Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանն օրեր առաջ՝ «Զինծառայության մասին» իր հեղինակած օրինագիծը ներկայացնելիս, որով առաջարկում է հազարավոր տղամարդկանց մինչեւ 5 տարվա ազատազրկման դատապարտելու փոխարեն հայրենիք վերադառնալու եւ քրեական հետապնդումից ազատվելու հնարավորություն տալ (իհարկե՝ պետական վճարի դիմաց), խոսել էր նաեւ բանակի մտահոգիչ իրավիճակից: ՔՊ-ականը հրապարակել էր նաեւ ձեռքի տակ ունեցած թվերը: «2010 թվականին ունեցել ենք ավելի քան 44 հազար ժամկետային զինծառայող, եւ 9 տարվա ընթացքում այդ թիվը պակասել է 44 տոկոսով, այսինքն՝ 44 հազարից դարձել է 24 հազար»,- ասել էր նա:
Քաղաքացիական հասարակության ներակայցուցիչնրից ու հասարակական գործիչներրից շատերն էին մտահոգություն հայտնել, որ ռազմական գաղտնիք համարվող տեղեկությունը ոչ միայն հրապարկել չէր կարելի, այլ տեղեկությունը բարձրաձայնելու համար պատգամավորը պետք է պատասխանատվության կանչվի:
«Ազգ»-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը նույնպես տարակուսանք հայտնեց. չի հասկանում՝ ի՞նչն է ստիպել Հայկ Սարգսյանին «անկեղծանալ» մինչեւ վերջ. «Ո՞րն էր այդ թվի հրապարակման իմաստը կամ պատճառը, դա իր ներկայացրած նախագծի հետ որեւէ կապ չունի, եւ, այո, այն գաղտնիք պարունակող տեղեկություն է: Որքան որ ես եմ հիշում, նման թվեր երբեք չեն հնչել… Պետք է այդ մարդկանց հարցնել, թե ի՞նչ նպատակով կամ հարց լուծելու համար էին թիվ հրապարակում»:
Հարցն «Ազգ»-ը ՔՊ-ական պատգամավորներից մի քանիսին ուղղեց, որոնք այս կամ այն կերպ կապ ունեն ռազմական ոլորտի կամ Ազգային ժողովի ոլորտային՝ անվտանգության եւ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի հետ: Ի պատասխան ՔՊ-ականները նախ խորը հոգոց հանեցին, ապա շարունակեցին. «Մենք էլ չգիտենք՝ ո՞ւմ հետ էր խորհրդակցել կամ ինչո՞ւ էր թիվ բարձրաձայնում: Նրանից դեռ այդ հարցի պատասխանը չենք ստացել»:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ