Խոսքս ուզում եմ կառուցել մեր մեծերից մեկի՝ Ավ. Իսահակյանի դեռևս նախորդ դարում «գուժած», հայտնի կանխամիտ այն համոզման շուրջ, ըստ որի` Հայաստանում կողք-կողքի աճում են երկու սերունդ. մեկն անիդեալ, կոսմոպոլիտ, հայկականի, ասել է, թե ավանդականի մերժող, մայրենին արհամարհող, իսկ մյուսն ընդհակառակը՝ սեփական արմատներից կառչած, թանձր հայրենասեր, հայկականամետ ու գրաբարյան։ Եվ օրերից մի օր այս երկուսը միմյանց փոր պիտի թափեն։ Դեռ նախորդ դարի կեսերից էր, փաստորեն, խիստ զգալի դարձել մեր էթնիկ հատկանիշների փոխակերպումն ու առհասարակ, հային բնորոշ անհամասեռությունը։ Սա զարմանալիորեն, ճշգրիտ բացարձակություն է, մեր օրերում ցավալիորեն արձանագրվող տեսլական։
Հային, որպես մարդկային տեսակ, բաժին է ընկել մի վատ բնավորություն կամ տենդի հասնող մորմոք։ Դա գլոբալիզացման իր «անգիտակից» տենչն է։ Տենչ, որի վատթարագույն ելքերի մասին մերօրյա հայաստանաբնակ հայը գաղափար անգամ չունի։ Այս ամենին, բնականաբար, խթանում է լիբերալների «երիտասարդական իշխանություն» ունենալը, որոնց հագուրդի հասնող ծարավն է հայկական, ավանդական և իրենց բառերով ասած «գավառամիտ» բարքերից հայ հանրության ձերբազատումը։
Բարքերից, որոնք որքան էլ ժամանակավրեպ են թվում, սակայն գոյություն ունենալու մեր միակ վկայագրերն են։ Սարսափելի է քսանմեկերորդ դարի սոցիոլոգիական վելուծաբանների կարծիքը. մոտ ապագայի հաշվարկներով կանխատեսում են մի աշխարհ, որտեղ տիրելու է մեկ լեզու, մեկ ամբողջական մշակույթ (եթե, իհարկե, հնարավոր է նման բան), բոլորը կշրջեն ջինսերով՝ կոկակոլաները ձեռքներին։ Չէի ցանկանա էլ ավելի մանրամասնել՝ թողնելու համար ենթադրական հեռատեսությունը ձեզ։ Ամեն դեպքում մեր այս դարում պետք է ինքներս մեզ հարցնենք, պետությունն ինքն իրեն հարցնի, սահմանադրությունն ինքն իր մեջ ամրագրի, թե վերջապես, մենք ուզու՞մ ենք հայ մնալ, թե՞ ոչ։ Պատմաժամանակագրական հանգամանքների բերումով բազմաթիվ սխալներ ենք գործել. արժևորել էժանագինն ու փորձել գնահատել անգինը։ Զարհուրելու աստճան «գիգանտ» մտածողներ ենք ունեցել՝ չապավինելով նրանց թեև դարերի տարբերությամբ, սակայն գրեթե մեկ ամբողջ մտքի գործածելուն։
Ունենք Խորենացի, սակայն չենք կարդում և չգիտենք էլ, թե ինչ պարզ տողատակ է ուղարկել մեզ: Ունենք Նարեկացի, որի տիեզերական էջերից մեկ տող անգամ անգիր չգիտենք: Ունենք Վարուժան, որի չափ մեզնից ոչ ոք երևի չի էլ իմանա թուրքին, բայց այդպես էլ չհասկացանք, թե ինչո՞ւ էր ասում, որ մեր պես փոքր ազգերին չէր խանգարի «քիչ մը շովին ըլլալը»։ Ունենք Կոմիտաս, որ գրեթե ամեն հայի համար վիթխարի արժեք է, բայց չենք լսում նրան՝ փոխարինելով վերջինիս, ասենք, Շակիրայի հետ։
Ինչևէ, ես չէի ցանկանա խոսքս վերածել փնովումի տրակտատի, բայց անհամեմատելի նվազ թվարկված այս իրողությունները մեզ տանում են դեպի գլոբալիզացիա։
Անգլերենը լավ լեզու է, ինչպես, օրինակ, լավն են բոլորը, բայց Հայաստանում հայերենը պետք է լինի պատվանդանին, և այս սկզբունքով շարունակ…
Աշխարհը մեծ թափով ընթանում է դեպի միասնականացում, դեպի համընդհանուր կեցության անսկզբունք կյանք և մենք էլ բոլորի նման երկոտանիներ ենք, բայց շոտլանդացին իր յուբկան է փայփայում, պարկապզուկն ու, առհասարակ ամեն ազգ իր տարազը, իսկ մե՞նք։ Պետական մասշտաբով անտեսումը մեր ունեցածին՝ դառն է լինելու, շատ դառը։ Մենք փոքր ենք, բայց մեզ բաժին է ընկել անհամաչափ մեծ խնդիրներ. արժե՞ արդյոք հայերենը մերժել, իսկ հայերենը կատարելացնող մեր մեծերին փոխարինել արտասահմանյան «քաղցր» հնչող անուններով։
Այս դարը կործանման ահռելի վտանգների դար է, իսկ դուք հարգելի «աշխարհամետ» իշխանություններ» սեղմում եք հայկական նյարդերին։
Մենք յուրահատուկ ազգ ենք, և երբ խոսում ենք հարատևման մասին, ապա պետք է գիտակցել վերջինիս պարզ սկզբունքը. սեփական դեմքի պահպանումը, ամեն գնով պահպանումը։ Ցավալի է, երբ մեր սերնդի ականջին խորթ են թվում հին հայկական պատմական անունները, մինչդեռ «Հելլենը», «Էրիկն» ու «Ալենը» մոդայիկության գագաթներն են։
Խնդիրները բազմաթիվ են, սա ակնարկային նուրբ ու չնչին պարբերություն է ընդամենը։ Պայքարելու և լինելու համար նախևառաջ սկզբունքային պահպանություն է հարկավոր։ Պետական քարոզչամեքենայից ամեն օր դուրս ելնող «ամեն ինչի ազգայինը» գործածվող լոզունգով։
Հայկ ՍԻՐՈՒՆՅԱՆ