Սեպտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում Արցախի նախագահ է ընտրել Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Շահրամանյանին։
Միջազգային շրջանակները, ընդհանուր առմամբ, չեն ճանաչել այս ընտրությունը, ավելին՝ որոշ երկրներ, ինչպիսիք են Թուրքիան և Ուկրաինան՝ նույնիսկ դատապարտել:
Իսկ ճանաչողների թվում են ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության նախագահ Վադիմ Կրասնոսելսկին, Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Ալան Գագլոևը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, քաղաքական կուսակցություններ և հասարակական գործիչները:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել ԱԺ-ին։ Սակայն նա հրաժարականի նախօրեին Շահրամանյանին նշանակեց Արցախի պետնախարար՝ այդ պաշտոնից ազատելով Գուրգեն Ներսիսյանին։
Եթե իսկապես հեռանում էր պաշտոնից, ապա Հարությունյանը պիտի մտածեր ԱԺ-ին ազատ ընտրության հնարավորություն տալու մասին, այլ ոչ թե բռնանար օրենսդիր մարմնի կամքի վրա: Եվ ԱԺ-ն դրան նույնիսկ չառարկեց՝ փաստորեն դրանով Շահրամանյանի ընտրությունը շահարկելով, և դա Արցախի ԱԺ-ի հետ Արայիկի փոխհամաձնեցված գործողություններով պայմանավորելու առիթ տվեց շահագրգիռ պետություններին:
Համենայն դեպս, Արայիկ Հարությունյանը հայտնվել է Ուկրաինայի «սև» ցուցակում: Այդ մասին սեպտեմբերի 14-ին տեղեկացրել է «Turktime.net» կայքէջը, որը գրում է.
«Ըստ Ղրիմի լրատվական գործակալության՝ Ղարաբաղում գտնվող հայ անջատողականների նախկին առաջնորդ (Ղարաբաղի նախկին նախագահ) Արայիկ Հարությունյանը հայտնվել է Ուկրաինայի թշնամիներին ցուցակագրող “Mirotvorets” կայքում:
«Mirotvorets»-ը Հարությունյանին մեղադրում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ոտնահարելու, ռուս զավթիչների և ահաբեկիչների հանցակիցը լինելու և Ոկրաինայում գործած բոլոր հանցագործություններում ռուսական իշխանություններին անվերապահորեն աջակցելու մեջ:
Կայքում հրապարակված նյութի մեջ նշվում է, որ Հարությունյանը բացահայտորեն աջակցել է նաև «Պուտինի ագրեսիվ ծրագրերին ու Ռուսաստանի զավթիչ քաղաքականությանը»:
Ուկրաինայի անվտանգության ծառայությունները միանգամայն հաստատել են Արայիկ Հարությունյանին «Mirotvorets»-ի հարուցած մեղադրանքները:
Ի դեպ՝ ուկրաինական «Mirotvorets» կայքէջը ինտերնետային պլատֆորմ է, ստեղծվել է 2014-ին, երբ ռուսները սկսեցին ռազմական գործողություններ ծավալել Արևելյան Ուկրաինայում:
Հակոբ Չաքրյան