ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երկիրն աղետի հասցրած իշխանությունը շարունակում է իր արշավանքը սեփական պետության և ժողովրդի դեմ։ Իրենց հայրենադավ ծրագրերն ավարտին հասցնելու համար բանակից հեռացնում են լավագույն սպաներին, ձերբակալում պատերազմի օրերին ինքնապաշտպանություն կազմակերպած համայնքների ղեկավարներին, և ամենևին պատահական չէ, որ դա տեղի է ունենում հենց Տավուշում ու Սյունիքում։ Բազմաթիվ անհատներ ապօրինի, կեղծ մեղադրանքներով կանչվում են հարցաքննության և ենթարկվում քաղաքական հետապնդումների։ Ամեն ինչ պարզ է. փորձելու են վերջնականապես ջարդել մեր ազգի դիմադրողականությունը և այն պահող ուժերին ու անհատներին։Մեկ մարդու դիկտատուրա հաստատելու ձգտումը քողարկվելու է «ժողովրդի կողմից վենդետայի իրավունք, պողպատե մանդատ ստանալու» և «օրինականություն հաստատելու» անվան տակ։ Շատերը, այդ թվում՝ իրենց ընդդիմադիր համարող որոշ ուժեր, անասնական բնազդով հրճվելու են։ Միջազգային կառույցները, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները «հասկանալի» պատճառներով լռելու են…
Օրեցօր խորանալու է թշնամանքի և ատելության մթնոլորտը, ներքաղաքական ճգնաժամը նոր դրսևորումներ է ունենալու, արժանապատվության, գիտելիքների տեր և կայացած բազմաթիվ մարդիկ արտագաղթելու են։ Հասարակությանը շարունակելու են կերակրել ստով, կեղծիքով և ամբոխավարությամբ։ Ի՞նչ անել Առաջինը՝ մերժել այս իրավիճակը, չընդունել և չհամակերպվել ստեղծված իրավիճակի հետ։ «Հայաստան» դաշինքը ԿԸՀ-ի կողմից մինչ այս պահն արձանագրված տվյալներով ստացել է 270.000 քվե, իսկ ընտրություններին մասնակցած գրեթե յուրաքանչյուր երկրորդ քաղաքացի չի քվեարկել այս իշխանություններին։ Անհրաժեշտ է համախմբվել, գտնել արդյունավետ և գործնական մեխանիզմներ, ստեղծելով ազգային դիմադրության շարժում՝պայքարել անդադար, պայքարել աննահանջ մինչև վերջին շունչը՝ օգտագործելով ողջ ռեսուրսը։ Նոր մոտեցումներով և մեթոդներով գիշեր֊ցերեկ աշխատել մեր քաղաքացիների հետ, մտնել յուրաքանչյուրի քաղաքացու տուն, դեմ առ դեմ բացատրել վիճակի լրջությունը։
Այն պահին, երբ այդ շրջանակները տեսնեն և գիտակցեն իրենց ու երկրին սպասվելիք մեծագույն աղետը, հայրենադավ իշխանությունը կշպրտվի պատմության աղբանոցը։ Մենք դա կարող ենք և անելու ենք, վստա՛հ եղեք։
Չընկճվե՛լ, չհուսահատվե՛լ, չնահանջե՛լ, չհիասթափվե՛լ։ Արժանապատիվ ազգ և պետություն դառնալու պայքարն այլընտրանք չունի»։