2024 թվի նոյեմբերի 5-ին Մ. Նահանգներում անցկացվելու են 60-րդ հերթական նախագահական ընտրություններ, որոնցում հաղթող թեկնածուն իր պաշտոնավարության պարտականությունները ստանձնելու է 2025-ի հունվարի 20-ին: Հաշվի առնելով ամերիկյան ընտրությունների յուրահատկությունը, գլխավոր թեկնածուներն արդեն իսկ սկսել են իրենց քարոզարշավները` հանդիպումներ կազմակերպելով քվեարկողների հետ, զորակոչի ենթարկելով իրենց պաշտպան-հետեւորդներին եւ փորձելով ապահովել ֆինանսական անհրաժեշտ միջոցներ: Կան նաեւ դեպքեր, որոնցում իրենց թեկնածությունը առաջադրողները որոշել են չշարունակել ընտրարշավը` համարելով, որ ժամանակները պատշաճ չեն, ինչպես օրինակ` 48-րդ փոխնախագահ Մայք Պենսը, որ հանդես է եկել նման հայտարարությամբ:
Ներկայիս Դեմոկրատական կուսակցությունից թեկնածուների թիվը բավական մեծ է, սակայն առաջնային դիրքում է գործող նախագահ Ջո Բայդենը: Հանրապետական կուսակցությունից 8 թեկնածու է մասնակցում ընտրարշավին, որոնցից առաջամարտիկը Դոնալդ Թրամփն է: Նրան հաջորդում է Ռոն դը Սանտիսը: Սեպտեմբերի 8-14-ի ժամանակահատվածում Reuters/Ipsos-ի անցկացրած հարցախույզերի արդյունքում Թրամփին պաշտպանողները 51 տոկոս են կազմում, իսկ դը Սանտիզին պաշտպանողները մոտ 40 տոկոսով նվազ են:
Հակառակ մեծ թվով թեկնածուներին, ըստ երեւույթին գլխավոր պայքարը ընթանալու է գործող նախագահ Ջո Բայդենի եւ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ: Չնայած երկուսն էլ մեծ ժողովրդականություն են վայելում այս մրցարշավում, չպետք է մոռանանք, որ նրանք ունեն իրենց թույլ կողմերը, որոնք կարող են ձախողել իրենց արշավը: Բայդենին քննադատողները պնդում են, որ նա չափազանց մեծ է տարիքով, որպեսզի կարողանա մի շրջան եւս նախագահել:
Նա 81 տարեկան է դառնալու ընտրությունների ժամանակ: Այժմ Ամերիկայի պատմության մեջ նա ամենատարեց նախագահն է եւ 86 է դառնալու իր նոր ժամկետի ավարտին, ինչը նրան 9 տարով ավելի մեծ է դարձնում, քան Ռոնալդ Ռեյգանն իր նախագահական ժամկետի ավարտին` 1989-ին:
Բացի այդ, Բայդենը նաեւ Հանրապետականների կողմից իմփիչմենտի վտանգի առաջ է կանգնած իր որդու վիճահարույց բիզնես-գործարքների եւ այլ մեղադրանքների պատճառով:
Թրամփը, որ 78 տարեկան է դառնալու ընտրությունների ժամանակ, նախագահական իր նոր ժամկետը ավարտելու է 82 տարեկանին: Նա այս ընտրապայքարին մասնկացում է չորս նահանգների կողմից իր դեմ հարուցված մոտ 100 քրեական հանցագործությունների առկայության պայմաններում, ինչը, բնականաբար, խանգարող հանգամանք է:
Հարցը հետեւյալն է: Արդյոք հնչող մեղադրանքները նվազեցնելո՞ւ են նրա նախագահ դառնալու հնարավորությունը: Արդարեւ նույնիսկ մեղավոր ճանաչելու դեպքում, նա կարողանալու է շարունակել պայքարը (բայց չի կարողանալու քվեարկել իր հայրենի Ֆլորիդա նահանգում): Մ. Նահանգների սահմանադրության մեջ նախագահ դառնալու պահանջները բավական հասարակ ու պարզ են. թեկնածուն պետք է լինի 35 տարեկան, Մ.Ն.-ում ծնված քաղաքացի եւ բնակություն հաստատած` առնվազն 14 տարի: Սահմանադրության մեջ ոչ մի նշում չկա այն մասին, որ քրեական անցյալ ունենալը կամ բանտարկվածությունը կարող է արգելք հանդիսանալ նախագահական պաշտոնը զբաղեցնելու համար: Եվ նման նախադեպ էլ չի եղել:
Ինչ վերաբերում է գործող եւ նախկին նախագահների միջեւ ընթացող պայքարին, կարեւոր է նշել, որ Նյու Յորք Թայմսի` նոյեմբերին անցկացված հարցախույզը 6 կարեւորագույն նահանգներից հինգում Թրամփին է տվել առաջնահերթությունը: Մի քանի օր անց չկողմնորոշված նահանգներում անցկացված հարցումները յոթ նահանգներից վեցում հաղթանակ են նախատեսել Թրամփին: «Stack Data Strategy» անվամբ պահոցային տվյալների մարտավարության կայքի առանձին նահանգների վերաբերյալ ամբողջական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Թրամփը Բայդենից առաջ է նույնիսկ «էլեկտորալ քոլեջ» կոչված ընտրական խմբավորման ներկայացուցիչների շրջանում: Բայց վերջին ժամանակներում կարծես թե նա կորցնում է իր ժողովրդականությունը:
Մ. Նահանգների նախագահական ընտրություններում Հայաստանի եւ հայերի համար կարեւոր է այն, թե ինչպես են դրանք ազդելու Հարավային Կովկասի եւ մասնավորապես Հայաստանի նկատմամբ որդեգրած Ամերիկայի արտաքին քաղաքականության վրա:
Ընտրությունների արդյունքը ընդհանրապես ամբողջ աշխարհին է մտահոգում, քանի որ այդ արդյունքի վրա է ձեւավորվելու Մ. Նահանգների քաղաքականությունը առաջիկա չորս տարիների ընթացքում: Վարչակազմի փոփոխությունը ենթադրում է նաեւ քաղաքականության եւ առաջնահերթությունների փոփոխություն, որը կարող է առավել մեծ աշխարհաքաղաքական ազդեցություններ ունենալ:
Ամենակարեւոր խնդիրը, որը կարող է ազդեցություն կրել ներկա վարչակազմի շարունակության կամ փոփոխման պայմաններում` ռուս-ուկրաինական պատերազմն է: Ինքնըստինքյան հասկանալի է, որ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ լարվածության թեժացումը իր անմիջական բացասական անդրադարձն է ունենալու ամբողջ աշխարհի (եւ բնականաբար Հայաստանի) տնտեսության եւ անվտանգության հարցերի վրա: Հայաստանի համար շատ ավելի լավ կլիներ, եթե չգտնվեր իրար բացառող շահերի ներկա խաչմերուկում: Վերջին հաշվով հակասական պատժամիջոցները կարող են է՛լ ավելի վնասել Հայաստանին, քանի որ նա կախյալ վիճակում է ռուսական գազի մատակարարումներից, ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի անդամակցությունից եւ Հայաստան-Ռուսաստան զանազան այլ միահյուսված տնտեսական կապերից:
Մինչ Հայաստանը ներկայիս, շրջանցելով Ռուսաստանին, կարողանում է որոշ չափով օգտվել արեւմտյան ֆինանսական ներհոսքերից, ապագայում կարող է իրադրությունը փոխվել, հաշվի առնելով, որ արդեն Վաշինգտոնի կողմից եղել են այդպիսի զգուշացումներ:
Եթե 2024-ի նախագահական ընտրություններում Թրամփը հաղթանակի, Վաշինգտոնում ուկրաինական գործոնն իր կարեւորությունը կարող է կորցնել, լարվածության որոշակի թուլացում (բայց ոչ էական կամ նշանակալի) առաջացնելով Մ. Նահանգներ-Ռուսաստան հարաբերություններում: Թրամփը պատերազմը ավարտելու եւ բանակցությունների սեղանի շուրջ քննարկումներ անցկացնելու կողմնակից է: Նա խոստանում է պատերազմն ավարտել քսանչորս ժամում: Դրան հասնելու միակ ճանապարհը կարծես Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օժանդակության դադարեցումն է, որը Ուկրաինային այլ ելք չի թողնի, բացի ռուսների հետ բանակցելուց: Դրան հասնելու համար Մ. Նահանգները ստիպված է Ռուսաստանի նկատմամբ որդեգրած իր քաղաքականւթյունը թուլացնել, որոշ պատժամիջոցներից հրաժարվել եւ ինքն էլ նստել բանակցելու: Ընդհանրապես Թրամփը միշտ կողմ է եղել համագործակցելու Ռուսաստանի հետ եւ վերջ տալու պատերազմին: Ակնկալվում է, որ ներքին ճնշումներ կլինեն նրա դեմ, երբ նա փորձի իրագործել իր ծրագիրը, բայց քանի որ նրա վերջին նախագահական ժամանակաշրջանն է լինելու, կարելի է ենթադրել, որ նա ոչինչ չունի կորցնելու եւ կջանա ամեն գնով առաջ տանել իր ծրագիրը: Հաջողության հասնելու դեպքում այլ պետություններ, որոնք այնքան էլ ոգեւորված չէին պատժամիջոցներ կիրառելու գաղափարով, կհետեւեն ԱՄՆ-ին եւ կմեղմեն սահմանափակումները: Նման քայլերը, ինչ խոսք, դրական ազդեցություն կթողնեն նաեւ Հայաստանի վրա եւ կնվազեցնեն լարվածությունը նրա դեմ:
Մյուս կարեւոր հարցը Հայաստանի անմիջական հարեւան Իրանի նկատմամբ Մ. Նահանգների որդեգրած քաղաքականությունն է: Թրամփը փորձելու է ավելի կոշտ քաղաքականություն վարել, քան Բայդենը, որը հավատարիմ է մնալու իր «Իսրայելն է առաջնահերթ Միջին Արեւելքում» պատմական գաղափարախոսությանը: Այդ առումով Իրանի դեմ գործադրված որեւէ գործողություն (ռազմական, թե տնտեսական) չի բխելու Հայաստանի շահերից: Մ. Նահանգներ-Իրան հարաբերությունների կարգավորման դեպքում է, որ Հայաստանը կարող է օգտվել ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական առումներով: Դժբախտաբար նման հեռանկարի ակնկալիքը խիստ անորոշ է: Այստեղից էլ պետք է ենթադրել, որ Հայաստանը պարտավոր է ճիշտ խուսանավել միջազգային բոլոր հարթակներում, գործընթացներում, եւ փորձել պատրաստ լինել թեթեւացնելու ապագայի մարտահրավերները:
ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ
Անգլ. բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)