Ռուս-հայկական միջազգային «Լազարևյան ակումբի» խորհուրդը և ԱՊՀ երկրների ինստիտուտը (Մոսկվա) համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Ադրբեջանի կեցվածքը՝ այդ երկրի նախագահի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 30-ին կայացրած որոշման համատեքստում, որով խեղաթյուրվում են պատմական փաստեր։
Հայտարարությունում նշված է․ «Ռուս-հայկական միջազգային «Լազարևյան ակումբի» խորհուրդը և ԱՊՀ երկրների ինստիտուտը անհրաժեշտ են համարում հայտարարությամբ հանդես գալ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 30-ին կայացրած որոշման կապակցությամբ՝ ինչպես նշված է այդ պաշտոնական փաստաթղթում՝ «Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության հիմնադիրներից մեկի՝ Ադրբեջանի Ազգային խորհրդի նախագահ Մամեդ Էմին Ռասուլզադեի 140-ամյակի անցկացման վերաբերյալ։
«Մեզ համար ակնհայտ է, որ Ադրբեջանի ղեկավարության այս որոշումը ցուցադրական բնույթ ունի և վկայում է երկակի ստանդարտների քաղաքականության մասին, որը վարում է Բաքուն՝ խեղաթյուրելով պատմական փաստերը։ Հայաստանում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Հայոց ցեղասպանության դեմ պայքարած, Հայաստանի կողմից հերոս ճանաչված Գարեգին Նժդեհին ֆաշիստների հանցակից անվանելով՝ ադրբեջանցի քարոզիչները գովաբանում են Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ոխերիմ թշնամի Մամեդ Ռասուլզադեին, որը հետևողականորեն համագործակցել է Պիլսուդսկու, Հիտլերի և հետպատերազմյան շրջանում Թուրքիայում գործող ամերիկամետ «ԽՍՀՄ ստրկացված ժողովուրդների ազատագրման կոմիտեի» հետ, նրա դերն ուռճացնում են, խոնարհվում են նրա հուշարձանների առջև՝ Ադրբեջանում և վերջին 10 տարվա մեջ երկրորդ անգամ նշում են նրա տարեդարձը՝ պետական մակարդակով։
Նացիստական բանակի կազմում ադրբեջանական լեգեոնի ստեղծողին հերոսացնելու այս կեղծ փորձը չափազանց մտահոգիչ է։ Ցավոք, այն տեղավորվում է «հաղթանակողների խրախճանքի» տրամաբանության մեջ, որը շարունակում են Ադրբեջանի իշխանությունները՝ Լեռնային Ղարաբաղի տարածքից հայ բնակչության ամբողջական դուրսբերման ֆոնին։
Առաջին անգամը չէ, որ հայտարարում ենք՝ այսպիսի վարքագծով Ադրբեջանի իշխանությունները շարունակում են «վիշապի ատամներ» աճեցնել և մրցակցում են Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ՝ Հարավային Կովկասում պատմական հիշողությունը և ռուսական ազդեցությունը արմատախիլ անելու հարցում։