Անցյալ շաբաթ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ), որի կազմում են նախկին խորհրդային հանրապետությունները, ինը ղեկավարները հանդիպեցին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։ Հանդիպմանը ներկա էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի ու Ուզբեկստանի ղեկավարները։
Այս հանդիպմանը իրենց երկրների միջև առկա հակամարտության մասին խոսելիս միմյանց բախվեցին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները՝ մյուս մասնակիցների, հատկապես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ:
Ալիևի հայտարարությունները լի էին կեղծիքներով։ Նա ստորեն ասաց, որ 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանը տեղադրել է «Հայաստանում արտադրված 1400 հակահետևակային ական… Լաչինի շրջանի սահմանի մոտ 2021 թվականին։ Ադրբեջանական մի դիրքից մյուսը տանող ճանապարհները նույնպես ականապատվել են»։ Նա պնդեց, որ «բախումները, դրանց ակտիվ փուլը տևել են առավելագույնը ութ ժամ», թեև Ադրբեջանը մինչ օրս շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը։ Նա ստեց՝ ասելով, որ «Ադրբեջանը մտադրություն չի ունեցել բռնազավթել Հայաստանի տարածքը, ինչպես ոմանք կարող են ենթադրել»։ Նա անտեսեց այն փաստը, որ ադրբեջանական բանակը շարունակում է մնալ Հայաստանի սահմանների ներսում՝ 2021 թվականի մայիսի 12-ին իր ավելի վաղ ներխուժումից ի վեր։
Ալիևը փորձեց հաճոյանալ Պուտինին՝ պնդելով, որ «Ռուսական կողմի միջնորդական ջանքերի շնորհիվ, ուզում եմ շեշտել, որ հրադադարի առաջարկով հանդես է եկել ռուսական կողմը։ Ոմանք դա վերագրում են այլ երկրների, ինչը բացարձակապես անհիմն է։ Ռուսական կողմի միջնորդական ջանքերի շնորհիվ բախումները, ինչպես ասացի, դադարեցվեցին»։ Ալիևն այսպիսով հակասեց այն լուրերին, թե Միացյալ Նահանգներն է միջնորդել հրադադարի հաստատմանը։ Նա նաև խոստովանեց, որ Ադրբեջանը «վճռականորեն մերժել է» Եվրամիության առաջարկը՝ տեղակայելու քաղաքացիական առաքելություն սահմանի ադրբեջանական կողմում։ «Այդ պատճառով առաքելությունը կտեղակայվի Հայաստանի տարածքում», ասաց նա։
Ալիևը սուր քննադատության ենթարկեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որը համակրական արտահայտություններ է արել Հայաստանի հասցեին։ Ալիևը դժգոհեց, որ Մակրոնը «վիրավորական, անընդունելի, կեղծ և սադրիչ հայտարարություններ է արել… Նա մեղադրել է Ադրբեջանին սարսափելի պատերազմ մղելու մեջ…»։ Ալիևը մեկ անգամ ևս փորձեց գոհացնել Պուտինին՝ ասելով, որ Մակրոնը «կողմնակալ հայտարարություններ է արել Ռուսաստանի Դաշնության դեմ, այն է՝ «Ռուսաստանը խաղացել է ադրբեջանական խաղը»: Արդյունքում, Ալիևն ասաց, որ մերժում է Ֆրանսիայի հետագա ցանկացած միջնորդական դերակատարություն ղարաբաղյան հակամարտության մեջ։ Նա նաև դժգոհեց Ֆրանսիայի արտգործնախարարի «հակաադրբեջանական հայտարարություններից», Ֆրանսիայի Սենատի կողմից Ղարաբաղը ճանաչող և «նոյեմբերի կեսերին Ֆրանսիայի Սենատում պատրաստվող» երկրորդ բանաձևից։ Նա այս զարգացումների մեղքը բարդեց «Ֆրանսիայի հայկական սփյուռքի» վրա՝ իր ունեցած ազդեցության պատճառով։
Ալիևը Հայաստանին մեղադրեց Ֆրանսիայում, Լիբանանում և ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատների դեմ «սադրանքներ» կազմակերպելու մեջ։ Նա կեղծորեն պնդեց՝ «մենք կասկած չունենք, որ ահաբեկչությունն ու ավերածությունը կազմակերպվել են Հայաստանի կողմից։ Ինչո՞ւ եմ սա ասում: Որովհետև 1990-ականներին հայկական հատուկ ծառայությունները [Ադրբեջանում] իրականացրել են 32 ահաբեկչական գործողություն՝ պայթյուններ մետրոյում, ավտոբուսներում, լաստանավերում և գնացքներում։ Այդ զարհուրելի ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 2000 ադրբեջանցի բնակիչ»։
Այնուհետև Ալիևը փորձեց ղարաբաղյան հակամարտությունը վերածել կրոնական պատերազմի՝ հայերին մեղադրելով «ադրբեջանական ժողովրդի և ողջ մուսուլմանական աշխարհի նկատմամբ ատելության ծայրահեղ աստիճանի» մեջ՝ մոռանալով, որ Հայաստանն ու հայերն ամենաջերմ հարաբերություններն ունեն բազմաթիվ իսլամական երկրների հետ։
Ալիևը հերթական անգամ ստեց՝ պնդելով, որ Ադրբեջանը կատարել է «պատերազմից հետո 2020 թվականի նոյեմբերի համաձայնագրի բոլոր դրույթները»։ Սակայն պատերազմից երկու տարի անց տասնյակ հայ ռազմագերիներ շարունակում են մնալ Բաքվի բանտերում։ Նա նաև ստեց այն մասին, որ Հայաստանը չի ապահովում «Ադրբեջանի անարգել մուտքը դեպի Նախիջևան»։ Բայց Հայաստանը բազմիցս հայտարարել է նման ճանապարհ տրամադրելու պատրաստակամության մասին, մինչդեռ Ադրբեջանը չի արձագանքել։
Ալիևը եզրափակեց իր ելույթը՝ հայտարարելով, որ իր «համբերությունն անսահմանափակ չէ» և սպառնաց, որ եթե չստանա այն, ինչ պահանջում է Հայաստանից, «մեզ այլ տարբերակ չի մնում, քան գործել համապատասխանաբար»։
Հաջորդիվ ելույթ ունեցավ վարչապետ Փաշինյանը՝ հակադարձելով Ալիևի ստերին։ Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումը անվանելով «չհրահրված ռազմական հարձակում Հայաստանի դեմ»՝ Փաշինյանը դատապարտեց ադրբեջանցի զինվորականներին ռազմական հանցագործություններ կատարելու մեջ՝ Ժնևի կոնվենցիայի խախտմամբ հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելով։
Փաշինյանը նաև մեղադրեց Ադրբեջանին «Հայաստանի ավելի շատ տարածքներ գրավելու» մտադրության համար։ Նա մեղադրեց «տարածաշրջանային անվտանգության կազմակերպությունների [Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն] անբավարար արձագանքը…., որը շատ սուր հարցեր է առաջացրել հայ հասարակության շրջանակում»։ Նա հարցրեց՝ արդյոք ՀԱՊԿ-ը ճանաչո՞ւմ է նախկին խորհրդային հանրապետությունների սահմանները։
Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանը միայն հիմա է ցանկանում իմանալ 1990-ականների Ղարաբաղյան պատերազմում անհետ կորած ադրբեջանցի զինվորների ճակատագրի մասին՝ բացահայտելով, որ այդ պատերազմից հետո անհայտ կորած է համարվում 777, իսկ 2020 թվականի պատերազմից հետո՝ 217 հայ։
Փաշինյանը քննադատեց Ադրբեջանին՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև համաձայնեցված ճանապարհը կեղծորեն «միջանցք» որակելու համար։ Նա ասաց, որ չնայած 2020 թվականի հայտարարության մեջ «հստակ հիշատակվում է» Լեռնային Ղարաբաղը, սակայն Ադրբեջանը պնդում է, որ այն «գոյություն չունի»։
Փաշինյանը պատասխանեց նաև Ալիևի այն կեղծ պնդմանը, թե Հայաստանը ականապատել է ադրբեջանական տարածքները 2020 թվականի պատերազմից հետո։ Փաշինյանը հայտարարեց, որ «նման ականապատում տեղի է ունեցել ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։ Եվ մեր իրավունքն է անվտանգության որոշ քայլեր ձեռնարկել՝ պաշտպանելու մեր երկրի տարածքային ամբողջականությունը»։
Փաշինյանը նաև հակադարձեց Ալիևի այն կեղծ պնդմանը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կրում է կրոնական բնույթ։ Փաշինյանը վերահաստատեց Հայաստանի սերտ հարաբերությունները բազմաթիվ մահմեդական երկրների հետ.
Փաշինյանը հերքեց, որ Հայաստանը որևէ հարձակում է կազմակերպել Ադրբեջանի դեսպանատների վրա օտար երկրներում։ Որտե՞ղ են ապացույցները, հարցրեց նա։
Եզրափակելով իր խոսքը՝ Փաշինյանը ևս մեկ անգամ խոսեց Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղության իր անհիմն ակնկալիքների մասին՝ հաշվի առնելով Հայաստանի նկատմամբ նրանց շարունակական թշնամությունը։ Խաղաղությունը չի կարող ձեռք բերվել մի կողմից, մինչ մյուս կողմը փորձում է սպանել քեզ:
Թշնամին, որն անընդհատ հարձակվում է քո վրա և ատրճանակն ուղղում գլխիդ, չի կարող համարվել խաղաղության հուսալի գործընկեր։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
Politik.am