Ռազմական պատմության մասնագետ Մհեր Հակոբյանի անդրադարձը մ․թ․ա․ I դարում տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին և դրանց մեկնաբանությանը պատմական տարբեր աղբյուրների կողմից։
Մ.թ.ա. 53 թ-ի մայիսի 7-ից 9-ը ընթացած Խառանի ճակատամարտում կրած ծանր պարտությունը զգալի հարված հասցրեց պաշտոնական Հռոմի դիրքերին Արևելքում, քանի որ սպանվել և գերեվարվել էին 30.000 ռազմիկներ: Իր հերթին, օգտվելով այս ամենից, Մեծ Հայքի թագավորության բանակը առանց լուրջ մարտերի Կապադովկիայի թագավորության բանակից ազատագրեց Անդրեփրատյան Ծոփքը:
Չնայած այս ամենին, սակայն, Հռոմեական հանրապետությունը, թեև որոշակիորեն ցրված վիճակում, սակայն Արևելքում դեռևս զգալի ուժեր ուներ: Միաժամանակ, Մարկոս Կրասոսի հետ արշավանքի ելած ուժերից ևս այս կամ այն կերպ ՓՐԿՎԵԼ ԷԻՆ մոտ 13.000 ռազմիկներ, որոնց էլ արագորեն կենտրոնացրեց և կազմակերպեց ջախջախված բանակից հաջողությամբ հեռացած և իր քաղաքական հայացքներով երդվյալ հանրապետական հանդիսացող Գայոս Կասսիոսը:
Ստեղծված իրավիճակում ՀԱՐՎԱԾԻ ՏԱԿ ԷՐ ՀԱՅՏՆՎՈՒՄ ԱՍՈՐԻՔԸ և այս պարագայում առաջնային խնդիր էր դառնում հենց սահմանների պաշտպանությունը, թեև Գայոս Կասսիոսի օգտին եղավ այնուհանդերձ այն հանգամանքը, որ հարվածը որոշակիորեն հետաձգվեց: Իրոք, Օրոդես II-ը ոչ մի կերպ չէր կարողանում Ասորիքում խորանալու համար բավարար ուժեր հավաքել, ընդ որում մ.թ.ա. արդեն 53 թվականի վերջին հերթական անգամ բարդացավ Պարթևական թագավորության ներքաղաքական դրությունը։ Իրոք, կասկածվելով հակաարքայական դավադրության մեջ, նույն այս ժամանակ սպանվեցին ինչպես Սուրենը, այնպես էլ Աբգար II Արիարմենը, ընդ որում Հայոց Միջագետքի թագավորության գահին վերջինիս հաջորդեց իր որդի Բակուր III-ը (մ.թ.ա. մոտ 53-30)։
Այս պարագայում, երբ պարթևական կողմը ի վիճակի չեղավ հարված հասցնել նաև մ.թ.ա. 52 թվականին, գործի անցավ Տիգրան II Մեծը:«Այս բոլորից հետո Տիգրանը, հիվանդ լինելով, աղաչում է պարսից Արտաշես թագավորին իրենց մեջ սեր հաստատել, որ խզվել էր իր հոր հպարտության պատճառով, երբ նա պարսիկներից խլեց նախագահությունը: Եվ ահա ինքը՝ Տիգրանը, երկրորդական գահն ընդունելով, ինչպես օրենքն էր, նախագահությունը վերադարձնում է նրան: Այս կերպով Արտաշեսին հաշտեցնելով` նա նրանից օգնական զորք է խնդրում» (Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 19),- հայտնում է Պատմահայրը՝ ըստ էության մեզ փոխանցելով Տիգրան II Մեծի և Օրոդես II-ի միջև ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ՝ Հայոց արքան, առժամանակ, գուցե ինչ-որ տեղ ձևականորեն, քանզի դեռևս Տիգրան II Մեծի հետնորդները այնուհանդերձ կրում էին «արքայից-արքա» տիտղոսը, այնուհանդերձ պարտավորվում էր առնվազն գոնե չշեշտադրել իր բարձր դիրքը, ինչին ի պատասխան էլ Օրոդես II-ն ինքը իր հերթին ապահովում է համագործակցությունը մյուս կողմից:
ՓՈԽԱԴԱՐՁ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ այս արդյունքը եղավ, ինչպես արդեն ասացինք, մ.թ.ա. 53-38 թվականների այն ռազմական համագործակցությունը, որը հաստատվեց Մեծ Հայքի և Պարթևական թագավորությունների միջև և իր կոնկրետ ռազմաքաղաքական արտացոլումը գտավ դեպի Ասորիք ձեռնարկված արշավանքներում:Այս առումով մինչև առաջ անցնելը հարկ է նշել, որ մ.թ.ա. 52 թվականի իրադարձություններում, առանց խորանալու դեպքերի ներքին բովանդակության մեջ, սովորաբար ՆՇՈՒՄ Է ԱՐՎՈՒՄ ՄԻԱՅՆ Պարթևական թագավորության բանակի մասին, որի հարվածները, ըստ հունա-հռոմեական սկզբնաղբյուրների, Գայոս Կասսիոսին հաջողվել է հետ մղել:
Իրոք, հունա-հռոմեական սկզբնաղբյուրները խոսում են ԲԱՑԱՌԱՊԵՍ ՄԻԱՅՆ Պարթևական թագավորության բանակի մասին, սակայն այդ հաղորդումները կրկին միակը չեն, որ արտացոլում են հիշատակված իրադարձությունները, ու այս անգամ ևս, ԴԺԲԱԽՏԱԲԱՐ, ԱՉՔԱԹՈՂ ԵՆ ԱՐՎԵԼ Մովսես Խորենացու հաղորդումները, որոնք միանշանակորեն վկայում են այն մասին, որ հարված հասցնողը եղել է հենց հայկական, այլ ոչ թե պարթևական կողմը: Այսպիսով, մինչև Օրոդես II-ը կենտրոնացնում էր ուժերը, Մեծ Հայքի և Հայոց Միջագետքի թագավորությունների բանակները, գործի դնելով տեղական միջոցները, փորձեցին ներխուժել Ասորիք: «Հռոմեացիք զայրանալով՝ անթիվ զորքերով ուղարկում են Կասսիոսին: Սա գալով՝ դիմադրում է Հայոց զորքերին և թույլ չի տալիս Եփրատն անցնել ու ասպատակել Ասորիքը» (Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 18),- այս կապակցությամբ հայտնում է Մովսես Խորենացին՝ անելով իրադարձությունների լուսաբանման համար խիստ կարևոր ևս մեկ հավելում:
Այսպիսով՝ մ.թ.ա. 52 թվականի գարնանը Զևգմայի ճակատամարտում Գայոս Կասսիոսի գլխավորած Հռոմեական հանրապետության բանակը (մոտ 20.000) անորոշ ելք ունեցած մարտում դիմադրեց Մեծ Հայքի (մոտ 40.000) և Հայոց Միջագետքի (մոտ 5.000) թագավորությունների միացյալ բանակին` թույլ չտալով վերջինիս անցնել Եփրատն ու ներխուժել Ասորիք։ Եվ կրկին պետք է ցավով նշել, որ Մովսես Խորենացու հաղորդած այս տեղեկությունները, որպես Խառանի ճակատամարտին հաջորդած իրադարձությունների պարզաբանման կարևոր աղբյուր, որոնք, դրան գումարած էլ նաև, տեղեկացնում են այն մասին, որ այդ տարի հռոմեական ռազմական մեքենան ընդհարվել է ՈՉ ԹԵ Պարթևական, ԱՅԼ ՄԵԾ ՀԱՅՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԵՏ, դժբախտաբար կրկին ուշադրության չեն արժանացել՝ կարելի է ենթադրել վերջիններիս ժամանակագրական անորոշության, Տիգրան II Մեծի հիշատակության, մեր և համաշխարհային պատմագիտության ավանդական եվրոպակենտրոնության, ինչպես նաև գլխավորապես թերևս այն պատճառով, որ հունա-հռոմեական աղբյուրները այս իրադարձությունների կապակցությամբ հիշատակում է միայն պարթևներին:
Այս առումով կարծում եմ, սակայն, որ Մովսես Խորենացու հաղորդումները կասկածի ենթարկելու և հունա-հռոմեական աղբյուրներին նրա նկատմամբ առաջնություն տալու որևէ լուրջ հիմք, ըստ էության, ՉԿԱ, քանի որ այս ժամանակ արդեն գործում էր հայ-պարթևական դաշինքն և բնական է, որ Մեծ Հայքի թագավորության բանակը, երբ դաշնակիցը դժվարանալով հապաղում էր, պետք է ձեռնամուխ լիներ իր դաշնակցային պարտավորությունների իրականացմանը: Այս առումով կարծում եմ, որ պետք է հաշվի առնել նաև ՀԱՅԿԱԿԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ՊԱՐԹևԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: Իրոք, եթե Պարթևական թագավորության բանակը, մեծապես կազմված քոչվոր ժողովուրդներին բնորոշ սկզբունքներով, սովորաբար դժվար էր կենտրոնանում և դրա համար զգալի ժամանակ էր անհրաժեշտ, ապա Հայկական բանակը, որպես տիպիկ նստակյաց պետության բանակ, նմանատիպ որևէ խնդիր չուներ:
Իր դերն ունեցավ նաև այն հանգամանքը, որ Հայկական բանակն ավելի մոտ էր գտնվում մարտական գործողությունների ապագա թատերաբեմին, դե իսկ Հայոց Միջագետքի թագավորության բանակն էլ, ընդհանրապես, գտնվում էր գործնականում Ասորիքի դարպասների հենց դիմաց, ընդ որում մշտապես ձեռքի տակ առկա տեղանքին հիանալի ծանոթ, մարտունակ և ոչ կանոնավոր մարտերում ու ասպատակություններում իրենց հիանալի դրսևորող արաբների զգալի ուժեր առկայությունն էլ միայն մեծացնում էր Հայոց թագավորությունների հարվածային հնարավորությունները: Խնդրի կապակցությամբ ավելորդ չեմ համարում նշել նաև հունա-հռոմեական հեղինակների մոտ ՄԻԱՅՆ ՊԱՐԹևՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՆՇՈՒՄԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ:
Ամեն ինչ, ըստ էության, բացատրվում է նրանով, որ դեպքերին ոչ ժամանակակից հունա-հռոմեական հետագա հեղինակների պատկերացմամբ իրենք պատերազմում էին հենց Պարթևական թագավորության դեմ, քանի որ Մեծ Հայքի թագավորությունը հանդիսանում էր Հռոմեական հանրապետության «դաշնակից և բարեկամ»-ն ու պարթևներին օգնում էր, ըստ էության, ներքին կարգով, իսկ պատերազմի դաշտում զգալ, որ Հռոմեական հանրապետության բանակը կռվում է հայ և պարթև ռազմիկների դեմ, դեպքերին ոչ ականատես հեղինակներն անկարող էին: Այս առումով առավել հասկանալի լինելու համար առաջարկում եմ դիտարկել տիպիկ մի օրինակ:
Հովսեփ Փլավիոսը, որպես մ.թ.ա. 41 թվականի դեկտեմբերի Ապամեայի ճակատամարտում հայ-պարթևական բանակի հրամանատար. պարթևական Բակուր արքայազնի հետ միասին հիշատակում է նաև. «սատրապ Բարզափրանես»-ին, որպես, ինչպես կարծես ինքնին ենթադրվում է ենթատեքստից, Պարթևական թագավորության պաշտոնյա: Մովսես Խորենացու մոտ, սակայն, նույն «Բարզափրանես»-ը հիշատակվում է որպես Ռշտունյաց տոհմի նահապետ:
Այսպիսով, Պատմահոր տեղեկության բացակայության պայմաններում մեզ, կարծես թե, չէր մնա այլ բան, քան ենթադրել, որ Բարզափրանեսը իրոք եղել է Պարթևական թագավորության մի պաշտոնյա, սակայն Մովսես Խորենացու խիստ տեղին հաղորդումը, որը մեզ է հասցնում հայկական կողմի տեսակետը, ճշգրտում է իրավիճակը՝ Ասորիք պրովինցիա մտած բանակը ղեկավարվում էր ինչպես պարթևական Բակուր արքայազնի, այնպես էլ Բարզափրան Ռշտունու կողմից, ընդ որում նույն Մովսես Խորենացու այլ հաղորդումները, կապված ասորիքյան իրադարձությունների հետ, հստակ հիմքեր են տալիս ասելու, որ ԲԱԿՈՒՐԸ ԳԼԽԱՎՈՐԵԼ Է ՀԱՅ-ՊԱՐԹևԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՊԱՐԹևԱԿԱՆ, ԻՍԿ ԲԱՐԶԱՓՐԱՆԸ՝ ՀԱՅՈՑ ՄԱՍԸ:
Աղբյուրը՝ https://www.facebook.com/mher.hakobyan.777