եւ քաղաքական փորձագետների ուսումնասիրությանը, իսկ մենք անցնենք առաջ:
Նշեմ նաեւ, որ ժամանակից շուտ կարիք չկա դավադրական տեսություններ առաջ քաշել եւ կասկածել այս ահաբեկչության կազմակերպության մեջ Արեւմուտքին, Թուրքիային, Ադրբեջանին կամ թեկուզ հենց Ռուսաստանին: Զոհվել են անմեղ բազմաթիվ մարդիկ, եւ դրա համար պետք է պատասխան տան իրական կազմակերպիչները, եւ ոչ թե ձերբակալված այդ չորս խրտվիլակները, որոնց պատկերներով լցված են հեռուսատաալիքները, համացանցը:
Եվ այսպես, ահաբեկչական ակտի պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» («Վիլայեթ Խորասան») միջազգային ահաբեկչական կազմակերպության Աֆղանստանի մասնաճյուղը: Հայտնի չէ, թե որքանով է դա հավաստի:
Ահաբեկչության մասնակիցների կոնկրետ թիվը թերեւս կպարզվի քիչ ավելի ուշ, հետաքննության ավարտին, սակայն արդեն ձերբակալված է 11 մարդ, որոնց մի մասն ակնհայտ մարդասպաններ են, մի մասը, ըստ երեւույթին, հրահանգիչներ ու համակարգողներ, բոլորն էլ օտարերկրյա քաղաքացիներ:
Եվ այսպես, մարտի 22-ին «Կրոկուս Սիթի» համերգասրահում նախատեսվում էր «Պիկնիկ» երաժշտական խմբի եւ սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգը: Վաճառված էին 6000-ից ավել տոմսեր: Միեւնույն ժամանակ համերգասրահի մեկ այլ մասում անցկացվում էին պարային սպորտի Ռուսաստանի առաջնության մրցումներ:
Համերգը սկսելուց 5 րոպե առաջ համերգասրահի գլխավոր մուտքին է քշել-մոտեցել մի մարդատար ավտոմեքենա, որից դուրս են եկել ինչ-որ անձինք (ընդ որում, նույնիսկ առանց դիմակների) եւ «Կալաշնիկով» ինքնաձիգներից սկսել են կրակել շենքի անվտանգության աշխատակիցների եւ մուտքի մոտ հերթ կանգնած մարդկանց վրա: Այնուհետեւ ահաբեկիչները ներթափանցել են ճեմասրահ եւ գնդակահարել այնտեղ գտնվողներին: 10 րոպե անց ահաբեկիչները հասել են հանդիսասրահ ու կրակ բացել սրահում գտնվող մարդկանց վրա: Դեմ հանդիման գնդակահարելով մարդկանց, նրանք միեւնույն ժամանակ սկսել են հրկիզել համերգասրահի աթոռները, օգտագործելով բենզինով լի տարաները: Ահաբեկչական գործողություններն ընդհանուր առմամբ տեւել են 20 րոպեից քիչ: Մարդասպաններն իսկական պրոֆեսիոնալներ էին:
Ժամը 20:30-ին Մոսկվայի ոստիկանության եւ Դաշնային անվտանգության ծառայության հատուկ ստորաբաժանումները «Տագնապ» ազդանշանով ոտքի են հանվել: Ցավոք սրտի, ժամը 21:00-ին նրանք դեռ ճանապարհին են եղել, իսկ արտակարգ իրավիճակների խմբերն իրավունք չունեն սկսել հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքները մինչեւ հատուկ ջոկատայինների ժամանումը: Այդ ընթացքում տեղի է ունեցել 2 պայթյուն, որից հետո փլուզվել է (20:44) շինության տանիքը:
Ընդ որում, դեռեւս պարզ չէ, պայթուցիկ նյութերը տեղադրվել են նախօրոք, թե՞ հարձակման պահին: Ամեն դեպքում, ահաբեկչական ակտը լավ նախապատրաստված է եղել: Երբ հատուկ ջոկատայինները սկսել են «սանրել» արդեն այրվող փլատակները (ժամը 22:00) ահաբեկիչները ամենայն հավանականությամբ արդեն շենքում չեն եղել: Նրանք լքել են տարածքը “Renault Symbol” մակնիշի սպիտակ մեքենայով, չնայած լքված մեքենաների թիվը չափից դուրս մեծ է եղել:
Մոսկվայի եւ Կրասնոգորսկի հիվանդանոցներում հոսպիտալացվել են հարյուրավոր տուժածներ եւ վիրավորվածներ: Հրդեհն ու պայթյունները մոտավորապես 10 միլիարդ ռուբլու վնաս են հասցրել շինությանը: 160 տոննա ջուր է օգտագործվել հրդեհը հանգցնելու նպատակով: Ներգրավված են եղել «Շտապ օգնության» 70 բրիգադ, արտակարգ իրավիճակների 719 մասնագետ եւ 213 հատուկ տեխնիկական միջոցներ:
Այժմ մի փոքր ժամանակագրություն:
2024թ. մարտի 7-ին ՌԴ Դաշնային անվտանգության ծառայությունը (ԴԱԾ) հայտարարեց, որ Մոսկվայում չեզոքացվել է «Իսլամական պետության» հետ կապված ահաբեկչական մի խմբավորում (террористическая ячейка).
2024թ. մարտի 7-ին ԱՄՆ դեսպանատունը ՌԴ-ում նախազգուշացրեց իր երկրի զբոսաշրջիկներին չայցելել հանրային միջոցառումների, այդ թվում եւ համերգների, առաջիկա 48 ժամվա ընթացքում՝ հնարավոր ահաբեկչական ակտերից խուսափելու համար: Նույն օրը ԱՄՆ պաշտոնապես տեղեկացրել է ՌԴ ադմինիստրացիային, որ ըստ իրենց հետազոտական տվյալների «Վիլայաթ Խորասանը» ահաբեկչական ակտ է պատրաստում ՌԴ-ում:
Նման նախազգուշական հայտարարությամբ հանդես են եկել նաեւ Մեծ Բրիտանիայի, Լատվիայի, Հարավային Կորեայի, Շվեդիայի, Կանադայի, Գերմանիայի եւ Չեխիայի ադմինիստրացիաները:
2024թ. մարտի 19-ին ՌԴ նախագահ Վլ. Պուտինը պետության իրավապահների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի նախազգուշացումներն անվանել է «ակնհայտ պրովոկացիա», որի նպատակը Ռուսաստանում ապակայունացում ստեղծելն է: Բայց եւ միեւնույն ժամանակ հանձնարարել է ԴԱԾ-ին եւ մյուս հատուկ ծառայություններին ուժեղացնել հակաահաբեկչական աշխատանքները բոլոր ուղղություններով…
Մի քանի հետախուզական կենտրոնների հայտնի էր (մի գուցե նաեւ Ռուսական արտաքին հետախուզության ծառայությանը եւ Ռազմական հետախուզությանը), որ «Վիլայաթ Խորասանը» (“ИГ-Х – “ԻՊ – Խ”), որի ստորաբաժանումները տեղաբաշխված են հիմնականում Աֆղանստանում եւ Պակիստանում, իրենց քարոզչությունում հաճախ են քննադատում Ռուսաստանին ու նրա ղեկավար Պուտինին, ինչպես նաեւ քննարկում են ՌԴ թիրախավորման վարկածներ:
Ծանոթագրություն
Ահաբեկչական խմբավորումը, որի անունը «Իսլամական պետություն» է (ISIS), ստեղծվել է 2014թ.: Նախկինում այն կրում էր “ГИЛ” անունը (Исламское государство Ирака и Леванта – Իրաքի եւ Լեվանտայի Իսլամական պետություն): Ղեկավարում էր կազմակերպությունը Աբու-Բաքր ալ Բաղդադին (իսկական անունը՝ Աբդալլա Իբրահիմ աս Սամարի, ֆիզիկապես վերացվել է 2019թ. հոկտեմբերի 27-ին ԱՄՆ-ի հատուկ ստորաբաժանումների կողմից):
«ԻՊ» ահաբեկչական կազմակերպությունը հավատարիմ է թաքֆիրիզմի (կրոնական անհանդուրժողականության) գաղափարախոսությանը: Խմբավորման վերջնական նպատակը՝ «Իսլամական Խալիֆաթ» ստեղծելն է:
Խմբավորման առաջնորդները արդարացնում են ահաբեկչությունը եւ գտնում են, որ այն ճիշտ միջոց է նպատակն ավարտին հասցնելու համար: Որպես մարտիկներ կազմակերպությունը հավաքագրում է մուսուլմաններին, բայց ոչ մուսուլմանական երկրներում, եւ դրանով իսկ ընդլայնում իր գործունեության տարածքները:
Չմոռանամ ընդգծել, որ «Իսլամական պետության» մարտիկներից շատերը շփումներ ունեն նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ եւ նրանց որոշակի քանակը մասնակցել է Հայաստանի եւ Արցախի դեմ ռազմական գործողություններում: Այդ մասին գիտի ամբողջ աշխարհը՝ ներառյալ ՌԴ հետախուզությունը՝ իր ղեկավար Նարիշկինի հետ միասին:
Ըստ որոշ տվյալների, մարտի 23-ին, առավոտ կանուխ, սպիտակ “Renault”-ը հայտնաբերվել է Բրյանսկի մարզի Հացուն գյուղում: Իրավապահները կրակ են բացել չենթարկվող մեքենայի ուղղությամբ, մեքենան շրջվել է, մեկ կասկածյալ ձերբակալվել է, իսկ մյուսներին հաջողվել թաքնվել անտառում: Այնուհետեւ ձերբակալվել է 2-րդ կասկածյալը: Մեքենայում հայտնաբերվել է ատրճանակ, ինքնաձիգի փամփուշտների պահատուփ եւ Տաջիկստանի անձնագրեր (հասկանալի չէ, ինչի համար էին թողել անձնագրերը մեքենայում): Որոշ ժամանակ անց ՌԴ ԴԱԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը զեկուցում է նախագահ Պուտինին, որ Բրյանսկի մարզում (ՌԴ-Բելառուս-Ուկրաինա սահմանային հատված), ձերբակալվել են 11 կասկածյալներ, որոնց կազմում՝ 4 ահաբեկիչներ: ԴԱԾ-ի աշխատակիցները վստահ էին, որ ահաբեկիչները փորձում էին անցնել Ուկրաինա, սահմանում նրանց համար պատրաստված էր «հատուկ պատուհան» (նույնպես շատ կասկածելի վարկած է. ավելի ճիշտ կլիներ, եթե սահմանն անցնելիս նրանց ոչնչացնեին հենց ուկրաինացիները, որպեսզի հետագայում կասկածի տեղիք չտային):
Հայտնի է նաեւ, որ ահաբեկիչներին ձերբակալելիս ռուս իրավապահներին ակտիվորեն օգնել են Բելառուսի անվտանգության աշխատակիցները, ինչպես նաեւ չեչենական «Ահմաթ» ջոկատը: Ըստ չստուգված տվյալների, ձերբակալվածներից մեկին ռուս հատուկ ջոկատայինները կտրել են ականջը եւ ստիպել կուլ տալ այն: Տեսահոլովակներում այդ ձերբակալվածին ցույց են տալիս վիրակապված, արյունոտ գլխով:
Իրադարձություններից 19 ժամ հետո նախագահ Պուտինը հանդես եկավ հեռուստաուղերձով, որում խոստացավ խստագույնս պատժել ահաբեկիչներին, ակտը համակարգողներին եւ պատվիրատուներին: Նախագահը ցավակցեց իր ժողովրդին եւ մարտի 24-ը հայտարարեց «Ազգային սգո օր»:
Առայժմ հայտնի է, որ «Կրոկուսի» ակցիան զոհերի թվով գերազանցեց 2002թ. «Նորդ-Օսթ» Դուբրովկայում թատերական կենտրոնում մյուզիքլի ժամանակ պատանդներ վերցնելու չեչենական ահաբեկիչների ակտին (այնտեղ զոհվեցին 130 պատանդներ):
Սակայն հայտնի է, որ Հյուսիսային Օսեթիայում, Բեսլանի դպրոցում տեղի ունեցած (2004թ.) ահաբեկչական ակտի ժամանակ զոհվեցին 334 մարդ, որից 186 երեխաներ:
Եվ այսպես, ահաբեկչական ակտի քննությամբ զբաղվում են ՌԴ ԴԱԾ, ՆԳՆ, Քննչական կոմիտեն եւ Ռոսգվարդիան: Ի՞նչ է հայտնի. ահաբեկիչներից մեկը Թուրքիայից է ժամանել, զենքերը ստացել են Ռուսաստանում, Տաջիկստանի քաղաքացիներ են (այս հանգամանքը հերքում են Տաջիկստանի իշխանությունները), մի ահաբեկիչ ստացել է խոստացված գումարի կեսը, մեկը խոսում է ռուսերեն լեզվով, հրահանգը եղել է ինչքան հնարավոր է շատ մարդ սպանել, պատանդներ չվերցնել, դեռեւս պարզ չէ՝ ինչո՞ւ է ընտրվել այդ օբյեկտը, ահաբեկիչները նման չէին ռադիկալ էքստրեմիստների, նման չէին կրոնական ֆանատների, նրանցից ոչ ոք չէր գոչում «Ալլահ աքբար», նրանցից ոչ ոք չէր պատրաստվում ահաբեկչական ակտի վերջում ինքնասպան լինել, ընդհակառակը, բոլոր 4-ն էլ փորձել եմ արագ կատարել սպանությունները եւ փախչել տեղանքից: Ապաստանի վայրը Ուկրաինա՞ն էր (այս երկիրը նույնպես հայտարարում է, որ առնչություն չունի այդ ակտի հետ): Միացյալ Նահանգները, ի դեմս փոխնախագահի, հայտարարում է, որ Կիեւը որեւէ կապ չունի այս ահաբեկիչների հետ, եւ որ պատվիրատուն եւ իրականացնողը «ԻՊ»-ի մասնաճյուղն է: Ամեն դեպքում, ձերբակալված «ահաբեկիչները» լուրջ պատրաստված մարտիկների տեսք չունեին:
Պետք չէ շտապել: Ռուսական անվտանգության ծառայությունը բավականաչափ փորձ ունի նման հետաքննություններ վարելու: Հետախուզությունը պետք է շարունակի ակտիվորեն տեղեկատվություն ձեռք բերել հնարավոր նոր ահաբեկչական ակտերի վերաբերյալ, իսկ հակահետախուզությունը պետք է շարունակի ակտիվորեն հաշվարկել նոր խոցելի կետերը եւ ապահովել դրանց անվտանգությունը, քննիչները եւ օպեր աշխատակիցները հակաահաբեկչական ստորաբաժանումներից պետք է օր ու գիշեր աշխատեն ձերբակալվածների հետ:
Մեզ մնում է ցավակցել ռուս ժողովրդին, անմեղ զոհերի հարազատներին, կիսել նրանց վիշտը եւ մաղթել ճիշտ դաշնակիցներ եւ բարեկամներ ընտրել, չնայած երկրի ղեկավարությունն իր ընտրությունն կատարել է արդեն:
Իսկ մեր հատուկ ծառայությունները պետք է շատ զգոն լինեն, մեր տարածքում նույնպես ամեն ինչ հնարավոր է…
ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ
Հատուկ ծառայությունների աշխարհից
Անվտանգության հարցերով փորձագետ