Քաբաբ առ քաբաբ
Արցախում կատարված ողբերգությունից հետո երեւանյան փողոցներն ու Հանրապետության հրապարակը նորից մարդաշատ են: Քաղաքացիների մեծ մասը էմոցիաները երբեմն զսպել չեն կարողանում, մեղադրում են օրվա իշխանությանն ու Փաշինյանի հասցեին ինչ-ինչ սպառնալիքներ հնչեցնում: Ոմանք՝ դա հրապարակային՝ տեսախցկների առջեւ կամ սոցիալական ցանցերի իրենց էջերում, ոմանք՝ բակում՝ ընկերների հետ զրուցելիս, ոմանք էլ՝ մտքում են անիծում, հայհոյում, սպառնում:
3 տարվա մեջ 3 պատերազմ ու անթիվ տեղային մարտեր տեսած հասարակությունը, պարզ է, կանիծի է՛լ, կհայհոյի է՛լ, կսպառնա է՛լ: Իշխանությունները պետք է գիտակցեն, հասկանան ու պատրաստ լինեն դրան: Պաշտոնը միայն աթոռը չէ, որ տաք-տաք գրկես, նստես կամ գործուղումների մեկնես: Բնական է, որ եղբորը, քրոջը, ամուսնուն, ծնողներին, երեխաներին ու առհասարակ իր ազգակցին կորցրած մարդը ցասումով լցված է եւ դա որեւէ ձեւով արտահայտելու բնական պահանջ ունի:
Օրեր առաջ, օրինակ, կառավարության առջեւ բողոքի հերթական ակցիան լուսաբանելիս՝ մի քանի կին ինձ վրա մուննաթ եկան, թե իրենց հարցեր տալու փոխարեն ոստիկանների «ամոթանք տամ» կամ ինքս գնամ, ապրեմ Արցախում: Ես, իհարկե, ըմբռնեցի, որովհետեւ բաց վերքին կա՛մ չպետք է դիպչես, կա՛մ էլ բավական նուրբ մոտենաս դրան:
Այս ամենը, ենթարդում եմ, պետք է հասկանան նաեւ իրավապահ համակարգի՝ իրար հետեւից գործեր հարուցող գերատեսչությունները, որ այս օրերին «բռնության կոչի, սահմանադրական կարգ տապալելու, խտրականության» ու էլի հազարումի այլ բանի մեղադրանքով տարբեր անձանց նկատմամբ գործեր են հարուցում:
Մի պահ անգամ իրականությունից կտրվելով եւ ընդունելով, թե մարդիկ միտումնավոր են հրապարակայնորեն բռնության կոչեր տարածել, հետեւաբար՝ իրավապահ համակարգը պարտավոր էր իրար հետեւից գործեր շարել, հարց է առաջանում՝ ՀՀ վարչապետի՝ օրեր առաջ արած հայտարարությունը, թե «բախտնե՛րդ փորձեք՝ էնքան ասֆալտ ուտեք ու բորդյուր լիզեք, որ Երեւանի սանմաքրման 5-ամյակը մի շաբաթում կատարենք ու գերակատարենք», ինչո՞ւ օրենքի եւ օրինականության պահապանների ուշադրությունը չի գրավում:
Վերոնշյալը, ցավոք, մեր երկրի ղեկավարի միակ հաթաթան չէր, որ արդարացնեին կամ դրա վրա աչք փակեին Փաշինյանի յուրային իրավապահները 2018-ից ի վեր մեր երկրի թիվ մեկ դեմքը ՀՀ «հպարտ ու արժանապատիվ քաղաքացիներին» «պառկըցնում է ասֆալտին», «ծեփում պատերին», «կտրում թաթիկները» եւ այլն: Այդ ամենն անելուց հետո էլ չի մոռանում բոլորին «շինել» ու կոկորդապատառ բարձրագոչել, թե «սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորով»:
Եթե հանկարծ օրենք ու օրինականություն տարածող, պահպանող գերատեսչություններն ինչ-որ մի հրաշով որոշեին իրավական գնահատական տալ վարաչպետական «գոհարներին», ապա, կարծում եմ, դրա բովանդակությունն այսպիսին կլիներ «Քանի որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանն Աստծուց հետո երկրորդ մարդն է, հետեւաբար նրա ասածները պետք է որպես այլաբանություն ընկալել եւ ընդունել՝ դրանք ոչ թե սպառնալիք կամ հայհոյանք, այլ հեղափոխական օրհնանք են»:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ