Հանրակրթական դպրոցում «Գրականություն» առարկայի նոր չափորոշիչների ծրագրերի նախագծում «Հայ Գրականություն» առարկայից «հայ»-ը հանվել է:
ԿԳՄՍ նախարարության այս մոտեցման հիմքում գրականագետների, մտավորականների մեծ մասը քաղաքական հստակ ենթատեքստ է տեսնում՝ խարսխված ազգային արժեհամակարգից երես թեքելու վրա: Հանրակրթության հայոց լեզվի և գրականության չափորոշիչ և ծրագիր մշակող հանձնախմբի համակարգող Թամարա Ալեքսանյանն ասել է, որ «հայ» բառը «Գրականություն» առարկայից հանվել է, քանի որ հայ գրականությանը զուգահեռ տեղ է գտել նաև արտասահմանյան, համաշխարհային գրականությունը: «Դպրոցը բանասիրական ֆակուլտետ չէ»,-ավելացրել է նա:
Թամարա Ալեքսանյանի նշած բանասիրական ֆակուլտետի դասախոսները՝ ճանապարհ անցած, սերունդներ կրթած, ազգային հոգևոր մշակույթն արժևորող մասնագետները, վրդովված ու տարակուսած են: Լավ, ինչո՞ւ է ԿԳՄՍ նախարարությունն ընկել հայագիտական առարկաների հետևից. որտեղի՞ց է գալիս այս ընդգծված մերժողական վարքագիծը:
Սեյրան Գրիգորյանը՝ որպես համալսարանի հայ նորագույն գրականության ամբիոնի վարիչ, Եղիշե Չարենցին և Պարույր Սևակին նվիրված մենագրությունների հեղինակ, պարզապես որպես մարդ, որ ամենօրյա կապի մեջ է հայոց դպրոցի հետ՝ պնդում է, որ Հայաստանի հանրակրթական դպրոցում չի կարող չլինել «Հայ գրականություն» առարկա։ Համոզված է, որ նախագիծը գրել են խիստ որոշակի մարդիկ՝ կիսագրագետ, անճաշակ, փնթի ձևակերպումներով հայ գրականությունը վերածելով վերացական, անորոշ ինչ-որ «գրականության»։
«Ինձ դիմողներն ասում են, որ դիտավորյալ դուրս է մղվել հայ հին գրականությունը՝ Խորենացուց ու Նարեկացուց մինչև Սայաթ-Նովա։ Այո՛, բայց ոչ միայն։ Թե՛ միջին, թե՛ ավագ դպրոցում հայ հեղինակները տրված են սոսկ որպես իլյուստրատիվ նյութ։ Տասներկու տարի դպրոցում սովորած երեխան այդ ծրագրով այդպես էլ չի իմանա՝ ով է Եղիշե Չարենցը, ինչ կենսագրություն ունի, որ ստեղծագործությունը երբ է գրվել և ինչ բովանդակություն ու գեղարվեստական հատկանիշներ ունի։
Կարելի է ասել անգամ, որ առարկայի նոր ձևափոխությունը ոչ թե «գրականություն» է, այլ «գրականագիտություն»։
ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Աշոտ Տեր- Մինասյանը նկատում է, որ ծրագրից դժգոհողների որոշ սլաքներ ուղղված են Թամարա Ալեքսանյանի դեմ: «Ես՝ լինելով Թամարա Ալեքսանյանի կուրսեցին ու լավ իմանալով նրա մասնագիտական ունակությունները՝ վստահ եմ, որ այն, ինչ ներկայացված է, սևագիր տարբերակ է: Այս բոլոր դիտողությունները հաշվի առնելով՝ նախագիծը կվերանայվի»,-կարծում է ԵՊՀ դասախոսը:
Իսկ նրա նշած դիտողությունները հետևյալն են՝ տարօրինակ է, որ արտասահմանյան հեղինակների շարքում չկան համաշխարհային մշակույթին մեծ ծառայություն մատուցած ռուս գրողները՝ Պուշկին, Լերմոնտով, Եսենին, Մայակովսկի. Չեխովի նմա հոգեբան գրողի նովելները ներառված չեն ծրագրում: «Ես Կաֆկային դեմ չեմ, բայց ոչ բոլոր ուսուցիչները կարող են Կաֆկա բացատրել երեխաներին:
Ժամանակակից կամ նորագույն շրջանի հայ գրականությունից չկա Զորայր Խալափյան, Նորայր Ադալյան և ուրիշներ, քիչ ավելի նոր շրջանից՝ Հակոբ Մովսես, Հովհաննես Երանյան: Ես կառչած չեմ դասականներին, բայց կարծում եմ՝ 1960-80-ականների հայ գրականությունը (Սիլվա Կապուտիկյանը, Վահագն Դավթյանը, Շիրազը, Սևակ) հատուկ ուսումնասիրության նյութ պետք է լինեն:
Դառնանք ժամանակակիցներին. մեր կողքին ապրող երիտասարդ գրողների երկերը պետք է դասագրքում միայն ընթերցանության նյութ լինեն, որովհետև այսօր ապրող գրողն ամեն օր կայանում է, զարգանում, խորացնում իր աշխարհայացքը: Չի կարելի երիտասարդ գրողի ստեղծագործությանն ավարտուն գնահատական տալ: Ժամանակը պետք է բյուրեղացնի նրա աշխարհայացքը, նրա «աջությունը», նրա «ձախությունը»: Քանի դեռ երիտասարդ են, պետք չէ նրանց մտցնել ինչ-որ շրջանակների մեջ, կաղապարել: Ով էլ լինի դասագրքի հեղինակը, եթե տվյալ ստեղծագործությունն արդեն վերլուծվել է, նշանակում է՝ արդեն կա պատրաստի կարծիք այդ գրողի աշխարհայացքի և ստեղծագործական այլ առանձնահատկությունների մասին, որը կարող է խանգարել նրա հետագա գործունությանը: Ես շատ լավ եմ վերաբերվում, օրինակ՝ Գրիգին: Շատ հետաքրքիր ստեղծագործություններ ունի, նրա գրվածքների առաջին ընթերցողներից եմ եղել, բայց կարծում եմ՝ Գրիգի «Հիսուսի կատուն» այն ստեղծագործությունը չէ, որ դասագիրք մտնի. այդ գործը պետք է զուտ ընթարցանության նյութ լինի»,- վերլուծում է Աշոտ Տեր-Մինասյանը:
Մտավորականի կարծիքով՝ մեթոդաբանությունն այնքան էլ հստակ չէ, հեղինակները և նրանց գործերը ցաքուցրիվ են ընտրված: Պետք է լինի հայ գրականության տրամաբանական, հերթական շարադրանք՝ հայ գրականության պատմություն՝ իր զարգացման բոլոր փուլերով, իհարկե, ոչ թե բուհական մակարդակով, այլ երեխաներին հասկանալի մատուցմամբ: «Վստահ եմ, որ այս ծրագրի սևագիրն առաջիկայում լուրջ վերափոխումների կենթարկվի»,- թեման եզրափակեց Աշոտ Տեր-Մինասյանը: