Հունիսի 6-ին Նիդեռլանդներում սկսվեց աշխարհում մեծությամբ երկրորդ ժողովրդավարական քվեարկությունը. 350 միլիոն ընտրող պիտի որոշի Եվրոպայի քաղաքական ճակատագիրը, որ վերջին ամիսներին հատկապես աջակողմյան եւ ծայրահեղ աջակողմյանների շեղբին է: Եվրոխորհրդարանում քվե ստանալու ընտրությունը ԵՄ երկրներում 4 օր շարունակվելով, կավարտվի կիրակի՝ հունիսի 9-ին: ԵՄ երկրների մեծ մասը, այդ թվում ամենամեծ մասնակցությունն ունեցող Գերմանիան, կքվեարկի կիրակի օրը: 2024-2029-ի ընտրաշրջանում Եվրոխորհրդարանը նախորդի համեմատ 15- ով կաճի, կկազմի 720 պատգամավոր: Բնակչությամբ ամենամեծը՝ ԳԴՀ-ն 96 պատգամավորով կներկայանա Ստրասբուրգում եւ Բրյուսելում, Ֆրանսիան՝ 81(+2):
Տեղի սղության պատճառով անդրադառնանք կարեւորին:
Քանի որ Հայաստանում այս օրերին հատկապես շահարկվում է եկեղեցու, կրոնի գերադաս լինելու «վտանգը», ծանուցենք, որ Նիդեռլանդներում տեղական ընտրության օր է սահմանված չորեքշաբթին, եւ դա ունի կրոնական պատճառ: Կառավարությունն ուզում է, որ քվե ունեցող հնարավորինս շատ մարդ մասնակցի ընտրությանը, մահմեդականների, հրեաների, քրիստոնյաների մասնակցությունը դյուրին դարձնելու համար բացառել է ուրբաթը, շաբաթը եւ կիրակին, իսկ երկուշաբթին հարմար չէ, քանի որ շաբաթավերջին հաջորդում է: ԵՄ-ի սահմանած 4 օրերի մեջ Նիդեռլանդներն ընտրել է հինգշաբթին, քանի որ իրենց ավանդական ընտրական չորեքշաբթի օրվան հաջորդող օրն է:
Ուրբաթ, 2 օր շարունակ ընտրության են մասնակցելու Իռլանդիայի եւ Չեխիայի քաղաքացիները, շաբաթ օրը կբացվեն Լիտվայի, Սլովակիայի, Մալթայի, Իտալիայի ընտրատեղամասերը, դարձյալ 2 օր քվեներ ընդունելով: ԵՄ մյուս երկրներում ԳԴՀ-ի նման ընտրության օր է սահմանվել հունիսի 9-ը: Ավստրիայի, Մալթայի, Բելգիայի օրինակին հետեւելով՝ առաջին անգամ ԳԴՀ-ում ընտրելու իրավունք է տրված նաեւ 16, 17 տարեկաններին, որոնց մեջ նկատելի շատ են աջերի համակիրները: Բելգիայում 16 տարեկանների համար ընտրության մասնակցությունը նույնիսկ պարտադիր է:
Ֆրանսիայում եւ Գերմանիայում մեր երկշաբաթյա բանավոր հարցումները վկայում են, թե որեւէ կուսակցություն չի արտահայտում հայ համայնքի համակրանքը: Մեր զրուցակիցներն առավել հաճախ խոստովանում են, թե հիասթափված են քաղաքական գործիչներից, կուսակցություններից, իսկ ընտրության մասնակցելու կարեւորությունը գիտակցողների մեջ առավել շատ են չկողմնորոշվածները: «2020-ի պատերազմից հետո պարզ դարձավ, որ Հայաստանին օգնել կարող ենք ոչ այնքան մեր քվեով, որքան տեղում՝ Հայաստանում եվրոպահայերիս կամավորությամբ»: Սա ֆրանսահայերի, գերմանահայերի ընդհանրացված կարծիքն է:
Այդուհանդերձ կարեւոր է, որ եվրոպաբնակ հայ ընտրողները, խավիարային դիվանագիտության դասը հիշելով, նախապես գոնե իրազեկ դառնան՝ իրենց թեկնածուն Բաքվի եւ Անկարայի երկար ձե՞ռքն է արդյոք, ծայրահեղ աջ «Գորշ գայլերի» հետ համագործակցո՞ւմ է, նպաստո՞ւմ է ցեղասպան Ալիեւին հանցակից Ուրսուլա ֆոն դեր Լայենի շահերին, սատարո՞ւմ է Ֆրանկ Շվաբեի սկսած պայքարին:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա