Երկար եմ մտածել, թե հեքիաթները ե՞րբ են կորցնում իրենց գրավչությունը: Ե՞րբ է սկսում մարդը չհավատալ անհուսադրող, շոշափելիության հետ անաղերս պատումներին: Գուցե մանկության ավարտի՞ն, երբ բարձն այլևս սոսկ փափկություն չէ, այլ բզզացող գլխի համար պարզագույն հանգրվան, որ գոնե չզգաս, թե ինչպես է լուսանում: Մարդը սիրում է հեքիաթ լսել և երբեմն էլ՝ հորինել, հենց այնպես մի բանի հավատալու, տենչալու և թաքու՜ն երազելու համար: Այո, թաքուն երազելու համար, քանզի երազը մասսայականություն չի հանդուրժում, այն պետք է տաքուկ պատանքների մեջ առնեն առանձին-առանձին գլուխները ու թաքցնեն մոխրագույն աշխարհից: Հեքիաթը… հեքիաթները դյութվում են կենսական գորշ ու մաղձից խույս տալու պատրվակով, բայց կա մեկ պայման. այն չպետք է նյութականանալու, ասել է թե իրականանալու հյուլե իսկ պարունակի, հակառակ դեպքում կկորցնի հեքիաթն իր թովչական բնազդը:
Երբ երեսիդ ծիլերն ածիլվում են, կամ երբ ստինքդ բողբոջում է հորանջելով ձգվող ծաղկի կոկոնի նման, և դու դեռ հավատում ես հեքիաթներին՝ դու անուղղելի մեղսագործ ես ինքդ քո հանդեպ, քանզի կյանքային «սրիկայություններին» հանդիման անհաղորդ ես քնած քայլողի պես: Ես այս քիչումիչ ստվարներին եմ պատկանում, որոնք խատուտիկ փչելով են կանխատեսում հաջորդ օրը, փոխանակ ճշտիվ ու «լատինատառ» հաշվիչ ստեղներով օր մաշելու:
Մեր օրերում չկան աղբյուրին բազմած դեվ-վիշապներ, ինչպես չկա կժով կույսն ինքն էլ, չկան մենավոր արքաներ և մորեմիակ արքայադստրեր, ինչպես չկա վերջինիս համար մի քանի կյանք մարտնչող ասպետն ինքն էլ… Սյուժեն փոխվում է, երազը փոխվում է, հեքիաթի մարմինը նունպես, բայց կաղապարը՝ երբեք. մարդն է աներկբա դրվագը հեքիաթի: Ժամանակները հոսում են, և հեքիաթն իբրև դյուրին մի խայծ, նոր գույն ու շունչ է ստանում: Գալիս են նոր հերոսներ, քիչ թե շատ բնական. հեքիաթի կենդանու անունը կրող մարդուկներ, որոնք այնքան նման են աղվեսի, մկան, արջի, առյուծի, օձի, և, վերջապես՝ մարդու: Նրանք խաղում են իրենց էպիզոդիկ դերն ու կերտում կյանքային մի հեքիաթ, շոշափելի՜ մի հեքիաթ, որին այնքա՜ն հեշտ է հավատալը, նույնիսկ երբ Աբովյան փողոցից այն կողմ աշխարհ չգիտես:
…Հետաքրքիր նախաբան էր, որպես ագուցող քարկապ՝ ընտրական հեքիաթների ժողովածու ստեղծելու համար: Հեքիաթ մեծերի՝ ածիլվողների և օվալված ստինքովների համար: Հեքիաթ դյուրագրգիռ հայի համար, որ սիրում է դիվանագիտական սուտը՝ ծորացող, շիրոտ, ճանճ-մեղուների հարձակումներին տեղի տվող շարբաթ սուտը: Նախընտրական լեգենդ, որին հանիրավի անուշադրության են մատնում բանահավաքները. նորօրյա նազուկ պատմություններն են, որոնք պետք է գրի առնել:
Ա՜խ, Հայաստան, քեզ միայն անուշ ձայնով հեքիաթասաց է պետք ճիշտ և ճիշտ հայտնի հեքիաթի դայակ-կատվի նման, և, գլուխը քարը, թե համփ չի անի, երբ քնես. գրողը տանի, որերորդ անգամ:
Հայկ ՍԻՐՈՒՆՅԱՆ