Ռազմական պատմության մասնագետ Մհեր Հակոբյանը իր ֆեյսբուկյան գրառմամբ անդրադարձել է մ․թ․ա․ I դարում տարածաշրջանում ձևավորված ռազմաքաղաքական իրավիճակին և հիմնական խաղացողների ռազմական հզորության բնութագրերին։
Մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում ՊԱՐԹևԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ռազմական մեքենան իր մեջ, ըստ էության, ներառել էր ողջ այն դրականը, որը հասցրել էին մշակել Մեծ տափաստանում միմյանց հետևողականորեն փոխարինող պետական միավորների ռազմական համակարգերը, ընդ որում սրա հետ միաժամանակ նաև պարթևական ռազմական մեքենան, գտնվելով Մեծ տափաստանի և նստակյաց քաղաքակրթությունների հատման յուրօրինակ մի սահմանակետում, իր մեջ ներառել էր բավականին դրական տարրեր նաև նստակյաց պետական միավորների ռազմական համակարգերից։ Արդյունքում Պարթևական թագավորության ռազմական մեքենան, թեև քոչվոր ռազմական մեքենաներին բնորոշ տարրերի զգալի գերակշռությամբ, բայց իր մեջ ՈՒՆԵՐ ՏԱՐՐԵՐ նաև վերջինիս հակոտնյայից, ինչը վերջինիս զգալի ունիվերսալություն էր ապահովում՝ ի համեմատ ինչ-որ տեղ գուցե ավելի հզոր, բայց, ըստ էության, միակողմանի զարգացում ունեցող օրինակ Քուշանական թագավորության ռազմական մեքենայի, որտեղ բնականաբար գերակշռում էր քոչվոր տարրին բնորոշ վարքագիծը։
Պարթևական թագավորության բանակը իդեալում իր կազմում ուներ մոտ 150.000 ռազմիկ, սակայն, հաշվի առնելով այս թագավորության կառուցվածքային թերությունները, կենտրոնական իշխանության ավանդական թուլությունը և տեղայնականության ուժեղ կենտրոնախույս ձգտումները, այս թիվը իրապես մարտադաշտում գործնականում անչափ հազվադեպ էր հաջողվում ապահովել։
ՊՈՆՏՈՍԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ, որի ռազմական մեքենայում, համադրված արևելյան պայմանների հետ, իր հետագա զարգացումը ստացավ հելլենական ռազմական մեքենան, ի սկզբանե տարածքային բավականին սահմանափակ հնարավորություններ ուներ և, արդյունքում, բնականաբար սահմանափակ էին նաև բանակային թվաքանակ ապահովելու վերջինիս հնարավորությունները։ Այնուհանդերձ կոնկրետ հենց մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում Միհրդատ VI Եվպատորը, գործի դնելով նյութական զգալի միջոցներ, ի վիճակի էր մարտադաշտ հանել իր կազմի ճնշող մեծամասնությամբ Պոնտոսի թագավորության սահմաններից դուրս վարձած վարձկան ռազմիկների զգալի մի քանակություն՝ որոշ դեպքերում ապահովելով մոտ 300.000 ռազմիկի առկայությունը։
Այս ամենով հանդերձ հարկ է նշել, սակայն, որ նման թվաքանակ ապահովելը Պոնտոսի տիրակալի համար ամեն դեպքում հնարավոր էր լինում ՄԻԱՅՆ ԿԱՐՃ ԺԱՄԱՆԱԿՈՎ և պատերազմի համեմատականորեն սահմանափակ թատերաբեմում, ընդ որում իր հիմնական մասով վարձկաններից կազմված բանակը բնականաբար ուներ իրեն բնորոշ թերությունները, որոնցից գլխավորն այն էր, որ առանձնակի եռանդ չդրսևորող վարձկանները հավատարիմ էին միայն հաջողության պարագայում, իսկ ռազմական գործողության վերջնարդյունքն էլ նրանց մեծապես չէր հետաքրքրում: Այսպիսով՝ Միհրդատ VI Եվպատորի ռազմական մեքենան ԲԻԶՆԵՍ-ՊԱՏԵՐԱԶՄԻ հելլենականացված մոդելի բյուրեղացված ներկայացումն էր՝ իր բոլոր առավելություններով և թերություններով հանդերձ։
Այս առումով մինչև առաջ անցնելը հարկ է նաև ավելացնել, որ Պոնտոսի թագավորության ռազմական մեքենայի կազմում իր ուրույն, իսկ սեփական մարտական հատկանիշներով էլ նույնիսկ անկրկնելի դեր ուներ Փոքր Հայքի թագավորության բանակը և վերջինիս հատկապես հեծելազորը, ընդ որում վերջինս, բանակային ընդհանուր համակարգում լինելով համեմատականորեն փոքրաթիվ, զուտ նյութական օգուտի համար պայքարող վարձկաններին հաջողությամբ հակադրում էր սեփական ավանդական հավատարմությունը։
ՀՌՈՄԵԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ռազմական մեքենայի կապակցությամբ վերևում արդեն նշվեց, որ վերջինիս բանակային մեխանիզմը հաջողությամբ կիրառում էր ֆալանգային մարտավարության հետագա և ավելի զարգացած տարատեսակը հանդիսացող լեգեոնային մարտավարությունը, որն ավելի ճկուն և ունիվերսալ մի երևույթ էր: Միաժամանակ հարկ է նշել, որ նույն այս ժամանակաշրջանում, հավասար համեմատական նոր տարածքների նվաճման, անշեղորեն աճում էր նաև Հռոմեական հանրապետության բանակի թվաքանակը և, եթե մ.թ.ա. II դարի սկզբում այն իր կազմում ուներ մոտավորապես 200.000 ռազմիկ, ապա արդեն դարի վերջում այս թիվը սկսեց մոտենալ 300.000-ի, հաջորդ դարում այն ավելի էր աճելու՝ հասնելով 400.000-ի, իսկ դարի երրորդ քառորդում էլ ընդհուպ մոտենալու էր 600.000-ի։
Իրոք, այն բանից հետո, երբ ավարտվեց Դաշնակցային պատերազմը (մ.թ.ա. 91-88), որի արդյունքում Ապենինյան թերակղզու բնակչությունն, ըստ էության, ստացավ նույն այն իրավունքները, ինչ բուն Հռոմ քաղաքի բնակչությունը, հնարավորություն առաջացավ Հռոմեական հանրապետության բանակային մեքենայի կազմում մասսայականորեն ընդգրկել նաև վերջինիս ներկայացուցիչներին, ինչը կտրուկ ավելացրեց հանրապետության ռազմական մեքենայի թվակազմը։ Պարզության համար նշենք, որ Դաշնակցային պատերազմում Հռոմի դեմ ելած դաշնակիցների ուժերն ընդհանուր առմամբ ընդգրկում էին 200.000 ռազմիկ, այն դեպքում, երբ նույն այս ժամանակաշրջանում 200.000 ռազմիկ էլ ընդգրկում էր բուն Հռոմի ռազմական մեքենան, իսկ այժմ, վերջնարդյունքում, այս թվերն, ըստ էության, գումարվեցին իրար։
Խնդիրը, սակայն, սրանով ևս չսահմանափակվեց, քանի որ Հռոմեական հանրապետության ռազմական մեքենան այժմ ևս պահպանեց մարտական գործողություններում տարաբնույթ կարգավիճակ ունեցող դաշնակիցների ռազմուժի կիրառումը։ Արդյունքում, եթե մինչև Դաշնակցային պատերազմը Հռոմեական հանրապետության ռազմական մեքենան կազմող լեգեոնները համալրվում էին բացառապես միայն Հռոմեական հանրապետության քաղաքացիներ հանդիսացող անձանցից, իսկ Հռոմեական հանրապետության ազդեցության ոլորտում գտնվող այլ տարածքներից էլ հավաքվում էր ընդամենը միայն կոնկրետ ռազմագործողությանը մասնակցող լեգեոներներին քանակապես կրկնող նույն քանակի դաշնակից ուժ, ապա այժմ իրավիճակը փոխվեց։ Արդյունքում Դաշնակցային պատերազմի ավարտից հետո որպես լեգեոնների համալրման բազա սկսեց ծառայել ողջ Ապենինյան թերակղզին, իսկ նույն այն դերակատարությունն էլ, որ նախկինում կրում էին Ապենինյան թերակղզու ոչ Հռոմի քաղաքացի հանդիսացող բնակիչները, այժմ տեղափոխվեց Ապենինյան թերակղզուց դուրս գտնվող Հռոմեական հանրապետության պրովինցիաների վրա։
Մ.թ.ա. II դարի վերջին և մ.թ.ա. I դարի առաջին կեսին Հռոմեական հանրապետության, ըստ էության, պրովինցիայի կարգավիճակ ունեին Պիրենյան թերակղզին, Հյուսիսային Աֆրիկայի արևմտյան և կենտրոնական հատվածները, Բալկանյան թերակղզին ու Փոքր Ասիայի արևմուտքը, որի բնակչությունը համալրում էր Հռոմեական հանրապետության ռազմական մեքենան այսպես կոչված «ԱՌԱՋՆԱՅԻՆ ԴԱՇՆԱԿՑԻ» կարգավիճակով՝ որպես Հռոմեական հանրապետությանը ենթակա, բայց ոչ վերջինիս քաղաքացիներ։ Մարտավարական մակարդակում «առաջնային դաշնակիցներից» հավաքագրված ռազմիկները ներկայանում էին որպես օժանդակ ուժեր, որոնք գործում էին լեգեոնի մարտավարական կարգում՝ չընդգրկվելով նրա կազմում, սակայն աջակցելով վերջինիս։
Նույն այս ժամանակ, սակայն, առկա էին նաև այսպես կոչված «ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑԻ» կարգավիճակ ունեցող անձիք, որոնք հավաքվում էին Հռոմեական հանրապետության սահմաններից դուրս գտնվող, սակայն վերջինիս այս կամ այն չափով ենթակա պետական միավորներից, ցեղերից կամ ժողովուրդներից, ինչպիսիք էին օրինակ Բյութանիայի թագավորությունը, Գալաթական տետրարխությունը, թրակիացիները, իլիրիացիները և այլն։ Մարտավարական մակարդակում «երկրորդական դաշնակիցները» բավականին մեծ ազատություն ունեին և սովորաբար մարտնչում էին իրենց բնորոշ ու իրենց համար սովորական մարտավարական եղանակներով՝ արդյունքում լրացնելով լեգեոնական մարտավարական սխեմաներն արդեն ավելի ընդհանուր իմաստով։
Այս առումով կարևոր է նշել և կրկնել, որ Դաշնակցային պատերազմի ավարտից հետո ևս պահպանվեց ընդհանուր կանոնը՝ ռազմագործողությունում պետք է իր մասնակցությունը բերի այնքան քանակի «առաջնային» կամ «երկրորդական» դաշնակից ռազմիկ, ինչքան ռազմիկ ներկայացնում էին լեգեոնները։ Ողջ վերոգրյալը անչափ կարևոր է և հետագան հասկանալու համար։
Ինչ վերաբերում է Մեծ Հայքի թագավորությանը, ապա վերջինիս ռազմական մեքենան իրենից ներկայացնում էր ՀԵՆՑ ՆՍՏԱԿՅԱՑ ԺՈՂՈՎՐԴԻ և ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՎՈՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՅԻ ՄԻ ՏԵՍԱԿ, ընդ որում, եթե նույն Պարթևական թագավորության ռազմական մեքենան, թեև քոչվոր ռազմական մեքենաներին բնորոշ տարրերի զգալի գերակշռությամբ, բայց իր մեջ ուներ տարրեր նաև վերջինիս հակոտնյայից, ապա նույն այս ժամանակվա Հայոց ռազմական մեքենան իրենից ներկայացնում էր սրա ուղիղ հակառակ պատկերը՝ ԱՅՆ ՆՍՏԱԿՅԱՑ ԺՈՂՈՎՐԴԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԵՔԵՆԱ ԷՐ, ՈՐՆ ԻՐ ՄԵՋ ՈՐՈՇ ՏԱՐՐԵՐ ՈՒՆԵՐ ՆԱև ՎԵՐՋԻՆԻՍ ՀԱԿՈՏՆՅԱՅԻՑ։ Այս պատկերը բնականաբար ամենից առաջ հենց Պարթևական թագավորության հետ շփման արդյունք էր, ընդ որում գործընթացի հիմքը դրել էր դեռևս Վաղարշակ I-ը։
Ինչպես և բոլոր այն ժամանակներում, երբ Հայոց պետականությունն իր սահմաններում է ընդգրկում Հայկական լեռնաշխարհի հիմնական մասը, Մեծ Հայքի թագավորության ռազմական հնարավորությունները կազմում էին մոտ 120.000 ռազմիկ, թեև գործնականում մեկ ուղղությամբ մարտադաշտ էր հնարավոր հանել բնականաբար միայն մոտ 100.000 ռազմիկ։ Այս առումով մինչը առաջ անցնելը կարևոր է նշել նաև Մեծ Հայքի թագավորության դաշնակից ուժերի մասին, որոնց առկայությունը կամ բացակայությունը բնականաբար ամենից առաջ պայմանավորված էր քաղաքական հանգամանքներով։
Որպես կանոն, սակայն, Մեծ Հայքի թագավորության հետ դաշնակցում էին ամենից առաջ ԻԲԵՐԻԱՅԻ և ԱՂՎԱՆՔԻ թագավորությունները։ Վերջիններիս ռազմական հնարավորությունները կազմում էին առավելագույնը մոտ 40.000 ռազմիկ, ընդ որում, որպես դաշնակից, նրանք ներկայացնում էին բնականաբար ավելի սահմանափակ քանակի ռազմիկներ։ Իբերիայի թագավորության մասին արդեն իսկ բավականին խոսվել է և սոցիալական առումով այն, ըստ էության, Մեծ Հայքի թագավորության ավելի փոքր մի տարբերակն էր՝ կովկասյան ավելի ընդգծված տարրերով։ Ինչ վերաբերում է Աղվանքի թագավորությանը, ապա ընդունված է համարել, որ այն հիմնադրվել է մ.թ.ա. 331 թվականին, սակայն, ի տարբերություն օրինակ Իբերիայի թագավորության, Աղվանքի թագավորությունը այդպես էլ չկարողացավ հանդես գալ որպես մեկ կուռ քաղաքական միասնական մի համակարգ:
ԸՆԴՀԱՆՐԱՑՆԵԼՈՎ մեր կողմից դիտարկվող ժամանակաշրջանում Պարթևական և Պոնտոսի թագավորությունների, Հռոմեական հանրապետությունը, ինչպես նաև Մեծ Հայքի թագավորությունների ռազմական հնարավորությունների մասին ողջ վերոշարադրյալը, թերևս կարող ենք փաստել, որ իրականացված համեմատության մեջ ԱԿՆՀԱՅՏ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ պատկանում էր հենց Հռոմեական հանրապետությանը, ընդ որում այդ առավելության հիմքում ամենից առաջ հենց քանակական գերակշռությունն էր, թեև առաջնային էր նաև ռազմական թրծված, առաջադեմ, իսկ որոշ դեպքերում նաև ավելի ունիվերսալ համակարգը։ Իր հերթին վերևում նշված նույն այդ առավելությունը որոշակիորեն չեզոքացվում էր այն բանի հաշվին, որ մյուս երեք պետական միավորները մարտական գործողությունների թատերաբեմին ավելի մոտ էին, իսկ Հռոմեական հանրապետությունն էլ, բնականաբար, ստիպված էր զգալի բանակային ուժեր պահել նաև այլ սահմաններում։
Այս առումով լիակատար պարզության համար այնուհանդերձ փաստենք, որ ՆՈՒՅՆԻՍԿ ՄԻԱՅՆ ԻՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ էլ Հռոմեական հանրապետության ռազմական մեքենան մ.թ.ա. I դարում քանակապես, ըստ էության, գործնականում գերազանցում էր իր հիմնական հակառակորդներին, իսկ այն դեպքերում էլ, երբ հնարավորություն էր լինում հանրապետության այլ հատվածներից նոր ուժեր տեղափոխել Արևելք, այդ գերակշռությունն ավելի էր ընդգծվում։