Արդյո՞ք մեկ պատասխանատու և մեղավոր, և եթե այո՝ ապա ո՞վ է նա։

138

Արցախի հերոս, պաշտոնաթող գեներալ Արշավիր Ղարամյանի գրառումը, –

Որ 2020 թվականի հուլիսին տավուշյան սահմանային հայտնի միջադեպից հետո ադրբեջանի «ձեռքերը» այլևս բաց թողնված էին՝ փորձ կատարելու ռազմական ճանապարհով Արցախի հարցը լուծել հօգուտ իրեն՝ պարզ էր յուրաքանչյուր անձի համար, ով փոքրիշատե տեղյակ էր տարածաշրջանի աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական իրողություններից ու զարգացումներից՝ բացի հայկական երկու պետությունների ռազմաքաղաքական ղեկավարներից, որոնք միայն իրենց հասկանալի էյֆորիայի տակ նշում էին ու փիառվում՝ տոնակատարությունների վերածելով այսպես կոչված «հուլիսյան հերոսամարտը»:

«Հուլիսյան հերոսամարտից» հետո ընկած ժամանակահատվածում հայկական զույգ պետությունների իշխանությունների գործողությունները՝ հիշեցման կարգով․

1. Հայկական Զինված ուժերի կատարածի և չկատարածի անհիմն գովազդում «արծրունյան» ոճով։

2. Հայկական ռազմարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտի արտադրանքի մարտական պայմաններում կիրառման առասպելական ներկայացում։

3. Չհիմնավորված և շռայլորեն պարգևատրված ու շնորհված մարտական բարձր պարգևներ և զինվորական բարձր կոչումներ։

4. ՀՀ Զինված ուժերի մեծամտաբար ներկայացում որպես տարածաշրջանի խաղաղության և անվտանգության երաշխավոր, որը, ինչպես շատ կարճ ժամանակ անց պարզվեց, ոչ այլ ինչ էր, եթե ոչ ինքնախաբկանք և մանիպուլյացիա:

Երբ 2020 թվականի սեպտեբերի 27-ին ադրբեջանաթուրքական կոալիցիան վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի Հանրապետության դեմ սկսեց լայնածավալ ռազմական գործողություններ (ագրեսիվ պատերազմ), ՀՀ Սահմանադրության պահանջներին համապատասխան՝ ՀՀ կառավարությունը հանրապետության ամբողջ տարածքում հայտարարեց ռազմական դրություն և նույն օրն էլ ընդունեց «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշումը։

Հղումը՝

https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=146652

Արցախի Հանրապետությունում  էլ նախագահը՝ Սահմանադրությանը համապատասխան, հայտարարեց ռազմական դրություն հանրապետության ողջ տարածքում, որին, որպես օրենքի պահանջ, պետք է հետևեր նախագահի հրամանագիրը Արցախի Հանրապետւթյունում ռազմական դրություն հայտարարելու մասին, հատկապես եթե հաշվի առնենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 20-ից ԱՀ-ում գործում է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը, որն ի թիվս այլ պահանջների, պարտադրում է ԱՀ նախագահին՝ երկրի վրա զինված հարձակման կամ դրա վտանգի դեպքում արձակել համապատասխան հրամանագիր։

ԱՀ նախագահի պաշտոնական կայքում  և այլ տեղեկագրերում նման հրամանագիր չգտա:

http://president.nkr.am/am/

http://arlexis.am/

Իսկ հիմա հետևյալ հարցերը․

1․ Արդյո՞ք ՀՀ կառավարության ընդունած վերոնշյալ որոշմամբ սահմանված բոլոր միջոցառումներն են կատարվել ամբողջ ծավալով։

2․ Արդյո՞ք պատերազմ սկսելու օրը, կամ գոնե անմիջապես հաջորդող օրերին, Արցախի Հանրապետության նախագահն ընդունել է ռազմական դրություն հայտարարելու մասին հրամանագիր։

Ստանալ այս հարցերի պատասխանն ակնկալում եմ ոչ թե զուտ հետաքրքրասիրությունս բավարարելու նպատակով, այլ պարզելու, թե համապատասխան իրավական ակտերն իսկապես ընդունվե՞լ և ամբողջ ծավալով կատարվե՞լ են, ինչը պետական համակարգը ամբողջական կփոխադրեր ռազմական ռելսերի վրա, որի արդյունքում էլ, կարծում եմ, չէինք ունենա այս ռազմաքաղաքական իրավիճակը։

Հ.Գ. Ներողություն եմ հայցում Տավուշում հուլիսյան սահմանային միջադեպի արդյունքում զոհված,վիրավորված բոլոր քաջորդիներց ու նրանց հարազատներից,ինչպես նաև,այն զինվորականներից, որոնք ցուցաբերել են քաջություն և խիզախություն իրենց պարտքը Հայրենիքի հանդեպ կատարելուց: