Գաղտնիք չէ, որ Հայաստանում ստեղծված ներկա դժվարագույն կացության արմատները խորն են եւ շատ հեռվից են գալիս: Սակայն դրանք ավելի առարկայական ու տեսանելի երեւում են հատկապես վերջին 150-ամյա պատմական իրադարձությունների ետնախորքի վրա դիտարկելիս:
Գրականագիտական բառապաշարով արտահայտված` Մեծ տերությունների սցենարով գրված «Հայկական հարց» անունով տրագիկոմեդիան սկսվեց 150 տարի առաջ՝ 1878 թվականին: Այդ խաղարկային ստեղծագործությունն աշխարհի հզորների համար Օսմանյան հիվանդ ու մեռնող կայսրությունից հյութալի պատառներ պոկելու համար սկզբում շատ գրավիչ դարձավ: Ու թեեւ հետագայում՝ տարածաշրջանում ստեղծված իրավիճակներին համապատասխան, երբեմն-երբեմն տարբեր դերակատարներ, իրավիճակներ, գույներ ու երանգներ ստացավ, սակայն հիմնական բովանդակությունը երբեք չփոխվեց, ընթացավ եւ շարունակվում է հայ ժաղավրդի համար հիմնականում ողբերգական երեք արարներով: Դրանք են՝
1. Սան Ստեֆանո-Բեռլին առաջին արար. սկսվեցին դիվանագիտական-խաղարկային առաջին գործողությունները, աննախադեպ վառ հույսերով ու ակնկալիքներով ոգեւորված հայությունը հաճույքով կուլ տվեց իրեն նետված խայծը, ազատագրական անիմաստ ու որդեկորույս դոնկիխոտյան պայքարի դուրս եկավ, իր ուսերի վրա սահմանադրություն ու երիտթուրքական հանրապետություն բերեց, իսկ այդ ամենն ավարտվեց Հայոց մեծ եղեռնով:
2. Իր իսկ արյան հոտից շփոթված եւ Մեծ տերությունների շռայլ խոստումներից դարձյալ շլացած հայ ժողովուրդը ներառնվեց երկրորդ՝ 1918-1920 թթ. անկախության վերականգնման պատրանքի, դրա կորուստի, հուսալքման, կործանման ու լիովին բնաջնջման եզրին հասած արարի մեջ:
3. 1920-1990-ական թվականների խորհրդային երանելի դադարի, քանակական եւ որակական աննախադեպ թռիչքների, Հայրենիքի եւ Սփյուռքի շարունակական զարգացման, դրանց կապերի սերտացման, ազգային արժանապատվության վերականգնման, արդյունաբերության եւ գյուղատնտեսության, գիտության, մշակույթի, գրականության, սպորտի ասպարեզներում լուրջ ձեռքբերումների, ավել կամ պակաս մակարդակներում գործոն դառնալու եւ օտարներին հիմնականում չհավատալու երրորդ արար:
4. 1990-ականների վերազարթոնքի, օդից անկախություն ստանալու, Արցախյան հաղթանակների, պետականության կերտման անհաջող փորձի, ալանթալանի, ապօրինի հարստացման, ժողովրդի եւ պետական ունեցվածքի յուրացման, քրեաիրավական օլիգարխիայի ձեւավորման, չպատճառաբանված հանգստության, կեղծ ընտրությունների, խաբեությունների ու ինքնախաբեության, երեկվա վախկոտ ու կռվել չիմացող ազերիներից ցավալի պարտությունների, պետականության կորստի իրական սպառնալիքի, Մեծ տերությունների քաղաքական շրջապտույտում կրկին վերադարձի, նրանց սին խոստումների եւ միայն բանավոր օգնելու, բացի իրական մեղավոր ինքներս մեզ, այլ աջ ու ձախ բոլորին մեղադրելու շրջադարձի ցայսօր շարունակվող չորրորդ արար:
Իսկապես, պատմությունը կրկնվում է: Մեր ընթացքի հետագիծն էլ կտրուկ վայրիվերումների պատկեր է, հիասթափությունների անափ օվկիանոս: Օրինակ՝ հարյուր տարի առաջ մեր բարեկամ Մեծ տերությունները Սեւրով 160 հազար քառակուսի կիլոմետրանոց Հայաստան խոստացան, իսկ արդյունքում՝ 10 հազար քառակուսի կիլոմետրանոց Ալեքսանդրապոլ ստացանք: Վերջնարդյունքն էլ համազգային կորուստը կլիներ, եթե բացարձակապես իր իսկ շահերից ելնելով «գործին» չմիջամտեր Բոլշեւիկյան Ռուսաստանը եւ Հայաստանից մնացած փշրանքները չփրկեր: Փաստ է, որ հենց այդ փշրանքների հենքով հարուստ ու զարգացած երկիր կերտեցինք: Այո, առանց վարանելու շեշտում ենք, որ նույնիսկ ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի մարդասիրական քայլերն ու իրավարար վճիռը մնացին թղթի վրա եւ իրապես մեր փշրանքները փրկվեցին ռուսական սվիններով, այլապես մեր «բարեկիրթ» հարեւաններն ուղղակի վերջնականապես կհոշոտեին մեզ:
Ինչպես Պարույրաձեւ տեսությունն է իրավացիորեն պարզաբանում՝ պատմությունն չնչին փոփոխություններով կրկնվում է: Սակայն ցավն այն է, որ այս անգամ մեր ռազմավարական դաշնակից, ամբողջ աշխարհին իր դեմ հանած եւ Ուկրաինայով «զբաղված» Ռուսաստանը մենակ է մնացել, սաստիկ թուլացել է եւ ստիպված տարածաշրջանում իր վաղեմի եւ մշտական հակառակորդ Թուրքիայի հետ դիվանագիտություն է խաղում, շատ ավելի զգուշավոր է դարձել, իսկ մենք էլ նրա հանդեպ մեր անկայուն պահվածքով ամեն օր կրակի վրա յուղ ենք լցնում:
Ներկա փուլում ի՞նչ պետք է անենք հարցը տանջում է յուրաքանչյուր նորմալ հայ մարդու: Սակայն երբ պաշտոնական լրահոսից տեղեկանում ես, որ վերջին 9 ամսում պարտված, բազմաքանակ զոհեր ու խեղվածներ ունեցող Հայաստանում գրեթե ամեն օր ԶԼՄ-ներով ավելի շատ երեւում են Էրդողաններն ու Ալիեւները, նրանց մեջլիսները, Բաքուն ու Ստամբուլը, քան հայկականը, որ հունվարից-հոկտեմբեր Հայաստանում չորս միլիարդ ԱՄՆ դոլարի խաղադրույքներ են կատարվել, իսկ սեւուրբաթյան մեկ օրում 9 միլիարդ ՀՀ դրամի գնումներ են արվել ու ամանորյա տոնածառի եւ լուսավորման համար 700 հազար ԱՄՆ դոլար է վատնվել, ուղղակի շնչահեղձ ես լինում: Հատկանշական է նաեւ այն, որ իշխանությունների բոլոր մակարդակների ներկայացուցիչները ժողովրդի մուծած հարկերի հաշվին ամեն օր ու անընդհատ շրջում են տարբեր երկրներում, քաղցր-մեղցր խոսքեր լսում, ուրախանում դրանցով եւ իրենցից գոհ մնում: Իսկ իրականում ոչինչ չի փոխվել բացի թերեւս այն, որ գլադստոն-սոլսբերիները պուտին-մակրոններ են դարձել: Այսինքն՝ 150 տարի առաջ հնարված տրագիկոմեդիան շարունակվում է:
Անկախ մասնագիտությունից գրեթե բոլորն այսօր գրող ու քաղաքագետ են դարձել, փորձում են ստեղծված կացությունից դուրս գալու ելք գտնել, ինչ-որ կերպ օգտակար լինել, իսկ շատերն էլ, հատկապես սոցցանցերում, խելքներին ինչ փչում է գրում են: Այնինչ, Ադրբեջանի հետ շարունակվող հիբրիդային անզիջում, սառը եւ տաք պատերազմի (որը ցանկացած պահի կարող է բախման վերածվել) պայմաններում հարկավոր է լարել ուժերը, վերածվել ռազմական ոզնու եւ հակազդել բոլոր նրանց, ովքեր կփորձեն մեզ վնասել: Ինչպես նաեւ հետեւել Ուինսթոն Չերչիլի այն խորհրդին, որ ոչ ոք երբեք չի հասնի իր ուզածին, եթե սկսի ամեն հաչող շան վրա քար նետել եւ չափազանց զգույշ գործել, մանեւրել եւ ձեռնպահ մնալ ինչպես ընդգծված թշնամանք հրահրելուց, այնպես էլ լավ թե վատ մեր բոլոր հնարավոր դաշնակիցներին զուր տեղը խրտնեցնելուց: Հարկավոր է սթափ գնահատել իրավիճակը, եւ այն դեպքում, երբ մեր հակառակորդները սահմանամերձ տարածքներում ուժի եւ արդիական զինատեսակների ցուցադրմամբ զորավարժություններ են անում, անընդհատ կատարելագործում իրենց բանակներն ու սպառազինությունը, մենք եւս խելքի գանք ու լուսառատ տոնածառ ու հրապարակներ զարդարելուն զուգընթաց եւս կատարելագործենք մեր անվտանգության միակ երաշխավոր բանակը: Ժամանակն է եւ անհրաժեշտ նաեւ վեր կանգնել բոլոր տեսակի մեղադրանք-արդարացումներից, չվստահել հատկապես մեր ներսում բուն դրած ապազգային ու ապապետական կեցվածք որդեգրած նյութապաշտ տարատեսակ գրանտակերներին, թոթափել սեւ-սպիտակ ու չգիտեմ էլի ինչ կեղծ հիմնավորումներով տարափեղկվածությանը: Ի վերջո հարկավոր է ըմբռնել, որ Հայրենիքն իսկապես վտանգի մեջ է, որ վտանգված է նաեւ Սփյուռքի գոյությունը, քանի որ Հայաստան խարիսխի չլինելու դեպքում ուղղակի ողջ հայությունը կվերածվի անկառավարելի լողացող նավի, որը սովորաբար հանդիպում է տարատեսակ խութերի եւ խորտակվում է…
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ
պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր