Նորանկախ Հայաստանի առաջին օպտիմալացումը Քիմիայի ինստիտուտներից սկսվեց
Երիտասարդներից շատերի համար հաճելի ու պահանջարկ ունեցող ֆերամոնային (սեռական գրավչություն առաջացնող) օծանելիքի հումքը՝ ֆերամոնները, Օրգանական քիմիայի ինստիտուտում դեռ խորհրդային տարիներին էին արտադրում: Պետությունն այն ժամանակ գիտնականներին, իհարկե, սեռական գրավչություն առաջացնող օծանելիքներ արտադրելու պատվեր չէր իջեցրել, բայց գյուղատնտեսական մշակաբույսերը միջատներից, կրծողներից պաշտպանելու կարիք կար, ինչը նաեւ ֆերամոնների միջոցով էին անում՝ բացառելով թունաքիմիկատների կիրառումը:
Օրգանական քիմիայի՝ դեռեւս 1957-ին ստեղծված ինստիտուտը Երեւանի Քանաքեռ թաղամասում էր գտնվում: 4 մասնաշենքից բաղկացած համալիրը մոտ 6 հա տարածք ուներ, որտեղ բացի ֆերամոնների ու այլ նյութերի արտադրությունը, հիմնականում տեսական քիմիայիով էին զբաղվում, նոր ռեակցիաներ հայտնաբերում ու զարգացնում գիտությունը:
Մեծածավալ կանաչ գոտիով ինստիտուտից այժմ միայն հուշեր են մնացել: ճիշտ է, այն գործում է Նուրբ օրգանական քիմիայի տարածքում, բայց ո՛չ նախկին տարածքը կա, ո՛չ էլ՝ այն արտադրական ու գիտահետազոտական հզորությունը, որ եղել է տասնամյակներ առաջ:
Ծիրանի մեծ այգի ուներ Օրգանական քիմիայի ինստիտուտը, հիմնականում «աղջանաբադ» սորտի ծիրան էր աճում, հիշում են ականատես գիտնականներն ու բացատրում՝ ծառերի առատությունն ու կանաչ գոտին պատահական չէր. քիմիական տարբեր նյութերի հետ աշխատող գիտնականներին կանաչ միջավայրն օդ ու ջրի պես էր հարկավոր:
Ամեն ինչ գլխիվայր շրջեց Անկախության, կամ ժողովրդի ասած «մութ ու ցուրտ» տարիներին: Պետության կողմից գիտական ինստիտուտներին տրամադրվող ֆինանսավորումը շեշտակի կրճատվեց, գիտնականներից շատերն արտագաղթեցին, շենք-շինությունները զրկվեցին էլեկտրաէներգիայից, դեռ չասած, որ շատ նյութերի ու տեխնիկական միջոցների ձեռքբերումը դժվարացավ:
Այս ամենին ասես «լրացնելու» եկավ Կառավարության՝ 2006-ին ընդունած որոշումը, ըստ որի՝ Գիտությունների ազգային ակադեմիայի կազմում ձեւավորվեց «Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ը: Մինչեւ օրս գործող կենտրոնն իր մեջ ներառում է Օրգանական քիմիայի, Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտներն ու Մոլեկուկուլի կառուցվածի ուսումնասիրման կենտրոնը: Այն գործում է Ազատության պողոտայում գտնվող Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տարածքում: Ի դեպ, դա նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին ու մեծ օպտիմալացում-միավորում կարելի է համարել:
Կառավարության մկրատն առաջինն Օրգանական քիմիայի ինտիտուտի՝ Քանաքեռում գտնվող շենքին կպավ
«Երբ 2006-ին գործադիրը որոշում կայացրեց օպտիմալացնել ու միացնել երեք ինստիտուտները, նոր ձեւավորվելիք կենտրոնի վրա դրվեց Քանաքեռում գտնվող Օրգանական Քիմիայի ինտիտուտի 4 մասնաշենքերի պահպանության հարցը: Ինստիտուտն ավելի քան 10 տարի մի շարք զրկանքների գնով պահեց շենք-շինությունները, վարձատրեց պահակներին, հոսանքի ու կոմունալ այլ ծախսեր կատարեց, բայց ամեն բան ավարտվեց 2017-ին: «2010-ից ինտիտուտի տեղափոխումն ավարտված էր, այն արդեն Նուրբ օրգանական քիմիայի շենքում էր տեղակայվել, բայց շենքը ամբողջությամբ օտարվեց միայն 2017-ին, երբ կառավարությունն այն մասնավոր ընկերություներից մեկին վաճառեց՝ կարծես թե 700 հազար ամերիկյան դոլարով: Այսպիսով՝ պետությունը գիտությամբ զբաղվող 6 հա տարածքով ինտիտուտի շենքը, որտեղ բացի Օրգանական քիմիայի ինստիտուտից նաեւ մոլեկուլի կառուցվածքի ուսումնասիրման կենտրոնն էր գործում, զիջեց մասնավորին՝ իրար գլխի հավաքելով թեեւ նույն ոլորտի, բայց տարբեր ուղղությունների 3 գիտական կենտրոններ: Պարզ է, որ այդ ամենը կատարվեց տարածքի սեղմումների ու մեկը մյուսին անհարմարություն պատճառելու հաշվին»,- «Ազգ»-ի հետ զրույցում ասում է «Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը:
Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տարածքին ու շենքերին նույնպես կառավարությունը մկրատով մոտեցավ
Թեեւ 2006-ից սկսած Նուրբ օրգանական քիմիայի ինստիուտն իր հարկի տակ երկու այլ կենտրոնների էր հյուրընկալել, բայց կառավարությունն այս՝ արդեն միավորված ՊՈԱԿ-ի տարածքին նույնպես սուր մկրատով մոտեցավ՝ որոշելով ոչ միայն ինստիտուտի մասնաշենքերը վարձակալական հիմունքներով այլ կազմակերպությունների հանձնել, այլեւ տարածքներ օտարել: 10 հա տարածքից, ըստ Հակոբյանի, այս տարիների ընթացքում 6-ն է մնացել: 1 հա տարածքի չափով տարածք, օրինակ, երիտասարդներին բնակարաններով ապահովելու ծրագրին է տրամադրվել, որի շրջանակներում մի քանի շենք է կառուցվել Պարույր Սեւակի փողոցում: Ու թեեւ կառավարության՝ տարիներ առաջ հարցմանն ի պատասխան ինստիտուտից խնդրել են տարածքներ հատկացնել դեռ այն ժամանակ չվաճառված Օրգանական քիմիայի ինստիտուտի տարածքից, բայց առաջարկները չեն ընդունվել, ու պետությունը գիտնականներից վերցրել է Ազատության պողոտայի եւ Սեւակի փողոցի խաչմերուկում գտնվող տարածքի մի մասը:
Քիմիայի ինստիտուտի շենք-շինություններից մեկն էլ ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի վարչությանն է հանձնվել: Մինչ այդ, մեզ հետ զրույցում ասում է Ռոբերտ Հակոբյանը, այդ մասնաշենքում «Արմենիկում» կլինկական կենտրոն էր տեղակայված: «Մեկ այլ մասնաշենք դեղագործական ընկերության է տրվել՝ վարձակալական հիմունքներով: Բայց բացառված չէ, որ վաղը, մյուս օրն այդ մասնաշենքերն անցնեն դրանք վարձակալած կազմակերպություններին կամ կառույցներին, որովհետեւ նրանք անընդհատ ու համառորեն սեփականաշնորհման ու առքուվաճառքի հայտ են ներկայացնում»,- բացատրում է մեր զրուցակիցը:
Կանաչ տարածքներ նաեւ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտն ունի, բայց պետության հատկացրած միջոցները չեն բավականացնում տարածքն հավուր պատշաճի կանաչապատելու ու խնամելու համար: Հակոբյանի փոխանցմամբ՝ մկրատվել է նաեւ վիվարումի տարածքը (այնտեղ, որտեղ պահվում են փորձարկումների համար նախատեսված կենդանիները): Բացի այդ՝ այս տարիների ընթացքում՝ մեխանիկական արտադրամասեր են քանդել ու 10 հա տարածքից 6-ն է մնացել: Եվ եթե սրան գումարենք նաեւ Օրգանական քիմիայի ինստիտուտի 6 հա տարածքը, ապա կստացվի, որ ընդհանուր առմամբ, քիմայի իստիտուտները, շենք-շինություններոով հանդերձ, 10 հա տարածք, կտոր-կտոր կորցրել են:
Ինստիտուտի տարածքների համար մկրատը նաեւ օրվա իշխանությունն է սրել
Այժմ ինստիտուտի տարածքում գտնվող ջրավազանի տեղում բազմաբնակարան շենք կառուցելու ծրագիր կա, ու եթե հանկարծ ջրավազանի փոխարեն բնակելի շենք կառուցելու որոշում կայացվի, ապա դա հանգեցնելու է ինտիտուտի աշխատանքների անդամալուծմանը: Հակոբյանի փոխանցմամբ՝ 2400 քմ է ջրվազանի տարածքը, բայց շենքը կարող է զբաղեցնել նաեւ հարակից տարածքը՝ 2900 քմ մետր մակերեսով:
Բանն այն է, որ 1990-ականների ֆինանսական խնդիրների պատճառով ինստիտուտը դիմել է քաղաքապետարանին՝ խնդրելով ջրավազանի մաքրման ծախսերը հոգալ: Քաղաքապետարանը չի մերժել, բայց ջրավազանի տարածքը հանել է ինստիտուտի բալանսից եւ փոխանցել Քանաքեռ-Զեյթուն համայնքին: Համայնքի ավագանու որոշմամբ էլ այն 1 միլիոն 200 հազար դրամով վաճառվել է: Այնուհետեւ տարիների ընթացքում տարածքը մի քանի, իրար հետ փոխկապակցված սեփականատերեր է ունեցել: Հողի ներկայիս սեփականատերն այդտեղ բազմաֆունկցիոնալ նշանակության շենք է ուզում կառուցել, բայց թե ի՞նչ կլնի ջրավազանի ճակատագիրը, դժվար է ասել. կառավարությունն այս պահին հարցի վերաբերյալ հստակ ոչինչ չի ասում:
10-ը տարում՝ 10-ը հա-ի կորուստ
Այսօր «Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն»-ում մեկ տասնյակի հասնող շենք կա, որոնք տարբեր նպատակների են ծառայում՝ լաբորատորիաներ, պահեստներ, դեղահումքի եւ դեղաձեւի արտադրություն եւ այլն:
«Ամենազավեշտալին այն է, որ երբ կառավարությունից կամ Պետական գույքի կառավարման կոմիտեից մեզ հարցում են անում, թե ի՞նչ կարծիք կտաք այս կամ այն շենքի կամ տարածքի մասին, չեն էլ պատկերացնում, թե այդ շենքում գործող լաբորատորիան կարեւորագույն ի՞նչ նշանակություն ու դեր կարող է ունենալ: Նրանք մասնագետ չեն, չեն հասկանում, ու երբ մեզանից բացասական կարծիք են լսում, իրենց ավանդական պատասխանն են տալիս, թե «խտացեք էլի»: Կառավարության ներկայացուցիչներից ոմանք էլ գալիս, տեսնում են, որ, օրինակ, լաբորատորիաներից կամ արտադրամասերից որեւէ մեկում մարդ չկա, մտածում են, թե «ահա, այ սա անպետք, չօգտագործվող տարածք է»: Այնինչ լաբորատորիաներ կամ տարածքներ կան, որտեղ փորձեր կամ ուսումնասիրություններ անելուց հետո մարդ չպետք է ոտք դնի: Դրանք նեղ մասնագիտական հարցեր են, որոնք ոչ կոմպետենտ մարդիկ չեն կարող հասկանալ»,- զրույցն ամփոփում է ՊՈԱԿ-ի փոխտնօրենը:
Ընդհանուր առմամբ 10 հա կորցրած Քիմիայի ինստիտուտների տարածքը կամ շենք-շինությունները, պարզ է, այլեւս հետ չեն գա: Հուսանք սակայն, որ գիտության համար հատկացված միջոցների՝ տարածքների, շենքերի, բյուջեի հետ պետական այրերը խելամիտ վարվելու կամք ձեռք կբերեն՝ հրաժարվելով բոլոր տեսակի մկրատներից:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ