Երբ տիրակալը կործանում է երկիրը շարքից…

148

Ռազմական պատմության մասնագետ Մհեր Հակոբյանի էջից, —

…Անիի թագավորությանը տիրելու գործում ռազմական ոլորտում մատնվելով վերջնական անհաջողության՝ պաշտոնական Կոստանդնուպոլիսը Անիի հարցով որոշեց գործել ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ:

Արդյունքում իր ժամանակի դիվանագիտական երաշխիքների զինանոցի ողջ կիրառմամբ կազմվեց և Գագիկ II-ին (1041-1044) ուղարկվեց ՄԻ ՈՒՂԵՐՁ, որով վերջինս, կարծես թե հարաբերությունները վերջնականապես պարզաբանելու նպատակով, հրավիրվում էր Կոստանդնուպոլիս: Իրավիճակը իր ողբերգականությամբ ԿՐԿՆՈՒՄ ԷՐ չարաբաստիկ 368 թվականը և, եթե այն ժամանակ Արշակ III-ը (344-368) և իր սպարապետ Վասակ Մամիկոնյանը մեկնելով Տիզբոն ՈՒՂՂԱԿԻ ՍԽԱԼՎԵՑԻՆ, ապա այժմ Գագիկ II-ը կարծես թե նույնիսկ ԳԻՏԱԿՑԱԲԱՐ ՍԽԱԼՎԵՑ՝ այդպես էլ չլսելով բազմափորձ սպարապետ Վահրամ Պահլավունուն ու տեղի տալով իր արքային արդեն վաղուց դավաճանած քսու պալատական Վեստ Սարգսի, ինչպես նաև ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՅՈՑ ԹԵՐևՍ ԱՄԵՆԱԱՆՀԱՋՈՂ ԿԱԹՈՂԻԿՈՍ Պետրոս I Գետադարձի (1019-1058) պնդումներին:

Արդյունքն ավելի քան սպասելի էր, քանի որ, այն բանից հետո, երբ արքայից-արքա Գագիկ II-ը մեկնեց Կոստանդնուպոլիս, այստեղ նա գերվեց և այլևս Անի չվերադարձավ։ Իր հերթին ստեղծված ծանր պայմաններում բուն Անիում ծվարած դավաճաններին հաջողվեց ՄԵԿՈՒՍԱՑՆԵԼ անզիջում պայքարի կողմնակից ու անկախության ջատագով Վահրամ սպարապետին, զրկել նրան իր կողմնակիցների աջակցությունից և, կապ հաստատելով թշնամու հետ, 1045 թվականի սկզբին Անին, իսկ արդյունքում նաև ողջ թագավորությունը, հանձնել Բյուզանդական կայսրությանը…