Հարցազրույցՙ պրոֆեսոր Արմեն Մարուքյանի հետ
2020 թ. օգոստոսի 10-ին լրացավ Սեւրի պայմանագրի ստորագրման 100-ամյակը: Հայ ժողովրդի համար այդ կարեւորագույն փաստաթղթի 100-ամյա հոբելյանին նվիրված ՀՀ ԳԱԱ կլոր դահլիճում տեղի ունեցավ գիտաժողով: Ակադեմիկոս Յու. Սուվարյանի բացման խոսքից հետո հետաքրքրական, տարողունակ, նոր մոտեցումներով ու մեկնաբանություններով հարուստ զեկուցումներով հանդես եկան ակադեմիկոսներ Աշոտ Մելքոնյանը, Ռուբեն Սաֆրաստյանը, պատմական գիտությունների դոկտորներ Կարեն Խաչատրյանը, Արմեն Մարուքյանը եւ Լեւոն Հովսեփյանը:
Կոնֆերանսն հետաքրքրական էր եւ բովանդակալից նաեւ այն առումով, որ զեկուցողներից յուրաքանչյուրը դաշնագիրը քննարկում ու լուսաբանում էր իր տեսանկյունից: Այսպես` Ա. Մելքոնյանը ներկայացրեց Սեւրի դաշնագրի վերաբերյալ ժամանակի ընթացքում ձեւավորված հիմնական տեսակետները, շատ վիճելի հարցերի պատասխանեց նորովի եւ միանգամայն հիմնավորված: Ռ. Սաֆրաստյանը փաստական հարուստ հենքով ներկայացրեց թուրքական կեղծ, հակագիտական «տեսակետները» եւ ժխտողական կեցվածքը դաշնագրի եւ ԱՄՆ-ի նախագահ Վ. Վիլսոնի իրավարար վճռի վերաբերյալ: Պրոֆեսոր Կ. Խաչատրյանը պարզաբանեց դաշնագրի նկատմամբ ռուսական կողմի մոտեցումները: Ա. Մարուքյանը` դաշնագիրը դիտարկեց որպես հայոց պահանջատիրության իրավաքաղաքական հիմքերից մեկը: Լ. Հովսեփյանն էլ մերօրյա թուրքական պաշտոնական վերաբերմունքն ու Թուրքիայում ցայսօր առկա սեւրոֆոբիայի գոյության իրողությունը:
«Ազգ» թերթը որպես ազգաշահ դրսեւորումների ավանդական պաշտպան եւ ջատագով, չէր կարող անտարբեր մնալ եւ չարձագանքել մի քանի առումներով առանձնացող այդ գիտաժողովին: Առավել եւս, որ առաջին անգամ մեզանում ի դեմս վարչապետի այդ առիթով ուղերձի, դաշնագրին ցուցաբերվեց նաեւ պետական վերաբերմունք: Խմբագրությունս դիմել է զեկուցողներին եւ ստանալով նրանց սիրահոժար աջակցությունը` հարցազրույցի եւ այլ ձեւաչափերով հակիրճ կներկայացնի զեկուցումների հիմնական բովանդակությունները: Այս անգամ մեր հյուրն է պգդ, պրոֆեսոր Արմեն Մարուքյանը:
– Պ. Մարուքյան, Սեւրի դաշնագրի մասին մոտեցումներում նախկինում եւ մեր օրերում ի՞նչ տարբերություններ կան:
– Հայ պատմագիտական միտքը տասնամյակներ շարունակ Սեւրի պայմանագիրը գերազանցապես քննարկել է Հայաստանին ուղղակիորեն վերաբերող 88-93-րդ հոդվածների շրջանակներում, ինչը բնական պետք է համարել, քանզի դրանցով վերականգնվում էր հայ ժողովրդի իրավունքն իր հայրենիքի` Արեւմտյան Հայաստանի մի մասի նկատմամբ:
Պայմանագրի 88-րդ հոդվածով Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպես ազատ եւ անկախ պետություն, ինչպես դա արդեն արել էին դաշնակից պետությունները: Հոդվածի վերջին ձեւակերպմամբ փաստորեն արձանագրվում էր, որ պատերազմում պարտված թուրքական պետությունից բացի, Հայաստանի անկախ պետականությունն արդեն իսկ ճանաչված է Սեւրի պայմանագիրը ստորագրող հաղթանակած տասներկու պետությունների կողմից:
89-րդ հոդվածով Թուրքիան եւ Հայաստանը, ինչպես եւ մյուս Բարձր պայմանավորվող կողմերը, համաձայնվում էին ԱՄՆ-ին թողնել Էրզրումի, Տրապիզոնի, Վանի եւ Բիթլիսի նահանգներում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանը որոշելու հարցը եւ ընդունել նրա կայացրած որոշումը, ինչպես նաեւ այն բոլոր պայմանները, որոնք նա կարող է սահմանել ինչպես Հայաստանին դեպի ծով ելք ապահովելու, այնպես էլ հիշյալ սահմանագծին հարող թուրքական բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ: Հատկանշական է, որ Հայաստանի դեպի Սեւ ծով ելք ապահովելուց բացի, տվյալ հոդվածով նախատեսվում էր նաեւ Հայաստանին փոխանցվելիք Արեւմտյան Հայաստանի տարածքներին հարող թուրքական իշխանության տակ մնացած տարածքների ապառազմականացումը: Պայմանագրի տեքստում տվյալ դրույթի ներառումը առավել քան կարեւոր էր, քանի որ Թուրքիայում քեմալական շարժման ակտիվացումն ուղղակի սպառնալիք էր հայկական պետության գոյության համար:
Պայմանագրի 90-րդ հոդվածի երկրորդ պարբերությամբ սահմանվում էր, որ Թուրքիայի ֆինանսական պարտավորությունների չափին եւ դրանց բնույթին վերաբերող պայմանագրի այն դրույթները, որոնք կիրառվելու են Թուրքիայից անջատվող տարածքների հանդեպ, կգործադրվեն նաեւ Հայաստանին փոխանցվող տարածքների նկատմամբՙ վկայակոչելով պայմանագրի VIII մասի (Ֆինանսական դրույթներ) 241-244-րդ հոդվածները: Արեւմտյան Հայաստանի Էրզրումի, Վանի եւ Բիթլիսի նահանգների եւ Տրապիզոնի նահանգի 1/3-ի փոխանցումը Հայաստանի Հանրապետությանն արդեն իսկ վճռված հարց համարելով, պայմանագիրը ստորագրող հաղթանակած պետությունները այդ տարածքների մասով Օսմանյան կայսրության նախկին պարտավորությունների կատարումը, ինչպես նաեւ իրավունքների հետ կապված հարցերը փոխանցում էին Հայաստանի Հանրապետությանը:
Փաստաթղթի 93-րդ հոդվածով էլ Հայաստանը պարտավորվում էր պաշտպանել հիմնական ազգաբնակչությունից ռասայի, լեզվի եւ կրոնի առումով տարբերվող բնակիչների շահերը, ինչը նախատեսվում էր ամրագրել նաեւ Հայաստանի եւ գլխավոր տերությունների միջեւ կնքվելիք պայմանագրերում: Այս հոդվածով Հայաստանի վրա պարտավորություն էր դրվում առաջին հերթին պաշտպանել Էրզրումի, Վանի, Բիթլիսի նահանգների եւ Տրապիզոնի նահանգիՙ իրեն միացվելիք տարածքներում բնակվող մահմեդական բնակչության` թուրքերի, քրդերի, ինչպես նաեւ թուրքական իշխանությունների կողմից Բալկաններից ու Հյուսիսային Կովկասից այդ տարածքներում վերաբնակեցված մուսուլման ժողովուրդների անվտանգությունը: Քաջատեղյակ լինելով, որ պատերազմի տարիներին այդ տարածքներում բնակվող մահմեդականներն ակտիվ մասնակցություն են ունեցել հայերի զանգվածային բնաջնջման գործում, դաշնակից տերությունները սույն հոդվածով Հայաստանի իշխանությունների վրա պարտավորություն էին դնումՙ կանխել եւ բացառել նրանց նկատմամբ վերապրողների եւ զոհերի ժառանգների կողմից վրեժխնդրության հնարավոր դրսեւորումները:
Պայմանագրի 92-րդ հոդվածի համաձայն, Ադրբեջանի եւ Վրաստանի հետ Հայաստանի սահմանների հարցը պետք է որոշվեր շահագրգիռ պետությունների ընդհանուր համաձայնությամբ, իսկ եթե նրանց չհաջողվեր համաձայնության գալ, ապա դա պետք է որոշեին գլխավոր դաշնակից տերությունները, որոնք պետք է հոգ տանեին այդ երկրների միջեւ սահմանազատումը տեղում գծանշելու մասին: Հաշվի առնելով, որ Ադրբեջանն հավակնություններ ուներ Արցախի, Զանգեզուրի եւ Նախիջեւանի հանդեպ, որոնք որակվում էին որպես վիճելի տարածքներ, իսկ Վրաստանըՙ Լոռիի նկատմամբ, որը «չեզոք գոտու» կարգավիճակ էր ստացել, ապա ակնհայտ է, որ շահագրգիռ կողմերին սահմանային հարցերում չէր հաջողվելու համաձայնության գալ եւ այդ հարցը նույնպես թողնվելու էր գլխավոր դաշնակից տերությունների որոշմանը:
– Դաշնագրում էլի կա՞ն հոդվածներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը:
– Անշուշտ: Հայաստանի Հանրապետությանը դեպի Սեւ ծով ելք ապահովելու դրույթն ավելի էր հստակեցվում 352-րդ հոդվածով, որով նրան Տրապիզոնի նավահանգստի վրայով Սեւ ծով ազատ մուտք ունենալու իրավունք էր տրվում: Ավելին, Ազգերի լիգայի որոշմամբ Տրապիզոնի նավահանգստում Հայաստանին առհավետ վարձակալության էր հանձնվելու մի տեղամաս, որի շահագործման պայմանները, ներառյալ վարձավճարի չափը, որոշվելու էր Հայաստանի, Թուրքիայի մեկական անդամներից եւ Ազգերի լիգայի կողմից նշանակված ներկայացուցչից բաղկացած խառը հանձնաժողովի կողմից: Բացի այդ, 351-րդ հոդվածով Վրաստանի, Ադրբեջանի եւ Պարսկաստանի հետ մեկտեղ Հայաստանին դեպի Սեւ ծով ազատ մուտքի իրավունք էր տրվում նաեւ Բաթումի նավահանգստից: Այսինքնՙ Հայաստանը Տրապիզոնի եւ Բաթումի երկու նավահանգիստներով ելք էր ստանում դեպի Սեւ ծով, իսկ պայմանագրի 349-րդ հոդվածով այդ նավահանգիստներից ազատ տարանցիկության իրավունք էր տրվում դեպի Էգեյան եւ Միջերկրական ծովեր: Ակնհայտ է, որ սեւծովյան երկու նավահանգիստներից օգտվելու եւ Միջերկրական ծով ազատ դուրս գալու իրավունքը լուրջ հնարավորություններ կստեղծեին Հայաստանի սոցիալ-տնտեսական ծանր դրությունը մեղմելու համար:
Օսմանյան կայսրության ոչ թուրք բնակչության եւ առաջին հերթին հայերի իրավունքների պաշտպանության տեսակետից կարեւորություն են ներկայացնում նաեւ Սեւրի պայմանագրի 125 եւ 142-րդ հոդվածները:
Պայմանագրի 125-րդ հոդվածով կայսրությունից անջատված տարածքներում հաստատված ոչ թուրք բնակչությանը պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում ազատ իրավունք էր տրվում իր ազգային պատկանելությանը համապատասխան պետության քաղաքացիություն ընդունել: Այս հոդվածով փաստորեն հաստատվում էր ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնից ակնկալվող իրավարար վճռով Օսմանյան կայսրությունից անջատվելիք Արեւմտյան Հայաստանի Էրզրումի, Վանի եւ Բիթլիսի նահանգներում դեռեւս ողջ մնացած, ինչպես նաեւ կայսրությունից անջատված արաբական երկրներում ապաստանած նախկին օսմանահպատակ հայերիՙ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը ընդունելու իրավունքը:
Պայմանագրի 142-րդ հոդվածով 1914 թ. նոյեմբերի 1-ից, այսինքնՙ Օսմանյան կայսրության Առաջին աշխարհամարտի մեջ մտնելու պահից, այդ երկրում հաստատված վարչակարգը ահաբեկչական էր որակվում: Երիտթուրքերի վարչակարգին տրված այս քաղաքական գնահատականից ելնելով, նույն հոդվածում նշվում էր, որ հիշյալ ամսաթվից հետո կայսրությունում քրիստոնյաների դավանափոխությունները եղել են բռնության հետեւանք, ուստի դրանից առաջ քրիստոնյա եղածներին իրավունք է տրվում ազատ վերադառնալու իրենց կրոնին: Այս կետով փաստորեն արձանագրվում էր պատերազմի ընթացքում թուրքական իշխանությունների կողմից կայսրության ոչ մահմեդական բնակչությանը, այդ թվումՙ հայերին, ոչ միայն ցեղասպանության ենթարկելու, այլեւ բռնի իսլամացնելու քաղաքականությունըՙ ընդգծելով բռնի իսլամացված հայերի, հույների եւ ասորիների իրենց հավատքին ազատ վերադառնալու իրավունքը:
Նույն հոդվածով դատապարտվում են պատերազմի ժամանակ կայսրության բնակչության նկատմամբ գործադրած վայրագությունները եւ օսմանյան կառավարության վրա պարտավորություն է դրվում որոնել եւ ազատ արձակել 1914 թ. նոյեմբերի 1-ից հետո անհետացած, առեւանգված, ներկալված եւ ազատազրկված ամեն ռասայի եւ կրոնի անձանց: Ակնհայտ է, որ այս դեպքում նույնպես խոսքը թուրքական իշխանությունների կողմից զանգվածային բնաջնջման եւ բռնագաղթի ենթարկված կայսրության ոչ մահմեդական, ոչ թուրք բնակչության եւ առաջին հերթին հայերի մասին է: Ինչպես հայտնի է, ցեղասպանության ընթացքում առեւանգվել էին տասնյակ հազարավոր հայ աղջիկներ ու կանայք, որոնք հարճի կարգավիճակում պահվում եւ սեռական բռնությունների էին ենթարկվում ինչպես մահմեդականների տներում, այնպես էլ հարեմներում: Բացի այդ, տասնյակ հազարավոր որբացած հայ մանուկներ պահվում էին թուրքական պետական որբանոցներում եւ դաստիարակվում էին որպես թուրք, իսկ նրանց մի մասն էլ ստրուկի կարգավիճակում պահվում եւ շահագործվում էր թուրքական կամ քրդական ընտանիքներում: Սեւրի պայմանագրի 142-րդ հոդվածի տվյալ դրույթով փաստորեն հնարավորություն էր ընձեռվում իրենց կամքին հակառակ գերեվարված հայ կանանց, աղջիկներին ու որբերին փրկել անխուսափելի ուծացումից եւ ազատ արձակել:
Ցեղասպանության հետեւանքով հայ ժողովրդին հասցված հսկայական ժողովրդագրական կորուստները ինչ-որ չափով մեղմելու տեսակետից պատերազմում պարտված հանցավոր թուրքական պետության հետ խաղաղության պայմանագրում այս դրույթի ամրագրումը առավել քան կարեւոր էր:
– Իսկ այդ կարեւոր գործը կարելի՞ էր վստահել թուրքական իշխանություններին:
– Միանգամայն բնական է, որ նման կարեւոր եւ պատասխանատու գործը չէր կարող վստահվել այդ ամենի համար պատասխանատու թուրքական իշխանություններին, ուստի նախատեսվում էր Ազգերի Լիգայի Խորհրդի կողմից ստեղծել խառը հանձնաժողով, որը տուժածների, նրանց ընտանիքի անդամների եւ մերձավորների բողոքների հիման վրա հետաքննություններ էր իրականացնելուՙ նշված խմբերի անձանց հայտնաբերելու եւ ազատ արձակելու նպատակով: Իր հերթինՙ օսմանյան կառավարությունը պարտավորվում էր ամեն կերպ աջակցել այդ հանձնաժողովի գործունեությանը, ապահովել նրա որոշումների կատարումը, երաշխավորել տուժածների իրավունքների վերականգնումը եւ նրանց անվտանգությունը: Պայմանագրի 142-րդ հոդվածում այս դրույթի ներառումը վկայում է այն մասին, որ հաղթանակած տերությունները հիմնավոր կասկածներ ունեին առ այն, որ թուրքական իշխանությունները կարող էին փորձել արհեստական խոչընդոտներ ստեղծել տվյալ գործընթացի համար, այդ պատճառով էլ թուրքական կողմի վրա նման պարտավորություններ էին դրվում:
– Դաշնագրում կայի՞ն հոդվածներ, որոնք վերաբերում էին հայերից բռնազավթած հսկայական չափերի ունեցվածքին եւ այլ արժեքներին:
– Զանգվածային բնաջնջման ու բռնագաղթի ենթարկված օսմանահպատակ ոչ թուրք բնակչության եւ առաջին հերթին հայերի խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ հոդվածներից բացի, Սեւրի պայմանագրում տեղ են գտել նաեւ վերջիններիս ունեցվածքի բռնազավթումը դատապարտող եւ նրանց հասցված նյութական վնասների դիմաց հատուցում նախատեսող հոդվածներ:
Սեւրի պայմանագրի 144-րդ հոդվածը օսմանյան կառավարությանը պարտավորեցնում էր ոչ միայն ուժը կորցրած ճանաչել իր կողմից ընդունված «Լքյալ գույքի մասին» 1915 թ. ժամանակավոր օրենքն ու դրա լրացումները, որոնցով «օրինականացվել» էր ցեղասպանության ենթարկված արեւմտահայության զանգվածային ունեզրկման քաղաքականությունը, այլեւ արգելում էր նման օրենքների ընդունումն ապագայում:
Ոչ թուրք բնակչության եւ առաջին հերթին հայերի սեփականության իրավունքների վերականգնման դրույթներ սահմանելուց բացի, 144-րդ հոդվածով նախատեսվում էին նաեւ տվյալ գործընթացի վերահսկման մեխանիզմները: Օսմանյան կառավարությունը համաձայնվում էր, որ Ազգերի Լիգայի Խորհրդի կողմից ստեղծվեն միջնորդ հանձնաժողովներ` թուրքական կառավարության եւ տուժած համայնքի մեկական ներկայացուցիչների եւ Ազգերի Լիգայի Խորհրդի կողմից նշանակված նախագահի կազմովՙ սեփականության հետ կապված հարցերը եւ վեճերը քննելու եւ լուծելու համար: Այն դեպքերում, երբ հանձնաժողովը գույքի նկատմամբ չեղյալ կհամարեր նոր տերերի իրավունքները, վերջիններիս փոխհատուցում տրամադրելու պարտականությունը դրվում էր թուրքական կառավարության վրա, եւ դա առիթ չպետք է հանդիսանար այդ գույքի օրինական տերերի իրավունքների վերականգնումը ուշացնելու համար: Հայերի անշարժ եւ շարժական գույքին ցեղասպանության եւ զանգվածային ունեզրկման հետեւանքով ապօրինաբար տիրացած մահմեդականներին փոխհատուցելու պարտավորությունը թուրքական կառավարության վրա դնելու դրույթն առավել քան օրինաչափ էր, քանզի այդ բոլոր ապօրինությունների պատասխանատուն հենց թուրքական պետությունն էրՙ իր վարած հանցավոր քաղաքականությամբ:
Հայերի բռնազավթված գույքի վերադարձի գործընթացում թուրքական կողմի հնարավոր հակազդեցությունները կանխելու նպատակով նույն հոդվածում ամրագրված էր, որ օսմանյան կառավարությունը պարտավորվում է հնարավորության սահմաններում նպաստել հանձնաժողովի որոշումների կատարմանը, որոնք անբեկանելի են եւ դրանց չի կարող հակադրվել օսմանյան դատական կամ վարչական իշխանությունների կողմից ընդունված որեւէ որոշում:
Ցեղասպանության հետեւանքով հայերի կրած նյութական կորուստների վերականգնման եւ դրանց հետեւանքների հաղթահարման առումով Սեւրի պայմանագրի 144-րդ հոդվածում առաջ էին քաշվում բավականին իրատեսական միջոցներ եւ մեխանիզմներ, որոնք չեն կորցրել իրենց արդիականությունը եւ լիարժեք կերպով կարող են դրվել Հայոց ցեղասպանության նյութական հետեւանքների վերացման գործընթացի հիմքում:
– Ինչպիսի՞ վերաբերմունք էր առկա դաշնագրում ցեղասպանների նկատմամբ:
– Սեւրի պայմանագրի 230-րդ հոդվածի համաձայն, թուրքական կառավարությունը ճանաչում էր դաշնակից տերությունների իրավունքը քրեական պատասխանատվության կանչելու ոչ միայն այն անձանց, ովքեր մեղադրվում էին պատերազմի օրենքների եւ սովորույթների դեմ կատարված հանցագործությունների մեջ, այլեւ պարտավորվում էր նաեւ դաշնակից տերություններին հանձնել նրանց կողմից կոտորածների մեջ մեղադրվող անձանց, ովքեր պատերազմի ընթացքում հանցագործություններ էին կատարել այն տարածքներում, որոնք 1914 թ. օգոստոսի 1-ի դրությամբ հանդիսանում էին Օսմանյան կայսրության մասը: Այս հոդվածով փորձ էր կատարվում կյանքի կոչել 1915 թ. մայիսի 24-ի Անտանտի տերությունների համատեղ հայտարարությունը, քանզի դաշնակիցները դեռ այն ժամանակ խոստացել էին պատասխանատվության կանչել հայերի զանգվածային սպանությունների մեջ մեղադրվողներին: Այս դրույթը կարեւոր էր նաեւ այն իմաստով, որ թուրքական նոր իշխանությունները չէին կարող խուսափել Միջագետքի անապատներում հայերի զանգվածային կոտորածներում մեղադրվող անձանց արտահանձնելուց այն հիմնավորմամբ, թե հանցագործությունները կատարել են այն տարածքներում, որոնք այլեւս իրենց չեն պատկանում:
– Եթե կարելի է, հնարավորինս կարճ ամփոփեք ասվածը:
– Այսպիսով, Հայրենիքի մի մասին նկատմամբ տեղաբնիկ հայ ժողովրդի իրավունքը վերականգնող Հայաստանին անմիջականորեն վերաբերող հոդվածներից բացի, Սեւրի պայմանագրում տեղ են գտել ոչ պակաս կարեւոր հոդվածներ, որոնցով կարգավորվում էին օսմանահպատակ ոչ թուրք ժողովուրդների, այդ թվում հայերի խախտված իրավունքների վերականգնման ու հասցված նյութական վնասների հատուցման հարցերը, ինչպես նաեւ քրեական պատասխանատվություն էր նախատեսվում թուրք բարձրաստիճան ու տեղական պաշտոնյաների նկատմամբ ոչ միայն պատերազմական հանցագործություններ կատարելու, այլեւ մարդկության դեմ կատարած հանցագործությունների, առաջին հերթինՙ հայերի զանգվածային բնաջնջումը ծրագրելու եւ իրագործելու համար: Նշված հոդվածների պատշաճ վերլուծությունը հնարավորություն կտա հստակեցնել հանցավոր թուրքական պետության կողմից Սեւրի պայմանագրով ստանձնած միջազգային պարտավորությունները, ինչպես նաեւ քննարկել տվյալ փաստաթղթում առաջարկվող ցեղասպանության հանցագործության զոհ դարձած տեղաբնիկ ժողովուրդների եւ առաջին հերթին հայերի խախտված իրավունքներն ու նյութական վնասները վերականգնելու մեխանիզմների իրագործման հնարավորություններն ու հեռանկարները:
Հարցազրույցը վարեց ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆԸ, պգդ, պրոֆեսոր