Կիրակի, 26 Հուլիս, 2026

Ալիեւի կիպրոսյան հոգսերը  

Մամուլից տեղեկացել ենք, որ «Թյուրքական պետությունների կազմակերպությունում» տարաձայնություններ են առաջացել  «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» (ՀԿԹՀ) կարգավիճակի շուրջ:  Լուրեր են տարածվում, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը Իլհամ  Ալիեւի առջեւ հրատապ խնդիր է դրել՝  ճանաչել ՀԿԹՀ-ը, ինչը մի շարք պատճառներից ելնելով՝ Բաքվին ծանր կացության մեջ է դրել:

Պատճառներից մեկը 44-օրյա պատերազմի  ժամանակ Ադրբեջանին Թուրքիայի ցուցաբերած օգնությունն էր: Շատերը կհիշեն Էրդողանի հնչեցրած  հայտարարությունը, որ պատերազմի վերջնարդյունքի հարցում Անկարայի դերը եղել է վճռորոշ: Եվ Թուրքիան, հաշվի առնելով պատերազմում իր վճռորոշ դերը, իրեն իրավունք է վերպահում նորանոր պահանջներ ներկայացնել Բաքվին, որոնցից մի քանիսն արդեն Բաքվի կողմից իրականացվել  են: Այժմ մնացել է պահանջներից ամենակարեւորը՝ «Հյուսիսային Կիպրոսի ինքնակոչ Հարնապետության»  ճանաչումը:

Ապրիլի 4-ին Սամարղանդում կայացած ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովում այսպես կոչված՝ «Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների» (ԹՊԿԵ) մերժողական դիրքորոշումից հետո,  Էրդողանը հայտնվել է քաղաքական դժվար կացության մեջ:  Փաստորեն «Թյուրքական պետությունների կազմակերպության  անդամ երկրները», չճանաչելով «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը», հաստատեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած  541 եւ 550 բանաձեւերով Թուրքիան որպես Հյուսիսային Կիպրոսը բռնազավթած երկիր ճանաչելու փաստը:  

Վերջին մեկ ամսվա ընթացքում Թուրքիայում տեղի ունեցող աննախադեպ բողոքների պատճառով, Էրդողանին Կիպրոսի ճանաչումը կարող էր փրկօղակի դեր խաղալ: Սակայն Ղազախստանը, Թուրքմենստանն ու Ուզբեկիստանն իրենց ընդունած որոշումներով  թույլ չտվեցին Էրդողանին  թեթեւացնելու իր հոգսերը:

Իսկ Ալիեւը վերջին տարիներին ապացուցել է, որ Իսրայելի ու Թուրքիայի մաքսիմալիստական պահանջները կատարելու հարցում ոչ մի սահմանափակում չունի: Սակայն  Հյուսիսային Կիպրոսը   ճանաչելու խնդրում  Ադրբեջանն ունի   մի շարք նկատառումներ:  

Նախ,  Կիպրոսի հարցը աշխարհաքաղաքական եւ պատմական առումներով համարվում է Մեծ Բրիտանիայի «կարմիր գիծը», եւ Բաքուն հաշվի առնելով  այդ հարցում իր լոնդոնաբնակ տերերի վերաբերմունքը,  չի կաող ինքնուրույն որոշում կայացնել:    

Բացի այդ, Բաքվին մտահոգում է Հյուսիսային Կիպրոսը ճանաչելու դեպքում  Եվրամիությանն անդամակցող պետություններում  էներգակիրների շուկայից  զրկվելու հեռանկարը:

Էլ չենք խոսում այն իրողության մասին, որ Բաքվի կողմից Կիպրոսի ինքնահռչակ Հանրապետության ճանաչումը ոչ միայն կարող է հիմնազուրկ դարձնել  Արցախում ինքնորոշմանը ձգտող  հայերին  ճնշելու Ալիեւի  արդարացումները, այլեւ,  Ադրբեջանի  բռնապետի  պատկերացմամբ, կարող է Հայաստանում բնակվող արցախցիների մոտ պայքարի նոր հույսեր արթնացնել:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ