Ահա մեր սեղանին է գրական աշխարհին արդեն հայտնի անուն Ֆլորա Սարյանի «Չգրված օրենք» վեպը, որ հայոց համար ճակատագրական պատմական իրադարձությունները, մասնավորապես Մեծ Եղեռնի պատճառներն ու հետեւանքները գեղարվեստորեն վերաիմաստավորող յուրատեսակ ստեղծագործություն է:
Ինչո՞ւ յուրատեսակ, քանի որ տեղծագործությունը գեղագիտական պատկերավոր հնարանքներով կառուցված փաստա-գեղարվեստական երկ հասկացության տիպիկ օրինակն է, փաստական հարցերը գեղարվեստական լուծումներով ներկայացնելու վարպետության ցուցադրություն՝ որպես մի ողջ ժողովրդի տեղահանության, բնաջնջման մասին սրտակեղեք հոգու ճիչ, արձանագրություն, հայտարարություն:
Ֆլորա Սարյան հեղինակն ինքն, ասես, այդ ամենի մասին, հավաքական հիշողության մի կենդանի թանգարան է, հիշողություն, որի՝ փոխանցման տեխնոլոգիան սերունդների արյան միջով, այդպես էլ դեռեւս չի գաղտնազերծվել: Դա արարչական, անիմանալի գործընթաց է, իսկ այն, թե ի՞նչ մեթոդներով է հանրայնացվում այդ հիշողությունը, դա է, որ մարդկային հնարավորությունների մեջ է: Ներկա դեպքում, Ֆլորա Սարյանի կողմից գենի արյունը խոսեցնելու մարդկային հնարավորությունները շնորհների առատությամբ է ողողված: Ահա այս է այն ճանապարհը, որով հայոց ճակատագրի հետ միախառնված բազմաթիվ խնդիրներ, գրական տարբեր մեթոդներով, ու կենտրոնում գեղեցիկ սիրո պատմությունով, այսօր շատ շահեկանորեն դրվել է ընթերցողների սեղանին, որովհետեւ իսկապես աստվածատուր շնորհն է մղել նրան անդրադառնալու մշտապես արդիական այդ թեմային:
Որքան էլ հեղինակը բացատրում է վեպը լույս աշխարհ բերելու դրդապատճառները եւ տարիներ շարունակ իր կատարած տքնաջան աշխատանքի արդյունքն է համարում այն, այնուամենայնիվ, սա իր միջուկով գեղարվեստական ստեղծագործություն է, որը գրելու համար առաջնային պայմանը հարուստ երեւակայություն ունեցող անհատի ստեղծագործական ձիրքն է: Առանց դրա չէր կարող լինել այն, ինչ զգում է ընթերցողը, երբ բացում է գիրքն ու սկսում ընթերցումը:
Եվ այդպես, առաջին իսկ էջից, ասես, շարժանկարի կադրերի միջոցով ցուցադրվող այնքան կյանքային իրականությունը հրավիրում է մասնակիցը դառնալու շարադրվող պատմությանն, ասելիքին, խոստանալով մտքի, հոգու եւ զգացմունքների միասնությամբ կառուցվող իրավիճակներ, որոնք դեռ շատ երկար մնալու են քեզ հետ: Ճիշտ այդպես, ինքդ էլ դառնում ես մասնակիցն ու վկան հարյուրամյա պատմությունների, որոնք այս վեպում զգացմունքախառն ջանադրությամբ ներկայացրել է հեղինակը: Ավարտին արդեն, իրար մեջ ներհյուսվող կերպարային ասեղնագործ հյուսումներով խոշոր կտավի այս ստեղծագործությունն սկզբից մինչեւ վերջ ներծծվում է քո հայկական աստվածատուր էության մեջ, մնալով այնտեղ իբրեւ իր գոյաբանությանը գիտակից անձի համար այս խառնաշփոթ աշխարհում ոտքի վրա մնալուն օգնող քեզ հրամցված հենման կետ:
Ուրիշ խոսքով, սիրելի ընթերցող, այստեղ ես եմ, դու ես, նա է, բոլորս ենք, նրանք՝ ում արյան մեջ գենետիկ հիշողություններ կան մեր մասին:
Իմ տպավորությունների մասին այսքանն ասելուց հետո, եթե փորձեմ դառնալ վեպի՝ իբրեւ գրական ժանրի կառուցողական վարպետությանը, դարձյալ գալու եմ ասելու, որ միայն նրա նախաբանը բավական է, որպեսզի անհամբեր լինես մտնելու քեզ սպասող, եռուն կյանք պարունակող այն վայրն, ուր ոչ թե հոգիդ հանդարտեցնող, խաղաղ օրերի վայելքների տրամադրող ապրումներ ես ունենալու, ընդհակառակն՝ ուրախությունդ առանց տխրության չի լինելու, իմաստուն խորհուրդների շարադրանքների ու մեջբերումների հետ դաժան ճշմարտությունների պակաս չի լինելու, բայց, ամենակարեւորը, էջերում, այս ու այնտեղ ցոլցլացող, դեպի քեզ եկող մեծ սեր է լինելու, միասնական սիրո բուրգ ստեղծելու, նման կառույցի մասնիկը լինելու հոժար կամքի հրավեր է լինելու… Պատրա՞ստ ես դառնալու այդ մասնիկը, պատրա՞ստ ես չգրված օրենքները շրջանցելով բուրգի գագաթը բարձրանալու, ուրեմն, շարունակիր ընթերցել, որպեսզի արժանիների հետ ձեռք-ձեռքի բարձրանաս հայի համար ստեղծված աստիճաններով:
Արժանիների հետ ձեռք-ձեռքի բռնելու առումով ասեմ, որ այստեղ նրանց անունների պակաս չկա, եւ ոչ միայն վիպական էջերում, այլեւ՝ նրանից դուրս ներկայացվող տեղեկատվություններում ու ծանոթագրություններում:
Սարյանի «Չգրված օրենքը» հայ գրավոր խոսքն ու, ընդհանրապես, հայ գրականությունը, իր տարբեր ժանրերի ու տեսակների միջոցով, մի ամրապինդ խեցու մեջ դրված գաղափարական ու բովանդակային ընդհանրացումների վարպետության ցուցադրություն է: Այդ նույն խեցու մեջ, ինչպես բանակային նույն խմբավորման մեջ գործող , այս արեւի տակ հայոց համար տեղ պահանջելուն զինվորագրվածներ, կողք-կողքի ենք տեսնում գեղագիտորեն ու գրագետ կառուցված խոսքը, մատենագրության անդրդվելի հիմք հանդիսացող փաստագրությունը, պատմագրական ու ժողովրդային վերլուծությունը, հուշագրության քաղցրությունն ու դառնությունը եւ այլ մոտեցումներ, որոնցով քիչ է ասել, թե հարուստ է վեպը, այլ՝ ուղղակի այստեղ գրավոր, բայց տարաբնույթ խոսքի հրավառություն է: Բայց այն, որ, ասենք, ժողովրդագրության պայծառ ցոլքերի մեջ հոգեվերլուծության ծաղիկն է հրավառվում, կամ՝ գեղագրական սիրազեղ նրբությունների մեջ հանկարծ փաստագրության թրի պես կտրող լույսն է շողում, այդ ամենը գրականագիտության չափորոշիչների համար չի նշանակում, որ ամեն ինչ շփոթեցնելու աստիճանի խառն է: Ընդհակառակը, սա գրականագիտության մեջ բացված այն հոսանքն է, որը խոշոր առուն լցնող ջրերի համար մի նոր հուն է:
Եվ անգամ, եթե այս ընդհանուր հրավառության գաղափարային ու բովանդակային ընդհանրացումից դուրս գանք, այս վեպի մեջ եղած պատումի յուրաքանչյուր մի առանձին հատված իր ներքին, անչափելի խորությունն ունի: Այսինքն՝ սիրո գեղեցիկ պատում փնտրողն այստեղ կգտնի իր գեղագիտական ու մարդկային ճաշակը սնող, իր համար խոր ապրումները: Նույն այդ թեման, սակայն, գրքում ավելի խորությամբ է բացվում, որն արդեն ավելի խոր ընկալունակների համար է, ու դրանից էլ ավելին եւս կա, որ արժեքային ավելի մեծ համակարգի պաստառի վրա սերն ընկալողների համար է: Նույնը կարելի է ասել ժողովուրդների բարեկամության, մանկավարժության, դիվանագիտության, հոգեբանական ընկալումների ու այլ թեմաների մասին, որոնց միջոցով ամբողջացվել է վիպական կառույցը: Այսինքն` սա տարբեր մակարդակներով ընկալունակների համար շահեկան նշանակություն ունեցող ստեղծագործություն է: Սա մի կառույց է, որը ընթերցողական առանձին խմբի համար իր առանձին գագաթն ունի: Եվ գրքում արծարծվող Ցեղասպանության հարցի կարեւորագույն՝ պահանջատիրության գլխավոր գագաթն էլ այստեղ դեպի իրեն եկողի համար ուղիղ ճանապարհ ունի, ով կարող է ուշադրություն չդարձնել, բացառել հոգեմտավոր հարստություններ տվող ոլոր-մոլորումներն ու գագաթը բարձրանալ ուղիղ ճանապարհով:
Այնուամենայնիվ, վեպի արժանիքներով է ձեւավորվում նրա ընդհանուր գագաթնային արժեքը: Իսկ սույն ստեղծագործության մեջ գագաթնային արժեքին հասցնող ճանապարհներին իրար մեջ միահյուսված թեմաները, թեմաների մեջ իրար հետ միահյուսված ազգությունները, ազգություններից յուրաքանչյուրի մեջ իրար հետ միահյուսված նրանց կենցաղը, կոլորիտն ու ներքին բնույթն է… Այս ամենը, եւ դեռ ավելին՝ դեպի գաղափարական ընդհանուր գագաթ տանող ճանապարհին իրար հետ միացող ու կրկին բաժանվող շատ ճանապարհներ, ասել է թե՝ կերպարներ ու իրադրություններ են: Այսինքն` այստեղ հայոց կյանքի խորությունների համար տարբեր աստիճաններ կան ճիշտ այնպես, ինչպես այն հեքիաթների պարագայում, որոնց համար ասվում է՝ հեքիաթ փոքրերի ու մեծերի համար: Այս դեպքում էլ կարող ենք ասել վեպ՝ մանկավարժների, պատմաբանների, հոգեբանների, լրագրողների, մատենագրողների, գեղարվեստական խոսքի ու պատումների սիրահարների համար:
Ընդհանրապես, գրականագիտության մեջ մի նոր՝ գրական գորգ հասկացության դրսեւորումն ենք տեսնում այստեղ: Իսկ այն, թե ինչպես է ձեւավորվում գորգի արժեքն, ընդհանրապես, բոլորս գիտենք: Գորգը եզրերից մինչեւ կենտրոն թելերով հյուսված գույների, պատկերների մի համադրություն է, որով ձեւավորված ընդհանուր ասելիքով է պայմանավորված նրա արժեքը: Այս ստեղծագործության ընդհանուր ասելիքի մեջ է նրա արժեքը, եւ այն էլ, ոչ միայն ասելիքի կարեւորությամբ պայմանավորված, այլեւ՝ այն հանրությանը հասանելի դարձնելու իր մոտիվներով: Այս վեպի ընթերցողական արժեքն էլ տարբեր մոտիվների օգտագործումով հայ հանրության համար ընդհանրացված ազգի արյանը վերաբերող հարցն է՝ պահանջատիրության մեդալիոնի վրա:
Վեպը գրականագիտական լույսի տակ դիտարկելու համար մի փոքրիկ էքսկուրս կատարենք մարդկության պատմության պաստառի առաջ, ասելով, որ կար ժամանակ, երբ մարդը միանգամից մի քանի գիտություններով էր զբաղվում: Չէ՞ որ առանձին-առանձին դրանք այնքան խորացված կամ բացված չէին ու հնարավոր էր բոլորից գաղափար ունենալ: Հետո արդեն, նրանցից յուրաքանչյուրի մեջ խորացումներն սկսեցին բազմաճյուղ, նոր գիտությունների ակունքներ դառնալ, որոնց մասին ընդհանուր գաղափար ու գիտելիք ունենալով էր, որ հնարավոր էր դառնում մարդկության առաջադիմությունը: Հիմա արդեն, թվայնացման մի կոճակով կարելի է մի շարք գիտությունների սերուցքն իրար հետ համադրելով գիտական ընդհանրացումներ կատարել:
Այս ասվածի պատկերով է, որ ուզում եմ գրականագիտորեն որոշել Ֆլորա Սարյանի ստեղծագործության տեղը գրականության մեջ: Արագացված մեր կյանքում, ասես նույն՝ թվայնացված կոճակով հարյուրամյա պատմությունն ընկալելու հնարավորություն է բացել Ֆլորա Սարյանը ազգի ընթերցասեր հանրության առաջ: Եվ դա արել է տարբեր գիտելիքների ու մեթոդների օգտագործման ջանադրությամբ՝ կրելով աստվածային շնորհի մի հրաշալի ու մեծ չափաբաժին: Հումանիտար գիտությունները մեկ տողի վրա բերելով՝ նա ստեղծել է գրականության նոր որակ:
Այստեղ 200-ից ավելի ծանոթագրություններ կան, որոնք հայոց կյանքի, հավատի, դիվանագիտական, բարեկամական ու այլ հարաբերությունների մասին արծարծված թեմաներով շահագրգիռ ընթերցողի համար պատրաստի գանձարաններ են, անգամ կարող են վեպից դուրս ընթերցանության ու իմացության հրաշալի աղբյուրներ հանդիսանալ: Ծանոթագրությունների մի տարողունակ ցանկ է այստեղ, որի ներկայացումը փաստում է, որ, անշուշտ, վեպը գրելու համար բազմակի անգամ շատ են ուսումնասիրված այն գրքերն ու փաստաթղթերը, որոնց ցանկը հեղինակը համեստորեն ներկայացրել է ընդամենը մի քանի անուն գրքի ցանկով:
Գալով գրքի բովանդակային մասին, այստեղ հերոսները մեր լեգենդար ու նորօրյա հայրենասերներն են, անվանի անուններ՝ պատմական, հայրենական ու այլ հողերում, նաեւ՝ Երվանդ, Անուշ, Հաննա ու էլի անուններ, որոնց կերպավորումը չափազանց կարեւոր է՝ սեր հասկացությունը իր տառապանքներով ու քաղցրությունով մշտապես գլխից վեր, վեհորեն պահելով ապրելու կերպը ազգային արժեք դարձրած ապրելու համար:
Գրագիտության եւ հայրենասիրության զույգ թեւերով ճախրող հայուհին իբրեւ արծվատես թռչուն այնքան է զորացել, որ այլեւս անկարող էր չիջնել հայոց տնավեր գոյության տարածքում ու ցած չդնել իր բեռը, հավաքված 28 ուլունքաշար գլուխների մեջ:
Ինչպե՞ս է թեւել այս թռչունը այսքան բեռով, երբ հայոց երկինքը երբեմն արեւոտ, երբեմն կայծակնաշատ ամպրոպներով է լեցուն եղել, երբ հայոց գլխին ահագնացող վտանգները նոր հուզումների տեղիք են տվել… Խոնարհում բոլոր նահատակների հիշատակի առաջ, ովքեր զոհվեցին հանուն Հայրենյաց ազատության, դառնալով արյան մի մասնիկը՝ մեր գենի հիշողության մեջ:
Խոնարհում շնորհալի գրողին, հայրենասեր հայուհուն, ազնիվ մտավորականին, որն այնքան հիմնավոր ու գեղեցիկ է մտել գրականություն՝ որպես հայոց գենի անունով խոսելու հստակ իրավատեր:
ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆՅԱՆ