Դեսպան Գրիգոր Առաքելյանի գրառումը, –
Հայերը ջերմ մթնոլորտում զրուցելու ավանդական ձևաչափ ունեն, որը կոչվում է «ջան ասել, ջան լսել»: Սա այն հայեցի ձևաչափն է, որ երկխոսության կողմերից մեկն իր զրուցակցին դիմում է «ջան» փաղաքշականով և ստանում «հա ջան» պատասխանը: Պատկերացնո՞ւմ եք, որքան հաճելի կլիներ, եթե այս օրերին մեր երկրի բոլոր վարչական ռեսուրսները մոբիլիզացվեին այս ձևաչափով մեզ զրուցել պարտադրելու համար։
«Ջան» բառը հայի շուրթերից պարբերաբար հնչող փաղաքշական բառ է, որը դրվում է կոչականի կողքին: Հաճախ «ջան» բառը ստիպում է հայի բազմավանկ անունը արտաբերել ընդամենը մեկ վանկով: Օրինակ, Կառան, Նառան ու Մառան, որ Կարինեի, Նարինեի ու Մարինեի կրճատ տարբերակներն են, ջանի «շնորհիվ» ստանում են Կառջան, Նառջան ու Մառջան ձևերը: Եվ դա մի տեսակ մտերմություն ու հարազատություն է պարտադրում զրուցակիցներին: (Խնդրում եմ Մառջան հապավումը չշփոթել Մարջան անվան հետ, որն առաջացել է արամերեն margonith հոմանիշից): Նաև պետք չէ վրացական Դարիջան իգական անվան մեջ փնտրել «ջան» բաղադրիչը, քանի որ այդ անվանումը պարսկերեն نیست در جهان [nist dar jahan] «Աշխարհում (նմանը) չկա» բառակապակցության հնչյունափոխված (աղավաղված) ձևն է:
Ես միշտ կարեկցանքով եմ նայել ռուսներին, քանի որ նրանք չունեն «ջ» հնչյունը, և հայի հետ առնչվելիս, ստիպված են մի կերպ «դ» և «ժ» բաղաձայների միաձուլումով արտասանել, օրինակ, «Մգեր-ԴԺան» բաղաձայնակույտը:
Մեզ շրջապատող, հատկապես իրանական մշակույթի ազդեցությունը կրող ժողովուրդները, նույնպես օգտագործում են իրանական աղբյուրից փոխառված «ǰān» փաղաքշականը, որը նշանակում է «հոգի», «կյանք»: Բայց հայերենն ունի նաև հնդեվրոպական նախալեզվից փոխառած նույն ուղղագրությամբ բնիկ հայկական մեկ այլ բառ, որից էլ կազմվել են «հոգնաջան», «ժրաջան», «ջանալ» բառերը, և դա իրանական جان « ǰān» բառի հետ ոչ մի կապ չունի:
Ջանի կիրառումն Աֆղանստանում այնքան սովորական է, որ այլևս ջանը չի ընկալվում որպես փաղաքշական բառ: Օրինակ, Աֆղանստանի դպրոցներում ներկա-բացակայի ժամանակ աշակերտների անուններն արտասանում են միայն ջանի հավելումով՝ Ահմադ-ջան, Մամուդ-ջան, Ջումա-ջան և այլն: Ջանի փաղաքշանքը չի ընկալվում նաև հայերեն որոշ անձնանունների, օրինակ՝ Աղաջանի ու Իսաջանի պարագայում:
Բայց Աֆղանստանում, ինչպես նաև Իրանում, «ջան ասել, ջան լսել» բանաձևի փոխարեն կա մեկ այլ ձևաչափ, որը կոչվում է «Ես ծաղիկ ասեմ, դու ծաղիկ լսիր»:
Իրանցի ժամանակակից բանաստեղծ Ֆերեյդուն Մոշիրին այս տողերով ընկերական ջերմ ու անկաշկանդ զրույցի մասին իր երազանքն է արտահայտում․
من دلم میخواهد
خانهای داشته باشم پُرِ دوست ،
کنج هر دیوارش
دوستهایم بنشینند آرام
گل بگو گل بشنو … ؛
Երանի տուն ունենայի՝ լի ընկերներով,
Դրա պատերի ամեն մի անկյունում
Անվրդով նստած լինեին ընկերներս,
Ու մենք ջան ասեինք, ջան լսեինք… (ծաղիկ ասեինք, ծաղիկ լսեինք)
Ի դեպ, Աֆղանստանում ծաղիկ իմաստով «գոլ» բառը ինչ-որ տեղ փոխարինում է «ջան» բառին, որի ապացույցն է آقای گل [agha-ye gol] հարգալից դիմելաձևը: Բայց եթե Աֆղանստանում «աղա-յէ գոլ» արտահայտության մեջ «գոլ» բառը ծաղիկ է նշանակում, ապա Իրանում նույն آقای گل «աղա-յէ գոլ» բառակապակցությունը համարվում է տիտղոս, որը տրվում է ֆուտբոլային խաղերում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստին:




