Եվրոպական խորհրդի միջնորդությամբ Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիեւ հերթական հանդիպումից հետո կրքերն Արցախում անմիջապես լարվեցին: Արցախի հերոս, «Միասնական Հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանրահավաքի ժամանակ ուլտիմատումով խոսեց, այն է՝ կա՛մ ընդառաջել ու միասին կլոր սեղանի շուրջ նստել, կա՛մ իր աջակիցների հետ կտրուկ քայլերի կգնան: Չանցած 30 րոպե՝ Արցախի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ պատրաստ են հանդիպել Բաբայանի հետ ու քննարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը:
Գեներալ-լեյտենանտի աջակիցները, նշենք, Արցախի իշխանություններին պարտադրում են Բաբայանին վստահել պետնախարարի պաշտոնը:
«Ազգ»-ի արցախյան աղբյուրները հայտնում են, որ Հարությունյանը, ըստ երեւույթին, հենց այդ ճանապարգով էլ կգնա, ու Բաբայանն առաջիկայում Ռուբեն Վարդանյանի տեղը կզբաղեցնի: «Սուտ կլինի ասել, թե դա Հարությունյանի սրտով է լինելու, բայց տարբեր կենտրոններից, այդ թվում՝ Երեւանից են նման «մեսիջներ» ուղարկվել: Եթե ուշադիր եղաք, Բաբայանի՝ օրեր առաջ հրավիրած հանրահավաքն այդքան էլ մարդաշատ չէր, այն կրիտիկական զանգվածը չէր հավաքվել, որ կարողանային ինչ-որ բան անել: Բայց եթե հաթաթա տվող Բաբայանին Հարությունյանն ընդառաջ քայլ է կատարել, համաձայնել քննարկումներ սկսելուն, ապա մութ սենյակում կատուներ, այնուամենայիվ, կան: Իհարկե, չեմ բացառում, որ սրճասեր Հարությունյանը, խաղաղության աղավնու դերը ստանձնելով ու բոլոր կողմերին հաշտ պահելով, փորձում է գոնե որոշ ժամանակ հանդարտություն ապահովել Արցախում, բայց ամենահավանականն այն տարբերակն է, որ նրա վրա Հայաստանից՝ Կառավարության շենքից, կոնկրետ հրահանգ է իջել»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:
Մեր աղբյուրը մեկ այլ հանգամանք նույնպես առանձնացրեց, այն է՝ չնայած Արցախի շուրջը կատարվող իրադարձություններին ու խաղաղության օրակարգի զարգացմանը՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից տեղացիները բավական ուղիղ կերպով ասում են՝ նախանշվող ապագայի հետ հաշտ չեն: «Վերջին հնարահավաքներն այն բանի վկայությունն են, որ այստեղ պատրաստվում են պայքարել: Հիմա էլ հայտարավեց, որ դիմադրության նոր օջախ է ձեւավորվում, որ կարող է լուրջ խոչընդոտ լինել թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ Իլհամ Ալիեւի ծրագրերի համար,- նշեց մեր զրուցակիցը՝ ավելացնելով,- տեսեք՝ Փաշինյանին օդուջրի պես պետք է, որ Արցախն իր համար վերահսկելի լինի, ու նա քաջ գիտակցում է, որ Հարությունյանը, սեփական ժողովրդի կողքին կանգնելով, կարող է դուրս գալ իր վերահսկողությունից ու չանել այնպես, ինչպես ինքը կասի: Հետեւաբար այժմ գուցե կարիք կա ավելի վստահելի մեկին ունենալ Արցախի իշխանության ներսում, որ ֆորսմաժորային իրավիճակում քաղաքացիների հուզումներն ու տրամադրությունները կարողնա իր ձեռքը վերցնել»:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ