Ակնհայտ է, որ ԱԳՆ-ի և վարչապետի պաշտոնակատարի դիրքորոշումների մեջ տարբերություն կա։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը։
Նշենք, որ ԱԳՆ-ի հայտարարության մեջ մասնավորապես նշվում էր, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանների սահմանագծման և հետագայում սահմանազատման գործընթացները պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի, որի շրջանակներում առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի և Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:
Իրանագետը նկատեց՝ ԱԳՆ-ի ձևակերպումն արդարացի ու իրավացի է, և ինչ-որ առումով ԱԳՆ-ն դեմարշի է գնում։ Նրա խոսքով մինչև Արցախի օկուպացված շրջանների դեօկուպացիայի հարցը չլուծվի, որևէ սահմանազատման մասին խոսք չի կարող լինել։ Ավելին, իրանագետը կարծում է, որ մինչև արցախյան հիմնախնդրի հայանպաստ կարգավորումը Հայաստանը նման գործարքի չպետք է գնա։
«Երբ 90-ականներին Ադրբեջանը պարտվել էր ու բավական զգալի տարածքներ կորցրել, նույնիսկ այդ պայմաններում չեմ հիշում, որ նրանց կողմից հնչած լինի Տավուշի մարզում սահմանանշման ու սահմանազատման գործընթացի մասին որևէ բան։ Ակնհայտ է, որ այս պայմաններում Հայաստանը զուրկ է տրամաբանական կառավարումից և գտնվում է հետպատերազմյան շոկի վիճակում։ Այս վեց ամիսների ընթացքում իշխանություն համարվող վարչախումբը որևէ քայլ չի իրականացրել, որ մեր պետությունը դուրս բերի հետպատերազմյան շոկային իրավիճակից և նման պայմաններում ակնհայտ է, որ թշնամական կողմն ունի հսկայական առավելություն և փորձում է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման ու սահմանագծման գործընթացը նաև վախենալով, որ առաջիկայում Հայաստանում ձևավորվելիք նոր իշխանություններն այդքան խոնարհաբար չեն գնա ադրբեջանական պահանջներին ընդառաջ»,-նշեց Վարդան Ոսկանյանը։
Վերջինս ընդգծեց՝ մեր պետության ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ առնվազն երեք կետում բռնազավթված են, հետևաբար տրամաբանությունից դուրս է բռնազավթել տարածքը, իսկ հետո փորձել ինչ-որ գործարքի գնալ։
Դիտարկմանը, որ ԱԳՆ-ի հայտարարությունից պարզ է դառնում, որ վարչապետի պաշտոնակատարը չպետք է ստորագրի նոր փաստաթուղթը, իրանագետը նշեց, որ նման հայտարարություն ընդունելուց ԱԳՆ-ն արտահայտում է իր դիրքորոշումը, որը չի համընկնում Հայաստանի իշխանության կամ կառավարության այլ թևերի դիրքորոշումների հետ. «Այն շեշտադրումը, որ Արցախում պետք է իրականանա դեօկուպացիայի գործընթաց, շատ կարևոր է և հստակ ուղերձ է նաև ադրբեջանական կողմին, որ մենք երբևիցե չենք հաշտվելու այն մտքի հետ, որ օկուպացվել է Շուշին, Հադրութը և արցախյան հիմնախնդրի լուծված լինելու մասին Բաքվի բռնապետի հայտարարությունները բարբաջանքների ժանրից են»,-ասաց Վարդան Ոսկանյանը։
Աղբյուր` Փաստինֆո