Նոյեմբերի լույս 10-ի գիշերն ստորագրված տխրահռչակ հայտարարությանը հաջորդող շրջանում ՀՀ սահմանների շուրջ ընթացող կործանարար գործընթացները, ՀՀ արևելյան և հարավային մարզերի՝ Տավուշի, Գեղարքունիքի և, հատկապես, Սյունիքի սահմանների՝ միջազգայնորեն ընդունված նորմերին համահունչ ձևակերպումների տոտալ բացակայությունը, ՀՀ իշխանությունների կասկածելի պահվածքը և այդ պայմաններում Ադրբեջանի սանձարձակ գործողությունները վերստին ուղեկցվեցին սահմանազատումների վերաբերյալ ակտիվ քննարկումներով:
Առկա իրավիճակ
Հայտարարվում է, որ սահմանագծման հարցում առաջնորդվում են Խորհրդային Միության ինչ-որ վարչական բաժանումներով, որի իրավական հիմքը անհասկանալի է:
Իրադրությունը 1990-1991 թթ.
Վրաստանի Գերագույն խորհրդի նախագահ Զ. Գամսախուրդիան 1991 թ. ապրիլի 9-ի իր ելույթում հայտարարեց Վրաստանի անկախության վերականգնման մասին՝ հիմք ընդունելով 1918 թ. մայիսի 26-ին ընդունված Վրաստանի անկախության ակտը: Հիշեցնենք նաև, որ Վրաստանի Գերագույն խորհուրդը 1990 թ. մարտի 9-ին ընդունեց «Վրաստանի սուվերենության պաշտպանության երաշխիքների մասին» որոշումը, որով Կարմիր բանակի մուտքը Վրաստան՝ 1921 թ. փետրվարին, անվանվեց անեքսիա և օկուպացիա: Մի քանի ամիս անց՝ հունիսի 20-ին, ՎԽՍՀ Գերագույն խորհուրդը, անօրինական ճանաչեց պետական այն բոլոր պայմանագրերը և ստեղծված կառույցները, որոնք կնքվել էին և ստեղծվել «Վրաստանի օկուպացիայից» հետո: Այսպիսով՝ Վրաստանն իրեն հայտարարեց ոչ թե ՎԽՍՀ, այլ 1918 թ. Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության բացարձակ իրավահաջորդ, որով իսկ խոցելի դարձրեց իր սահմանները՝ կարճ ժամանակ անց հեռացնելով իրենից Աբխազիային ու Հարավայի Օիսային։ Հիշենք՝ Վրաստանի ներկա տեսքը (ներառյալ Աբխազիան և Հարավային Օսեթիան), որով այն ճանաչում են աշխարհի մի շարք երկրներ, ձևավորվել է 1922-1931 թթ.։
Համաձայն Ադրբեջանի Հանրապետության 1991 թ. հոկտեմբերի 18-ի թիվ №222-XII Սահմանադրական ակտի, 2-րդ կետի.
«Ադրբեջանը հանդիսանում է 1918 թ. մայիսի 28-ից մինչև 1920 թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցող Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը»: Նույն ակտի 3-րդ կետի համաձայն՝ 1922 թ. դեկտեմբերի 30-ի ՍՍՀՄ կազմավորման մասին պայմանագիրն Ադրբեջանի մասով համարվում է անվավեր: Նախկին ՍՍՀՄ անդամ հանդիսացող ինքնիշխան պետությունների հետ բոլոր իրավահարաբերությունները կարգավորվում են պայմանագրերի ու համաձայնագրերի հիման վրա»:
Այսպիսով՝ ինչպես Վրաստանի, այնպես էլ Ադրբեջանի պարագայում ամեն ինչ հստակ է. վերջիններս իրավական իմաստով մերժել են խորհրդային շրջափուլի ժառանգությունը և իրենց համարում են առաջին հանրապետությունների իրավահաջորդներ:
Հայաստանի պարագան որոշակիորեն տարբեր է: Հայաստանն անկախացել է ԽՍՀՄ-ից՝ ՀԽՍՀ-ի տարածքի հենքի վրա, և ՀՀ անկախացման շրջանում չի ընդունել որոշումներ, համաձայն որոնց՝ կմերժեր խորհրդային շրջանի ժառանգությունն այնպես, ինչպես Վրաստանն ու Ադրբեջանը: Միաժամանակ՝ Հայաստանի անկախության հռչակագրում (23 օգոստոսի, 1990 թ.) ամրագրված է հետևյալը. «…Հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները…»: Փաստենք նաև, որ նորանկախ ՀՀ-ի սահմանադրությունը հիմնված է Հռչակագրի վրա։
Մի քանի հաստատումներ
ՀՀ-ի՝ որպես նորանկախ պետության սահմանները չե՛ն կարող հիմնված լինել ՀԽՍՀ սահմանագծման վրա, քանի որ դրանք երբևէ չեն ճանաչվել միջազգայնորեն և չունեն իրավական լեգիտիմություն: ՀԽՍՀ – ԱԽՍՀ սահմանները եղել են ոչ թե պետական կամ միջազգայնորեն ընդունելի սահմաններ, այլ ունեցել են պարզ վարչատարածքային իմաստ: Ավելի պարզ ասած՝ Զանգելանի և Կապանի շրջանների կոլտնտեսությունների (կոլխոզներ) կամ սովետական տնտեսությունների (սովխոզներ) «շփման գծերը» չե՛ն կարող հիմք ծառայել պետական սահմանագծման համար:
Հայաստանն իր պատմության մեջ ունեցել է միջազգայնորեն ճանաչված և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան սահմանները որոշած մեկ Հանրապետություն, որը հանդիսանում է Հայոց առաջին Հանրապետությունը։ (Հայաստանի խորհրդայնացման պատճառով, ցավոք, Թուրքիայի հետ այդ սահմանները չկենսագործվեցին, նույն պատճառով սահմանագծում տեղի չունեցավ Վրաստանի և Ադրբեջանի հետ, որը պետք է իրագործեր Ազգերի Լիգայի Գլխավոր խորհուրդը՝ լեգիտիմ լիազորություններով՝ ելնելով ազգագրական պատկերից):
Վերոհիշյալ փաստերն ընդհանրացնելով՝ նշենք.
Նոյեմբերի լույս 10-ի գիշերն ստորագրված եռակողմ հայտարարության մեջ չկա կետ Զանգելանի և Կուբաթլուի շրջանների վերադարձի մասին: Տվյալ պարագայում պետք է գործի հայտարարության առաջին կետը, այն է՝ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։ Հետևաբար՝ Զանգելանի և Կուբաթլուի շրջանների և ՀՀ Սյունիքի մարզի սահմանը պետք է դառնա այն գիծը, որտեղ կանգ են առել զորքերը հայտարարության ստորագրման պահին: Ի դեպ, այս նույն՝ հայկական կողմի համար ոչ ձեռնտու սկզբունքն է գործել Արցախի բոլոր հատվածներում՝ Հադրութի, Շուշիի, Մարտակերտի ու Մարտունու պարագաներում, ինչի հետևանքով Ադրբեջանն իր վերահսկողության ներքո վերցրեց նախկինում ԼՂԻՄ-ի կազմի մեջ եղած մի շարք քաղաքներ ու բնակավայրեր:
Ինչպես Վրաստանը, այնպես էլ Ադրբեջանի ու Հայաստանի Հանրապետությունները խորհրդայնացման պահին ունեցել են սահմանազատման բոլորովին այլ պատկեր, միաժամանակ՝ սահմանազատման խնդրում գործել են միանգամայն այլ՝ միջազգայնորեն ընդունելի, ճանաչված և լեգիտիմ սկզբունքներ: Ցավոք, դրանք չեն կիրառվել՝ երկրների խորհրդայնացման պատճառով:
Ո՞րն է այն իրավարար փաստաթուղթը, որի վրա հենվելով միայն հարկավոր է իրականացնել ՀՀ-ԱՀ սահմանագծումը։Վկայակոչենք 1920թ. օգոստոսի 10-ին ընդունված Սևրի պայմանագրի 92-րդ հոդվածը. «Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի սահմաններն ըստ պատկանելույն կորոշվեն շահագրգռված պետություների ընդհանուր համաձայնությամբ։ Երբ 89-րդ հոդվածում նախատեսված որոշումն արդեն ընդունված կլինի և եթե դրանից հետո այս կամ այն շահագրգռված պետությունները չեն կարողանա ընդհանուր համաձայնությամբ որոշել իրենց սահմանագիծը, վերջինս կորոշեն Գլխավոր դաշնակից տերությունները, որոնք դրա հետ միասին պետք է հոգ տանեն սահմանազատումը տեղում գծանշելու մասին» (ՀՄԴ և ՍԱՔՓ, Ե., 1972, էջ՝ 677)։ Սույն փաստաթուղթն ստորագրել են 18 երկրներ։ Նախքան պայմանագրի ստորագրումը Փարիզի վեհաժողովն իր 1920 թ. փետրվարի 24-ի՝ «Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովի առաջարկներ և զեկույց»-ում, որն ստորագրել են Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի ներկայացուցիչները, հայտարարում է. «Ինչ վերաբերում է Հայաստանի պետության և Վրաստանի, ինչպես նաև Ադրբեջանի սահմանին, ապա Հանձնաժողովը գտնում է, որ ներկայումս նախընտրելի է սպասել վերոնշյալ սահմանների հստակեցման վերաբերյալ այնպիսի համաձայնության արդյունքներին, որոնց երեք հանրապետություններն իրենք կհանգեն պայմանագրերի մեջ։ Այն դեպքում, եթե սույն հանրապետություններն իրենց սահմանների վերաբերյալ չեն հանգի որևէ համաձայնության, ապա հարցը պետք է փոխանցվի Ազգերի լիգայի իրավարարությանը, որը կստեղծի միջդաշնակցային հանձնաժողով՝ տեղում որոշելու վերոնշյալ սահմանները՝ հաշվի առնելով, որպես սկզբունք, ազգագրական տվյալները»։ Սույն փաստաթուղթն ընդգրկվել է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22-ի իրավարար վճռի Ամբողջական զեկույցի մեջ՝ որպես 1-ին հավելվածի 2-րդ փաստաթուղթ:
Սույն փաստաթուղթը (զեկույց-առաջարկը), որի գոյությանը, փաստորեն, բացի Բրիտանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից և Ճապոնիայից իրավական ուժ է հաղորդել նաև ԱՄՆ-ը, Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման պատմության մեջ միակ իրավական ուժ ունեցող փաստաթուղթն է։
Սույն փաստաթղթի գոյության և այսպիսի իրադրության պայմաններում է ԱՄՆ-ը 1920թ. ապրիլի 23-ին ճանաչել Հայաստանի առաջին Հանրապետության անկախությունն՝ ի տարբերություն Ադրբեջանի, որի առաջին հանրապետության անկախությունն այդպես էլ չճանաչվեց ԱՄՆ-ի կողմից։
Նորանկախ երկու պետությունները՝ ՀՀ-ն և ԱՀ-ն, 1990-ականների սկզբներին չեն ճանաչել միմյանց անկախությունը և տարածքային ամբողջականությունը, և մինչ այժմ չկա իրավարար վճիռ ունեցող մի փաստաթուղթ, որը կմատնանշեր ճշգրտված սահմանագծումների արդյունքում երկկողմանի ճանաչված սահմանների մասին։
Հետևաբար՝ եթե նորանկախ երկու պետությունները՝ ՀՀ-ն և Ադրբեջանը, մինչ այսօր չեն կարողացել իրականացնել սահմանազատման աշխատանքները՝ չխախտելով արդարությունը, ապա միանգամայն անհրաժեշտ է, որ ներկա ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հարցը դրվի Ազգերի լիգային իրավահաջորդ կազմակերպության՝ ՄԱԿ-ի և մասնավորաբար՝ վերջինիս Անվտանգության խորհրդի վրա։ Իսկ վերջինս իր հերթին պարտավոր է սահմանազատումն իրականացնել ազգագրական այն պատկերի հիման վրա, որը գոյություն ուներ 1920 թ. աշնանը։
Որոշ եզրահանգումներ
Այն սահմանագծումը, որը կատարվում է ներկայիս ՀՀ-ԱՀ հատվածում, չի՛ կարող ունենալ իրավական ուժ։ Այն բնավ չի կարող համարվել Փարիզի վեհաժողովի՝ 1920 թ. փետրվարի 24-ի՝ «Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովի առաջարկներ և զեկույց»-ում (Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22-ի իրավարար վճռի Ամբողջական զեկույցի 1-ին հավելվածի 2-րդ փաստաթուղթ) սահմանված՝ հանրապետությունների սահմանների վերաբերյալ փոխադարձ համաձայնության արդյունք, քանի որ այն իրականացվում է.
Ադրբեջանի կողմից ուժի կիրառման և հարձակման սպառնալիքների պայմաններում,
Խորհրդային կամայական սահմանազատման հենքի վրա:
Սահմանագծման բոլոր այն քաշքշուկները, որոնք ներկայումս տեղի են ունենում ՀՀ-Ադրբեջան «սահմանի» երկայնքով՝ սահմանազատման համար սահմանված սկզբունքները և միջազգային իրավունքի նորմերը կոպտորեն խախտելու արդյունք են։ Այդ քաշքշուկներն ու հայ բնակչության արդարացի բողոքի ձայնը չի լռելու այնքան ժամանակ, քանի դեռ շարունակվում է այդ՝ խորքի մեջ զավեշտալի գործընթացը։
Չնայած ուշացած, այնուամենայնիվ՝ ժամանակն է, որ դադարեցվեն ՀՀ-ԱՀ, այսպես կոչված, «սահմանազատման» աշխատանքները, որոնք տեղավորվում են ՀՀ իշխանությունների՝ հայրենիքի հանդեպ դավաճանական գործողությունների համալիր քայլերի մեջ։
Սահմանազատման երկուստեք ընդունելի տարբերակը պետք է որոշի երկու կողմերի ներկայացուցիչներից (գեոդեզիստներ, իրավաբաններ, պատմաբաններ, պետական պատկան մարմինների ներկայացուցիչներ և այլն) հատուկ հանձնաժողովը: Սահմանների վերաբերյալ որևէ համաձայնության բացակայության պայմաններում ՀՀ-Ադրբեջան սահմանագծումը պետք է իրականացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ հաշվի առնելով 1920 թ. աշնանը առկա ազգագրական տեղաբաշխումները։
Վահե Սարգսյան
Yerkir.am