Պաշտոնական լռությունը
2016-ի հունիսի 2-ից ի վեր Հայոց ցեղասպանության զոհերին ոգեկոչող որեւէ ձեռնարկ չի նախաձեռնել ԳԴՀ Բունդեսթագը, չի նկատել իր երկրում բնակվող ԳԴՀ քաղաքացիություն ունեցող հայերին դիմելու, անմեղ զոհերին հիշատակելու, վերապրողների ժառանգների ցավը մեղմելու պարտավորություն: ԳԴՀ-ում բնակվող հայերի թվաքանակի մասին (ոչ պաշտոնական) նշվում է, թե 80-ից 100 հազար են, նրանց քվեն փոքրաթիվ է, կարեւոր չէ՞:
ԳԴՀ նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերի կայքում էլ լռություն է, թեեւ դժվար չէր տեղադրել մարտի 31-ին Ծիծեռնակաբերդ այցից գոնե մեկ լուսանկար՝ կից հակիրճ հիշատակմամբ: Սա կլիներ փաստերի վերականգնում, որ ցավալիորեն ոչ պատահաբար շրջանցում է նրա պաշտոնական կայքը՝ Հայաստան եւ Ադրբեջան այցից հետո, ինչպես գրել ենք «Ազգի» նախորդ համարներում: Ուրանալով ուրանում է:
Մինչ երեկ՝ ապրիլի 24-ի երեկոյան մեր թերթը տպարան հանձնելը, ծանոթ չէր, թե գերմանացի որեւէ բարձրաստիճան պաշտոնյա X-ի իր էջում հիշատակել է Հայոց ցեղասպանության 110-ամյա տարելիցի մասին: Ընտրություններից հետո դաշնային կառավարությունը դեռ չի կազմվել, սակայն մի՞թե դա արտոնում է քաղաքական գործիչներին նաեւ իրենց՝ 20-րդ դարասկզբի անփառունակ պատմությունն ուրանալու, հիշողության կամավոր կորստի բարոյազուրկ ճանապարհն ընտրել: 2015-2016 թվականներին «Ազգը» պարտաճանաչ փաստագրել է գերմանացի քաղաքական գործիչների «համապատասխանատվության», «մեղսակցության» մասին հրապարակային խոստովանությունները, դրանից հետո էլ ամեն տարի ապրիլին թերթի արխիվը հարստացվել կարեւորագույն իրադարձությունների մասին գրելով:
Մեր պետությունն այսքան անտեսված եւ միայնակ երբեք չի եղել
Երեկ ժամը 12.31-ին Բեռլինում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը X-ի իր էջում տեղադրեց մի լուսանկար եւ կից հետեւյալ գրությունը՝ «Այսօր Հայոց ցեղասպանության 110-ամյա տարելիցը հիշատակելով Բեռլինի սուրբ Հեդվիգի տաճարին հարակից խաչքարին ծաղկեպսակ զետեղվեց»: Լուսանկարից երեւում է, որ Հայաստանի Թալինի շրջանում ծնված՝ արեւմտահայի ժառանգ ՀՀ դեսպանը, որ խաչքարի առջեւ գլուխը խոնարհել է, մենակ է: Նրանից մի քանի քայլ հետ կանգնածների մեջ առերեւույթ գերմանացի պաշտոնատարներ չկան:
Ինչպե՞ս, ինչո՞ւ այսքան մենակ, արհամարհված մնացինք…
Դեսպանն իր էջում վերահրապարակել է ՀՀ ԱԳՆ ապրիլ 24-յան հաղորդագրությունը: Մեզ ծանոթ չէ այսօր հրավիրված որեւէ այլ արարողություն կա՞ ԳԴՀ որեւէ քաղաքում, որտեղ կլսվի ՀՀ պաշտոնյայի ելույթը Հայոց ցեղասպանության 110-ամյակի վերաբերյալ: Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ Յոնաթան Շպանգենբերգի հետ փետրվարի 20-ին առցանց «Ազգի» հարցազրույցում
ծանուցվեց, թե 2025-ին ՀՀ վարչապետի՝ հայ համայնքի հետ ցյուրիխյան, ամերիկյան հանդիպումներից հետո Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը, Առաջնորդարանը 110-ամյակի միջոցառումները որոշել են կազմակերպել առանց ՀՀ դեսպանության: Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը եւ Գերմանահայոց առաջնորդարանը սակայն չեն դադարեցնում համագործակցությունը, եւ նախորդ տարիների նման հրավիրում են ՀՀ դեսպանին, դեսպանությանը մասնակցելու Բեռլինում եւ Մայնի Ֆրանկֆուրտի սուրբ Պողոսի տաճարում նախատեսված հիշատակի գլխավոր արարողություններին: Ինչպես իրազեկել ենք «Ազգի» նախորդ համարում, ապրիլի 24-ին ժամը 19.15-ին հիշատակի արարողություն է նախատեսված Բեռլինի պատգամավորների պալատում, ապրիլի 26-ին նույն ժամին՝ Մայնի Ֆրանկֆուրտի սուրբ Պողոսի տաճարում: Ապրիլի 24-ին նույն ժամին Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշահանդես է հրավիրել նաեւ Բադեն Վյուրթեմբերգի հայ առաքելական համայնքը Շտուտգարդում՝ Գյումրիի կամերային նվագախմբի մասնակցությամբ: Գլխավոր բանախոսը Ռուր համալսարանի պրոֆեսոր Քրիստին Պլատն է: Ապրիլի 24-ին ժամը 19.15-ին հուշահանդես կար նաեւ Քյոլնի առաջնորդանիստ սուրբ Սահակ-սուրբ Մեսրոպ եկեղեցում, գլխավոր բանախոսը՝ Հյուսիս Հռենոս Վեսթֆալիա երկրամասային խորհրդարանի՝ Լանդթագի փոխնախագահ Բերիվան Այմազը: Մյունխենում, Հալեում, Բրեմենում նույնպես հիշատակի միջոցառումների օր էր սահմանված ապրիլի 24-ը:
Այն հանգամանքը, որ Հռոմի պապի թաղման արարողությունը նախատեսված է շաբաթ օրը, հնարավոր է, որ դա առիթ լինի Մայնի Ֆրանկֆուրտում գերմանացիների նվազ մասնակցության: ԳԿԽ ատենապետ Շպանգենբերգը երեկ ի պատասխան մեր հարցման ծանուցեց, թե հրավերն ուղարկվել է, սակայն Բեռլինի հուշահանդեսին նախապես իրենց ներկայությունն ամրագրածների թվում չի նկատել ՀՀ դեսպանի, դեսպանության աշխատակիցների անունները: Պատգամավորների պալատում հուշահանդեսի բանախոսն է ԳԴՀ ճանաչված քաղաքական գործիչ Ջեմ Էոզդեմիրը, որի վերջին պաշտոնը ԳԴՀ կրթության նախարարն է, իսկ մայիսին կազմվելիք կառավարությունում հավանաբար չի ընդգրկվի, քանի որ հավակնում է դառնալ Բադեն Վյուրթեմբերգ երկրամասի վարչապետ: Բեռլինում իրենց մասնակցությունն են հաստատել պետքարտուղար Ֆլորիան Հաուերը, հրապարակախոս Հենրիկ Մ. Բրոդերը, այլք:
Հոդվածը գրելու պահին մեզ համակել էր մի տխուր զգացողություն՝ Հայոց ցեղասպանության ծանր հարվածը բավարար չէ՞ր սթափվելու, աշխարհին ցույց տալու, որ Հայոց ցեղասպանության զոհերին ոգեկոչող հիշատակի որեւէ արարողություն չի բաժանելու հայաստանահային, պետական գործչին եւ սփյուռքահային: Բոլորիս պարտավորությունը մեկ է՝ հիշել եւ պահանջել: Հայաստանը բոլոր հայերի իրավունքների պաշտպանն է, նաեւ նրանց, որ իր քաղաքացիները չեն, եւ հակահայկական ատելության զոհ են:
Սպառնալիքները շարունակվում են՝ «Ցեղասպանությունը չենք մոռացել»
Թոբիաս Շիբիլլան, որ «Ազգի» ընթերցողներին ծանոթ է Թոբիաս Էսսեր անվամբ t-online-ում հրատարակած հոդվածներով, որ 2020-ի պատերազմից հետո եղել է Հայաստանում, ծանոթ է Ադրբեջանի, Թուրքիայի հայահալած պաշտոնական քաղաքականությանը, մասնագիտանում է հակամարտությունների, ռասիստական դրսեւորումների, քաղաքական ծայրահեղականության թեմաների լուսաբանման մեջ, ապրիլի 21-ին t-online-ում հրապարակեց Գերմանիայում հայերի հանդեպ սպսռնալիքների մասին մի հոդված, որի վերնագիրն էր՝ «Նրանք ուզում են մեր հանդեպ նոր ցեղասպանություն իրականացնել»: Ապրիլի 22-ին web կայքը վերահրապարակեց t-online-ի հոդվածը՝ ընդգծելով, թե սպառնալիքները գերմանահայերի մեջ նոր պատերազմի վախ են արթնացնում:
«Գերմանիայում բնակվող հայ փոքրամասնության ներկայացուցիչները մարտ ամսվանից ի վեր նույն ժամին՝ 13-14-ին, բռնության սպառնալիքներ են ստանում իրենց հեռախոսահամարներին», հայտնում է t-online՝ գերմանահայ իրավաբանների միության նախագահ Գուրգեն Պետրոսյանի հետ զրույցի մանրամասները շարադրելով: «Չենք մոռացել 1915-ը, հայ պոռնիկ», «Ես քեզ կբռնաբարեմ քո տանը», «Ես գրողի ծոցը կուղարկեմ քո ողջ ժողովրդին», «Մենք ձեզ կրկին կսպանենք, դուք՝ անպիտաններդ ևս մեկ ցեղասպանություն կտեսնեք»: Անանուն զանգահարողների բառերն են, որով սպառնում են հայերին: Ըստ Գուրգեն Պետրոսյանի, զանգահարողները, որ ներկայանում են որպես թուրք եւ ադրբեջանցի, հեռախոսազանգն անջատում են առավելագույնը 40 վայրկյան հետո, իրավաբանների միությունն արձանագրել է առնվազն 15 նմանաբովանդակ սպառնալիք, սակայն սրանք միայն հայտնի դեպքերն են, չբացահայտված դեպքերի թիվը պետք է որ ավելին լինի: Պետրոսյանը հիշեցնում է, որ 2020-ից հետո նման սպառնալիքները նոր երեւույթ չեն: «Ազգը» ժամանակին գրել է, որ թուրք եւ ադրբեջանցի «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության անդամները Քյոլնում, Բեռլինում ահաբեկել, սպառնալից նամակներ են ուղարկել հայերին, ոտնձգություն կատարել հայկական խանութների, ռեստորանների հանդեպ: Գերմանահայ իրավաբանների միության նախագահի պատմելով, մի կին այժմ ոստիկանության պաշտպանության տակ է, մեկ ուրիշը ստիպված է եղել հոգեբանական բուժում ստանալ: Զանգերից բացի Telegram-յան հաղորդագրություններով ուղարկվել են 2020 թվականի պատերազմի ժամանակ գլխատված, սպանված հայ զինվորների նկարներ: Գերմանահայ իրավաբանների միությունը մի քանի քրեական գործ է հարուցել՝ հույս ունենալով, որ դրանք կբացահայտեն համակարգված արշավի կազմակերպիչներին, հանցագործներին, պատասխանատվության կենթարկեն նրանց:
Հայ եւ հրեա ուսանողական միությունները՝ Աղետը չմոռանալու հանձնառությամբ
Այս տարի Հայոց ցեղասպանության խորհրդանշական ապրիլի 24-ին հրեաներն էլ հիշատակում են իրենց Յոմ հա Շոան՝ Ողջակիզման հիշատակի օրը, 82 տարի առաջ Վարշավյան գետոյի ապստամբության օրը նաեւ: Շատ հուսադրող է, որ Գերմանիայում հայ ուսանողական «Միասին» եւ հրեա ուսանողների (JSUD )միությունները միացյալ հաղորդագրություն են տարածել՝ երկու Աղետների զոհերի հիշատակը, անուններն ու պատմությունը վառ պահելու, չմոռանալու, պատասխանատվությամբ ապագան կառուցելու հանձնառությամբ:
Մյուս կողմից, Փարիզի Շոայի թանգարանում Me՛morial de la Shoah ապրիլի 1-ին բացված Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 110-ամյա տարելիցին նվիրված պատմական ցուցահանդեսը պատմությունը չմոռանալու պատմական պատասխանատվության մասին է: «Հիշողության պատմական պարտավորությունից ելնելով Շոայի հուշահամալիրը «Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը ոգեկոչելու շրջանակներում մինչեւ նոյեմբերի 4-ը ներկայացնում է 20-րդ դարասկզբի պատմության՝ այս մեծ ողբերգական իրադարձությանը նվիրված ցուցահանդես», գրված է թանգարանի տեղեկագրում:
«Ցուցահանդեսը ներկայացնում է 20-րդ դարում Հայոց ցեղասպանությանը նախորդած և դրան հանգեցրած իրադարձությունները: Ցեղասպանությունն այժմ մարդկության դեմ ուղղված հանցագործություն է համարվում, սակայն որոշ ազգերի, պետությունների համար դեռևս դժվար է այդ հանցագործությունը ճանաչելը: 1915-1916 թվականներին Օսմանյան կայսրությունում այն ժամանակ ապրող հայերի ավելի քան երկու երրորդը ոչնչացվել է անմարդկային պայմաններում: Տեղահանությունները, սովը, մահվան երթերը և զանգվածային սպանությունները ստիպեցին փրկվածներին և նրանց ժառանգներին փախուստի դիմել: 2001 թվականի հունվարի 29-ին Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Ցուցահանդեսը հետաքննում է Հայոց ցեղասպանությունը, բացատրում, փաստագրում և իրազեկում է իրադարձությունների մասին»:
Գերմանիայում Քրդական համայնքը ապրիլի 24-ին հայտարարություն էր տարածել, որով նախ իրազեկում էր Հայոց ցեղասպանության եւ Թուրքիայի ցայսօր ուրացման մասին, ապա հավաստիացնում, որ ոճրագործության զոհերի հիշատակը ոգեկոչելով, միանում են նրանց, որ ճանաչման, հիշողության եւ արդարության կողմնակից են:
«Ազգի» նախորդ համարում իրազեկել ենք, որ Բեռլինի Մաքսիմ Գորկի թատրոնում 2025-ի ապրիլի 24-ից մինչեւ մայիսի 31-ը տեղի կունենա մշակութային միջազգային փառատոն՝ «100 + 10 Հայկական Այլաբանություններ» (100 + 10 Armenian Allegories) խորագրով:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա
Լուսանկարում՝ 2015 թվականի ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում նախագահ Գաուքն արտասանեց՝ «ցեղասպանություն էր», այնուհետ հանրությունը շարժվեց Բրանդենբուրգյան դարպասների առջեւ ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությամբ հիշատակելու Աղետի 100 ամյակը: