Գերմանական «Դոյչլանֆունկը» (Deutschlandfunk Kultur) հուլիսի 17-ի երեկոյան «Հայաստան եւ Ադրբեջան. ո՞ւմ են պատկանում գյուղերը» վերնագրյալ 23 րոպե տեւողությամբ ռադիոհաղորդում եթերասփռեց՝ հետեւյալ նախաբանով՝ « Հազարավոր մարդիկ պահանջում են Հայաստանի վարչապետ Փաշինյանի հրաժարականը: Բողոքավորները դեմ են Ադրբեջանին 4 գյուղերը հանձնելուն: Հայերը վախենում են, որ դրանով իրենց անվտանգությանն են հարվածում»: Մարգարետտե Վոհլանի (Margarete Wohlan) հաղորդումը կարելի է բաժանել երեք մասի՝ առաջինը հայացք է Հայաստանին՝ Հայաստանից եւ Գերմանիայից, երկրորդը 2023-ին Ադրբեջան եւ ԼՂ այցելած լրագրող Թոբիաս Դամմերսի (Tobias Dammers) տպավորություններն են, իսկ երրորդը՝ հայ-ադրբեջանական հակամարտության վերլուծությունն է: «Այս հակամարտության շահառուները երեքն են՝ ՌԴ-ն, Թուրքիան եւ Արեւմուտքը՝ ԵՄ եւ ԱՄՆ-ն» , ծանուցում է հաղորդման հեղինակը եւ դրա մասին զրուցում Մոսկվայի թղթակից Ֆլորիան Քելլերմաննի (Florian Kellermann) հետ: Մի մեջբերում Քելլերմանի խոսքից՝ «ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն դե ֆակտո փակել են իրենց աչքերը, անցյալ տարի ԼՂ-ում տեղի ունեցած հստակ երեւույթը՝ էթնիկ զտումը չեն տեսնում, Բաքվին որեւէ բան չեն ասել, ճնշում չեն գործադրել»…Տեղի սղության պատճառով ստորեւ նախ ներկայացնում ենք ռադիոհաղորդման առաջին մասը:
Լրագրող Լուիզե Գլումի (Luise Glum) ռադիոռեպորտաժն անդրադարձավ Հայաստանում Բագրատ արք. Գալստանյանի առաջնորդած ընդդիմադիր պայքարին: Երեւանում հանրահավաքին մասնակցած թղթակիցը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, աղոթքից հետո լսվում է Բագրատ սրբազանի անգլերեն պատասխանը՝ «Ինչո՞ւ ենք հրաժարական պահանջում: Քանի որ իր խոստումը չի կատարել»: «Ամեն ինչ սկսվել է ամիսներ առաջ Ադրբեջանին սահմանակից Տավուշում, որտեղ սահմանազատվեցին 4 անմարդաբնակ գյուղ, որ հարում են բնակիչ ունեցող գյուղերին: Վարչապետն իրազեկում է, որ Ադրբեջանի հետ բանակցությունների ժամանակ արծարծված սահմանազատման հարցը գործնական փուլ է մտնում: Մարտին Փաշինյանն այցելել է Տավուշ, հանդիպել գյուղերի բնակիչների հետ, որ պարզաբանի սահմանազատման խնդիրը: «Դոյչլանդֆունկի» եթերում Փաշինյանի՝ մեզ ծանոթ ելույթներն են՝ սահմանազատման, դրա նպատակի՝ Ոսկեպարի եւ Կիրանցի անվտանգությունը պահպանելու, պատերազմը բացառելու մասին: «Շատերի մտահոգությունը Փաշինյանի ասածները չեն փարատում, նրանց կարծիքով իրենք առավել անպաշտպան են դառնում, ինչն էլ մղում է գյուղացիներին փակել մայրուղին, բողոքի հանրահավաք գումարել, որն առաջնորդում է Գալստանյանը: «Իմ տարածքից, իմ թեմից է սկսվել, այժմ տավուշցիները Երեւանում են, բողոքում են», պարզաբանում է արքեպիսկոպոս Գալստանյանը՝ հավելելով՝ ինչպե՞ս կարող էր նրանց հոգեւոր առաջնորդը լռել»: Գալստանյանն ասում է, թե իրական սահմանազատում չկա, այն Ադրբեջանի ճնշման ներքո է կատարվում: «Ինչ Ադրբեջանը թելադրում է, Հայաստանը կատարում է», հավելում է Բագրատ սրբազանը: Արդարեւ, ցայսօր Հայաստանն է միայն զիջումներ կատարել, 4 գյուղերը տրվել են Ադրբեջանին:
Ռադիոեթերում լսվում են պայթյունի ձայներ. ԱԺ-ի առջեւ բողոքի հանրահավաքի մասին հիշատակումն է, եւ ռեպորտաժի հեղինակն իրազեկում է, թե բազմաթիվ բողոքավոր մարդկանց ձերբակալել են: Հղում անելով «Ազատությանը» հավելում է, թե ոստիկանությունը բիրտ ուժ, լուսաձայնային նռնակներ է կիրառել:
Այժմ 4 գյուղերից ավելին են մտահոգությունները: Գալստանյանն ու իր համախոհները վստահ են, որ իշխող վարչակարգի դեպքում ազատ ընտրությունների անցկացումը հնարավոր չէ: Նրանց ցանկությունն է, որ Գալստանյանը ժամանակավոր կառավարություն ձեւավորի եւ պատրաստվեն 2026-ի ընտրություններին, ներկայացնում է «Դոյչլանդֆունկի» մեկնաբանը եւ հավելում, թե ամեն շաբաթ հանրահավաք կա: Մասնակիցներից մեկի՝ Ռոբերտի կարծիքով, Գալստանյանը լավագույն վարչապետը կլինի: «Փաշինյանը Հայաստանի եւ նրա բնակիչների համար որեւէ լավ բան չի անում: Եթե արքեպիսկոպոս Գալստանյանը ՀՀ նախագահ կամ վարչապետ դառնա, Հայաստանի, ազգի եւ պետության համար լավագույնը կլինի»:
18-ամյա Նարեն ԼՂ-ից է, ստիպված է եղել անցյալ սեպտեմբերին Հայաստան փախչել, երբ Ադրբեջանը «վիճելի տարածքի տերն է դարձել: Թեեւ միջազգային իրավունքի տեսակետից ԼՂ ադրբեջանապատկան է, սակայն հայաբնակ է եղել, իսկ սեպտեմբերին բոլոր հայերը՝ 100 000-ն էլ ստիպված էին փախչել»: «Այստեղ եմ, որ իմ Հայաստանը փրկեմ: Արդեն կորցրել եմ Ղարաբաղը, չեմ ուզում սա էլ կորցնել», ասում է Նարեն:
Ադրբեջանի կառավարությունը անընդհատ հստակ ասում է, որ Հայաստանի տարածքն էլ կամենում է իրենը դարձնել: Հայերից շատերն են վախենում ռազմական հարձակումից: Հանրահավաքի մասնակից Սուսաննայի կարծիքով, նման իրավիճակում Փաշինյանը խելամիտ բանակցություն չի կարող վարել: «Ասում է խաղաղության շուրջ բանակցություններ… անմտություն է: Ինչպե՞ս կարող է խաղաղության շուրջ մեկի հետ պայման կնքել, որն ուզում է քո վրա հարձակվել, քեզ, քո երեխաներին ու կանանց ոչնչացնել, քո մշակութային ժառանգությունը»: Սուսաննան քաղաքական այլ խմբի՝ Ազգային ժողովրդավարական ալիանսին է հարում, որը միացել է Գալստանյանին: Շատերն են Հայաստանում քաղաքականության հանդեպ վստահությունը կորցրել, եւ հոգեւորականը կարող է միավորել բոլորին, կարծիք է հայտնում Սուսաննան, եւ նշում, որ Գալստանյանին վարչապետի պաշտոնում չի պատկերացնում: Հուսամ՝ նա դա չի անի, չենք կարող կրոնական երկիր դառնալ», ասում է Սուսաննան:
Սրճարանում նստած տղամարդկանցից Բորիսի կարծիքով, «ամեն բան կանխորոշված է, Ռուսաստանն էլ սատարում է շարժմանը, այն, ինչ կատարվում է, թատրոն է, դրանով շեղում են իրականությունից»: Երեւանի «Ժողովրդավարություն եւ անվտանգություն» կենտրոնի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքով, վերջին պնդումը դավադրապաշտական է: Ռուսաստանը Հայաստանում իր առաջնահերթություններն ունի: Վերջին 2 տարիներին նկատվում է ՌԴ-ի ռեսուրսների, ուշադրության նվազում: Գրիգորյանի կարծիքով, Գալստանյան արքեպիսկոպոսը բնակիչների լեգիտիմ մտահոգություններն է արտահայտում: Հարցումները վկայում են, որ ՀՀ բնակիչները կառավարության գլխավոր թերացումն են համարում անվտանգության ապահովման խնդիրը: Գալստանյանին ուղղված քննադատելին հետեւյալն է՝ նա իրատեսական այլընտրանք չի առաջարկում: Եւ Գրիգորյանի կարծիքով, նա Փաշինյանից ավելի պոպուլիստ է:
Հանրահավաքի մասնակիցներից մեկի կարծիքով, ժողովուրդը կարող է փոփոխության դերակատար լինել նույնիսկ այս՝ անելանելի թվացող վիճակում: «Մենք թույլ չենք, կառավարությունն ասում է՝ թույլ ենք, պիտի թելադրանքն ընդունենք, մենք չենք ընդունում եւ պայքարելու ենք: Նա, ով այստեղ է, պատրաստ է պայքարելու»: Ռադիոհաղորդավարը փոխանցում է, որ հավաքվածներն աղոթում են, սրբազան պայքարի, հայի ոգու, լույսի հաղթանակի մասին հաղորդում՝ հիշատակելով Սուսաննայի բառերը՝ չենք կարող կրոնապետություն դառնալ:
Այնուհետ հաղորդման կեսից անդրադառնում է Ադրբեջանին՝ իսկ այդ երկրում ի՞նչ են անում: Ի՞նչ է կատարվում այժմ Լեռնային Ղարաբաղում: Արեւմտյան լրագրողների համար անհնար է եղել Ադրբեջան այցը, պարզաբանում է հաղորդման վարողը: Այնուհետ ներկայացնում Թոբիաս Դամմերսին եզակիներից մեկին, որ 2023-ին եղել է Ադրբեջանում եւ ԼՂ-ում:
«Դոյչլանդֆունկի» հաղորդման շարունակությունը՝ «Ազգ»ի հաջորդ համարում:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա
Լուսանկարը՝ «Դոյչլանդֆունկի»
Հեղինակային իրավունքը՝ IMAGO / ITAR-TASS / IMAGO / Alexander Patrin