Հայկական բանակի գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանի ՖԲ էջից, որը նա արել էր դեռ այս տարվա փետրվարին։
Ժամանակակից տեխնոլոգիական զարգացումները ռազմական արդյունաբերության համար ստեղծել են մեծ հնարավորություններ: Վերջին երկու տասնամյակներում աշխարհում մեծ թափ է ստացել այդ տեխնոլոգիաների հենքի վրա հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրությունը, որի առաջատարներն են ԱՄՆ-ը, Իսրայելը, Չինաստանը, Թուրքիան, Ռուսաստանը և Եվրոպական մի շարք երկրներ: Արտադրությանը զուգահեռ, սկզբնական շրջանում այդ ԱԹՍ-ները սկսեցին օգտագործել հետախուզական նպատակներով, որին զուգընթաց՝ ԱՄՆ-ում և Իսրայելում աշխատանքներ էին տարվում ԱԹՍ-ները որպես խոցման միջոց կամ այդ միջոցի փոխադրող օգտագործելու ուղղությամբ:
Իրականացված աշխատանքների արդյունքում ի հայտ եկան «ինքնասպան» և բազմակի օգտագործման բազմաֆունկցիոնալ ԱԹՍ-ները: Բազմաֆունկցիոնալ հարվածային ԱԹՍ-ները ամերիկացիներն սկսեցին օգտագործել Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում՝ հետախուզական գործողությունների և թիրախային հրթիռա-ռմբային հարվածներ հասցնելու համար: Գնալով, ռազմական նշանակության ԱԹՍ-ները հասու դարձան շատ երկրների ու խմբավորւմների համար, որոնք գտնվում են պատերազմի կամ հակամարտությունների մեջ:
Ինչպես հայտնի է «ինքնասպան» ԱԹՍ-ներ (IAI Harop) առաջին անգամ կոնֆլիկտների ժամանակ օգտագործվեց ադրբեջանական զինուժի կողմից 2016 թվականի ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ, ինչ-որ առումով սկզբնական պահերին անակնկալի բերելով մեր զինվորականներին:Մերձավոր Արևելքում և հյուսիսային Աֆրիկայում ստեղծված անկայունությունը բերեց կոնֆլիկտների և ռազմական գործողությունների, և բոլոր ներգրավված կողմերը սկսեցին ակտիվորեն օգտագործել ինքնաշեն ու գործարանային արտադրության ԱԹՍ-ներ:
Վերջին օրերին բախումները հակամարտող կողմերի միջև առավել ինտենսիվ բնույթ են ստացել Սիրիայի, Լիբիայի և Եմենի պատերազմական «թատերաբեմերում»։ Այս համատեքստում՝ սիրիական և լիբիական հակամարտություններում որպես անմիջական մասնակից հանդես է գալիս Թուրքիան, որն էլ ակտիվորեն սկսել է օգտագործել սեփական արտադրության բազմաֆունկցոնալ հետախուզական հարվածային ԱԹՍ-ներ (Bayraktar TB2):
Ըստ բաց և փակ աղբյուրներից ստացվող տեղեկությունների՝ այդ սարքերը Սիրիայում բավական ակտիվ են գործում՝ զգալի կորուստներ և վնասներ պատճառելով Ասադի բանակին և նրա դաշնակից ուժերին, իսկ Լիբիայում մարշալ Խալիֆա Խաֆտարի ԼԱԲ-ին բավական բարձր արդյունավետությամբ հաջողվում է չեզոքացնել թուրքական հետախուզա-հարվածային ԱԹՍ-ները: Վերջին 10 տարիներին ադրբեջանը ձեռք է բերել իսրայելական և թուրքական արտադրության բազմաթիվ ԱԹՍ-ներ, ինչպես նաև այդ երկրների հետ համատեղ հիմնել է ԱԹՍ-ների սեփական արտադրություն։
Հաշվի առնելով այդ իրողությունները և ադրբեջանական զինված ուժերի սերտ համագործակցությունը թուրքական և իսրայելական զինված ուժերի հետ՝ հայկական Զինված ուժերը պետք է կատարելագործեն ԱԹՍ-ներ դեմ պայքարի միջոցները և մարտավարությունը, ինչպես նաև անձնակազմի և զինտեխնիկայի անվտանգության պահպանությունը:
Հ.Գ. Նկարներում՝ ադրբեջանական զինված ուժերի սպառազինության մեջ գտնվող ԱԹՍ-ներ և Իսրայելի ու Թուրքիայի հետ համատեղ արտադրվող կամ արտադրությունը նախատեսվող ԱԹՍ-ներ: